2020թ.-ը բավականին բարդ տարի է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների համար։ Տարին սկսվեց կորոնավիրուսային համավարակի տարածմամբ, որը դժվարություններ առաջացրեց բոլորի համար։ Ապահովագրական ոլորտը բացառություն չէր։ 9 ամիսների վերլուծությունից պարզ է դառնում, որ զգալի ազդեցություն է նկատվում նույնիսկ ԱՊՊԱ շուկայում (ապահովագրավճարներ, պահանջներ և ընդհանուր միտումների փոփոխություն):

Թեև ապահովագրված ավտոմեքենաների քանակը 2017-2019 թթ․-ին1 տարեց տարի աստիճանաբար աճում էր, 2020 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ցուցանիշը կրճատվել է: Մինչ 2018թ.-ը մեքենաների քանակի փոփոխությունը (5%-ից պակաս) շուկայի բնականոն զարգացման արդյունքն էր, որը կապված էր մեքենա ունեցող մարդկանց թվի ավելացման հետ: 2019թ.-ի 14%-ով կամ բացարձակ թվով 72․000 միավոր մեքենաների ավելացումը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության անցումային ժամանակահատվածի ազդեցությունն էր։ Մարդիկ, ովքեր հակառակ դեպքում չէին պատրաստվում գնել ավտոմեքենա, շտապում էին առցանց աճուրդների միջոցով ձեռք բերել մեքենաներ մինչև 2020 թ.-ի հունվարի 1-ից մաքսատուրքերի թանկացումը։ Միայն 2019 թ.-ին Հայաստան է ներկրվել 208․5 հազար ավտոմեքենա:2 Համեմատության համար կարևոր է նշել, որ ներմուծումը 2018թ.-ին կազմել է 65․1 հազար և 2017թ.-ին՝ 37․7 հազար ավտոմեքենա։ 2020 թ.-ի առաջին կիսամյակում ավտոմեքենաների ներմուծումը կտրուկ կրճատվել է՝ դառնալով ընդամենը 2․400 միավոր։ 2020թ.-ի ապահովագրված ավտոմեքենաների քանակի նվազումը կապված է նախորդ տարում ներկրված ավտոմեքենաների մեծ մասի Հայաստանը լքելու հետ (Ղազախստան, Ռուսաստան, ԵԱՏՄ այլ երկրներ)։

Նույն միտումը նաև նկատվում է տարվա առաջին 9 ամիսների ընթացքում գործողության մեջ մտած ԱՊՊԱ պայմանագրերի քանակի, հաշվեգրված համախառն ապահովագրավճարների և մեկ պայմանագրի գծով միջին ապահովագրավճարների համար։ Առաջին երկու ցուցանիշները, ինչպես նաև ապահովագրված ավտոմեքենաների քանակը, աճել են 2017-2018 և 2018-2019 թթ․-ներին, սակայն նվազել՝ 2019-2020 թթ-ի ընթացքում։ Սակայն ԱՊՊԱ պայմանագրերի միջին ապահովագրավճարը քննարկվող տարիների ընթացքում ամենացածրը եղել է 2019թ-ին, քանի որ ավելի կարճ ապահովագրական ժամկետներով պայմանագրերը ունենում են ավելի ցածր ապահովագրավճարներ։ Ստորրև բերված աղյուսակը արտացոլում է դիտարկվող տարիների առաջին 3 եռամսյակների ընթացքում նշված ցուցանիշների տարեկան տոկոսային փոփոխությունը:

Կովիդ 19-ի ազդեցությունը ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների վրա կարելի է համարել չափավոր: Այն ավելի մեծ էր ապահովագրական պահանջների և հատուցումների վրա։ Հատուցման դիմումների քանակը 2020թ-ին նվազել է, ինչն առաջին հայացքից փոքր-ինչ հակասական է, քանի որ ավելի շատ ավոմեքենաներն առաջացնում են ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Սակայն, կարանտինի պատճառով բանուկ փողոցներում երթևեկությունը զգալի նվազել էր, որի հետրանքով էլ գրանցվել են ավելի քիչ պատահարներ։

ՏարիԿարգավորված հատուցումներՀամախառն հատուցումներ
201742,2638,163,884,600
201847,9619,990,008,050
201956,46711,242,060,534
202049,55910,795,407,591

Վերջին ամիսների ընթացքում, Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն պարզեցված գրանցման միջոցով կարգավորվող պատահարների վնասի սահմանաչափը փոխել է՝ դարձնելով 200․000 ՀՀ դրամ։ Այս միջոցառումը միտված է նվազեցնել ճանապարհային խցանումները։ Սպասվում է, որ այն կբարձրացնի ապահովագրական հատուցումները։ Մինչ այս փոփոխությունը, ապահովագրական ընկերությունները համաձայնեցված հայտարարագրով գրանցված պատահարների համար հատուցում էին առավելագույնը 100․000 ՀՀ դրամ, անկախ փաստացի վնասի չափից, որի արդյունքում էլ որոշ խնայողություններ էին ունենում։ Փոփոխված սահմանաչափի պարագայում, կանխատեսվում է ապահովագրական հատուցումների ավելացում՝ ի հաշիվ տուժողներին նշված խնայողությունների վճարման:

Հարկ է նաև նշել, որ 2020թ․-ի սեպտեմբերի վերջին օրերին Արցախում սկսված լայնամասշտաբ պատերազմից արդեն անցել է մոտ մեկ ամիս, սակայն դեռևս հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել վերջինիս հետևանքները Հայաստանի տնտեսության վրա։ Սովորաբար ապահովագրական պայմանագրերն ունենում են պատերազմ ռիսկը բացառող կետ։ ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում նույնպես չեն հատուցվում ռազմական ռիսկերը կամ պատերազմի հետևանքով առաջացած վնասները։

ԱՊՊԱ համակարգի և, առհասարակ, ընդհանուր ապահովագրական շուկայի մոտ ապագան մնում է անորոշ, քանի որ ներկայիս բիզնես միջավայրը բաղկացած է տարրերից, որոնց ժամանակակից աշխարհը դեռևս չի բախվել։ Այնուամենայնիվ, ապահովագրությունը մնում է տնտեսության համեմատաբար առավել կայուն ոլորտներից մեկը, որն ունի բավարար վերահսկողական համակարգեր իր հաջող գործունեությունը ապահովելու համար։

  • Հեղինակի մասին

    Անդերրայթինգի օգնական, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020