Ինչպես նշված էր այս շարքի նախորդ հոդվածում՝ Կովիդ 19-ի և Արցախյան պատերազմի բազմաշերտ հետևանքները դեռ երկար ժամանակ իրենց զգացնել են տալու Հայաստանի տնտեսական միջավայրում։ Աստիճանաբար այս ազդեցությունները ավելի բացահայտ են դառնում և նախկինում առաջ եկած վարկածները կամ տեսությունը իրականություն են դարձնում։
Հայաստանի ապահովագրական ընկերությունների 2020թ․-ին գրանցած ֆինանսական արդյունքները առաջին հայացքից խոստումնալից էին թվում․ թեև զգալի տնտեսական դժվարությունների ապ․ընկերությունները կարողացել էին գրանցել դրական աճ և նախորդ տարիների հետ չհամեմատվող բարձր շահույթ։ Այս փոփոխության հիմնական շարժանիվը հատուցումների նվազումն էր՝ կապված մարդկանց տնից դուրս չգալու: Այնուամենայնիվ, գրանցված աճը «միանգամյա օգտագործման» և իրավիճակային էր, և այն ոչ մի դեպքում չի համարվում կայուն աճ։
2021թ․-ի առաջին կեսի արդյունքերը համալիր գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել 2019թ․-ի համապատասխան ժամանակաշրջանը՝ առանց 2020թ․-ին բնորոշ ատիպիկ վարքագծի։
Այս տարվա ընթացքում համախառն ապահովագրավճարները 3․65 % աճել են 2020թ․-ի համեմատ, սակայն նվազել են 2019թ․-ի համեմատ՝ 4․41 %։ Հակառակ պատկերն է հնարավոր նկատել հատուցումներում․ համախառն հատուցումները աճել են թե՛ 2020թ․-ի, թե՛ 2019թ․-ի նկատմամբ, համապատասխանաբար 31․01 % և 9․97 %։ Ներդրումային եկամուտը 24․93 % նվազել է 2020թ․-ի նկատմամբ, սակայն աճել է 44․36 % 2019թ․-ի համեմատ։ Զուտ արդյունքը կամ կիսամյակի շահույթը բացասական է, այսինքն ընդհանուր շուկան վնաս է կրել․ 130․61 մլն ՀՀ դրամ կամ 103․82 % անկում 2020թ․-ի նկատմամբ։
Արտարժույթների՝ մասնավորապես ԱՄՆ դոլարի և եվրոյի միջին փոխարժեքը աճել է համապատասխանաբար 7․94 % և 18․02 % տարվա առաջին կիսամյակի ընթացքում, ինչը ապահովագրավճարների և առհասարակ ապահովագրական շուկայի գրեթե բոլոր ցուցանիշների վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Նշված ազդեցության հիմնական լոկոմոտիվը վերաապահովագրական շուկայից ստացված գործարքներն են, որոնց հւմնական արժույթը հենց այս երկուսն են։
Ստորև ներկայացված են շուկայի համախառն ապահովագրավճարները․
հազ ՀՀ դրամ | 2021 | 2020 | Տարբերություն, 2020թ․ | 2019 | Տարբերություն, 2019թ․ |
---|---|---|---|---|---|
Դժբախտ պատահարներ | 996,003 | 788,759 | 26.27% | 982,252 | 1.40% |
Առողջություն | 8,533,946 | 8,659,278 | -1.45% | 8,295,375 | 2.88% |
ԿԱՍԿՈ | 1,059,881 | 947,596 | 11.85% | 1,065,877 | -0.56% |
Օդանավ | 192,391 | 151,652 | 26.86% | 131,812 | 45.96% |
Կարգո | 465,094 | 401,498 | 15.84% | 598,709 | -22.32% |
Գույք | 2,142,948 | 1,393,557 | 53.78% | 2,320,424 | -7.65% |
ԱՊԿԱ | 63,918 | 57,088 | 11.96% | 54,296 | 17.72% |
Օդանավերի պատասխանատվություն | 32,580 | 37,674 | -13.52% | 45,035 | -27.66% |
Ընդհանուր պատասխանատվություն | 373,969 | 348,255 | 7.38% | 558,275 | -33.01% |
Ֆինանսական ռիսկեր | 562,238 | 371,711 | 51.26% | 259,198 | 116.91% |
Ճամփորդություն | 217,154 | 124,302 | 74.70% | 226,304 | -4.04% |
ԱՊՊԱ | 9,655,295 | 10,159,595 | -4.96% | 10,877,842 | -11.24% |
Ընդամենը | 24,295,417 | 23,440,964 | 3.65% | 25,415,399 | -4.41% |
Համախառն ապահովագրավճարների մասով լավագույն դրական փոփոխությունն արձանագրել է հրդեհից և այլ վտանգներից գույքի ապահովագրության դասը․ նախորդ տարվա համեմատ գրեթե 750 մլն ՀՀ դրամ աճ կամ 53․78 %։ Աճը հիմնականում եղել է խոշոր արևակայանի կառուցման և գյուղատնտեսության ապահովագրության վաճառքների ծավալի մեծացման հետ։ Վերջինս նախորդ տարվա 131.52 մլն ՀՀ դրամի փոխարեն կազմել է 474․58 մլն։
ԱՊՊԱ ապահովագրավճարների 504․30 մլն ՀՀ դրամ անկումը կարող է բացատրվել երկու հիմնական պատճառով։ Առաջինը՝ 2020թ․-ին երկրի տարածք ներկրված մեքենաների մի մասը վերջապես արտահանվել է այս տարվա ընթացքում, հետևաբար դրանց ԱՊՊԱ պայմանագրերը չեն վերակնքվել։ Մյուս պատճառը առավել սպեկուլյատիվ է․ այն է՝ մարդիկ սկսել են վարել իրենց տրանսպորտային միջոցները առանց գործող ԱՊՊԱ պայմանագրերի։ Իհարկե, օրենսդրական տեսանկյունից առկա են տույժեր և տուգանքներ, սակայն խիստ կոշտ տուգանքների բացակայությունը խթանում է մարդկանց անօրեն վարքագիծը, ինչն էլ ավելացնում է առանց ԱՊՊԱ պայմանագրերի մեքենաների քանակը։
Ստորև ներկայացված են ապահովագրական շուկայի համախառն հատուցումները․
հազ ՀՀ դրամ | 2021 | 2020 | Տարբերություն, 2020թ․ | 2019 | Տարբերություն, 2019թ․ |
---|---|---|---|---|---|
Դժբախտ պատահարներ | 80,177 | 39,786 | 101.52% | 58,406 | 37.28% |
Առողջություն | 3,815,346 | 2,881,678 | 32.40% | 3,872,190 | -1.47% |
ԿԱՍԿՈ | 519,519 | 445,976 | 16.49% | 578,111 | -10.14% |
Օդանավ | - | - | - | - | - |
Կարգո | 10,510 | 6,398 | 64.26% | 162,619 | -93.54% |
Գույք | 840,982 | 205,832 | 308.58% | 68,533 | 1127.12% |
ԱՊԿԱ | 7,898 | 3,645 | 116.68% | 3,629 | 117.62% |
Օդանավերի պատասխանատվություն | - | - | - | 98,881 | -100.00% |
Ընդհանուր պատասխանատվություն | 8,466 | 24,377 | -65.27% | 27,500 | -69.21% |
Ֆինանսական ռիսկեր | 192,064 | 185,876 | 3.33% | 46,161 | 316.07% |
Ճամփորդություն | 6,405 | 37,063 | -82.72% | 65,088 | -90.16% |
ԱՊՊԱ | 7,453,071 | 5,672,822 | 31.38% | 6,780,591 | 9.92% |
Ընդամենը | 12,934,438 | 9,872,897 | 31.01% | 11,761,710 | 9.97% |
Տեղաշարժման սահմանափակումների թուլացման հետ մեկտեղ, մարդիկ սկսեցին հետ վերադառնալ իրենց նախկին ապրելակերպին։ Այսինքն, սկսեցին կանոնավոր այցելել բժշկի, ամեն օր մեքենա վարել, գնալ աշխատանքի և այլն։ Այս ամենը հակադարձ ազդեցություն ունեցավ ապ․ընկերությունների նախորդ տարում նվազած հատուցումների վրա։ Մասնավորապես ԱՊՊԱ և առողջության ապահովագրության դասերի հատուցումներն ավելացան համապատասխանաբար 1,780․25 և 933․67 մլն ՀՀ դրամով։
Նախորդ 4 տարիների ընթացքում, Հայաստանի ապ․ընկերությունների ներդրումային եկամուտը մեծ հաշվով կայուն ու հաստատուն աճել է։ Այն 2021թ․-ի առաջին կիսամյակում կազմել է 1,745․52 մլն ՀՀ դրամ՝ 580 մլն ՀՀ դրամով ավելի պակաս քան նախորդ տարում էր, ինչը հիմնականում Արմենիա Ինշուրանսի 2020թ․-ի ներդրումային եկամտի կտրուկ աճի հետևանքով էր։ Բացի այդ, բազմաթիվ փորձագետների պնդմամբ այս տարվա «պարտատոմսերի առևտուրը» անհամեմատ պասիվ է, և ընկերությունները առքուվաճառքի գործարքներ շատ ավելի քիչ են անում, քան անցած տարի։
Ինչպես նշվեց, 2021թ․-ի ընթացքում բոլոր ապ․ընկերությունների զուտ եկամուտը նվազել է։ Դրամային արտահայտությամբ առավել մեծ կրճատում ունեցել են ՌԳՍ Արմենիան՝ 940 մլն, Նաիրի Ինշուրանսը՝ 732 մլն և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն՝ 721 մլն, ինչը բացատրելի է նշված ընկերությունների առավել խոշոր լինելով։ Տոկոսային արտահայտությամբ համեմատելիս՝ վատագույն դիրքում է Արմենիա Ինշուրանսը՝ 283․56 % անկում, ՌԳՍ Արմենիան՝ 202․88 % և Ռեսոն՝ 150․37 %։