Սլովենական ֆինանսական համակարգը Հայաստանի համար հաճախ դիտարկվում է որպես ամենահարմար համակարգը՝ ադապտացվելու իմաստով։ Մեր և Սլովենիայի շատ ու շատ հիմնական պարամետրեր իրար նման են և միևնույն ժամանակ՝ շատ տարբեր։ ՀՀ-ում կենսաթոշակային ռեֆորմների հիմնական ուղենիշը եղել է հենց սլովենական համակարգը։ Այժմ քննարկման դրված Առողջության համապարփակ ապահովագրության մեխանիզմը նույնպես նման է սլովենական համակարգին, այն է՝ «մեկ միասնական պետական մարմին, որը որոշում, կատարում և վերահսկում է ամեն ինչ»։ 

Insurebusiness-ում կանդրադառնանք Սլովենիայի ապահովագրական համակարգին, կփորձենք համեմատականներ տանել ՀՀ ապահովագրական շուկայի հետ։ 

Սլովենիան փոքր, բաց և զարգացած երկիր է՝ տեղակայված Կենտրոնական Եվրոպայում։ Աjն միացել է Եվրամիությանը 2004 թվականին, իսկ 2007 թվականին ընդունել է Եվրոն՝ որպես հիմնական փոխարժեք։ Երկրի համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, կազմում է մոտ 59 մլրդ Եվրո, որը մոտ 3 անգամ ավել է Հայաստանի ՀՆԱ-ից (2022թ․ տվյալով մոտ 19,7 մլրդ Եվրո)։ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտ 28,095 Եվրո, ինչը մոտ 4,2 անգամ ավել է Հայաստանի 6,566 Եվրո ցուցանիշից։ 

Բնակչությունը կազմում է ընդամենը 2,1 մլն, որը մոտ 900,000-ով պակաս է ՀՀ բնակչությունից։ Մայրաքաղաք Լյուբլյանայում ապրում է ընդամենը 300,000 մարդ, այսինքն մայրաքաղաքի վրա կենտրոնացվածությունը շատ ավելի թույլ է, քան Երևանում (մոտ 1,1 մլն բնակչություն)։ 

Երկրի ՀՆԱ-ն հիմնականում կառուցված է Ծառայությունների ոլորտից՝ կազմելով 63-65%: Երկրորդ ամենախոշոր սեգմենտն արդյունաբերությունն ու արտադրությունն է՝ մոտ 32% մասնաբաժնով։ Գյուղատնտեսությունը կազմում է ընդամենը 2%, իսկ շինարարությունը՝ 4-5%: 

Երկրի ապահովագրական շուկան բավականին զարգացած է և բազմաշերտ։ Ապահովագրավճարները կազմում են ՀՆԱ 4,7%-ը, ինչը Հայաստանի  համեմատ ավել է մոտ 6,7 անգամ (Հայաստանի ցուցանիշը մոտ 0,7% է)։ Աշխարհի միջին ցուցանիշը կազմում է 3%: 

Համախառն ապահովագրավճարները 2022 թվականին կազմել են  2,801,335,783 եվրո, ինչը 20 անգամ ավել է հայկական ապահովագրական շուկայից (մոտ 136.4 մլն եվրո): Ոչ կյանքի ապահովագրության վճարները կազմում են  2,028,515,249 եվրո, կամ համախառն շուկայի 72%-ը։ 2022 թվականին Սլովենիայի ապահովագրական շուկան գրանցել է պատմական ռեկորդ։ Շուկայի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 7,1%, իսկ ապահովագրությունը հանդիսանում է երկրի տնտեսության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Ոչ կյանքի ապահովագրության մեջ ամենաշատ աճը գրանցել է առողջության ապահովագրությունը՝ 24,2%-ով, այնուհետև ԿԱՍԿՈ-ն՝ 13,4%-ով և ԱՊՊԱ-ն՝ 10,4%-ով։

Սլովենիայում ոչ կյանքի ապահովագրության ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում Առողջության ապահովագրությանը՝ մոտ 678 մլն Եվրո ապահովագրավճարով։ Այստեղ ներառված է ինչպես առողջության պարտադիր ապահովագրությունը, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից առաջարկվող կամավոր ապահովագրությունը։ Հարաբերակցությունը մոտ 30/70% է։ Հայաստանում ներկայումս առաջարկվող առողջության ապահովագրության մոդելը գրեթե Սլովենիայի մոդելի կրկնօրինակն է։ Ներկայումս ՀՀ-ում առաջարկվող մոդելի արդյունքում միայն պարտադիր մասնաբաժնի ապահովագրավճարը կանխատեսվում է 860,465,000 Եվրո (370 մլրդ ՀՀ դրամ), ինչը 27%-ով ավել է, քան Սլովենիայում։ Հաշվի առնելով 2 երկրների ՀՆԱ-ի ցուցանիշները՝ կարելի է ասել, որ ապահովագրավճարների այսպիսի տարբերությունը, մեղմ ասած, հասկանալի չէ (նույնիսկ բնակչության թվաքանակի ազդեցությամբ)։ Սլովենիայի առողջության պարտադիր ապահովագրության մեխանիզմի արդյունավետության համար insurebusiness-ը կանդրադառնա առանձին հոդվածով։

Սլովենիայի ապահովագրական շուկայի երկրորդ ամենախոշոր տեսակը ցամաքային տրանսպորտի ապահովագրությունն է, կամ մեր լեզվով ասած՝ ԿԱՍԿՈ-ն (ուշադրություն՝ ոչ ԱՊՊԱ-ն)։ Այստեղ ԿԱՍԿՈ ապահովագրության ապահովագրավճարը գերազանցում է պարտադիր ԱՊՊԱ համակարգի ցուցանիշներին, այնինչ ՀՀ-ում ԿԱՍԿՈ-ն կազմում է ԱՊՊԱ համակարգի ընդամենը 10%-ը։

Սլովենիայի ԱՊՊԱ համակարգը Հայաստանի ցուցանիշները գերազանցում է 5 անգամ՝ չնայած ՀՀ բնակչության գերազանցման։ Այստեղից կարելի է եզրակացնել ապահովագրավճարների էական տարբերության մասին։ Ապահովագրության միակ տեսակը, որը ՀՀ շուկան նույնիսկ գերազանցում է Սլովենականին՝ օդանավեր շահագործողների պատասխանատվության ապահովագրությունն է։

Սլովենիայի ապահովագրության բաշխման ուղղությունները

 ԱշխատակիցներԳործակալներԲրոքերներԲանկային վաճառքներԱյլ
Մասնաճյուղային վաճառքՀեռախոս, էլեկտրոնային, ուղիղՕնլայնՖրոնտ-օֆիսԸնդ․Ընդամենը
Ընդամենը9.90.590.7418.3129.5357.746.875.040.83
Ոչ կյանք13.330.791.0112.4727.660.819.181.271.14
Կյանք0.880.070.0433.6234.649.670.7914.930

Սլովենիայում ապահովագրության վաճառքների 57%-ը իրականացվում է գործակալների կողմից։ Մոտ 30%-ը վաճառվում է ապահովագրական ընկերությունների գրասենյակների միջոցով։ Հատկանշական է, որ միայն 0,74% դեպքերում է իրականացվում օնլայն վաճառքներ, իսկ բանկերի միջոցով վաճառվող ապահովագրությունն ընդամենը 5% է։

Սլովենիայի ապահովագրական համակարգի վնասաբերությունը կազմում է 64․74%:  Ամենավնասաբեր տեսակն առողջության ապահովագրությունն է՝ 92.42%, ինչը համապարփակ լինելու շնորհիվ տրամաբանական է։ ԿԱՍԿՈ ապահովագրության վնասաբերությունը 63.44% է, իսկ ԱՊՊԱ-ինը՝ 60.18%: Աջակցության ապահովագրության վնասաբերությունը կազմում է 63.44%:

Սլովենիայում գործում են 18 ապահովագրական ընկերություններ (ՀՀ-ում՝ 6)։ Խոշորագույն ապահովագրական ընկերությունը, կամ ընկերությունների խումբը (բաղկացած 3 ընկերությունից)՝ Տրիգլավն է (Triglav)` 1,022,723,372 Եվրո կամ շուկայի 36․5% մասնաբաժնով։ 2-րդ խոշորագույն ընկերությունը Իտալական Generali-ն է՝ 487,447,582 Եվրո ապահովագրավճարներով կամ 17% մասնաբաժնով։ 3-րդ խոշորագույնը Sava-ն է՝ 463,086,008 Եվրո ապահովագրավճարներով։ Մնացած 15 ընկերություններն ունեն համեմատաբար փոքր մասնաբաժիններ։

Առողջության համապարփակ ապահովագրությունը չհաշված՝ Սլովենիայում պարտադիր է 17 ապահովագրության տեսակ։ Պարտադիր ապահովագրության համախառն ապահովագրավճարը կազմում է 300,834,232 Եվրո, կամ համախառն ապահովագրավճարների 10.7%-ը։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում միայն ԱՊՊԱ համակարգը կազմում է ընդհանուր շուկայի 42․4%-ը։ Այս ցուցանիշներից կարելի է պնդել, որ Սլովենիայում կամավոր ապահովագրության մշակույթն ավելի զարգացած է, քան Հայաստանում։ Սլովենիայի պարտադիր ապահովագրության տեսակներից խոշորագույնը ԱՊՊԱ-ն է՝ պարտադիրի մեջ մոտ 95% մասնաբաժնով։ Երկրորդ ամենախոշոր տեսակը Բժիշկների մասնագիտական պատասխանատվության ապահովագրությունն է՝ մոտ 4 մլն Եվրո ցուցանիշով։ Պարտադիր են մասնագիտական պատասխանատվության գրեթե բոլոր տեսակները՝ շինարարների, նոտարների, ճարտարապետների և նախագծողների, օդանավ շահագործողների, աուդիտորների, հաշվապահների, և այլն։ Հայաստանում պարտադիր է միայն ԱՊՊԱ-ն։

Սլովենիայի ապահովագրական ընկերություններում աշխատում է մոտ 6,100 աշխատակից։ Հայկական ընկերություններում մոտավոր հաշվարկներով աշխատում է ոչ ավել, քան 1,000 աշխատակից։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Գործառնական տնօրեն, ԷՖԵՍ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010