Ֆինանսական հաստատությունների գործունեության գնահատումը էապես տարբերվում է այլ ավանդական կազմակերպություններինից, քանի որ այս ընկերությունների և՛ մուտքերը, և՛ ելքերը կապիտալ են։ Արդյունքում, նրանց ֆինանսական արդյունքի կամ եկամտի մասին հաշվետվություններն ունենում են իրենց հատուկ հոդվածներ, որոնք չկան արտադրությանը, հանքարդյունաբերությանը կամ ցանկացած այլ ոլորտներին բնորոշ հաշվետվություններում: Ավելին, հենց ոլորտի ներսում առկա տարբերությունները, օրինակ ՝ պետական բանկերի և փոխադարձ ներդրումային ֆոնդերի միջև, նույնպես հատկանշական են։ Հետևաբար, ֆինանսական ձեռնարկությունների գործունեության գնահատումը պահանջում է բարդ և լայնածավալ հետազոտություն՝ փոփոխությունների հիմքում ընկած դրդապատճառները պարզելու համար։

Ապահովագրությունը տնտեսության առանձնահատուկ ճյուղերից մեկն է: Ունենալով հարյուրավոր տարիների նորագույն պատմություն, ապահովագրությունը պարզ գործարքից զարգացել է և դարձել ցանկացած տնտեսության անբաժան մասը: Այն, ինչպես և շատ այլ ոլորտներ, ունի իր ուղղակի և անուղղակի եկամտի աղբյուրներ: Առաջինը գոյանում է անդերրայթինգային գործունեության արդյունքում, որը ապահովադիրների կողմից իրենց ծածկույթների համար տրվող ապահովագրավճարներն են: Անուղղակի եկամուտը հիմնականում ապահովում են ներդրումները։ Ապահովագրական ընկերության շահութաբերության գնահատումը հիմնականում կենտրոնանում է հենց այս երկու ցուցանիշների վրա:

Ուղղակի եկամուտ

Ուղղակի եկամուտը կամ ապահովագրավճարները ընկերության եկամտի զգալի մասն են կազմում: Սակայն արդյունքում ստացված զուտ շահույթը անհամեմատ ավելի փոքր է, քան համախառն ցուցանիշը: Ապահովագրական ընկերությունների ընդհանուր և վարչական ծախսերից զատ, փաստացի մնացած ծախսերը կատարվում են ընկերության հիմնական գործունեության աջակցության համար ՝ հատուցումներ, պահանջների կարգավորման ծախսեր և այլն: Այսինքն ապահովագրական ընկերության ուղղակի գործունեությունը, ապահովագրության պայմանագրերի վաճառքն ու սպասարկումը, ապահովում է դրամական միջոցների մուտքերի և ելքերի մեծ մասը: Ընկերության շահութաբերության կարևոր ցուցանիշ է անդերրայթինգային եկամուտը՝ արտահայտված բացարձակ արժեքով: Իրականում համեմատության համար սա այնքան էլ կիրառելի չափանիշ չէ, սակայն հաշվի առնելով, որ առևտրային կազմակերպությունների վերջնական նպատակը դոլլարային շահույթ ապահովելն է՝ անդերրայթինգային եկամուտը ձեռք է բերում շատ ավելի բարձր կարևորություն, քան այս հոդվածում նշված այլ ցուցանիշներ:

Անդերրայթինգային եկամուտ = համախառն ապահովագրավճարներ – (կատարած ծախսեր + վճարված հատուցումներ)

Ապահովագրական ընկերության գործունեության մեկ այլ օգտակար չափանիշ վնասաբերության գործակիցն է, որը տվյալ ժամանակահատվածում վճարված հատուցումների և ստացած ապահովագրավճարների հարաբերությունն է։ Այս արագ և պարզ ցուցանիշը լայնորեն օգտագործվում է ոչ միայն ընդհանուր ընկերության կամ որոշակի ստորաբաժանման, այլ նաև մեկ ապահովագրական պայմանագրի գնահատման համար: Վերակնքելու ժամանակ՝ ապահովագրողները սովորաբար մանրամասն զննում են ֆիզիկական անձանց պայմանագրի, իսկ կորպորատիվ հաճախորդների ընդհանուր պորտֆելի շահութաբերությունը, որից հետո միայն վերջնական որոշում է կայացվում: Նշված գործընթացը ավելի արագացնելու և պարզեցնելու համար օգտագործվում են նախապես մշակված մակարդակներ (benchmarking)։ Սա զգալիորեն նվազեցնում է յուրաքանչյուր պայմանագրի վրա ծախսված ժամանակը և ապահովում է ստանդարտացում կազմակերպության բոլոր գործերում:

Վնասաբերության գործակից = վճարած հատուցումներ / համախառն ապահովագրավճարներ

ՎնասաբերությունԱպահովագարության գիծ
80%ԱՊԱ (կորպորատիվ)
71%Գույք և գործունեության ընդհատում
69%Պատասխանատվություն
84%Բժշկական պրոֆեսիոնալ պատասխանատվություն
76%Մեքենա
81%Դժբախտ պատահար (կորպորատիվ)

Ապահովագրական ընկերության գործունեության արդյունավետության գնահատման երրորդ ցուցանիշը ծախսերի գործակիցն է: Ի տարբերություն վնասաբերության գործակցի, որը չափում է տվյալ պայմանագրի կամ պորտֆելի շահութաբերությունը հատուցումների վերաբերյալ, ծախսերի գործակիցը կենտրոնանում է ապահովագրության պայմանագրերի ձեռքբերման և սպասարկման վրա: Այս ծախսերը ներառում են, բայց չեն սահմանափակվում գործակալների միջնորդավճարներով, գովազդով, վերաապահովագրության գործընկերներին վճարվելիք գումարներով և այլն: Այլ կերպ ասած, ծախսերի գործակիցը ցույց է տալիս, թե որքանով է ապահովագրական ընկերությունը իր ռեսուրսները արդյունավետորեն վերափոխում եկամտաբեր պայմանագրերի: Հաճախ ընկերությունները նախապես պատրաստում են իրենց ծախսային քարտերը և առանձին չեն հաշվարկում իրականում կատարված ծախսերը, տարբերությունների շատ փոքր լինելու պատճառով։

Ծախսերի գործակից = կատարած ծախսեր / համախառն ապահովագրավճարներ

Ապահովագրական ընկերության անդերրայթինգային գործունեության արդյունավետության վերջին ցուցանիշը համակցված գործակիցն է։ Արդեն իսկ անունից կարելի է ենթադրել, որ դա մի քանի չափանշի համադրություն է: Համակցված գործակիցը հաշվարկելու համար հարկավոր է հատուցումների և ուղղակի ծախսերի հանրագումարը բաժանել տվյալ ժամանակահատվածի համախառն ապահովագրավճարների վրա կամ պարզապես գումարել վնասաբերության և ծախսերի գործակիցները: Այս ցուցանիշը համեմատաբար ավելի հավասարակշռված է և ճշգրտորեն պատկերում է ապահովագրական ընկերությունների գործունեությունը։

Համակցված գործակից = կատարած ծախսեր / համախառն ապահովագրավճարներ

Ներկայումս կազմակերպությունները ձգտում են 100% համակցված գործակցի: Ցանկացած ավելի ցածր ցուցանիշ ցույց է տալիս, որ ապահովագրական ընկերությունը դեռ հասուն չէ և ունի աճի տեղ: 1-ից բարձր համակցված գործակիցը իր հերթին ենթադրում է, որ ապահովագրական ընկերությունը գումար է կորցնում իր անդերրայթինգային գործունեությունից: Ուղղակի շահույթի բացասական լինելու պատճառով՝ այն նվազեցնում է պասիվ ներդրումային եկամուտը։

Անուղղակի եկամուտ

Ապահովագրական ընկերության շահույթի մյուս աղբյուրը անուղղակի եկամուտն է, որը հիմնականում բաղկացած է ներդրումներից: Գնաճի հետևանքով կորուստներից խուսափելու, ինչպես նաև սառած ակտիվներից հավելյալ եկամուտ ապահովելու համար, ընկերությունները գնում են ֆինանսական գործիքներ, ինչպիսիք են կորպորատիվ կամ պետական պարտատոմսերը, արժեթղթերը և ավանդական ցածր եկամտաբերություն ունեցող ավանդները: Այս գործարքների արդյունքում եկամուտ է ստեղծվում ոչ միայն ստացված շահաբաժինների կամ տոկոսների արդյունքում, այլ նաև վերոհիշյալ ակտիվների արժեքի կապիտալի աճի հաշվին:

Հիմնական օգտագործվող գնահատման ցուցանիշը ներդրումային եկամտաբերությունն է, որը ստացվում է ներդրումային եկամտի և ներդրումային տարեվերջյան մնացորդի հարաբերությամբ (երբեմն օգտագործվում է նաև տարվա սկզբի և վերջի մնացորդների միջինը): Սա ցույց է տալիս ապահովագրական ընկերության ներդրումային պորտֆելի միջին շահութաբերությունը:

Ներդրումների եկամտաբերության ցուցանիշ = զուտ ներդրումային եկամուտ / ներդրումների ավարտական մնացորդ

Որպես կանոն, ընկերությունները ներդրումներ են կատարում տարբեր ֆինանսական գործիքների շրջանակի մեջ, որպեսզի ապահովեն ակտիվների դիվերսիֆիկացիան և նվազեցնեն իրենց պորտֆելների ռիսկայնությունը: Ապահովագրական ընկերության հաշվեկշիռը բաղկացած է լինում․

Թեև ներկայացված կառուցվածքը կիրառելի է զարգացած և հասուն կազմակերպությունների համար, անցումային տնտեսական միջավայրում գործունեություն ծավալող ընկերությունների մոտ պատկերն այլ է։ Օրինակ, հայկական ապահովագրական ընկերությունները զգալիորեն ավելի քիչ ներդրումներ են կատարում բաժնետոմսերի և պարտատոմսերի մեջ, ինչը կարելի է բացատրել արժեթղթերի շուկայի սահմանափակ զարգացմամբ։ Առաջիններիս նախընտրում են ավանդները, որոնք, ի տարբեություն զարգացած երկրների, ապահովում են ցածր ռիսկի դիմաց բարձր եկամուտ։

Ներդրումային և անդերրայթինգային արդյունավետ գործունեությունը առանցքային են ապահովագրական ընկերության հաջողության համար։ Ահա՛, թե ինչու է կարևոր ընկերության գործունեությունը ուսումնասիրելիս՝ ուշադիր քննել դրանցից յուրաքանչյուրը։ Մինչ այս գործընթացը շատ ավելի հեշտ է ներդրումային գործունեության համար և ներառում է որոշակիորեն ավելի պարզ համեմատություն, անդերրայթինգային գործունեության վերլուծությունը պահանջում է հստակ ոլորտի գիտելիքներ՝ ծախսերը ճիշտ դասակարգելու համար։

  • Հեղինակի մասին

    Անդերրայթինգի օգնական, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020