Ավտոապահովագրողների Բյուրոն հիմնադրվել է 2010 թվականի Հունիսի 28-ին ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի որոշմամբ` ԱՊՊԱ ոլորտի ստեղծման, հսկողության, կարգավորման համար։
Բյուրոյին կարող են անդամակցել ՀՀ տարածքում գործող այն ապահովագրական ընկերությունները, որոնք ունեն ԱՊՊԱ տեսակով ապահովագրություն իրականացնելու լիցենզիա և որոնք ՀՀ յուրաքանչյուր մարզում ունեն մշտապես գործող առնվազն մեկ մասնաճյուղ կամ գործակալ։ Հայաստանում գործող 6 մասնավոր ապահովագրական ընկերությունները անդամակցում են Բյուրոյին։
Բյուրոյի գործունեության հիմնական նպատակն է.
- ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը,
- Տուժած անձանց շահերի պաշտպանությունը։
Բյուրոն ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովման գործում`
- նպաստում է ԱՊՊԱ ոլորտում իր անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետությանը,
- կարգավորում և վերահսկում է անդամ ապահովագրական ընկերությունների գործունեությունը,
- մշակում է անդամ ապահովագրական ընկերությունների համար մասնագիտական վարքագծի կանոններ։
Այսինքն, սահմանում և թելադրում է ԱՊՊԱ ոլորտի խաղի կանոնները, որոշում կամ հաստատում է սակագները, հատուցման սահմանաչափերը, հատուցվող և մերժվող դեպքերը, հատուցում ստանալու համար անհրաժեշտ գործողությունները, վեճերի լուծման համար անհրաժեշտ քայլերը, և այլն։
Բացի ընդհանուր կարգավորող գործունեությունից՝ Բյուրոն նաև կատարում է որոշ հատուցումներ։ Այսինքն, որոշ դեպքերում կարելի է դիմել և ստանալ հատուցում։
Հատուցումները իրականացվում են Բյուրոյի կառավարման ներքո ձևավորված Երաշխավորման ֆոնդի հաշվին։
Բյուրոն ԱՊՊԱ մասին օրենքի համաձայն ստեղծված Երաշխավորման ֆոնդի կառավարիչն է, որի միջոցների հաշվին, օրենքով սահմանված դեպքերում, հատուցում է տուժած անձանց պատճառված վնասները։ Երաշխավորման ֆոնդը գոյանում է Բյուրոյի անդամների կողմից կատարվող միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարներից, օրենքով սահմանված այլ ձևերով ներդրված միջոցներից, ինչպես նաև այն ակտիվներից, որոնցում ներդրվել են դրանք, և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտներից: Երաշխավորման ֆոնդի միջոցները սեփականության իրավունքով պատկանում են Բյուրոյին: Դրանք կարող են օգտագործվել բացառապես Երաշխավորման ֆոնդի համար օրենքով սահմանված նպատակներով և դեպքերում: Երաշխավորման ֆոնդի հաշվին Բյուրոյի կողմից հատուցվող գումարի առավելագույն մեծություններն են`
- անձնական վնասների դեպքում`
մեկ ապահովագրական պատահարի համար՝ 9 000 000 ՀՀ դրամ,
յուրաքանչյուր տուժողի համար` 3 000 000 ՀՀ դրամ,
- գույքային վնասների դեպքում`
մեկ ապահովագրական պատահարի համար՝ 1 500 000 ՀՀ դրամ։
Տուժած անձանց շահերի պաշտպանության գործում Բյուրոն հատուցում է տուժողին պատճառված վնասները, եթե`
- վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայամանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է։ Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,
- վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,
- վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
- վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ)։
Բյուրոն կարող է մերժել վնասների հատուցման վճարումը, եթե՝
- բացակայում են կամ վերացել են Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից հատուցման հիմքերը,
- վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից, որը պարտադիր ապահովագրության ենթակա չէ,
- վնասը պատճառվել է անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի հետևանքով,
- վնասը պատճառվել է ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում,
- վնասը պատճառվել է վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ և կապված է բացառապես վտանգավոր թափոնների հետ,
- վնասը պատճառվել է տուժողի դիտավորության հետևանքով,
- վնասը պատճառվել է պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին,
- վնասը պատճառվել է արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին ու մետաղներին,
- ապահովագրական հատուցումը ենթակա է վճարման ապահովագրական ընկերության կողմից:
Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի , եթե`
- վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է.
- այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ,
- եթե Բյուրոն բացահայտում է վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքած ապահովագրական ընկերությանը, ապա Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում այդ ապահովագրական ընկերության նկատմամբ, եթե վերջինս օրենքի համաձայն պարտավոր է վճարել ապահովագրական հատուցում:
- վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր.
- այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ,
- վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ.
- այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ:
Նախկին հրապարակումներից արդեն գիտենք, որ գոյություն ունի բողոքարկման երկու ձև՝ լրացուցիչ և կրկնակի փորձաքննություն։
Ի տարբերություն լրացուցիչ փարձաքննության՝ կրկնակի փորձաքննությունը իրականացնում է Ավտոապահովագրողների Բյուրոն՝ վճարովի հիմունքներով։ Կրկնակի փորձաքննություն հնարավոր է նշանակել որոշման ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմելով ծանուցումն ուղարկած ապահովագրական ընկերությանը։
Բյուրոյի կողմից կրկնակի փորձաքննությունները պատվիրակվում են Բյուրոյի կողմից համապատասխան որակավորում ստացած անկախ փորձագետներին, ովքեր և որոշում են պատահարում գույքին պատճառված վնասի չափը և պատահարում անձի մեղավորության աստիճանը։ Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով։ Բյուրոն գտնվում է Երևանում՝ Հանրապետության 22 հասցեում։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն անցել է հեռահար սպասարկման։ Կապ հաստատելու համար պետք է զանգահարել (011) 551755 հեռախոսահամարով, կամ պահանջը հակիրճ նկարագրելով ուղարկելով Բյուրոյի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ հաղորդագրության մեջ նշելով հեռախոսահամար։