Ներկայացված որոշ տվյալներ մոտարկված են հոդվածի հեղինակի կողմից

Ամփոփելով 2022 թվականի տվյալները՝ կարող ենք ասել, որ շուկան գրանցել է պատմական բարձր ցուցանիշներ ինչպես ապահովագրավճարների, այնպես էլ հատուցումների տեսանկյունից։ Աճի վրա ազդել են մի շարք գործոններ, որոնք կներկայացնենք ըստ ապահովագրության տեսակների։

2022 թվականին ՀՀ 6 մասնավոր ապահովագրական ընկերությունները հավաքագրել են ավելի քան 58․6 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 24․9%-ով։

Համախառն ապահովագրավճարների համեմատական պատկերը 2021 և 2022 թթ․-ին (հազ․ ՀՀ դրամ)

Հավաքագրած ապ․ վճարների մասնաբաժինները 2022թ․

*ներառված է նաև առողջության պարտադիր ապահովագրությունը (սոց․ փաթեթ)՝ ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ

Եթե դիտարկենք ըստ ապահովագրության տեսակների, ապա ինչպես մնացած, այնպես էլ 2022 թվականին ապահովագրավճարների գերակշիռ մասը պատկանում է ԱՊՊԱ  տեսակին՝ 24․9 մլրդ ՀՀ դրամ (43%)։ 2021 թվականի համեմատ գրանցվել է 15% աճ։ ԱՊՊԱ աճի կարևորագույն նախադրյալը 2022 թվականի փետրվարից ապահովագրավճարների՝ միջինում 10%-ով աճն է։ ԱՊՊԱ շուկայում 2023 թվականին սպասվում են էական փոփոխություններ, քանի որ ամենայն հավանականությամբ մարտ կամ ապրիլ ամսից ԱՊՊԱ սակագները կազատականացվեն, և յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կսահմանի իր գները։ Արդյունքում ԱՊՊԱ ընդհանուր գները հնարավոր է էականորեն փոխվեն՝ ինչպես դեպի վեր, այնպես էլ դեպի նվազում։ Ամեն դեպքում insurebusiness-ը փոփոխությանը համընթաց առանձին կանդրադառնա ԱՊՊԱ շուկայի փոփոխություններին։

Երկրորդ տեղում է առողջության ապահովագրությունը՝ ավելի քան 16․6 մլրդ ՀՀ դրամ (28%)[1]: Անցած տարվա համեմատ այս տեսակը ավելացել է 27%-ով, որը հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ տեղափոխված ոչ պաշտոնական տվյալներով ավելի քան 150,000 քաղաքացիներով։ Պահանջարկի վրա ազդել են ինչպես ռելոկացված Ռուսաստանյան ՏՏ ընկերությունները, այնպես էլ անհատները։ Աշխատանքով պայմանավորված առողջության ապահովագրություն ձեռք բերելուց զատ, առանց աշխատանքի ներգաղթածները այն նույնպես ձեռք են բերում, քանի որ առողջության ապահովագրություն ունենալը նրանց մշակույթի մի մասն է։ 

Լավ արդյունք են արձանագրել նաև գույքի ապահովագրության ցուցանիշները։ 2021 թվականի համեմատ գրացվել է 47% աճ և կազմել ընդհանուր ապահովագրավճարների գրեթե 10%-ը: Գույքի ապահովագրության աճի վրա ազդող գործոններից կարելի է առանձնացնել հիփոթեքի շուկայի ակտիվությունը, ինչպես նաև որոշ խոշոր շինարարական ծրագրերը։

Համախառն ապահովագրավճարներն ըստ ապահովագրության տեսակների (հազ․ ՀՀ դրամ)

*ներառված է նաև առողջության պարտադիր ապահովագրությունը (սոց․ փաթեթ)՝ ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ

Աղյուսակից երևում է, որ ապահովագրական շուկան շարժվել է կանաչ ուղղությամբ։ Բոլոր ապահովագրական տեսակներով գրանցվել է աճ, բացառությամբ վարկի ապահովագրությունից։ Թեև ամբողջ աշխարհում այս ապահովագրատեսակը լայն տարածում ունի, Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններից դեռ միայն Արմենիա Ինշուրանս-ն է տրամադրում։

Երաշխիքի ապահովագրությունը նախկին տարիներին գործառության մեջ չի գտնվել, բայց 2022 թվականից սկսած 6 ընկերություններից 3-ը՝ Սիլ Ինշուրանս-ը, Նաիրի Ինշուրանս-ը և Արմենիա Ինշուրանս-ը, սկսել են տրամադրել այս ապահովագրատեսակը։ Երաշխիքի ապահովագրությունը նախ կապված է եղել պետական գնումներում ի լրումն բանկային երաշխիքի ապահովագրական երաշխիքի ներկայացման հնարավորությունը, որը սակայն շուտով չեղարկվել է։ Այս պահին Երաշխիքի պրոդուկտը գործում է ԵԱՏՄ երկրներից դուրս այլ երկրներից դեպի ԵԱՏՄ երկրներ առանց մաքսազերծելու մեքենաներ ներմուծելու երաշխիքների հետ։

2022 թվականը ճամփորդության ապահովագրության ամենառեկորդային տարին է։ 2021 թվականի համեմատ գրանցել է 70% աճ։ Այսպիսի աճը կապված է Covid-19 համավարակի նկատելի թուլացման, շատ երկրների մուտքի սահմանափակումների վերացման, ինչպես նաև համեմատաբար հասանելի ավիատոսմերի հետ։ Ավիացիոն ապահովագրությունը և ավիացիոն պատասխանատվության ապահովագրությունը գրանցել են ապշեցուցիչ աճ 2021 թվականի համեմատությամբ՝ համապատասխանաբար 226% և 305%։ Այստեղ աճի հիմնական գործոնը ՀՀ-ում նոր ավիափոխադրողների հիմնադրումն էր։

2022թ․ համախառն ապահովագրավճարները ըստ ապահովագրության տեսակների և ապահովագրական ընկերությունների (հազ. ՀՀ դրամ)

*ներառված է նաև առողջության պարտադիր ապահովագրությունը (սոց․ փաթեթ)՝ ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ

Աղյուսակից երևում է, որ ապահովագրավճարների չափով առաջատար դիրքում է Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը՝ ավելի քան 15․5 մլրդ ՀՀ դրամով՝ զբաղեցնելով շուկայի 27% մասնաբաժինը։

Ընդհանուր շուկայի մասնաբաժնով երկրորդը ՌԳՍ Արմենիա-ն է՝ 15 մլրդ ՀՀ դրամով (26%)։ Երրորդ խոշոր մասնաբաժինը Նաիրի Ինշուրանս-ինն է՝ 12 մլրդ ՀՀ դրամ։ Նաիրի Ինշուրանս-ին հաջորդում են Սիլ Ինշուրանս-ը՝ 6,7 մլրդ ՀՀ դրամ, Արմենիա Ինշուրանս-ը՝ 5․4 մլրդ ՀՀ դրամ և Ռեսոն՝ 3․8 մլրդ ՀՀ դրամ։

Ընդամենը ապահովագրավճարներ

Ինգո Արմենիան շուկայում առաջատարն է հետևյալ ապահովագրության տեսակներով՝

  1. Դժբախտ պատահար,
  2. Առողջության ապահովագրություն (ներառյալ սոց․ փաթեթ),
  3. Կասկո,
  4. Գույքի ապահովագրություն,
  5. Ֆինանսական վնասների ապահովագրություն,
  6. Ճամփորդության ապահովագրություն։

ՌԳՍ Արմենիան առաջատարն է հետևյալ ապահովագրատեսակներով՝

  1. Բեռների ապահովագրություն,
  2. ԱՊԿԱ,
  3. ԱՊՊԱ։

Նաիրի Ինշուրանս-ը 2022թ․-ին ապահովագրավճարով առաջատարն է ընդհանուր պատասխանատվության ապահովագրության գծով։

Արմենիա Ինշուրանս-ը առաջատար է ավիացիոն ապահովագրություն և ավիացիոն պատասխանատվության ապահովագրություն ապահովագրատեսակներով, և միակն է  վարկի ապահովագրություն տեսակով։

Սիլ Ինշուրանս-ը առաջատար է միայն երաշխիքների տրամադրման գծով։

Համախառն ապահովագրավճարներ (հազ․ ՀՀ դրամ)

2022 թվականին, 2021-ի համեմատ, Ինգո Արմենիա-ն ընդհանուր հատուցումներով գերազանցել է ՌԳՍ Արմենիա-ին։ Ինգո Արմենիա-ի ընդհանուր հատուցումները կազմում են ամբողջ շուկայի 27%-ը։

Համախառն ապահովագրավճարները և հատուցումները, 2022թ․ (հազ․ ՀՀ դրամ)

Համախառն հատուցումներ 2021թ․

Համախառն հատուցումներ 2022թ․

Համախառն ապահովագրավճարները և հատուցումները ըստ ապահովագրության տեսակների, 2022թ․ (հազ. ՀՀ դրամ)

*ներառված է նաև առողջության պարտադիր ապահովագրությունը (սոց․ փաթեթ)

Հատուցումների գծով առաջատար է ԱՊՊԱ-ն՝ 15,8 մլրդ ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր հատուցումների 51․6%-ը։ Հաջորդը առողջության ապահովագրությունների գծով  կատարված հատուցումներն են՝ ավելի քան 11 մլրդ ՀՀ դրամ, կազմում է հատուցումների 37%-ը։ Իսկ երրորդ խոշորը գույքինն է՝ 1,8 մլրդ ՀՀ դրամ, գրեթե 6%։

Շուկայի զուտ շահույթը 2022 թվականին գրանցել է տպավորիչ ցուցանիշ՝ կազմելով ավելին քան 4 մլրդ ՀՀ դրամ, որը գրեթե 5 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։

2022 թվականին ապահովագրական ընկերություններից առավել շահութաբերը Նաիրի Ինշուրանս-ն է՝ 1,3 մլրդ ՀՀ դրամ։ Երկրորդը ՌԳՍ Արմենիա-ն է՝ գրեթե 970 մլն ՀՀ դրամ, իսկ երրորդը Ինգո Արմենիա-ն՝ ավելի քան 940 մլն ՀՀ դրամ։

Պորտֆելի համախառն շահութաբերությունը կազմել է 7% : Նաիրի Ինշուրանս-ը գրանցել է շահութաբերության ամենաբարձր ցուցանիշը՝ 11%: Արմենիա Ինշուրանս-ը գրանցել է 10%, իսկ Ինգո Արմենիա-ն, Ռեսո-ն և ՌԳՍ Արմենիա-ն՝ 6% շահութաբերության մակարդակ:

2022 թվականին 2021-ի համեմատ ապահովագրավճարները աճել են 24․9%-ով, իսկ հատուցումները՝ 2․5%-ով, և այս ցուցանիշները նպաստել են վնասաբերության ցուցանիշի նվազմանը․ 2021 թվականին կազմել է 68%, իսկ 2022-ին՝ 61%։


[1] ներառված է նաև առողջության պարտադիր ապահովագրությունը (սոց․ փաթեթ)՝ ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ

Author