2020 թվականի Սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմը, անշուշտ, իր բացասական հետևանքներն է թողնելու յուրաքանչյուրիս կյանքում և սրտերում: Շատերս սգում ենք հարազատների կորուստը, շատերս՝ տարիներով կառուցած տների ավերածությունները:

Բացի հոգեբանական և նյութական հետևանքներից, պատերազմը իր հետքն է թողնում նաև տնտեսության վրա, ինչը հաճախ շատ ավելի ահռելի պատճառահետևանքային վնասների կարող է հանգեցնել: Մասնավորապես, մարդկանց մոտ տնտեսական ակտիվության նվազման հետևանքով տնտեսության մի շարք ճյուղեր հայտնվում են կոլլապսի վտանգի առջև: Մարդկանց մի մասը բանկերից հանում են իրենց ավանդները, մի մասը՝ հայկական դրամը փոխանակում են ԱՄՆ դոլարի հետ: Մի մասը դադարել է հաճախել որևէ ժամանցի վայր, մի մասը ընդհանրապես տնից դուրս չի գալիս և առանձնացրել է հատուկ պայուսակ՝ օդային տագնապի դեպքում նկուղ իջնելու համար:

Նորություն չէ, որ բանակի սպառազինությունը, նյութատեխնիկական ապահովումը իրականցվում է ՀՀ Բյուջեի միջոցների հաշվին, իսկ Բյուջեի եկամուտների առյուծի բաժինը ընկնում է հարկային մուտքերի վրա: Տնտեսական ակտիվության նվազումը նշանակում է հարկային մուտքերի նվազում և սպառազինության ֆինանսավորման խնդրի առաջացում:

Ազդեցությունից զերծ չի մնացել նաև ապահովագրական համակարգը: Ամբողջությամբ «կանգ է առել» մանրածախ ապահովագրության տեսակների վաճառքները: Բացի պարտադիր ԱՊՊԱ տեսակից, մարդիկ դադարել են գնել ապահովագրության որևէ այլ տեսակ: Մասնավորապես, կամավոր տեսակներով ապահովագրության պրոդուկտները՝ ԿԱՍԿՈ-ն, Առողջության ապահովագրությունը, Բնակարանների ապահովագրությունը, և այլն, ամբողջությամբ գտնվում «սպասման» վիճակում: Հղում անելով պատերազմական իրադրության վրա, մարդիկ նախընտրում են գումարները խնայել, քան թե ծախսել ապահովագրության վրա:

Արդյունքում ապահովագրական համակարգը կրում է հետևյալ բացասական հետևանքները.

  1. Ապահովագրական ընկերությունների աշխատակիցները և գործակալները, որոնք զբաղվում են անհատական ապահովագրության պրոդուկտների վաճառքով, մնում են առանց աշխատանքի և եկամուտի:
  2. Վերոնշյալի արդյունքում բյուջե չի մուտքագրվում այդ աշխատակիցների եկամտային հարկերը:
  3. Այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են մեքենա վարել և վթարի ենթարկվել, հիվանդանալ, մարդկանց բնակարաններում տեղի են ունենում ջրի արտահոսքեր և այլ վնասներ, և արդյունքում այս բոլոր վնասները մնում են անհատույց:
  4. Փոխվում է վարորդների մեքենա վարելու վարքագիծը՝ կապված Երևանում թուլացված ճանապարհային ոստիկանական վերահսկողության հետ: Վթարները, և ըստ այդմ, հատուցումները ավելանում են՝ ապահովագրավճարների նվազման ֆոնին, և աճում է ապահովագրական ընկերությունների վնասաբերության մակարդակը: Սրա հետևանքով 2021 թվականի անհատական ապահովագրության պրոդուկտների գները արհեստականորեն կարող են թանկանալ:

Այնուամենայնիվ կարող ենք փաստել, որ այս փուլում կորպորատիվ ապահովագրությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը, և այն բիզնեսները, որոնք ապահովագրվում էին նախքան պատերազմը, շարունակում են իրենց բնականոն վարքագիծը: Սակայն երկարաժամկետում կազմակերպությունները ստիպված են լինելու կրճատել իրենց կողմնակի ծախսերը, աշխատակիցների քանակները, որի արդյունքում ավելի քիչ ապահովագրավճարներ կգեներացվեն կորպորատիվ առողջության, ավտոմեքենաների, գույքի և բեռների ապահովագրության ոլորտում:

Հիմք ընդունելով ներկայացված հանգամանքները՝ կոչ ենք անում որքան հնարավոր է պահպանել նախապատերազմյան տնտեսական ակտիվությունը, այցելել սրճարաններ, ձեռք բերել ապահովագրության պայմանագրեր, վարկեր, ներդնել ավանդներ, գնել բնակարան և ավտոմեքենա, որպեսզի գեներացված հարկային եկամուտներով հնարավոր լինի ապահովել պատերազմի հաղթական ավարտը:

  • Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010