Ցանկացած ապահովագրական ընկերություն պարբերաբար համեմատում է իր գործունեության ցուցանիշները (կապված ոչ միայն ԱՊՊԱ-ի, այլ նաև մնացած ապահովագրական տեսակների հետ) նախորդ տարիների և մրցակիցների ցուցանիշների հետ՝ փորձելով գտնել և՛ լավ, և՛ վատ օրինաչափություններ, ինչը նրան օգնում է հետագայում էլ ավելի կատարելագործել իր գործունեությունը և բարելավել ապահովագրական պորտֆելը։ Մինչ 2023թ․-ի ԱՊՊԱ-ի ցուցանիշներին անդրադառնալը՝ հիշենք, որ, ինչպես մնացած, այնպես էլ 2022 թվականին ապահովագրավճարների գերակշիռ մասը պատկանում է ԱՊՊԱ տեսակին՝ կազմելով 24․9 մլրդ ՀՀ դրամ (43%)։ ԱՊՊԱ աճի կարևորագույն նախադրյալը 2022 թվականի փետրվարից ապահովագրավճարների՝ միջինում 10%-ով աճն է։
Ինչը վերաբերում է 2023թ․-ին տեղի ունեցած իրադարձություններին, ապա կարող ենք ասել, որ սույն թվականի ապրիլի 1-ից սկսած յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ԱՊՊԱ-ի գծով ազատ է իր որոշումերի և հաշվարկների մեջ՝ պահպանելով վերահսկող պետական և լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիչներն ու կանոնները։
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ ազդեցություն ունեցան այս փոփոխությունները 2023թ․-ի 01․01-ից 31․05-ն ընկած ժամանակահատվածի ցուցանիշների վրա։
- Ըստ գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակի՝ կարող ենք ասել , որ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ, գրանցվել է ցուցանիշի դրական փոփոխություն՝ 4,9%-ի չափով` 590,298 հատ պայմանագրից դառնալով 619,072, կամ մոտ 30,000-ով ավել։ Ցուցանիշի կտրուկ աճը կարող է պայմանավորված լինել տվյալ ժամանակաշրջանում տրանսպորտային միջոցների մեծ քանակով ներկրման հետ։ Ներկրման նպատակները կարող են լինել տարբեր։ Օրինակ՝ շատերը մեքենաներ ներկրում կամ ձեռք են բերում հետագայում առք ու վաճառքի գների տարբերությունից շահույթ ստանալու նպատակով , շատերը գնում են անձնական օգտագործման նպատակով և այլն։
- Նայելով ստորև բերված աղյուսակին՝ կնկատենք, որ ի տարբերություն նախորդ հաշվետու ժամանակաշրջանի, գրանցվել է կնքված ԱՊՊԱ պայմանագրերի քանակի կտրուկ աճ՝ 17․5%-ի չափով:
Աճի վրա ազդող գործոններից կարող ենք առանձնացնել ոչ միայն մեծ քանակությամբ մեքենաների և տրանսպորտային միջոցների ներկրումը, այլ նաև ներկայումս պայմանագրերի կնքման առցանց տարբերակների և ծրագրերի առկայությունը ,որը հեշտացնում է ապահովադրի գործը, և հնարավորություն է տալիս նրանց առանց մոտենալու մասնաճյուղ ՝ տեղում ձեռք բերել իրենց անհրաժեշտ ապահովագրությունը։
- Նայելով ստորև բերված գծապատկերին՝ ակնհայտ է, որ կնքված ԱՊՊԱ պայմանագրերի քանակով շուկայում առաջին տեղը զբաղեցնում է Լիգա Ինշուրանսը, երկրորդ տեղում` Նաիրի Ինշուրանսը, այնուհետև մնացած ապահովագրական ընկերությունները։
- Զարմանալիորեն 1 պայմանագրի գծով միջին ապահովագրավճարի ցուցանիշը 01․01․2023-31․05․2023-ն ընկած ժամանակահատվածում նվազել է՝ չնայած ազատականացման հետևանքով հնարավոր թանկացման վերաբերյալ հանրային կարծիքի։ Միջին ապահովագրավճարի ցուցանիշը նվազել է 0,3%-ի չափով։ Այս ցուցանիշի անկման վրա կարող է ազդել հետևյալ 2 գործոնները կամ դրանցից մեկը․
- ԱՊՊԱ սակագների ազատականացումից հետո ոչ թե թանկացել, այլ էժանացել են
- Մարդիկ սկսել են ավելի շատ կարճաժամկետ պայմանագրեր կնքել, ինչը արհեստականորեն նվազեցնում է 1 պայմանագրի միջին ապահովագրավճարի չափը։
- 1 պայմանագրի գծով սահմանած միջին ապահովագրավճարի գծով՝ ապահովագրական շուկայում առաջատար տեղում է Արմենիա Ինշուրանսը, իսկ առցանց կնքված պայմանագրերի քանակով՝ Լիգա Ինշուրանսը։ Ընդհանուր պատկերը կարող եք տեսնել ստորև բերված gծապատկերում։
- ԱՊՊԱ համակարգում տրված հատուցումները գույքային վնասների համախառն գումարը աճել է 11․0%-ի չափով՝ 5․8 մլրդ-ից դառնալով 6․4 մլրդ ՀՀ դրամ, իսկ անձնական վնասների գծով նվազել 26․1%-ի չափով։ Համախառն ապահովագրավճարները մի փոքր ավելի արագ են աճել՝ 8,4%-ով, քան համախառն հատուցումները՝ 7․9%-ով։
- Հատկանշական է, որ ճնայած միջին ապահովագրավճարի անփոփոխ լինելուն՝ 7,4%-ով աճել է գույքային հատուցումների միջին չափը, ինչը վկայում է պահեստամասերի թանկացման և դրա առաջարկի նվազման վերաբերյալ։