Ապահովագրությունը ցանկացած տնտեսության անբաժանելի մասն է: Թեև երբեմն դրա տնտեսական նշանակությունը փոքր-ինչ թաքնված է և անհայտ հասարակության լայն զանգվածների համար, ապահովագրությունը երաշխավորում է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների անխափան աշխատանքը և բնականոն գործունեությունը: Ապահովագրության դերը, ըստ ոլորտների, խիստ տարբերվում է․ այնուամենայնիվ, անհատները կամ տնային տնտեսությունները առավել հաճախ առնչվում են ապահովագրության տեսակների հետ, որոնք հիմնականում կապված են մեքենաների հետ, լինի այն տրանսպորտային միջոցի կամավոր ապահովագրություն, այլ կերպ հայտնի որպես ԿԱՍԿՈ կամ թեկուզ պատասխանատվության ապահովագրության պարտադիր պետական ​​պահանջը՝ ԱՊՊԱ-ն: Այդ իսկ պատճառով բնակչության մեծ մասի համար այս ապահովագրական տեսակների մատչելիությունը առաջնային նշանակություն ունի:

Տարիներ առաջ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հիմնադրված Դաշնային ապահովագրության գրասենյակը մշակեց նոր և բավականին հակասական ցուցանիշ, որը չափում էր ապահովագրության մատչելիությունը: Նշված նախաձեռնության հիմնական նպատակը անապահով համայնքներում` փոքրամասնությունների և ցածր կամ միջին եկամուտ ունեցող անձանց շրջանում ապահովագրության գների վերահսկումն էր: Ուսումնասիրությունը վերլուծել է ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր ավտո ապահովագրության շուկաներում տիրող իրավիճակը:

Այս հոդվածում քննարկվում են Հայաստանում նման ցուցանիշի օգտագործման հնարավորությունները և հետևանքները: Ունենալով հասանելի տվյալների վերլուծության սահմանափակ հնարավորություններ՝ կատարվել են մի շարք ենթադրություններ, որոնք ավելի մանրամասն կներկայացվեն հոդվածում։

Ի սկզբանե, մատչելիության ինդեքսը սահմանվում էր որպես ավտոմեքենայի ապահովագրության միջին ծախսի հարաբերությունը տնային տնտեսությունների մեդիան եկամտին (օր․՝ ապահովագրավճար / աշխատավարձ)։ Ապահովագրության միջին ծախսը կարող է ներառել պարտադիր կամ կամավոր պատասխանատվության վճարները, դժբախտ պատահարների տարբեր ծածկույթները և այլն։

ԱՊՊԱ ապահովագրավճարները Հայաստանում կարգավորվում են համակարգող մարմնի՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից, և ապահովագրական ընկերությունները գործնականում չեն մշակում գնագոյացման ռազմավարություն: Ապահովագրավճարի որոշ ճշգրտող գործակիցներ են տրանսպորտային միջոցի տեսակը, օգտագործման նպատակը, շարժիչի հզորությունը, ինչպես նաև սեփականատիրոջ ռիսկայնության մակարդակը և պայմանագրի ժամկետը:

Մեդիան եկամուտը հասանելի չէ, ուստի վերցվել է միջին համախառն եկամուտը: Սա կարող է մի փոքր շեղել արդյունքները, քանի որ մեդիան եկամուտը անտեսում է խիստ տարբեր (զգալիորեն պակաս կամ ավել) ցուցանիշները, սակայն միջին ցուցանիշը հաշվի է առնում դրանք։ Անցած 4 տարիների ընթացքում ԱՊՊԱ վճարը կազմում էր անձի տարեկան եկամտի մոտավորապես 1%-ը: Միայն այս ցուցանիշը շատ քիչ ինֆորմացիա է տալիս, այն պետք է ուղեկցվի այլ չափանիշներով` իրական մատչելիությունը արտացոլելու համար:

ՏարիԱմսական համախառն միջին եկամուտ (AMD)Միջին ԱՊՊԱ ապահովագրավճար (AMD)ԱՊՊԱ մատչելիության ցուցանիշ տարեկան եկամտի համեմատ
2020               189,716                 22,6230.99%
2019               182,673                 20,0980.92%
2018               172,727                 21,6761.05%
2017               177,817                 22,8961.07%

Դաշնային ապահովագրության գրասենյակի ուսումնասիրությունն առավելապես կենտրոնացած էր կամավոր ավտո ապահովագրության մատչելիության վրա, քանի որ դրանք են այն ծածկույթները, որոնք մարդիկ ընտրում են ՝ գնել, թե ոչ: Հայաստանում կամավոր ծածկույթները ներառում են ԿԱՍԿՈ ապահովագրություն ՝ սեփական տրանսպորտային միջոցի վնասի համար, կամավոր ԱՊԱ ապահովագրություն՝ ԱՊՊԱ սահմանաչափերը մեծացնելու համար, դժբախտ պատահարներից ապահովագրություն ուղևորների և վարորդների համար և այլ պրոդուկտներ: Այս հետազոտության շրջանակներում կքննարկվի միայն ԿԱՍԿՈ ապահովագրության մատչելիությունը:

Ավտոմեքենաների կամավոր ապահովագրության շուկայում միջին ապահովագրավճարների կամ ապահովագրված մեքենաների քանակի վերաբերյալ հասանելի տեղեկատվությունը բացակայում է։ Նախնական մոտարկումները ցույց են տվել, որ միջինում 50 ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենայից միայն 1-ը ունի նաև ԿԱՍԿՈ։

Դիտարկվող 4 տարվա ընթացքում հստակ տեսանելի է, որ տարեցտարի ԿԱՍԿՈ ապահովագրությունը դառնում է պակաս մատչելի: Այլ կերպ ասած, ապահովագրավճարներն ավելի արագ են աճում, քան միջին եկամուտը, ինչի պատճառը կարող է լինել ապահովագրական ընկերությունների աճող վնասաբերությունը։ Վերջինս նրանց ստիպում է կա՛մ բարձրացնել գները, կա՛մ կնքել ավելի ռիսկային պայմանագրեր բարձր սակագներով (որոնք նախորդ տարիներին կնքման ենթակա չէին):

ՏարիԱմսական համախառն միջին եկամուտ (AMD)Միջին ԿԱՍԿՈ ապահովագրավճար (AMD)ԿԱՍԿՈ մատչելիության ցուցանիշ տարեկան եկամտի համեմատ
2020189,716206,3909.07%
2019182,673194,1438.86%
2018172,727188,9779.12%
2017177,817180,9048.48%

Մատչելիության ցուցանիշը, հետազոտության ծագման երկրում՝ Միացյալ Նահանգներում, միջինում կազմում է 1.36% (հետազոտվող նահանգներն էին Կալիֆորնիան, Իլլինոիսը, Ֆլորիդան և Նյու Յորքը)։ Իհարկե Հայաստանի համեմատ, մեքենայի ապահովագրությունը եկամտի նկատմամբ ավելի փոքր համամասնություն է կազմում՝ բարձր աշխատավարձերի պատճառով։ Միևնույն ժամանակ, ամերիկացին տարեկան, կախված նահանգից, $1,030-1,750 ծախսում է ապահովագրության վրա, որը համեմատելի չէ Հայաստանի գների հետ։ Այդ իսկ պատճառով երկու երկրների մատչելության ցուցանիշների համեմատումը բավարար չէ ենթադրություններ կատարելու համար։

Չնայած մեկ ինդեքսով մատչելիության չափումը բավականին գրավիչ գաղափար է, այն չի համապատասխանում իր նախնական նպատակին, քանի որ հաշվի չեն առնվում մի շարք սոցիալ-տնտեսական գործոններ: Հետևաբար, հաշվի առնելով ցուցանիշի հատկանիշները և սահմանափակումները, ինչպիսիք են տվյալների ճշգրտման համար օգտագործված դատողություններն ու համեմատական վերլուծությունները, մատչելիության ցուցանիշին պետք է մոտենալ վերապահումներով։ Այն ավելի հարմար է օգտագործել ոլորտի փոփոխությունները վերահսկելու համար։

  • Հեղինակի մասին

    Անդերրայթինգի օգնական, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020