Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրության «ծննդյան» տարեթիվ կարելի է համարել 2019 թվականը, երբ մեկնարկեց գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը: Մինչ այդ ապահովագրական ընկերությունները որևէ դրական շարժ չէին ցուցաբերում, և ապահովագրության հիմնական ուղղությունը գյուղ-տեխնիկայի ապահովագրությունն էր, այն էլ միայն լիզինգի կամ վարկային այլ տեսակների շրջանակներում:

Մինչ 2019 թվականը իրականացվել է միայն խոշոր եղջերավոր անասունների 2 պիլոտային փոքր ծրագրեր, բայց շարունակություն չեն ունեցել: Բերքի կամ մշակաբույսերի ապահովագրության գծով որևէ պայմանագիր չի կնքվել:

Գյուղատնտեսության ապահովագրության բացակայության հիմնական պատճառներն են.`

  1. Վիճակագրական տվյալների թերի լինելը կամ բացակայությունը,
  2. Չափազանց բարձր սակագները,
  3. Հնարավոր ահռելի վնասները և ապահովագրական ընկերությունների լուծարման հավանականությունը,
  4. Պետության մասնակցության անորոշությունը,
  5. Վերաապահովագրական ընկերությունների կողմից անհետաքրքրությունը,
  6. Գյուղացիների նկատմամբ պետության և ապահովագրական ընկերությունների նկատմամբ անվստահությունը,
  7. Սոցիալական բեռի ավելացման անկանխատեսելիությունը,
    և այլն:

2019 թվականից մեկնարկել է Գյուղատնտեսության ապահովագրության Պիլոտային Ծրագիրը, որի համաձայն ապահովագրվում են ծիրանի, խաղողի, դեղձի, խնձորի և հացահատիկային մշակաբույսերի դաշտերն ու այգիները: Ծրագրի ֆինանսավորումը իրականացվում է գերմանական KFW բանկի դրամաշնորհով, իսկ ապահովագրության պրոդուկտների, սակագների, կանոնների և ընթացակարգերի մշակումը Ծրագրի շրջանակներում ներգրավված միջազգային խորհրդատվական ընկերությունների կողմից:

Ծրագիրը իրականացվում է ՀՀ ԿԲ և Էկոնոմիկայի նախարարության անմիջական վերահսկողությամբ: ՀՀ ԿԲ-ն ստեղծել է Ծրագիրը կոորդինացնող առանձին մարմին՝ Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն անվանմամբ՝ ԳԱԱԳ: ԳԱԱԳ-ը կատարում է նույն ֆունկցիան, ինչ Ավտոապահովագրողների Բյուրոն՝ ԱՊՊԱ ոլորտում:

ԳԱԱԳ անդամ ապահովագրական ընկերությունները երեքն են՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ, Ռոսգոսստրախ Արմենիա ԱՓԲԸ, և Սիլ Ինշուրանս ԱՓԲԸ: Շուկայում գործող մյուս երեք ընկերությունները չեն մասնակցում Ծրագրին:

Ծածկույթի մասին

Ինչպես արդեն նշվեց, ապահովագրության ենթակա մշակաբույսերն են՝

  • Ծիրան,
  • Խաղող,
  • Խնձոր,
  • Դեղձ,
  • Գարնանացան կամ աշնանացան հացահատիկային մշակաբույսեր, մասնավորապես՝ ցորեն, գարի, վարսակ:

Այս պահին աշխատանքներ են իրականացվում այլ մշակաբույսերի ապահովագրության ուղղությամբ, և 2021-22 թվականներին վերոնշյալ ցանկը էական կավելացվի: Կարտոֆիլի, հատապտուղների, և Հայաստանի համար գյուղատնտեսական նշանակություն ունեցող այլ մշակաբույսերը փուլ առ փուլ կավելացվեն ապահովագրվող մշակաբույսերի ցանկին:

Ապահովագրվող ռիսկերն են՝ գարնանային ցրտահարություն, կարկուտ և հրդեհ:

Ապահովագրությունը ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, և որևէ մարզ դուրս չի մնում հասանելիությունից:

Ապահովագրական գումարը, կամ հատուցման սահմանաչափերը սահմանվել են, հիմք ընդունելով յուրաքանչյուր մշակաբույսի 1 հա ցանքատարածությունը մշակելու ծախսերը: Այսինքն, ապահովագրական գումարի հիմքը արտադրական ծախսերն են, ավելացված որոշակի ակնկալվող շահույթի՝ 20%-ի չափով:

Օրինակ՝ պայմանագրի կնքման փուլում խաղող մշակող գյուղացուն առաջարկվում է ապահովագրական գումարի 5 տարբերակ՝ 1 հա համար 750,000 ՀՀ դրամից մինչև 1,800,000 ՀՀ դրամ: Գյուղացին ինքն է ընտրում սահմանաչափը, և իր ընտրած սահմանաչափի հիման վրա է հաշվարկվում ապահովագրավճարը: Ըստ ընտրած սահմանաչափի հատուցման օրինակը կներկայացվի հոդվածի վերջում:

Ծիրան և Դեղձ մշակաբույսերի Գարնանային ցրտահարման դեպքում առավելագույն փոխհատուցումը կարող է կազմել հասցված վնասի կամ 50%, կամ 100%` կախված պայմանագրից: Մնացած մշակաբույսերի և իրենց համապատասխան ռիսկերի դեպքում առավելագույն փոխհատուցումը կարող է կազմել հասցված վնասի մինչև 100%–ի չափով:

Ծրագրով կիրառվում է նաև 10% ոչ պայմանական չհատուցվող գումար՝ հաշվարկված պայմանագրի ընդամենը ապահովագրական գումարի չափից: Այսինքն, 1 հա 1,800,000 ՀՀ դրամ ապահովագրական գումար ունեցող խաղողի այգու պայմանագրի 180,000 ՀՀ դրամը կլինի չհատուցվող:

Ապահովագրության սակագինը կախված է.

  • Մշակաբույսից,
  • Համայնքից և այդ համայնքի ռիսկային գոտուց,
  • Այգու կամ հողատարածքի մեծությունից,
  • Որոշ դեպքերում նաև ոռոգման տեսակից:

Օրինակ, Արարատի մարզի Այգեպատ գյուղում 1 հա ծիրանի այգու ապահովագրության սակագինը Կարկուտ և Հրդեհ ռիսկի համար կազմում է 5.7%: 1 հա համար 1,000,000 ՀՀ դրամ ապահովագրական գումար ընտրելու դեպքում ապահովագրավճարը կկազմի 57,000 դրամ, որի կեսը վճարում է պետությունը: Այսինքն գյուղացին վճարում է միայն 28,500 ՀՀ դրամ:

Ապահովագրավճարը մասամբ սուբսիդավորվում է պետության կողմից։ «Կարկուտ» և «Հրդեհ» ռիսկերի դեպքում ապահովագրավճարի սուբսիդիան 50% է, իսկ «Գարնանային ցրտահարություն» ռիսկի ապահովագրավճարի սուբսիդիան՝ 60%:

Ամփոփելով ծածկույթի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստորև բերենք հատուցման օրինակ.

Հիմք ընդունելով Ապահովագրության սակագնի հաշվարկման վերոնշյալ օրինակը՝ Արարատի մարզի Այգեպատ գյուղում տեղի է ունեցել ուժգին կարկուտ, որի հետևանքով վնասվել է ապահովագրված ծիրանի այգին:

ԳԱԱԳ կողմից լիցենզավորված փորձագետների այցելությունների արդյունքում եզրակացվել է, որ վնասվել է տվյալ այգու ծիրանի բերքի 70%-ը:

Հատուցման ենթակա գումարը կկազմի 1,000,000 ՀՀ դրամի 70%-ի (քանի որ ընտրվել էր 1 հա համար 1,000,000 ՀՀ դրամ հատուցման սահմանաչափ կամ ապահովագրական գումար) և 10% չհատուցվող գումարի, այսինքն՝ 100,000 ՀՀ դրամի տարբերությունը՝ 700,000 – 100,000 = 600,000 ՀՀ դրամ:

Ստացվեց, որ վճարելով ընդամենը 28,500 ՀՀ դրամ գյուղացին ստացավ 600,000 ՀՀ դրամ հատուցում:

Վիճակագրական տվյալներ

Ապահովագրության վաճառքները մեկնարկել են 2019 թվականի սեպտեմբերի 30-ից, սակայն 2019թ. աշունը համեմատաբար պասիվ է եղել: Հիմնական ակտիվ վաճառքները սկսել են 2020թ. հունվարի կեսից մինչև մայիսի 15:

30.09.2019 – 15.05.2020 ժամանակահատվածում կնքվել է թվով 1546 պայմանագիր՝ 130,474,378.5 ՀՀ դրամ ապահովագրավճարով, որից 61,383,480.13 ՀՀ դրամը վճարել են գյուղացիները, իսկ 69,090,899 ՀՀ դրամը՝ Պետության սուբսիդավորմամբ:

Ստորև ներկայացնում ենք հավաքագրած ապահովագրավճարների ցուցանիշները ըստ մշակաբույսերի.


Գծապատկերից երևում է, որ առավելագույն ապահովագրավճարը հավաքագրվել է Ծիրան մշակաբույսից, այնուհետև Խաղողից և Հացահատիկից: Խնձորի և դեղձի ապահովագրության նկատմամբ հետաքրքրությունը այս տարի եղել է ցածր մակարդակի վրա:

Նշենք, որ ամփոփ տվյալներով 1 պայմանագրի միջին ապահովագրավճարը կազմել է 84,400 ՀՀ դրամ, իսկ գյուղացու կողմից վճարվելիքը՝ 42,200 ՀՀ դրամ:

Ներկայացնենք նաև հավաքագրված ապահովագրավճարները ըստ մշակաբույսերի և ռիսկերի.

Գծապատկերից երևում է, որ Ցրտահարություն ռիսկը համեմատաբար ավելի քիչ է ներառվել, քան Կարկուտը: Հստակեցման համար նշենք, որ Կարկուտ ռիսկի վիճակագրության մեջ ներառված է նաև Հրդեհ ռիսկը, քանի որ որոշ մշակաբույսերի դեպքում դրանք չեն տարանջատվում:

Ներկայացնենք նաև տվյալները ըստ ապահովագրական ընկերությունների.


Առավելագույն ապահովագրավճարը հավաքագրել է Ռոսգոսստրախ Արմենիա ԱՓԲԸ-ն, իսկ Պայմանագրերի քանակով առաջատարը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ն է:

Ռոսգոսստրախ Արմենիայի մեկ պայմանագրի միջին ապահովագրավճարը կազմել է 133,841 ՀՀ դրամ, իսկ Սիլ Ինշուրանսինը և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յինը՝ համապատասխանաբար 71,833 ՀՀ դրամ և 51,058 ՀՀ դրամ:

2020թ. հուլիսի 15-ի դրությամբ դեռևս արձանագրվել են վնասների 138 դեպք, որից 97-ը՝ Ծիրանի, 30-ը՝ հացահատիկի գծով: Ծիրանի 97 պատահարից 78-ը արձանագրվել է գարնանային ցրտահարության հետևանքով, իսկ մնացածը՝ կարկուտի: Հրդեհի դեպքեր տեղի չեն ունեցել:

Հատուցման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակենք 2020թ. աշնանը՝ բոլոր տեսակներով մշակաբույսերի բերքահավաքներից և վնասների հատուցումներից հետո:

Որպես ամփոփում նշենք, որ ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության մեկնարկը տրվեց բավականին բարձր տեմպով և արդյունավետությամբ, և հատուցումների պրոցեսների հաջող իրականացնելու դեպքում 2021 թվականին միանշանակ կդիտարկվի հետաքրքրված գյուղացիների աճ, որն էլ կբերի իհարկե ապահովագրավճարների և հատուցումների ավելացման:

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010