Այս տարվա Օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ցնցեց ամբողջ Հայաստանը։ Պայթյունի հետևանքով տուժեց 63 քաղաքացի, որոնցից 16-ը զոհվեցին։ Բազմաթիվ քաղաքացիներ կորցրեցին իրենց բիզնեսը։ Մինչ իրավասու մարմինները պարզում են պայթյունի բուն պատճառները, հանրության մեջ շրջանառվում են մի շարք վարկածներ․ սկսած պայթուցիկ նյութերի պահպանման կանոնների խախտման, պահեստներում ծխախոտ ծխելու, զոդման աշխատանքներ կատարելու, և այլնի վերաբերյալ։ Հաշվի առնելով այս պատահարի հնչեղությունը, ինչպես նաև հրդեհների բռնկման նորանոր ահազանգերը, InsureBusiness-ը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող պատահարներին, ապահովագրության հետ դրանց կապին և կանխարգելման միջոցառումներին։

Ստորև ներկայացնենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական վիճակագրությունը 2021 թվականին տեղի ունեցած/գրանցված հրդեհների և պայթյունների վերաբերյալ․

Այսպես, 2021 թվականին ՀՀ-ում գրանցվել է Հրդեհի կամ Պայթյունի 6,590 ահազանգ։ Պատահարների կեսից ավելին՝ մոտ 52%-ը տեղի են ունեցել բուսածածկ տարածքներում։ Բնակելի շենքերում կամ առանձնատներում տեղի է ունեցել 902 պատահար, կամ ընդհանուր պատահարների 1369%-ը։ Տեղի ունեցած հրդեհների գերակշիռ մասը ապահովագրված չեն։ Որևէ պաշտոնական վիճակագրություն չի վարվում, թե այս դեպքերից քանիսն են ապահովագրված, սակայն ինտուիտիվ մակարդակով կարելի է պնդել, որ դրանց քանակը ավել չէ 5%-ից (սա դեռ շատ օպտիմիստիկ պատկերացմամբ)։ Այսինքն, ապահովագրական ընկերությունները տարեկան հատուցում են ոչ ավել, քան 300 հրդեհի պատահար։

Ներկայացնենք Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում տեղի ունեցած հրդեհի որոշ խոշոր պատահարները․ ինչպես ապահովագրված, այնպես էլ չապահովագրված, բայց բարձր հնչեղություն ստացած։

Հրդեհ «Սպայկա» ընկերությունում

2013 թվականի մայիսի 15-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող Սպայկա ընկերության պահեստներում։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ սա թերևս Հայաստանի պատմության ամենամեծ հրդեհն է՝ ապահովագրական վնասի տեսանկյունից։

Համաձայն epress.am լրատվական կայքին տված հարցազրույցի՝ Սպայկա ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը նշել է, որ գույքը ապահովագրված է եղել Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական ընկերությունում։ Այրվել է սառնարանային մասնաշենքը՝ մոտ 15,000 քառակուսի մետր։

Հրդեհ «Պրոֆալ» ընկերությունում

2021 թվականի մարտի 27-ին խոշոր հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի Լաթար հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող «Պրոֆալ» ընկերության նոր արտադրամասում։ Հրդեհի առաջացման պաշտոնական պատճառներ բաց աղբյուրներում առկա չեն։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ այս պատահարը նույնպես ունեցել է ապահովագրական կոմպոնենտ։

Հրդեհ Վեգայում

2019 թվականի Օգոստոսի 24-ին խոշոր հրդեհ է բռնկվել Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի (ՎԵԳԱ) պահեստներում։ Հրդեհի արդյունքում վնաս է պատճառվել ինչպես բուն շենքին, այնպես էլ պահեստներում առկա էլեկտրոնային և կենցաղային տեխնիկային։ Ըստ ոչ պաշտոնական տվյաների՝ վնասված ապրանքների մի մասը ապահովագրված է եղել ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից մեկում կամ մի քանիսում։

Պայթյուն Նաիրիտ գործարանում

2009 թվականի մայիսի 14-ին «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով զոհվել է արտադրամասի 4 աշխատակից: Սա Նաիրիտ գործարանի վերջին պատահարը չէ։ Գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել նաև 2017 թվականի Օգոստոսի 28-ին։

Ամենայն հավանականությամբ գործարանը կամ դրա առանձին արտադրամասերը որևէ ապահովագրական ընկերությունում ապահովագրված չեն եղել։

Պայթյուն Զեյթուն վարչական շրջանում

2020 թվականի Օգոստոսի 26-ին Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

Հաշվի առնելով շենքի հնությունը, շենքի բնակարանները մեծ հավանականությամբ ապահովագրված չեն եղել։ Եթե վնասված բնակարաններից որևէ մեկը գրավադրված է եղել որևէ բանկում, ապա բանկը կարող է պահանջած լինել ապահովագրություն, սակայն այդ մասին որևէ տվյալ հայտնի չէ։

Ներկայացված պատահարները, ինչպես նաև վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տեղի են ունենում հրդեհի բավականին շատ դեպքեր, և հաճախ նաև խոշոր պատահարներ։

Եթե խոշոր գործարանները, արտադրամասերը կամ բիզնես կենտրոնները ավելի հաճախ են ապահովագրվում (հիմնականում բանկերի պահանջով), ապա քաղաքացիական բնակարանների և առանձնատների մեծ մասը չունեն ապահովագրություն։

Համաձայն The Zebra-ի իրականացրած հետազոտության՝ բնակարաններում հրդեհի առաջացման հիմնական 3 պատճառներն են․

  1. Էլեկտրականության հետ խնդիրներ (հիմնականում կարճ միացում կամ հոսանքի տատանում),
  2. Խոհանոցից՝ հիմնականում կերակուր պատրաստելիս,
  3. Ջեռուցման համակարգի հետ խնդիրներից։ Հատկապես վտանգավոր են փայտե կամ նավթի վառարանների օգտագործումը

Բացի նշված պատճառներից՝ բնակարանային հրեհների պատճառ են հանդիսանում նաև ծխախոտի անփույթ օգտագործումը, արդուկի միացված լինելը, մոմերը, բուխարիները, և այլն։

Հայաստանում, հատկապես հին շենքերում, դեռևս կիրառվում են գազաբալոններ (հին, մեծ, կարմիր), և պայթյունի հիմնական պատճառ են հանդիսանում այդ հին գազաբալոններից կենցաղային գազի արտահոսքը։

Արտադրամասերում կամ խոշոր ձեռնարկություններում հրդեհի հիմնական պատճառը փոքր շինարարական կամ հարդարման աշխատանքներն են լինում, հատկապես զոդման աշխատանքները։ Հրդեհի տարածման հիմնական խթանը հանդիսանում են դյուրավառ և պայթյունավտանգ իրերի ոչ ճիշտ պահեստավորումը, հակահրդեհային անվտանգության կանոնների չպահպանումը։

Ներկայացված պատճառներից գրեթե բոլորը հնարավոր է ապահովագրել։ Ցավոք, Հայաստանում գույքի ապահովագրությունը դեռևս գտնվում է գիտակցության ցածր աստիճանի վրա։ Մարդիկ իրենց գույքը ապահովագրում են միայն այն դեպքում, երբ կա պարտադիր պահանջ բանկի կողմից։ Խոշոր ձեռնարկությունները նույնպես հազվադեպ են կամավոր սկզբունքներով ապահովագրում շինությունները։ Գույքը կամավոր ապահովագրողների մեծ մասը հիմնականում ունեն արտասահմանյան արմատներ, կամ առնվազն բնակվել են արտասահմանում, որի շնորհիվ ձեռք են բերել ապահովագրության բարձր գիտակցում։

Խորհուրդ ենք տալիս մշտապես պահպանել հակահրդեհային կանոնները, գրասենյակներում, արտադրամասերում և բիզնես կենտրոններում ունենալ սպրինկլերներ, տաքության և ծխի հայտնաբերման սարքեր, կրակմարիչներ, հիդրանտներ, հրդեհի դեպքում գործողությունների հստակ պլան։ Նշված միջոցները և միջոցառումները հարկավոր է ոչ միայն ունենալ, այլև պարբերաբար փորձարկել և թեստավորել։ Օրինակ՝ գոյություն ունեն կրակմարիչների պահպանման կանոններ և ստուգման ժամկետներ։ 10 տարի առաջ տեղադրած կրակմարիչը, որը երբեք չի թեստավորվել, մեծ հավանականությամբ չի աշխատելու։ Հաշվի առնելով հրդեհների հաճախականությունը, վերջերս տեղի ունեցած հնչեղ պատահարները, ինչպես նաև տարեց տարի բարձրացող ջերմասիճանի գործոնը՝ հորդորում ենք բոլոր քաղաքացիներին և ձեռնարկատերերին ապահովագրել իրենց անշարժ գույքը և հետագայում զերծ մնալ հրդեհի հետևանքով պատճառված խոշոր ֆինանսական վնասներից։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Գործառնական տնօրեն, ԷՖԵՍ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010