Ապահովագրությունը կարգավորվում է օրենքներով, նորմատիվ իրավական ակտերով, կանոններով, և այս հոդվածում միասին կանդրադառնանք ապահովագրության մասին ՀՀ-ում գործող օրենքներին։

Ապահովագրության մասին հիմնական օրենքը 2007 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքն է։ Այս օրենքի հիմնական նպատակներն են ապահովագրական համակարգի կայուն զարգացման և հուսալիության ապահովումը, ապահովադիրների, ապահովագրված անձանց և շահառուների իրավունքների պաշտպանությունը, ապահովագրական գործունեություն իրականացնողների միջև ազատ տնտեսական մրցակցության համար հավասար պայմանների ստեղծումը։ Օրենքով սահմանվում են ապահովագրության հիմնական դասերը, ապահովագրական ընկերության հիմնադրման պահանջները, կառավարման մարմինների նկատամբ պահանջները, պարտադիր հաստիքացանկը, և այլն։

Ապահովագրության սկզբունքներից բխող հիմնական իրավահարաբերություններին կարող ենք ծանոթանալ ՀՀ Քաղաքացիական Օրենսգիրքի «Գլուխ 54»-ում։ Օրենսգրքի այս գլխում անդրադարձ է կատարվում ապահովագրության դասակարգմանը, տարրերին, պայմանագրերի պարտադիր պայմաններին, ապահովագրական շահին, չթույլատրելի ապահովագրության տեսակներին, հիմնական բացառություններին, պայմանագրի դադարեցման սկզբունքներին, ապահովագրավճարի վճարման կարգին, և այլն։։

Բոլորս գիտենք, որ ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունները վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ օրենքներով և կանոնակարգերով։ Անդրադառնանք «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ին։ Այն ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից և սահմանում է Հայատանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը, ինչպես նաև վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները։

Պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման և հնարավոր ռիսկերի ծածկման նպատակով ձևավորվում են տեխնիկական պահուստներ՝ համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» կանոնակարգ 3/03-ի։ Կանոնակարգը սահմանում է ապահովագրական, վերաապահովագրական, օտարերկրյա ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների՝ ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերի կողմից ձևավորվող տեխնիկական պահուստների տեսակները, դրանց ձևավորման սկզբունքները և հաշվարկման կարգը։ Այս կանոնակարգը գործում է 2008 թվականի հունվարի 1-ից։

2010 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» (ԱՊՊԱ) օրենքը։ Այս օրենքը կարգավորում է ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի, ինչպես նաև օրինական հիմքերով դրանք տիրապետող այլ անձանց պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, սահմանում է այն ավտոտրանսպորտային միջոցների տեսակները, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա է պարտադիր ապահովագրության, և այն անձանց շրջանակը, ովքեր պարտավոր են ապահովագրել այդ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, սահմանում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների, Բյուրոյի ստեղծման, գործունեության, կարգավորման և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև Երաշխավորման ֆոնդի և տեղեկատվական համակարգի ստեղծման և օգտագործման կարգը և դրանց հետ կապված այլ հարաբերություններ: ԱՊՊԱ-ն կարգավորվում է նաև Բյուրոյի կանոններով, մասնավորապես՝ RL-001 «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոններով կարգավորվում են ԱՊՊԱ ոլորտի մասնակիցների միջև պայմանագրերի կնքման, պատահարների կարգավորման, փորձաքննությունների իրականացման, հատուցումների կարգավորման և հետադարձ պահանջի կիրառման գործընթացում առաջացող հարաբերությունները:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայքի ՀՀ օրենքներ բաժնում կգտնենք 2009 թվականի հունիսի 10-ին ընդունված «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրենքը[7], որը սահմանում է Հայաuտանի Հանրապետության և oտարերկրյա օդանավ շահագործողների պատաuխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի uահմանաչափերը` նրանց գործունեության հետևանքով դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնաuները փոխհատուցելու համար: Ապահովագրության նվազագույն ծածկույթը յուրաքանչյուր առանձին ապահովագրական պատահարի համար սահմանվում է ըստ օդանավերի առավելագույն թռիչքային քաշերի։

Ապահովագրության մասին պահանջներ կարող ենք հանդիպել տարբեր օրենքներում, օրինակ՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի Գլուխ 3-ի Հոդված 27 «Նոտարի գույքային պատասխանատվությունը»-ի կետ 2-ում նշված է․ «Նոտարը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի երեք հազարապատիկից»։ «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի Գլուխ 2-ի Հոդված 18 «Գնահատման կազմակերպությանը ներկայացվող պարտադիր պահանջները»-ի կետ 2-ում գրված է․ «Գնահատման կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր գործունեությունը հնարավոր դրամական վնասներից, որոնք կարող են պատճառվել պատվիրատուներին կամ շահառուներին իրենց աշխատակից հանդիսացող գնահատողի կողմից գույքի թերագնահատման կամ գերագնահատման հետևանքով: Կազմակերպության գործունեության պարտադիր ապահովագրման տարեկան նվազագույն չափը յուրաքանչյուր գնահատողի համար կազմում է 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ»[1]։ Հոդվածի հրապարակման պահին շրջանառության մեջ է նաև ՀՀ-ում Առողջության Համապարփակ Ապահովագրության ներդրման օրենսդրական հայեցակարգը, որը բուռն քննարկումների առիթ է դարձել, և որի ընդունումից հետո insurebusiness-ը մանրամասն կանդրադառնա դրան։

Author