2021

2020 թ․-ի կրկնակի ցնցումները անցյալում թողնելով՝ ՀՀ ապահովագրական շուկան սկսեց 2021 թ․-ը որոշակի վերապահումներով։ Շուկայի կտրուկ կրճատումը տրամաբանորեն իր երկարաժամկետ բացասական հետևանքներն էր ունենալու, որն իր հերթին հավելյալ ճնշում էր գործադրելու ապահովագրական ընկերությունների վրա։ Ֆինանսական ցուցանիշների ներգործությունից զատ, թե՛ ապահովագրական շուկայում, թե՛ ընդհանուր տնտեսության մեջ ավելացել էր անորոշությունը, որն այս դեպքում հիմնականում արտահայտվում էր ապ․ընկերությունների ավելի պահպանողական գործելաոճով։

2021 թ․-ի հիմնական, սակայն սպասելի, փոփոխություններից է ապահովագրական շուկայի և իր մասնակիցների ռիսկերի կառուցվածքի վերապրոֆիլավորումը։ Այս նոր դինամիկայում իր առանցքային դերն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգությունը կամ կիբերանվտանգությունը։ Ավանդական մոտեցումներից և թղթաբանությունից անցումը առցանց պայմանագրերի կնքմանը, հատուցումների կառավարմանը էլ ավելի ընդգծեց վստահելի և կայուն վիրտուալ փաստաթղթաշրջանառության կարևորությունը։ Համաշխարհային շուկայում նաև հատկանշական է նոր տեխնոլոգիաների ռիսկի աճը։ Թեև insurtech ստարտափներ դեռևս քիչ կան և ունեն շուկայի անհամեմատ ավելի ցածր մասնաբաժին, նրանց առաջարկած նորամուծությունների անտեսումն արդեն դարձել է անհնար։ Հայկական շուկան ևս անում է որոշ փորձեր ներդնելու, թեկուզ փոքրամասշտաբ, insurtech էլեմենտներ, որի օրինակն է ՌԳՍ-ի նոր SMART CASCO նախագիծը։ Այնուամենայնիվ, դեռ շուտ է գնահատելը նշված ծրագրի կամ այլ փորձերի հաջողությունը և կիրառությունը մեր շուկայում։

2021 թ․-ի ընթացքում պատվաստումների աճը և դրա հետ պայմանավորված նաև համավարակի սահմանափակումների թեթևացումը վերակառուցեց մարդկանց և կազմակերպությունների վստահությունը։ Այսինքն, թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք քայլ առ քայլ անցան իրենց մինչհամավարակային, մինչպատերազմյա առօրյային։

Ավելին քան 4 մլրդ նվազած ապահովագրական շուկան, որը 2020 թ․-ի ավարտին կազմել էր 42․82 մլրդ դրամ, 2021 թ․-ին մոտ նույնքանով ընդարձակվեց՝ դառնալով 46․88 մլրդ դրամ։ Ինչպես կարելի էր սպասել, աճը հիմնական եղել է կամավոր ապահովագրական շուկայի հաշվին, որի ապահովագրավճարները մոտավորապես 15%-ով ավելացել են։ Եթե ապահովագրավճարները դեռ չեն հասել իրենց 2019 թ․-ի մակարդակին, ապահովագրական հատուցումները դա արդեն գերազանցել են: Տարբերվում են նաև ապահովագրական հատուցումների փոփոխությունները ըստ ապ․տեսակների։ 2019 թ.-ի համեմատությամբ, պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) հատուցումները մնացել են գրեթե անփոփոխ, չնայած զգալիորեն նվազած ապ․վճարների, իսկ կամավոր ապահովագրության հատուցումները, ապ․վճարներին համընթաց, աճել են։ Հիմնական ապահովագրատեսակների ապահովագրավճարների և հատուցումների ցուցանիշները ներկայացված են ստորև գրաֆիկներում։

Զուտ շահույթի դինամիկան ըստ ապ․ընկերությունների կտրուկ տարբերվում է․ որոշների համար այն մնացել է գրեթե անփոփոխ, մի մասի համար աճել է, իսկ մյուսների մոտ՝ նվազել։ Ընդհանուր շուկայի կտրվածքով, 2020 թ․-ի անկանոն, ոչ բնորոշ բարձր շահույթը մնացել է նախորդ տարում։ Եթե 2020 թ․-ին ընդհանուր շուկայի զուտ շահույթը կազմել էր 4․44 մլրդ դրամ, 2020 թ․-ին այն 0․85 մլրդ դրամ էր․ ավելին քան 80 % կրճատում։ Ցուցանիշը բավականին ցածր էր նաև 2019 թ․-ի շահույթից․ 1․40 մլրդ դրամ (40 % կրճատում):

  • Հեղինակի մասին

    Անդերրայթինգի օգնական, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020