Air India-ի ավիավթարը կխստացնի ավիացիայի վերաապահովագրության շուկան. GlobalData

2025 թ. հունիսի 12-ին տեղի ունեցած Air India-ի AI171 չվերթի ավիավթարը, ամենայն հավանականությամբ, կդարձնի ավիացիոն վերաապահովագրությունը ավելի թանկ և դժվար հասանելի։ Boeing 787-8 Dreamliner օդանավի պատահարը կարող է հանգեցնել ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլարի ապահովագրական վնասի՝ ներառյալ օդանավի ամբողջական ոչնչացումը, ուղևորների նկատմամբ պատասխանատվությունը և գետնին հասցված վնասները։ Քանի որ Հնդկաստանի ավիացիոն ապահովագրության ավելի քան 95%-ով վերաապահովագրված է միջազգային շուկաներում, վերաապահովագրական ոլորտի ֆինանսական բեռը հիմնականում կընկնի գլոբալ ընկերությունների վրա: Ակնկալվում է, որ վերաապահովագրողները կարձագանքեն` խստացնելով պայմանները, բարձրացնելով սակագները և զգուշավոր մոտեցում ցուցաբերելով նոր ապահովագրական ծածկույթների տրամադրման հարցում, հատկապես 2026 թ․ պայմանագրերի վերակնքման ժամանակ։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ

2025-ին կոմերցիոն ապահովագրության սակագների աճի տեմպերը կդանդաղեն. KBW

Ներդրումային բանկ և հետազոտական ընկերություն Keefe, Bruyette & Woods (KBW)-ի կանխատեսմամբ՝ կոմերցիոն ապահովագրության սակագների աճի տեմպերը 2025 թվականին կդանդաղեն։ 2025 թվականի մայիսին կոմերցիոն ապահովագրության սակագները աճել են 3.0%-ով՝ նախորդ տարվա համեմատ, որը փոքր-ինչ ցածր է եղել ապրիլի 3.3%-ի համեմատ։ Սա ցույց է տալիս, որ սակագներն այնուամենայնիվ շարունակում են աճել, սակայն ավելի դանդաղ տեմպերով և կարող են ապահովագրողի հատուցումների մակարդակից ավելի ցածր իջնել։ Սակագների աճի դանդաղումը հատկապես նկատվում է խոշոր ապահովագրական պորտֆելներում և բնական աղետների ռիսկի ապահովագրության տեսակներում, որտեղ 2023թ.-ի սկզբից մինչև 2024թ.-ի կեսեր կտրուկ թանկացումներ էին եղել՝ աղետների հատուցումների աճով պայմանավորված: Ապահովագրական այլ տեսակների գները մնացել են կայուն։ Աշխատողների հատուցման ապահովագրության արժեքը աճել է 1%-ով՝ երկարատև անփոփոխ ժամանակաշրջանից հետո, ինչը արտացոլում է մտավախություններ հատուցումների ծավալների և բժշկական ծախսերի աճի վերաբերյալ, որոնք կարող են ազդել ապահովագրողների հատուցումների վրա մինչև հաջորդ սակագների փոփոխությունները։ Սակագների տենդենցները տարբեր են՝ խոշոր և գորխոշոր հաճախորդների համար աճը դանդաղում է, փոքր հաճախորդների համար կայուն է, իսկ միջին չափի հաճախորդների համար նկատվում է թեթև աճ։ Ընդհանուր առմամբ՝ KBW-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ սակագների աճը դանդաղում է, սակայն կոմերցիոն ապահովագրողները դեռ շարունակում են օգտվել դրական աճից, իսկ բրոքերները կարող են ակնկալել ավելի կայուն գնագոյացում 2025 թվականի ընթացքում։

Ավելի մանրամասն կարդալ այստեղ

Ապահովագրողների նոր հնարավորությունները երկրորդական ռիսկերի ապահովագրության ոլորտում. Swiss Re

Համաշխարհային վերաապահովագրող Swiss Re-են նշում է, որ ապահովագրողների համար ձևավորվել է նշանակալի նոր հնարավորություն՝ կենտրոնանալ «երկրորդական ռիսկերի» ապահովագրության վրա: Երկրորդական ռիսկերը ավելի քիչ ուսումնասիրված բնապահպանական ռիսկերն են, որոնք հաջորդում են խոշոր աղետներին, օրինակ՝ անտառային հրդեհներից հետո երաշտները կամ փոթորկներին հաջորդող հանկարծակի հեղեղները։ Մինչդեռ հիմնական աղետները (ինչպես փոթորիկները) լավ ուսումնասիրված և մոդելավորված են, ապահովագրողները հաճախ չունեն երկրորդական աղետների վերաբերյալ տվյալներ և կանխատեսման մոդելներ։ Ծայրահեղ եղանակային պայմանների աճի հետ միասին այդ երկրորդական ռիսկերը դառնում են ավելի հաճախակի և ծախսատար, սակայն դրանք մեծ մասամբ մնում են չապահովագրված: Օրինակ՝ Չինաստանում վերջերս գրանցված գերթայֆունի հետևանքով հասցված 10 մլրդ դոլար արժողությամբ ենթակառուցվածքային վնասների միայն 3%-ն էր ապահովագրված: Swiss Re-ի գնահատմամբ՝ կլիմայական ռիսկերին ենթակա գլոբալ ակտիվները կարող են տարեկան աճել 7%-ով հաջորդ 10-20 տարիների ընթացքում, ընդ որում դրանց զգալի մասն այս պահին չունի ապահովագրական ծածկույթ: Այս բացը լրացնելը ապահովագրողների համար հանդիսանում է զգալի բիզնես հնարավորություն՝ ընդլայնելու ծածկույթի շրջանակները և ավելի արդյունավետ կառավարելու կլիմայական նոր ռիսկերը:

«Հատուկ պատիվ». Նիլը հրաժեշտ է տալիս Լլոյդսին

Ջոն Նիլը հեռանում է որպես Լլոյդսի (Lloyd’s of London) գործադիր տնօրեն՝ թերթելով մի կարևոր էջ ապահովագրական շուկայի առաջնորդության մեջ։ Նիլը իր կարիերան սկսել է Լլոյդսում դեռ 1985 թվականին և վերջին 7 տարիների ընթացքում ղեկավարել է այն՝ իրականացնելով մեծ փոփոխություններ շուկայի աշխատանքի բարելավման, թվային նորարարությունների և ներառական մշակույթի ձևավորման ուղղությամբ։ Նա իր գործունեությունը Լլոյդսում նկարագրել է որպես «հազվագյուտ պատիվ» և բարձր է գնահատել ամբողջ թիմի համատեղ աշխատանքն ու նվիրվածությունը։ Նիլի հեռանալուց հետո նրա պաշտոնը կստանձնի Պատրիկ Թիերնանը։ Ջոն Նիլը միանում է Aon ընկերությանը՝ զբաղեցնելով վերաապահովագրության և կլիմայական լուծումների զարգացման գծով ղեկավար պաշտոն։

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

Գերմանիայի ոչ կյանքի ապահովագրության ոլորտը գերազանցել է Fitch Ratings-ի կանխատեսումները

Գերմանիայի ոչ կյանքի ապահովագրության ոլորտը՝ որը ներառում է մեքենաների, բնակարանների և բիզնեսի ապահովագրությունը, ցույց է տվել ավելի լավ արդյունքներ, քան կանխատեսվում էր։ Գլխավոր վարկանշային գործակալություններից մեկը՝ Fitch Ratings-ը վերջերս բարելավել է այս շուկայի հեռանկարների գնահատականը՝ «չեզոք»-ից դարձնելով «բարելավվող»: Այս դրական փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ապահովագրողները հաջողությամբ բարձրացրել են իրենց սակագները մոտ 10-ից 20%-ով, հատկապես ավտոմեքենաների և գույքի ապահովագրության ոլորտներում։ Ավելի բարձր ապահովագրավճարները օգնել են հավասարակշռել հատուցումների աճող ծախսերը, այդ թվում՝ բնական աղետների և գնաճի հետ կապված ծախսերը։ Fitch-ը այժմ կանխատեսում է, որ ոլորտի ապահովագրավճարները աճելու են 6%-ով 2025 թվականին, ինչը ցույց է տալիս ավելի ուժեղ աճի տեմպ, քան նախկինում էր։ Անդերրայթինգային շահույթը՝ ապահովագրական հիմնական գործունեությունից ստացվող շահույթը, ունի վերականգնվելու տենդենց 2025 թվականին։ Թեև կան դեռևս դժվարություններ՝ բարձր հատուցումների ծախսեր և բնական աղետների ռիսկ, ավելի արդյունավետ գնային քաղաքականությունը և առողջ ներդրումային եկամուտները օգնում են ապահովագրողներին ավելի արդյունավետ կառավարել այդ ռիսկերը։ Ընդհանուր առմամբ, Գերմանիայի ոչ կյանքի ապահովագրության շուկայի կանխատեսումը ավելի դրական է, ինչը արտացոլում է ապահովագրողների կարողությունը ադապտացվել և պահպանել շահութաբերությունը դժվար բիզնես միջավայրում։

Դուք կարող եք կարդալ ամբողջ հոդվածը այստեղ։

ԱՄՆ-ի գույքային ապահովագրողները 2025թ. առաջին եռամսյակում գրանցել են 1,1 մլրդ դոլարի կորուստ՝ հիմնականում Լոս Անջելեսի անտառային հրդեհների պատճառով

2025 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի գույքային ապահովագրողները 1.1 միլիարդ դոլարի վնաս են կրել, ի տարբերություն 2024 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 9.4 միլիարդ դոլար շահույթի։ Այս կորուստները հիմնականում պայմանավորված են հունվարին Կալիֆորնիայում տեղի ունեցած աղետալի անտառային հրդեհներով, որոնք հանգեցրել են զգալի վնասների՝ ազդելով ինչպես անձնական, այնպես էլ կոմերցիոն ապահովագրության ոլորտների վրա։ Չնայած ապ․վճարների 7,8% աճին, հատուցումների և վնասների կարգավորման ծախսերը աճել են գրեթե 16%-ով՝ գերազանցելով ապ․վճարների աճի տեմպերին և հանգեցնելով անդերայթինգային կորուստների։ Ապահովագրական ոլորտի համակցված հարաբերակցությունը (combined ratio) վատթարացել է մոտ հինգ տոկոսային կետով՝ հասնելով 99,4%-ի, ինչը ցույց է տալիս, որ հատուցումներն ու ծախսերը գրեթե հավասարվել են ապ․վճարներից ստացված եկամուտներին։ Մինչ ներդրումային զուտ եկամուտը թեթևակի աճել է՝ 2.4%-ով հասնելով մոտ 20.5 միլիարդի, ընդհանուր զուտ շահույթը նվազել է ավելի քան 50%-ով՝ կազմելով 19.8 միլիարդ։ Սա ցույց է տալիս, թե ինչպես կարող են լայնածավալ բնական աղետների վնասները արագ գերազանցել ապ․վճարների և ներդրումների աճից ստացված օգուտները։

Ավելին կարող եք կարդալ այստեղ

2024թ. Ընկերությունների միձուլումների և ձեռքբերումների ապահովագրական հատուցումները ռեկորդային աճ արձանագրեցին՝ երաշխիքների ապահովագրության պահանջների ազդեցությամբ. Aon

Հոդվածն ընդգծում է, որ 2024 թվականին ընկերությունների միաձուլումներ և ձեռքբերումների (M&A) հետ կապված ապահովագրական հատուցումները հասել են ռեկորդային մակարդակի: Հյուսիսային Ամերիկայում ընկերությունները ստացել են 300 մլն դոլարից ավելի հատուցում՝ հիմնականում կապված երաշխիքների ապահովագրության խախտումների հետ։ Երաշխիքների ապահովագրությունը (R&W) բիզնես միաձուլումների գործարքներում օգտագործվող ապահովագրական տեսակ է, որտեղ վաճառողը բիզնեսի մասին տալիս է հավաստիացումներ՝ ներառյալ ֆինանսական վիճակը, օրենքների պահպանումը, հարկային հարցերը և հիմնական պայմանագրերը։ Այս ապահովագրությունը գնորդին պաշտպանում է այն դեպքում, երբ վաճառողի տրամադրած տեղեկատվությունը սխալ կամ ոչ ճշգրիտ է լինում, ինչը հատկապես կարևոր է խոշոր գործարքների ժամանակ։ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում նույնպես գրանցվել է հատուցումների զգալի աճ՝ նմանատիպ խնդիրներով: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հատկապես Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հնդկաստանում, ավելի շատ հատուցումներ են կատարվել կարգավորող մարմինների պահանջներին, դատական գործերին և բացահայտումներին առնչվող խնդիրների պատճառով: Հոդվածը նշում է ապահովագրողների, բրոկերների և հաճախորդների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ արդար և արագ հատուցումներ ապահովելու, գործարքների արժեքը պաշտպանելու և բիզնեսի երկարաժամկետ հաջողությունն ապահովելու համար:

Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ

Մյունիխ Ռե-ի ERGO-ն ընդլայնում է Սկանդինավիայում իր ներկայությունը՝ միավորելով ճանապարհորդական և առողջության ապահովագրության ստորաբաժանումները

Մյունիխ Ռե-ի ապահովագրական դուստր ձեռնարկությունը՝ ERGO Group AG-ն, միավորել է իր դանիական ճանապարհորդական ապահովագրական ընկերությունը նորվեգական առողջության ապահովագրության ընկերության հետ՝ ստեղծելով նոր միասնական սկադինավյան բիզնես ERGO Forsikring A/S անվանումով: Նոր ընկերությունը գործելու է Դանիայում, Նորվեգիայում և Շվեդիայում՝ առաջարկելով ինչպես անհատական, այնպես էլ կորպորատիվ ճանապարհորդական ու առողջության ապահովագրություն: ERGO-ն նպատակ ունի ամրապնդել իր դիրքերը Սկանդինավիայում՝ բարելավելով արդյունավետությունը և ընդլայնելով հաճախորդների շրջանակը։ Այդ նպատակով ընկերությունը կօգտագործի ռեսուրսների համատեղ կիրառում, թվային գործիքներ և խաչաձև վաճառքի հնարավորություններ՝ ապահովելով ավելի արդյունավետ աճ և բարձր մրցունակություն տարածաշրջանում։ Կոպենհագենում գտնվող գլխամասային նոր ընկերությունն ունի 176 աշխատակից և համարվում է ERGO-ի ռազմավարական կարևոր օղակ՝ տարածաշրջանում շահութաբեր աճ ապահովելու համար:

Author