Անկախ ապահովագրված լինել կամ չլինելու փաստից՝ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր կողմից երրորդ անձանց պատճառած վնասների համար։ Օրինակ, երբ մեքենայով վնասում ենք այլ անձանց, պարտավոր ենք հատուցել վնասված մեքենայի վերանորոգման ծախսերը, և Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մեքենաների սեփականատերերը պարտավոր են ապահովագրել իրենց պատասխանատվությունը, որը առավել հայտնի է ԱՊՊԱ անվանմամբ։

Երրորդ անձանց հնարավոր է վնասել ոչ միայն ավտոմեքենայով։ Առօրյա կյանքի ցանկացած փուլում մենք կարող ենք պատահաբար վնասներ հասցնել այլ անձանց, օրինակ․

  • Մեր տան ջրի խողովակները վնասվեն և ջրեն մեր հարևաններին,
  • Քամուց պոկվի մեր տան տանիքը և վնասի հարևանների մեքենաներին,
  • Մեր շունը հարձակվի հարևանի շան վրա և վնասի վերջինիս,
  • Մեր տուն կամ աշխատավայր այցելեն հյուրերը և թաց հատակի հետևանքով կոտրեն ոտքը,
  • Այցելենք թանգարան և պատահաբար շուռ տանք երեք հազար տարվա կուժը։

Վերոնշյալ թվարկված բոլոր իրավիճակներում մեր և շատ երկրների օրենսդրությունը, մասնավորապես Քաղաքացիական Օրենսդրությունը պարտադրում է մեզ հատուցել երրորդ անձանց պատճառած վնասները։ Այսինքն, մեր հարևանը կարող է մեզնից պահանջել հատուցել իր տան վերանորոգման ծախսերը, մյուս հարևանը՝ տանիքից վնասված մեքենայի վերանորոգումը, այլ անձ՝ իր շան վիրահատության ծախսերը, և այլն։ Եթե մենք հրաժարվենք հատուցելուց, դատարանները մեզ կպարտավորեցնեն կատարել հատուցումը։

Նման իրավիճակներից խուսափելու համար գոյություն ունի Պատասխանատվության ապահովագրությունը։

Մասնագիտական տեսանկյունից կարելի է տարանջատել Պատասխանատվության ապահովագրության հետևյալ առավել հայտնի տեսակները․

Քաղաքացիական պատասխանատվություն

Քաղաքացիական կամ Ընդհանուր պատասխանատվությունը մեր քաղաքացիական կյանքում կամ կազմակերպությունների դեպքում՝ իրենց բիզնես գործունեության հետևանքով երրորդ անձանց պատճառված գույքային և անձնական վնասների ապահովագրությունն է։ Այս ապահովագրության շրջանակներում մենք կարող ենք ապահովագրել մեր բնակարանը՝ հարևաններին ջրելու կամ այլ վնասներ պատճառելու ռիսկերից, կամ, օրինակ, հյուրանոցները՝ այցելուներին պատճառվող վնասների համար։ Տեսականորեն ցանկացած բիզնես գործունեություն կարող է երրորդ անձանց հասցվող վնասների պատճառ հանդիսանալ, հետևաբար գրեթե ցանկացած բիզնես կարող է ձեռք բերել այս ապահովագրությունը, հատկապես այն բիզնեսները, որոնք զբաղեցնում են ֆիզիկական տարածք, և այդ տարածքում ընդունում են այցելուների։

Մեզ բոլորիս հայտնի ԱՊՊԱ-ն Ընդհանուր կամ Քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության տեսակ է։ Կարելի է առանձնացնել նաև շինարարական աշխատանքների հետևանքով պատճառված վնասները, ինչպես նաև ցանկացած այլ տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ նավերի, գնացքների, ինքնաթիռների, հեծանիվների, սկուտերների, տիեզերագնացների օգտագործման համար պատասխանատվությունը։

Մասնագիտական պատասխանատվություն

Մասնագիտական պատասխանատվությունը ավելի սպեցիֆիկ տեսակ է, և ապահովագրում է անձի կամ բիզնեսի մասնագիտական գործունեության հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասները, հիմնականում՝ ֆինանսական վնասները։ Օրինակ, Հաշվապահները կարող են սխալ հաշվարկների կամ հաշվետվությունների ուշացման հետևանքով իրենց հաճախորդին վնասել՝ տուգանքի տեսքով։ Նույնը՝ իրավաբանները, գնահատողները, նոտարները, և այլ նեղ մասնագիտությունները։ Այս տեսակի մեջ է ներառվում նաև Բժիշկների մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն (Malpractice), որի շրջանակներում Ապահովագրական ընկերությունը ստանձնում է բժշկի (ապահովագրված անձի) պատասխանատվությունը՝ վերջինիս փոխարեն հատուցելով բժշկական ծառայություններից օգտվող անձանց կյանքին և առողջությանը հասցված վնասը, որը պատճառվել է բժշկական գործունեության իրականացման ընթացքում թույլ տրված սխալների, բացթողումների հետևանքով։

Կարելի է առանձնացնել նաև Բեռնափոխադրողների մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունը, որի շրջանակներում հատուցվում են բեռնափոխադրողի մեղքով տվյալ բեռին հասցված վնասները։

Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության տեսակները բազմազան են, և ցանկացած նոր տեխնիկական կամ նեղ մասնագիտության հետ զուգահեռ առաջանում են նոր տեսակներ։

Ապրանքի համար պատասխանատվություն

Ապրանքի համար պատասխանատվությունը նույնպես սպեցիֆիկ տեսակ է, որը ապահովագրում է որևէ ապրանքի միջոցով երրորդ անձանց պատճառած վնասները։ Ապահովագրվում են տվյալ ապրանքը արտադրողները կամ վաճառողները։ Օրինակ՝ սնունդ արտադրողները կարող են թունավորել տվյալ սնունդը ընդունողներին, մեքենա արտադրողները իրենց արտադրած խոտանի հետևանքով հանդիսանան վթարների մեղավոր, կամ դեղագործական ընկերությունները անորակ դեղերի միջոցով պատճառ հանդիսանան մահացությունների։ Նման իրավիճակներից խուսափելու համար ապրանքներ արտադրողները կամ ծառայություններ մատուցողները (հիմնականում՝ ՏՏ ոլորտում) կարող են ապահովագրել իրենց ապրանքի համար պատասխանատվությունը։ Հաճախ ենք կարդում, որ որևէ խոշոր ավտոարտադրող ընկերություտ ետ է կանչում էր արտադրած որևէ մոդելի բոլոր մեքենաները։ Այդ ետկանչերը հիմնականում կապված են այդ մոդելում բացահայտած խոտանի հետ, ինչն էլ կարող է առաջացնել երրորդ անձանց վնասներ։

Գործատուի պատասխանատվություն

Գործատուի պատասխանատվության ապահովագրությունը հատուցում է մասնագիտական գործունեություն իրականացնելու հետևանքով տվյալ բիզնեսի աշխատակիցներին հասցված վնասները։ Օրինակ՝ հանքի աշխատակիցները կարող են վնասվել թունելների փլուզումից, կամ փրկարարները խեղդվեն ծովում, և այլն։ Քանի որ կազմակերպությունների աշխատակիցները տվյալ կազմակերպության համար չեն հանդիսանում երրորդ անձինք, այս տեսակի ապահովագրությունը առանձնացվել է Ընդհանուր պատասխանատվության ապահովագրությունից, և շատ երկրներում բիզնեսների համար պարտադիր է։ Օրինակ՝ Միացյալ Թագավորությունում ցանկացած կազմակերպություն պարտավոր է առնվազն 5,000,000 ֆունտ ստերլինգ լիմիտով ապահովագրության պայմանագիր ունենալ։

Կիբեր պատասխանատվություն

Կիբեր պատասխանատվության ապահովագրությունը առավել նոր տեսակ է, որը զարգանում է թվային/տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ համահունչ։ Ինչպես գիտենք, տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառող ընկերությունները տիրապետում են երրորդ անձանց վերաբերյալ բավականին շատ և զգայուն տվյալների։ Օրինակ, բանկերում են մեր անձնական միջոցները, մեր հաշիվների տեղաշարժերը, մեր աշխատավարձի և աշխատավայրի մասին տեղեկատվությունը, և այլն։ Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը, Netflix-ը, Amazon-ը, և այլ վերազգային կորպորացիաներ տիրապետում են մեր հետաքրքրությունների գրեթե ամբողջ շրջանակի մասին ինֆորմացիա։ Կապի ծառայություններ պարունակող ընկերությունները տիրապետում են մեր կատարած զանգերի մասին տեղեկատվություն, իսկ հյուրանոցները՝ մեր հանգստի օրերի, մեր բանկային քարտի և անձնագրային տվյալները։ Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։

21-րդ դարում ամենապահանջված և թանկարժեք ռեսուրսը համարվում է ոչ թե նավթը կամ գազը, այլ տվյալները, և շատ ցանցահեններ (խակերներ) փորձում են կոտրել վերոնշյալ բոլոր ընկերությունների կիբեր անվտանգության համակարգերը, գողանալ երրորդ անձանց մասին տվյալները, և դրանք օգտագործեն՝ ֆինանսական շահ ստանալու համար։

Տեղեկատվական տվյալների արտահոսքի հետևանքով երրորդ անձանց պատճառած ֆինանսական վնասները հատուցելու համար հենց ստեղծվել է Կիբեր պատասխանատվության ապահովագրությունը։

Վերոնշյալ բոլոր տեսակներից հնարավոր է ապահովագրվել նաև Հայաստանում, և Հայկանան գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունները տրամադրում են նման ծածկույթներ։ Սակայն, ցավոք, պատասխանատվության ապահովագրության տեսակները, բացի իհարկե ԱՊՊԱ-ից, Հայաստանում դեռևս գտնվում են զարգացման սաղմնային փուլում, քանի որ այս տեսակը մեծամասամբ կախված է զարգացած և բարձր ֆունկցիոնալություն ունեցող դատական համակարգից։

  • Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010