Վստահաբար կարելի է պդնել, որ 2001 թվականի Սեպտեմբերի 8-ին, Մանհեթենի համաշխարհային առևտրի կենտրոնում (World Trade Center) տեղակայված կամայական գրասենյակի աշխատակիցը մտքով անգամ չէր կարող անցնել այն աղետը, որը վիճակված էր նրան վերապրել հաջորդ աշխատանքային առավոտ։

Նույն թվականի Սեպտեմբերի 9-ի չարաբաստիկ դեպքերը այսօր հանրության մեջ լայն ճանաչում ունեն «nine eleven» կամ «911» անվանման ներքո։ Աննկարագրելի մասշտաբների ահաբեկչական աղետը ցնցումային էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի համար։ Կատաստրոֆիկ հումանիտար վնասներից բացի, զգալի բացասական հետևանքներ կրեց նաև միջազգային տնտեսությունը, մասնավորապես՝ ֆինանսական շուկան և ապահովագրական/վերաապահովագրական սեգմենտը։

Ապահովագրական շրջանակներում Սեպտեմբերի 9-ի դեպքերը պատմության մեջ հայտնի են որպես մարդածին ամենամեծ ապահովագրական վնաս հասցրած պատահար։ Ահաբեկչության արդյունքում պատճառված ամբողջ վնասը կազմել է մոտ 40 միլիարդ ԱՄՆ դոլար։

Հոդվածում կքննարկվեն տվյալ պատահարի մեջ ընդգրկված լայնածավալ հատուցումներն ու համապատասխան ապահովագրական ընկերությունների անմիջական մասնակցությունը։ Կդիտարկվեն նաև այն բոլոր հանգամանքներն ու նրբությունները, որոնք որոշիչ դեր են խաղացել ապահովագրական համակարգի հետագա զարգացման վրա։

Ապահովագրության տեսանկյունից «911-ի» վնասի աստիճանն ավելի լավ պատկերացնելու համար բավական է ընդամենը նշել, որ այն մինչ օրս հասցված վնասների պատմության մեջ զիջում է միայն 2005 թվականի Կատրինա փոթորկին (մոտ 150 միլիարդ ԱՄՆ դոլար): Սեպտեմբերի 9-ի պատահարի աննախադեպությանը նպաստում էր նաև այն փաստը, որ առաջին անգամ ապահովագրության պատմության մեջ մեկ ապահովագրական պատահարը ընկնում էր ապահովագրական մի քանի տեսակների՝ գույքի, կյանքի, դժբախտ պատահարների, ավիացիայի, պատասխանատվության և գործատուի պատասխանատվության վրա։ Դեպքի տեղի ունենալուց մի քանի ժամ անց արդեն ապահովագրական ընկերությունները ենթարկվում էին ակտիվ ռմբարկոծման մեդիայի և կարգավորող մարմինների կողմից երեք հիմնահարցերի շուրջ՝

  • Որքա՞ն է կազմելու ընդհանուր հատուցումների վնասը,
  • Արդյո՞ք ապահովագրական ոլորտը պատրաստ էր այդ հսկա ծախսերի բեռին,
  • Արդյո՞ք ապահովագրական ընկերությունները չէին մերժի հատուցումը՝  պատերազմի (act of war) բացառության հիմքով։

Այս երեք հարցից հենց վերջինն է, որ ֆունդամենտալ դեր է խաղացել ապահովագրական պրակտիկայի, միջազգային շուկայի հետագա զարգացման և ընթացքի մեջ։ Նախքան Սեպտեմբերի 9-ի ահաբեկչության տեղի ունենալը, ապահովագրական ընկերությունները ապահովագրական պայմանագրերում չէին ներառում «ահաբեկչության» բացառությունը։ Այդ իսկ պատճառով, շատ ապահովագրական ընկերություններ կանգնեցին լուծարման եզրին՝ չնայած վերաապահովագրողների մասնակցությանը հատուցումների մեջ։ Ի դեպ, ընդհանուր հատուցումների գրեթե 2/3-րդ մասը հատուցվել է վերաապահովագրողների կողմից։1 Ամենևին զարմանալի չէ, որ ողջ ապահովագրական համակարգում և նույնիսկ աշխարհում ռիսկի ընկալումը ենթարկվեց կարդինալ փոփոխության։ Եթե մինչ այդ «պատերազմի» բացառությունն էր լայնորեն տարածված որպես միակ ունիվերսալ ֆորս մաժորային բացառություն, ապա հետայսու շատ ապահովագրական ընկերություններ այդ շարքին ավելացրեցին նաև «ահաբեկչություն» բացառությունը (terrorism exclusion): Որոշ ժամանկ անց, տարբեր շրջանակներում քննարկումների շարք սկսվեց այն թեմայով, թե արդյոք ահաբեկչությունից ապահովագրությունը պետք է տրամադրվեն միայն մասնավոր կամ պետական համակարգի կողմից, կամ էլ վերջինների համագործակցության միջոցով։ Այդ ամենի արդյունքում ձևավորվեց նոր ապագովագրական սկզբունք, և ապահովագրական պայմանագրերի բոլոր դրույթների «ճշգրտությունն և հստակությունը» ստացավ բացարձակ առաջնահերթություն։

Հանրության, և նամանվանդ ապահովագրական համակարգի համար ուրույն նշանակություն ունեցավ ԱՄՆ 43-րդ նախագահի՝ Ջորջ Բուշ կրտսերի ետահաբեկչական հայտարարությունները, որտեղ վերջինս տեղի ունեցած պատահարը մեկնաբանում էր որպես «act of war against the United States»2 (պատերազմական գործողություն Միացյալ Նահանգների նկատմամվ)։ Տարբեր մասնագետների և հանրության որոշակի մասի կարծիքով դա կարող էր հիմք հանդիսանալ, որպեսզի ապահովագրական ընկերությունները համատարած մերժեին հատուցման բոլոր պահանջները, քանի որ պատերազմի բացառությունը այս դեպքում կարող էր ձեռնտու զենք հանդիսանալ վերջիններիս համար։

Վերադառնանք «ճշգրտությանն» և «հստակությանը»։ Բնականաբար, ստեղծված իրավիճակում անորոշությունը և լարվածության բարձր մակարդակը տարբեր տարաձայնությունների պատճառներ էին հանդիսանում ապահովագրողների և ապահովադիրների միջև, ինչու չէ նաև երրորդ անձանց համար։ Առաջին նշանալից և հանրայնորեն հայտնի դեպքը թերևս եղել է ոչնչացված շինությունների համասեփականատեր Լարրի Սիլվերշտեյնի վեճը ցյուրիխյան Swiss Re վերաապահովագրական ընկերության հետ, որի դատական պրոցեսը տևել է վեց տարի3։ Վեճի պատճառ հանդիսացավ ապահովագրական հատուցման չափը (3.5 միլիարդ ԱՄՆ դոլար), որը չէր բավարարում Սիլվերշտեյնի պահանջներին։ Վերջինիս պնդամբ, պատահարը պետք է դիտարկվեր որպես երկու առանձին ապահովագրական պատահարներ, ինչի արդյունքում պետք է տրվեր երկու հատուցում։ Նրբությունը կայանում էր գույքի ապահովագրության «յուրաքանչյուր պատահարի սահմանաչափի» մեջ։ Եթե պատահարները դիտարկվեին առանձին-առանձին, ապա սահմանաչափը կկրկնապատկվեր։ Սակայն 2006 թվականի Հոկտեմբերի 19-ին դատարանի որոշմամբ Սիլվերշտեյնը պարտվեց հայցը Swiss Re-ին։

Իհարկե, նման մասշտաբի հատուցումը չէր կարող շրջանցել աշխարհահռչակ Lloyd’s-ին։ Բրիտանական ապահովագրական կնքահայրի հատուցման գումարը կազմել է շուրջ 4․7 միլիարդ ԱՄՆ դոլար։4


Գրականություն

1) https://www.iii.org/sites/default/files/docs/pdf/sept11paper.pdf

2) https://www.lloyds.com/about-lloyds/history/catastophes-and-claims/september-11-attacks

3) Stempel, J. (2002). THE INSURANCE AFTERMATH OF SEPTEMBER 11: MYRIAD CLAIMS, MULTIPLE LINES, ARGUMENTS OVER OCCURRENCE COUNTING, WAR RISK EXCLUSIONS, THE FUTURE OF TERRORISM COVERAGE, AND NEW ISSUES OF GOVERNMENT ROLE. Tort & Insurance Law Journal, 37(3), 817-882. Retrieved June 16, 2021, from http://www.jstor.org/stable/25763575.

4) https://www.iii.org/article/9-11-the-tenth-anniversary

5) https://www.forbes.com/sites/chloesorvino/2016/09/10/billionaire-world-trade-center-911-rebuild-developer-healing/?sh=46778d86405a

  • Հեղինակի մասին

    ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2021