Ինչպես ներկայացրեցինք հոդվածի 1-ին մասում ՝ Ավտոապահովագրություն ասելով հասկանում ենք մեքենայի ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ պայմանագրերը (ներառյալ փոքր ծածկույթներ, հավելումներ, և այլն)։
ԱՊՊԱ տվյալներ
2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում կար 527,716 գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենա, ինչը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ պակասել էր 12,4%-ով (2019-ին՝ 602,457 մեքենա)1։ Նվազեցման հիմնական պատճառը ԵԱՏՄ օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելն էր, որի հետևանքով ՀՀ ներկրվող մեքենաների քանակը էապես նվազեց։ 2021 թվականի Օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ-ում կա 55 6,082 ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենա2։
ԱՊՊԱ տեսակով բոլոր 6 ապահովագրական ընկերությունները 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հավաքագրել են 21,164,766,000 ՀՀ դրամ, կամ մոտ 44,093,262 ԱՄՆ դոլար։ Ընդհանուր ապահովագրական շուկայի ապահովագրավճարները կազմել են 42,819,295,000 ՀՀ դրամ, այսինքն միայն ԱՊՊԱ-ն կազմում է ամբողջ ապահովագրական շուկայի 49․43%-ը, կամ գրեթե կեսը։
Ստորև աղյուսակով ցույց տանք 2011-2020 թվականներին ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների քանակների, ապահովագրավճարների և հատուցումների դինամիկան։
ԱՊՊԱ վիճակագրությունը բխում է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի պաշտոնական հրապարակած թվերից, և ճշգրիտ արտացոլում է ԱՊՊԱ շուկայի իրական թվերը։ Ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ պայմանագրերը կնքում և հատուցումները իրականացնում են միասնական համակարգով՝ Aswa-ով, որից էլ հենց գոյանում է ԱՊՊԱ վիճակագրական տվյալները։
ԿԱՍԿՈ տվյալներ
Ինչ վերաբերվում է ԿԱՍԿՈ-ին, ապա այստեղ չկան միասնական տվյալներ, բազաներ և վիճակագրություն, և ԿԱՍԿՈ ունեցող մեքենաների մասին տեղեկատվությունը հնարավոր չէ ստանալ առանց գուշակությունների։
2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ԿԱՍԿՈ ապահովագրության շուկայի չափը, կամ հավաքագրած ապահովագրավճարները կազմել են 2,178,310,000 ՀՀ դրամ, կամ մոտ 10 անգամ ավելի քիչ, քան ԱՊՊԱ շուկան է։
Ինչպես գծապատկերից երևում է, ԿԱՍԿՈ շուկայում 2015-20 թվականներին էական փոփոխություն չեն կատարվել, և շուկան կարելի է համարել անփոփոխ։ Ունենք որոշակի աճ 2017-2019 թվականներին, սակայն COVID19 և Պատերազմը իրենց հետքը թողեցին 2020 թվականի ցուցանիշների վրա։
Չհաշված աննշան աճը, կարելի է պնդել, որ ԿԱՍԿՈ մշակույթը Հայաստանում դեռևս մնում է թերի զարգացած։
Տարբեր գնահատականներով 1 մեքենայի միջին ԿԱՍԿՈ ապահովագրավճարը տատանվում է 200,000 – 330,000 ՀՀ դրամի սահմաններում։ Հիմք ընդունելով դա՝ կարող ենք ենթադրել, որ ՀՀ-ում ԿԱՍԿՈ պայմանագիր ունի 6,600 - 10,891 մեքենա, կամ ԱՊՊԱ ունեցող մեքենաների միայն 2%-ը։
Զարգացած են համարվում այն երկրների ավտոապահովագրության համակարգերը, որտեղ ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրավճարների պորտֆելները հավասար են։ Այդ ցուցանիշին հասնելու համար հարկավոր է ավելացնել ԿԱՍԿՈ պորտֆելը մոտ 10 անգամ, կամ ունենալ ԿԱՍԿՈ շրջանակներում ապահովագրված մոտ 100,000 մեքենա, կամ ամեն 6-րդ մեքենան կնքի ԿԱՍԿՈ պայմանագիր։
Ֆինանսական գնահատական
Դժվար է գնահատել, թե արդյոք ՀՀ-ում կա 100,000 վարորդ, ով պատրաստ է տարեկան 200 – 300 հազար ՀՀ դրամ վճարել ավտոապահովագրության համար։ Ընդունված է համարել, որ զարգացած երկրներում յուրաքանչյուր անձ, ավտոապահովագրության համար, հատկացնում է իր տարեկան եկամուտի մինչև 2%-ի չափով։ Եթե հիմք ընդունենք 200,000 դրամ ապահովագրավճարը, ապա կարիք ունենք տարեկան 10 մլն ՀՀ դրամ կամ ամսական 833,000 ՀՀ դրամ եկամուտ ունեցող վարորդների։
Համաձայն հայաստանի Վիճակագրության կոմիտեի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2021թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ» հրապարակման3՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հայաստանում միջին ամսական աշխատավարձը կամել է 228,335 ՀՀ դրամ, իսկ գրանցված վարձու աշխատողերի թիվը՝ 637,386 անձ։ Համադրելով ավտոապահովագրության համար 2% վճարման սկզբունքի հետ՝ կստանանք 54,800 ՀՀ դրամ միջին ապահովագրավճար։ Միայն ԱՊՊԱ միջին ապահովագրավճարը կազմում է մոտ 22,000 ՀՀ դրամ, հետևաբար ԿԱՍԿՈ-ի համար վարորդները Հայաստանում ունեն միայն 32,800 լրացուցիչ ապահովագրավճար, ինչը մոտ 6 անգամ պակաս է, քան ԿԱՍԿՈ միջին 200,000 ՀՀ դրամ ապահովագրավճարը։ Ստորև գծապատկերով ներկայացնենք նաև միջին անվանական աշխատավարձերը ըստ գործունեության ոլորտի։
Ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում ամենաբարձր միջին անվանական աշխատավարձ ստանում են տեղեկատվության և կապի ոլորտում աշխատող անձինք՝ մոտ 570,000 ՀՀ դրամ, իսկ առանց պետական հատվածի՝ 660,000 ՀՀ դրամ։
2021 թվականի հուլիս ամսվա դրությամբ Տեղեկատվության և կապի ոլորտում գրանցված վարձու աշխատողների քանակը կազմել է 31,128 անձ։
2021 թվականի հուլիսի դրությամբ ՀՀ Բնակչության թվականակը կազմել է 2,964,600 անձ։ Եթե Բնակչության քանակը համադրենք ԱՊՊԱ ունեցող անձանք քանակի հետ, կստացվի, որ բնակչության 18,7%-ը ունի ԱՊՊԱ պայմանագիր, կամ մեքենա։ Արդյունքում կստանանք, որ Տեղեկատվության և կապի ոլորտում աշխատողների միայն 5,820 անձ ունի մեքենա, և կարող է իրեն թույլ տալ կնքել ԿԱՍԿՈ պայմանագիր։ Ամենալավատես գնահատականներով Հայաստանում ԿԱՍԿՈ պայմանագիր կարող է կնքել առավելագույնը 20,000 անձ՝ պահանջվող 100,000-ի փոխարեն, հետևաբար կարելի է ենթադրել, որ ՀՀ բնակչության եկամուտների մակարդակը և կենսամակարդակը առայժմ թույլ չեն տալիս ունենալ զարգացած ավտոապահովագրության համակարգ։