Ամփոփելով 2024 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները` կարող ենք ասել, որ շուկայի մասնակիցների հավաքագրած ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շարունակում են մնալ ցածր։ Հավաքագրված ապահովագրավճարները նվազել են մոտ 4%-ով։ Հավաքագրվել է 37,7 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար՝ նախորդ տարվա 39,2 մլրդ ՀՀ դրամի փոխարեն։ Նշենք, որ ցուցանիշների նվազումը կատարվել է կամավոր ապահովագրատեսակների գծով՝ մոտ 10%-ով (2,3 մլրդ ՀՀ դրամ), պարտադիր ապահովագրատեսակների գծով ունենք աճ՝ մոտ 1 մլրդ ՀՀ դրամի չափով։ Նշված անկման հիմնական պատճառը այս տարի Գյուղատնտեսության ապահովագրության բացակայությունն է՝ մոտ 1,8 մլրդ ՀՀ դրամով։
Նախորդ ժամանակաշրջանի համեմատ, այս տարի առողջության ապահովագրությունն իր «առաջատարի» դիրքը զիջել է ԱՊՊԱ-ին։ ԱՊՊԱ տեսակի գծով հավաքագրված ապահովագրավճարների գծող որևէ էական փոփոխություն չի նկատվել և ներկայումս այն հանդես է գալիս շուկայի 35% մասնաբաժնով։
Թեպետ այս անգամ «հաղթանակի գավաթ»-ը ԱՊՊԱ-ի ձեռքում է, բայց շտապենք տեղեկացնել, որ առողջության ապահովագրության ցուցանիշները այս կիսամյակ ևս բարձր են։ Ապահովագրության այս տեսակի գծով հավաքագրվել է շուրջ 13 մլրդ ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է նաև առողջության պարտադիր ապահովագրությունը կամ «սոց փաթեթը» (այն կազմում է մոտ 4,2 մլրդ ՀՀ դրամ)։ Նշենք, որ «սոց փաթեթ»-ի շրջանակներում հավաքագրված ապահովագրավճարների գծով գրեթե տեղաշարժ չենք ունեցել և ցուցանիշի նվազումը եղել է կամավոր առողջության ապահովագրության հաշվից, ինչն այդքան էլ ողջունելի չէ։ Գույքի ապահովագրությունը կազմում է շուկայի 13%-ը, ԿԱՍԿՈ-ն՝ 6%-ը, նախորդ տարվա համեմատ ունենալով 21% աճ։
Աղյուսակից երևում է, որ «Լիգա Ինշուրանս» զբաղեցնում է առաջատար դիրքը ընդհանուր ապահովագրավճարի բացարձակ չափով ՝ գրեթե 8 մլրդ ՀՀ Դրամ ապահովագրավճարով, որը կազմում է ամբողջ շուկայի 21% մասնաբաժինը։ Նրան հաջորդում են «ԷՖԵՍ»-ը՝ շուկայի 20% մասնաբաժնով, «Նաիրի Ինշուրանս»-ը ՝ շուկայի 17% մասնաբաժնով։ Մյուս ապահովագրական ընկերությունները կազմում են համեմատաբար ավելի փոքր մասնաբաժին։
Կամավոր ապահովագրության սեգմենտում առաջին տեղը զբաղեցնում է «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը, որն այժմ սպասարկում է ՀՀ ապահովագրական շուկայի կամավոր պորտֆելի 36%-ը։ «ԷՖԵՍ»-ն առաջատարն է հետևյալ ապահովագրատեսակների գծով՝
- Առողջության ապահովագրություն (սոց․փաթեթը հաշվի չառած),
- Գույքի ապահովագրություն,
- Ֆինանսական ապահովագրություն,
- Ճամփորդության ապահովագրություն,
- ԴՊ,
- Կասկո ապահովագրություն։
Բեռների ապահովագրության գծով առաջատարը «Նաիրի Ինշուրանս»-ն է, հետո «Սիլ Ինշուրանս»-ը։ «Սոց փաթեթը»-ի գծով առաջատար տեղում է «Ինգո Արմենիա»-ն:
Կամավոր ապահովագրության տեսակներով հաջորդ մեր մասնակիցը «Լիգա Ինշուրանս»-ն է՝ շուկայի 18% մասնաբաժնով։ «Նաիրի Ինշուրանս»-ը և «Սիլ Ինշուրանս»-ը զբաղեցնում են 3-րդ և 4-րդ տեղերը՝ համապատասխանաբար 17% և 11% մասնաբաժիններով։
Հատուցումների մասով ունենք ցուցանիշների կտրուկ աճ՝ 15%` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Խոշոր հատուցումներ են տրվել․
- ԱՊՊԱ-ի գծով՝ շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի չափով,
- Առողջության ապահովագրության գծով (միայն կամավոր)՝ մոտ 7,5 մլրդ ՀՀ դրամի չափով,
- Գույքի ապահովագրության գծով՝ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։
Նախորդ ժամանակաշրջանի համեմատ աճ ենք գրանցել
- կամավոր առողջության ապահովագրության գծով՝ ունենալով 25% աճ,
- գույքի ապահովագրության գծով՝ մոտ 50%,այսինքն կրկնապատկվել են
Ընկերությունների հատուցումների բաշխումից ակներև է դառնում համախառն հատուցումների տոկոսային փոփոխությունները երկու տարիների ընթացքում։ 2024թ․ առաջին կիսամյակում հատուցումների գերակշիռ մասը բաժին է ընկնում «ԼիգաԻնշուրանս»-ին՝ 25% մասնաբաժնով։ Դրան հաջորդում է Ինգո Արմենիան՝ 21% մասնաբաժնով, այնուհետև Նաիրի Ինշուրանսը՝ 17% մասնաբաժնով։
Շուկայի զուտ շահույթը 2024 թվականին այդքան էլ բարձր չէ, ընդամենը 947,961 մլն ՀՀ դրամ, ինչը պայմանավորված է նաև տրված հատուցումների մոտ 15% աճով։
Այս կիսամյակ ապահովագրական ընկերություններից առավել շահութաբերը «Նաիրի Ինշուրանս»-ն է՝ 532,596 մլն ՀՀ դրամ։ Երկրորդ տեղը զբաղեցնում է «Արմենիա Ինշուրանս»-ը՝ գրեթե 365,378 մլն ՀՀ դրամ, իսկ երրորդը՝ «Ռեգո Ինշուրանս»-ն՝ մոտ 190,00 մլն ՀՀ դրամ։ Շահույթի դրական շեմի վրա է գտնվում նաև «Սիլ Ինշուրանս»-ը ՝ 180,181 մլն ՀՀ դրամ շահույթով: Մյուս 3 ապահովագրական ընկերությունները դեռ ցուցաբերում են զուտ շահույթի բացասական ցուցանիշներ: