Ամփոփվել են ՀՀ գործող 6 մասնավոր ապահովագրական ընկերությունների 2022 թվականի 1-ին եռամսյակի արդյունքները։ Չնայած աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին՝ շուկան գրանցել է բավականին տպավորիչ աճ, որի հիմնական լոկոմոտիվը եղել է կամավոր ապահովագրությունը։

1-ի եռամսյակում ապահովագրական ընկերությունները հավաքագրել են մոտ 20 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 16 մլրդ դրամի համեմատ աճել է 24%-ով։ Հատկանշական է, որ ամբողջ 2021 թվականին շուկայի ծավալը կազմել է 46․88 մլրդ դրամ, այսինքն, միայն 2022 թ.-ի 1-ին եռամսյակում հավաքագրվել է նախորդ ամբողջ տարվա ապահովագրավճարների 42.6%-ը, ինչը խոստումնալից աճ է կանխատեսում ամբողջ 2022 թ.-ի համար։

Աղյուսակ 1 – 2021 և  2022 թվականների 1-ին եռամսյակներին հավաքագրված ապահովագրավճարների համեմատական՝ ըստ ապահովագրության դասերի, հազ ՀՀ դրամ

Ապահովագրության տեսակ Ընդամենը 2022 Ընդամենը 2021 ՓոփոխությունՓոփոխության %
Առողջության ապահովագրություն, ներառյալ սոց․փաթեթը8,330,8907,218,8511,112,04015%
ԱՊՊԱ5,923,7525,322,859600,89311%
Գույքի ապահովագրություն3,100,9301,186,9491,913,981161%
Տրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ)624,066529,73094,33618%
Դժբախտ պատահարներից ապահովագրություն634,384607,94626,4384%
Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն316,852297,11419,7386.6%
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն301,259272,31728,94211%
Բեռների ապահովագրություն248,515235,75012,7655%
Ճամփորդության ապահովագրություն114,79456,77458,020102%
Օդային տրանսպորտի համապարփակ ապահովագրություն97,460163,309-65,849-40%
ԱՊԿԱ34,32431,5342,7909%
Վարկի ապահովագրություն20,20621,556-1,350-6%
Ընդամենը19,747,43215,944,6883,802,74424%
Ընդամենը՝ կամավոր ապահովագրություն (Առանց ԱՊՊԱ և Սոց Փաթեթ*)9,939,6596,488,8763,450,78353%

*Ենթադրելով, որ Սոց Փաթեթի ծավալը կազմում է մոտ 3,9 մլրդ ՀՀ դրամ։

Այսպիսով, ՀՀ ապահովագրական շուկայի ամենամեծ մասնաբաժինն է կազմել առողջության ապահովագրությանը, որը սակայն իր մեջ ներառում է նաև առողջության պարտադիր ապահովագրության հատվածը՝ պետական աշխատողների սոցիալական փաթեթի շրջանակներում։ Վերջինիս ծավալը կազմում է մոտ 3.9 մլրդ ՀՀ դրամ (ամեն դեպքում ոչ ավել, քան 4 մլրդ ՀՀ դրամ) կամ ընդհանուր ծավալի 37%: Առողջության ապահովագրության ընդհանուր պորտֆելը աճել է ավելի քան 1,1 մլրդ ՀՀ դրամով կամ 15%-ով։ Միայն կամավոր առողջության ապահովագրության մասը աճել է մոտ 44%-ով։ Այս աճը կարելի է կապել մի քանի հիմնական հանգամանքների հետ․

  1. ՀՀ-ում ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցների էական աճ,
  2. ՀՀ-ում ՏՏ ոլորտում նոր ընկերությունների աճ,
  3. Ռուսաստանից ՀՀ ժամանած նոր ՏՏ ընկերությունների գրանցում։

Շուկայի երկրորդ ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկել ԱՊՊԱ տեսակին, որը տարեկան կտրվածքով ամենամեծ պորտֆել ունեցող տեսակն է, և անցած եռամսյակում գրանցել է 601 մլն դրամի կամ 11%-ի աճ։ ԱՊՊԱ պորտֆելի աճի հիմնական խթանը փետրվարի 7-ից ուժի մեջ մտած նոր փոփոխություններն են, ըստ որի ԱՊՊԱ միջին ապահովագրավճարը ավելացել է մոտ 3,000 ՀՀ դրամով և փոխվել է Բոնուս-Մալուս դասի հաշվարկման որոշ սկզբունքներ։ Արդյունքում վնասաբեր հաճախորդները վճարում են շատ ավելի շատ, քան նախկինում, իսկ նոր կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարը սահմանվել է համահարթ 41,000 ՀՀ դրամ (նախկինում ԱՊՊԱ չունեցած մեքենաների համար)՝ անկախ մեքենայի տեսակից, ձիաուժից և օգտագործման նպատակից։ Ապահովագրավճարի վրա միայն կիրառվում է ԲՄ և պայմանագրի ժամկետի գործակիցները։

Գույքի ապահովագրության պորտֆելը գրանցել է 161% աճ, կամ բացարձակ թվով աճել է ավելի քան 1.9 մլրդ ՀՀ դրամով։ Գույքի ապահովագրության նման էական աճը հիմնականում կապված է լինում որևէ խոշոր ինդուստրիալ օբյեկտի կամ ներդրումային ծրագրի շինարարության ապահովագրությամբ, որոնք ընկերությունները հաճախ կնքում են խոշոր վերաապահովագրական ընկերությունների ցուցումներով, և ռիսկի գրեթե 100%-ը վերաապահովագրում են (օրինակ՝ ֆրոնտինգ պայմանագրերի միջոցով)։

Բավականին օրգանիկ աճ է գրանցել մեծությամբ 4-րդ պորֆելը հանդիսացող՝ ԿԱՍԿՈ ապահովագրությունը, որի աճը կախված չէ աշխարհաքաղաքական կամ օրենսդրական փոփոխությունների հետ։ ԿԱՍԿՈ պորտֆելը աճել է 18%-ով կամ մոտ 94 մլն ՀՀ դրամով, ինչը վկայում է ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի՝ ապահովագրության նկատմամբ գիտակցության և վստահության աճի մասին։

Հատկանշական է նաև ճամփորդության ապահովագրության պորտֆելի աճը, որը գրեթե կրնկապատկվել է՝ կազմելով 115 մլն ՀՀ դրամ։ Աճի վրա ազդող հիմնական գործոնը աշխարհում COVID-19 համավարակի սահմանափակումների մեղմացնումն է, որն իր հերթին խթանել է ճամփորդությունների քանակի ավելացմանը։ Իր հերթին եվրոպական երկրների մեծ մասը վերսկսել են վիզաների տրամադրման բնականոն աշխատանքները, և քանի որ ճամփորդության ապահովագրության հիմնական պահանջը դրվում է հենց եվրոպական երկրներից, այն ուղիղ ազդեցություն է ունեցել շուկայի վրա։ Բացի այդ, ապահովագրական ընկերությունները սկսել են առաջարկել COVID-19-ից ապահովագրության հավելյալ ծածկույթներ, ինչը էականորեն ավելացրել է պայմանագրերի միջին ապահովագրավճարների չափը։

Ապահովագրության մյուս տեսակները և ուղղությունները էական փոփոխություններ չեն գրանցել, և դրանց աճը կամ նվազումը չեն պարունակում ազդեցության որևէ էական գործոն։

Ամփոփելով հավաքագրած ապահովագրավճարների դինամիկան՝ արձանագրենք, որ միայն կամավոր ապահովագրության պորտֆելը (առանց ԱՊՊԱ և սոց. փաթեթ) աճել է 53%-ով, ինչը ՀՀ-ում ապահովագրական համակարգի զարգացման ամենակարևոր ցուցանիշն է։

1-ին եռամսյակում կամավոր ապահովագրության տեսակարար կշիռը ընդհանուր պորտֆելում կազմել է 50.3%:

Այժմ ներկայացնենք 2022 թվականի 1-ին եռամսյակի պորտֆելի բացվածքը՝ ըստ ապահովագրական ընկերությունների։

Աղյուսակ 2 – 2022 թվականի 1-ին եռամսյակին հավաքագրված ապահովագրավճարների համեմատական՝ ըստ ապահովագրության դասերի և ապահովագրական ընկերությունների, հազ ՀՀ դրամ

Ապահովագրության տեսակԸՆԴԱՄԵՆԸ ԻՆԳՈ ՌԳՍ ՆԱԻՐԻ ՌԵՍՈ ԱՐՄԵՆԻԱ ՍԻԼ
Առողջության ապահովագրություն, ներառյալ սոց․փաթեթը8,330,890 2,788,162 2,237,659 1,628,308251,961856,708568,092
ԱՊՊԱ5,923,752843,1881,794,5461,455,661657,883402,368770,106
Գույքի ապահովագրություն3,100,9302,483,878310,40979,86950,54341,588134,643
Տրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ)624,066240,462142,621109,76926,24724,89780,070
Դժբախտ պատահարներից ապահովագրություն634,384359,416132,39831,07541,91349,03020,552
Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն316,852134,057144,8738506,3701,75028,952
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն301,259135,68164,43738,1138,6294,69349,706
Բեռների ապահովագրություն248,51519,29760,59793,02112,04129,35934,200
Ճամփորդության ապահովագրություն114.79435,16626,52731,2157,5449,3734,969
Օդային տրանսպորտի համապարփակ ապահովագրություն97,46014,53482,926----
ԱՊԿԱ34,3249,00317,2045,508494012,159
Ընդամենը19,747,4327,062,8445,014,1973,473,3891,063,1791,440,3741,693,449
Ընդամենը՝ կամավոր ապահովագրություն (Առանց ԱՊՊԱ, բայց ներառյալ սոց փաթեթ)*13,823,6806,219,6563,219,6512,017,728405,2961,038,006923,343

*Կամավոր ապահովագրության պորտֆելում չի տարանջատվում սոցիալական փաթեթի մասը, քանի որ այն չի հրապարակվում ընկերությունների եռամսյակային ֆինանսական հաշվետվություններում

Այսպիսով, շուկայի առաջատարը հավաքագրած ապահովագրավճարների գծով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն է՝ ավելի քան 7 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճարով, կամ շուկայի 36% մասնաբաժնով։ Մեծությամբ երկրորդ պորֆելը հավաքագրել է ՌԳՍ Արմենիան՝ 5 մլրդ ՀՀ դրամով, իսկ երրորդը՝ Նաիրի Ինշուրանսը՝ 3.4 մլրդ դրամով։

Կամավոր ապահովագրության գծով նույնպես առաջատարը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն է՝ 6.2 մլրդ ՀՀ դրամով, կամ 45 % մասնաբաժնով (ներառյալ սոց. փաթեթը)։ Կրկին, հաջորդում են ՌԳՍ Արմենիան՝ 3.2 մլրդ ՀՀ դրամով և Նաիրի Ինշուրանսը՝ 2 մլրդ դրամով։

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն զբաղեցրել է առաջատար դիրք ապահովագրության հետևյալ տեսակներով՝

  1. Առողջության ապահովագրություն,
  2. Գույքի ապահովագրություն,
  3. ԿԱՍԿՈ,
  4. Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  5. Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
  6. Ճամփորդության ապահովագրություն։

ՌԳՍ Արմենիան զբաղեցրել է առաջատար դիրք ապահովագրության հետևյալ տեսակներով՝

  1. ԱՊՊԱ,
  2. Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն,
  3. ԱՊԿԱ,
  4. Օդային տրանսպորտի ապահովագրություն։

Նաիրի Ինշուրանսը զբաղեցրել է առաջատար դիրք բեռների ապահովագրության գծով։

Այժմ ներկայացնենք հատուցումների պատկերը՝ ըստ ապահովագրության դասերի և ընկերությունների։

Աղյուսակ 3 – 2022 թվականի 1-ին եռամսյակին վճարված հատուցումների և ապահովագրավճարների համեմատական՝ ըստ ապահովագրության դասերի, հազ ՀՀ դրամ

Ապահովագրության տեսակԱպահովագրավճարՀատուցում
Առողջության ապահովագրություն, ներառյալ Սոց․Փաթեթ8,330,8902,175,088
ԱՊՊԱ5,923,7523,643,640
Գույքի ապահովագրություն3,100,9301,374,797
Տրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ)624,066247,448
Դժբախտ պատահարներից ապահովագրություն634,384124,758
Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն316,852608,131
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն301,259107,467
Բեռների ապահովագրություն248,51512,565
Ճամփորդության ապահովագրություն114,79413,257
Օդային տրանսպորտի համապարփակ ապահովագրություն97,460303
ԱՊԿԱ34,3242,645
Ընդամենը19,747,4328,310,101

Աղյուսակում պատկերված է 2022 թվականի 1-ին եռամսյակում հավաքագրած ապահովագրավճարների և վճարված հատուցումների համադրությունը՝ ըստ ապահովագրության դասերի։

Ամենաշատ հատուցումները վճարվել են ԱՊՊԱ տեսակով՝ ավելի քան 3.6 մլրդ դրամ, կամ ընդհանուր հատուցումների 43.8%-ը։ Երկրորդ ամենաշատ հատուցումներըը վճարվել են առողջության ապահովագրության գծով՝ մոտ 2.2 մլրդ ՀՀ դրամ կամ 26.2%՝ տեսակարար կշռով, իսկ մեծությամբ 3-րդ հատուցումները բաժին են գույքի ապահովագրության գծով 1.4 մլրդ դրամ կամ 16.5% տեսակարար կշռով: Օդանավերի համապարփակ ապահովագրության գծով հատուցումներ գրեթե չեն տրամադրվել։

Հատկանշական է, որ 2022 թվականի 1-ին եռամսյակում վճարված հատուցումները 2021 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են մոտ 7.3%-ով։ 2021 թ.-ի տվյալ ժամանակահատվածում վճարվել է մոտ 7.7 մլրդ ՀՀ դրամ՝ 2022 թ.-ի 8.3 մլրդ-ի համեմատ։ Ընդ որում, չնայած ապահովագրավճարների 24% աճին, էական նվազում է գրանցվել ԱՊՊԱ տեսակի գծով. 2021 թ.-ի 4.4 մլրդ-ի փոխարեն 2022 թ.-ին հատուցվել է 3.4 մլրդ ՀՀ դրամ, կամ 16.9 % պակաս։

Բոլորովին այլ պատկեր է գրանցվել գործունեության արդյունքում զուտ շահույթի ցուցանիշներում։ Եթե 2021 թվականի 1-ին եռամսյակում շուկան գրանցել էր 244 մլն դրամի զուտ վնաս, ապա 2022 թ.-ին այն արձանագրել է 1.1 մլրդ ՀՀ դրամի շահույթ։

Ամենամեծ թվով զուտ շահույթ է գրանցել Նաիրի Ինշուրանս ընկերությունը՝ 426 մլն դրամի չափով, կամ 39.8% մասնաբաժնով։ Երկրորդ ամենամեծ շահույթը գրանցել է ՌԳՍ Արմենիան՝ 289 մլն դրամի չափով, իսկ երրորդը՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն՝ 193 մլն ՀՀ դրամի չափով։

Բոլոր 6 ապահովագրական ընկերությունները բարելավել են իրենց ֆինանսական արդյունքի ցուցանիշները։

Ներկայացնենք 1-ին եռամսյակի շահույթի բացվածքը ըստ ընկերությունների՝ 2021 թ․ նույն ժամանակաշրջանի հետ համեմատականով․

Ապահովագրական ընկերություն20222021Փոփոխություն
Նաիրի426,039 24,854401,185
ՌԳՍ289,514-152,337441,852
ԻՆԳՈ193,01267,189125,837
Ռեսո183,090-130,496266,807
Արմենիա118,38451,02867,356
Սիլ53,372-105,12151,749
Ընդամենը1,070,399 -244,8831,354,786

Այսպիսով, ՀՀ ապահովագրական շուկան 2022 թվականի 1-ին եռամսյակում բոլոր հիմնական ցուցանիշներով գրանցել է դրական աճ (այս իմաստով դրական է համարվում նաև հատուցումների կրճատումը)։ Աճել է ինչպես ՀՀ ամբողջ ապահովագրական շուկայի պորտֆելը, այնպես էլ կամավոր ապահովագրության մասնաբաժինը, ինչն իր տրամաբանական ամփոփումն է ունեցել նաև եռամսյակի արդյունքներում։

Արձանագրված արդյունքները ամուր հիմք են ստեղծում՝ 2022 թ.-ին էլ ավելի ռեկորդային ցուցանիշներ գրանցելու համար։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Գործառնական տնօրեն, ԷՖԵՍ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010