Արհեստական Բանականությունը հեղափոխելու է հատուցումների կարգավորման գործընթացը, սակայն մարդկային փորձը և գիտելիքը կմնա հիմնական գործոն, ըստ PwC-ի Մայքլ Քուքի
Արհեստական Բանականությունը արագորեն փոխում է ապահովագրական ընկերությունների հատուցումների կառավարման գործընթացը, հատկապես այն ոլորտներում, որոնք ավանդաբար պահանջել են մեծ ծավալի ձեռքով աշխատանք, օրինակ՝ ուսումնասիրել բժշկական հաշվետվություններ, իրավական փաստաթղթեր կամ վնասը գնահատողների թղթաբանական գործերը։ Սրանք ժամանակատար և մեծ ռեսուրսներ պահանջող գործընթացներ են, սակայն ավտոմատացումը և տվյալների վերլուծության առաջադեմ գործիքները սկսել են թեթևացնել այդ բեռը։ Մեծ Բրիտանիայի PwC ընկերության Մայքլ Քուքի խոսքով՝ հատուցման գործընթացի մեծ մասը դեռևս իրականցվում է առանց ավտոմատացման, ինչը ստեղծում է անարդյունավետություն և դանդաղեցնում է հաճախորդին վճարումները փոխանցելու գործընթացը։ ԱԲ-ն ունի այս գործողությունները ավելի արդյունավետ դարձնելու ներուժ՝ արագացնելով որոշումների կայացման պրոցեսը և նվազեցնելով ծախսերը։ Միևնույն ժամանակ, փորձագետները շեշտում են, որ մարդկային գործոնը շարունակում է մնալ կենսական նշանակության։ ԱԲ-ի նպատակը հատուցումների մասնագետներին փոխարինելը չէ, այլ նրանց աջակցելը՝ կատարելով կրկնվող և թղթաբանական ծանր աշխատանքները։ Սա թույլ է տալիս աշխատակիցներին կենտրոնանալ ավելի բարդ, զգայուն կամ բարձր արժեք ունեցող գործերի վրա, որտեղ մարդկային դատողությունը, կարեկցանքը և փորձնական գիտելիքը ամենամեծ տարբերությունն են հանդիսանում։ Ավտոմատացման և մարդկային վերահսկողության միջև ճիշտ հավասարակշռություն գտնելով՝ ապահովագրողները կարող են բարձրացնել արդյունավետությունը՝ առանց կորցնելու այն անձնական մոտեցումը, որին հաճախորդները սպասում են։ PwC-ն նաև ընդգծում է, որ ընկերությունները պետք է Արհեստական Բանականության ներդրումն իրականացնեն հստակ ռազմավարությամբ՝ համոզվելով, որ տեխնոլոգիական ներդրումները համահունչ են բիզնեսի նպատակներին և կարող են ապահովել տեսանելի արդյունքներ։
Ավելին կարող եք կարդալ այստեղ
Munich Re-ն շարունակում է ակնկալել շահավետ բիզնեսի հնարավորություններ հունվարյան վերակնքումներից
Munich Re-ն վստահ է, որ առաջիկա 2026 թվականի հունվարյան վերաապահովագրական վերակնքումների ընթացքում կգտնի շահավետ բիզնեսի հնարավորություններ։ Ընկերությունը ընդգծում է, որ հիմնական վերաապահովագրողները շարունակում են առանցքային դեր ունենալ ռիսկերի փոխանցման գործում, հատկապես, երբ բնական աղետները՝ ջրհեղեղներ, փոթորիկներ և անտառային հրդեհներ, մեծացնում են ապահովագրական կորուստները։ Իր լայն աշխարհագրական դիվերսիֆիկացիայի և կայուն կապիտալի շնորհիվ Munich Re-ն վստահ է, որ կարող է հաղթահարել անգամ շատ մեծ վնասներ՝ չնվազեցնելով իր վճարունակության ցուցանիշները։ Վերաապահովագրողը նաև խոստումնալից աճի ներուժ է տեսնում այնպիսի ոլորտներում, ինչպիսին է կիբեր ապահովագրությունը, որի պահանջարկը հատկապես աճում է փոքր և միջին բիզնեսների շրջանում։ Միևնույն ժամանակ, ընկերությունը մնում է զգուշավոր՝ նշելով, որ աշխարհաքաղաքական և մակրոտնտեսական ռիսկերն ի վիճակի են ազդելու շուկայի պայմանների վրա։ Հունվարյան վերակնքումներին ընդառաջ Munich Re-ն մտադիր է կենտրոնանալ ռիսկերին համարժեք գնագոյացման և խիստ պայմանագրային դրույթների վրա՝ ապահովելով կայուն աճ և երկարաժամկետ ռազմավարությանը համապատասխան զարգացում։
Ավելին կարող եք կարդալ այստեղ
Swiss Re-ն առաջ է անցնում Munich Re-ից և դանում է առաջատար վերաապահովագրող 2024 թվականի դրությամբ հավաքագրած ապ․վճարներով (GPW), ըստ S&P-ի տվայլների։
S&P Global Ratings-ը հայտնել է, որ Swiss Re-ն 2024 թվականին առաջ է անցել Munich Re-ից և դարձել աշխարհի խոշորագույն վերաապահովագրողը՝ ըստ հավաքագրած ապ․վճարների։ Swiss Re-ի բիզնեսը 2023 թվականին մոտ 41.8 մլրդ դոլարից աճել է մինչև շուրջ 43.1 մլրդ դոլար 2024-ին, մինչդեռ Munich Re-ի ապ․վճարները նույն ժամանակահատվածում փոքր-ինչ նվազել են՝ 44.4 մլրդ դոլարից հասնելով 42.8 մլրդ դոլարի։ Սա հնարավորություն է տվել Swiss Re-ին զբաղեցնել առաջին տեղը։ Մնացած գլոբալ դասակարգման արդյունքները հիմնականում կայուն են մնացել։ Hannover Re-ն պահպանել է իր երրորդ տեղը՝ 37.7 մլրդ դոլար ապ․վճարներով, իսկ Berkshire Hathaway-ն, Lloyd’s-ը և SCOR-ը հաջորդել են նրան։ Որոշ խաղացողներ փոքր տեղաշարժեր են ունեցել՝ օրինակ, Reinsurance Group of America-ն բարձրացել է ցուցակում, մինչդեռ China Reinsurance-ը մի փոքր հետ է մնացել։ Ընդհանուր առմամբ, այս փոփոխությունները ցույց են տալիս, թե որքան մրցակցային է վերաապահովագրական շուկան, որտեղ նույնիսկ աճի, գնագոյացման կամ աղետային կորուստների ազդեցության փոքր տարբերությունները կարող են որոշել առաջատարին։ Swiss Re-ի առաջընթացը վկայում է նրա ունակության մասին՝ ընդլայնելու իր ապահովագրավճարների բազան բարդ պայմաններում, մինչդեռ Munich Re-ի անկումը ընդգծում է, թե որքան զգայուն են վերաապահովագրողները պահանջարկի, գնագոյացման և մեծ կորուստների փոփոխությունների նկատմամբ։ Այս դասակարգումը կարևոր ուղերձ է շուկայի համար, քանի որ չափերն ու ծավալները հաճախ նշանակում են ավելի մեծ ազդեցություն և կարողություններ գլոբալ վերաապահովագրական բանակցություններում։
Ավելին իմանալու համար սեղմեք այստեղ
Lloyds-ը 2025 թվականի առաջին կիսամյակում գրանցել է հավաքագրած ապ․վճարների 6% աճ և 4․2 մլրդ եվրո շահույթ
Lloyd’s-ը հրապարակել է ուժեղ արդյունքներ 2025 թվականի առաջին կեսի համար։ Հավաքագրած ապ․վճարները կազմել են 32.5 մլրդ եվրո, ինչը 6% աճ է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Սակայն ապահովագրական շահույթը նվազել է մինչև 1.5 մլրդ եվրո՝ հիմնականում Լոս Անջելեսի անտառային հրդեհներից առաջացած մեծ կորուստների հետևանքով։ Համակցված հարաբերակցությունը աճել է մինչև 92.5%, ինչը նշանակում է, որ մեծ հատուցումները և ծախսերը նվազեցրել են շահութաբերությունը։ Այնուամենայնիվ, եթե բացառվեն հիմնական մեծ կորուստները, ապա բազային համակցված հարաբերակցությունը կազմում է ավելի առողջ 82.1%, ինչը ցույց է տալիս, որ հիմնական բիզնեսը շարունակում է կայուն մնալ։ Lloyd’s-ը նաև ստացել է լավ ներդրումային եկամուտ՝ 3.2 մլրդ եվրո (3.1% եկամտաբերություն), ինչը ապահովել են բարձր տոկոսադրույքները և շուկայի դրական արդյունքները։ Ընդհանուր շահույթը հարկերից առաջ կազմել է 4.2 մլրդ եվրո, ինչը մոտ 15%-ով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Չնայած այս նվազմանը, Lloyd’s-ի ֆինանսական դիրքը մնում է ամուր, կապիտալային ռեզերվները զգալիորեն բարձր են, քան պահանջում են կարգավորողները։ Թեև շուկան բախվում է մարտահրավերների՝ կապված ավելի խիստ մրցակցության և ցածր գնագոյացման հետ, Lloyd’s-ը վստահ է, որ իր ուժեղ կապիտալի, զգուշավոր անդերրայթինգային քաղաքականության և հստակ ռազմավարության շնորհիվ կկարողանա պահպանել շահութաբերությունը ապագայում։
Munich Re-ն աջակցում է Մալդիվների զբոսաշրջության ոլորտի համար համաճարակային ռիսկերին վերաբերող ապահովագրությանը։
Munich Re-ն միացել է ապահովագրողներին և բրոքերներին՝ մեկնարկելու նոր ապահովագրական ծրագիր, որը նպատակ ունի պաշտպանել Մալդիվների զբոսաշրջության ոլորտը համաճարակների և պանդեմիաների ֆինանսական ռիսկերից։ Ծրագիրը գործարկվելու է 2025 թվականի սեպտեմբերի 15-ին և նախատեսում է ընդհանուր հատուցումների սահմանաչափ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այն հասանելի կլինի հանգստյան գոտիներին, հյուրատներին և այլ հյուրանոցային բիզնեսներին, հատկապես Մալդիվների Զբոսաշրջության Արդյունաբերության Ասոցիացիայի անդամներին։ Նախաձեռնության նպատակն է բիզնեսներին ապահովել ֆինանսական պաշտպանություն այն դեպքում, երբ առողջապահական ճգնաժամը խաթարում է ճանապարհորդությունները կամ ստիպում է դադարեցնել գործունեությունը՝ ինչպես COVID-19-ի ժամանակ, որը լուրջ հարված հասցրեց Մալդիվների տնտեսությանը։ Քանի որ զբոսաշրջությունը կազմում է երկրի ՀՆԱ-ի ավելի քան 28%-ը և ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, համավարակը ցույց տվեց, թե որքան խոցելի է այս ոլորտը գլոբալ առողջապահական ցնցումների նկատմամբ։ Առաջարկվող նպատակային ապահովագրական ծածկույթը ոչ միայն ապահովում է անմիջական ֆինանսական պաշտպանություն, այլև նպաստում է վստահության ամրապնդմանը՝ Մալդիվների զբոսաշրջության ոլորտի կայունության և տոկունության նկատմամբ։
Ավելին կարող եք կարդալ այստեղ
Swiss Re-ն կանխատեսում է, որ ապ․վճարները կաճեն ավելի ռիսկային աշխարհում
Swiss Re-ն կանխատեսում է, որ Գույքի և պատահարների ապահովագրության ապ․վճարները կշարունակեն աճել առաջիկա տասնամյակում, ինչը արտացոլում է այն փաստը, որ աշխարհը դառնում է ավելի անորոշ և վտանգավոր։ Վերաապահովագրողը նշում է մի քանի հիմնական գործոններ կապված վերոնշյալ պնդման հետ։ Բնական աղետները դառնում են ավելի հաճախակի և ծանր, արժեքավոր գույքը ավելի շատ է ենթարկվում վնասների, տնտեսական գնաճը բարձրացնում է վերանորոգման և փոխարինման ծախսերը, իսկ հատուցումների հետ կապված իրավական ծախսերը նույնպես աճում են։ Վերջին 20 տարում համաշխարհային Գույքի և պատահարների ապահովագրության շուկան արդեն կրկնապատկվել է, և Swiss Re-ն ակնկալում է դրա հետագա ընդլայնումը՝ ներկայիս մոտ 2.4 տրլն ԱՄՆ դոլարից հասնելով 4.3 տրլն ԱՄՆ դոլար մինչև 2040 թվականը։ Հոդվածը նաև ընդգծում է, որ ներքին ապահովագրական ընկերությունները ավելի մեծ դեր են ստանձնում՝ իրենց առօրյա ռիսկերը ապահովագրելով ներքին կարգով, իսկ վերաապահովագրությունից օգտվում են միայն ավելի խոշոր և անկանխատեսելի դեպքերի համար։ Միևնույն ժամանակ, ապահովագրական ընկերությունները բարելավում են ռիսկերը գնահատելու և գները հաշվարկելու իրենց կարողությունները, սակայն շարունակում են ֆինանսական բեռի ավելի մեծ մասը փոխանցել վերաապահովագրողներին։ Ընդհանուր առմամբ՝ աճող ապահովագրավճարները պարզապես գների ընտրություն չեն, այլ արտացոլում են այն փաստը, որ աշխարհում ռիսկերը գնալով ավելի բարդ են դառնում, և թե՛ ապահովագրողները, թե՛ վերաապահովագրողները պետք է հարմարվեն՝ ավելի դիմացկուն մնալու համար։