Ձեզ ենք ներկայացնում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության և insurebusiness.am կայքի կողմից կազմակերպված դրամաշնորհային մրցույթի հաղթող ճանաչված խմբի հետազոտական աշխատանքը։
Աղաբաբյան Անգելինա
Դալլաքյան Գեղեցիկ
Հուսիկյան Միլանա
Ղազարյան Լիլիթ
Վիճակագրություն, բակալավրիատ, 3-րդ կուրս, ՀՊՏՀ
ՀՀ ապահովագրական շուկայի գործունեության կայունությունը կարևոր բաղադրիչ է հանդիսանում երկրի սոցիալական և տնտեսական կայունությունը երաշխավորելու գործում: Չնայած շուկայի կայացման որոշակի մակարդակի՝ այն դեռևս ընդգրկված չէ զարգացած ապահովագրական շուկաների շարքում, ինչը հիմնականում պայմանավորված է համակարգի՝ որպես նոր զարգացող ֆինանսական ինստիտուտի առկա խնդիրներով և թերություններով:
Այս համատեքստում ՀՀ ապահովագրական շուկայում առկա ամենամեծ խոչընդոտներից է ապահովագրական ծառայությունների նկատմամբ հասարակության վստահության ձևավորումը։ Հետևաբար, այս հետազոտության նպատակն է ապահովագրական ընկերությունների ծառայությունների համակարգի բարեփոխման գործընթացի, ինչպես նաև ապահովադիրների (հաճախորդների) սպասարկման որակի շարունակական բարելավման վրա ազդող առավել էական գործոնների բացահայտումն ու վերլուծությունը:
Իրականացված հարցմանը մասնակցել են 2,118 ռեսպոնդենտ Երևանից(45%) և մարզերից(55%)։ Հարցաթերթն ուղարկվել է մի շարք ոլորտների կազմակերպությունների էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաև ոլորտի առանձին աշխատակիցների հետ անցկացվել է առերես հարցում։ Հարցվածների բաշխումն ըստ մի շարք չափանիշների ներկայացված է ստորև գծապատկերում.
Հարցվողների շուրջ 31%-ը ՀՀ ապահովագրական շուկայի զարգացման էական խոչընդոտ են համարել ապահովագրության նկատմամբ հետաքրքրության բացակայությունը: Բնակչության մեջ թերևս իշխում է այն կարծիքը, որ ապահովագրությանը տրված գումարները ֆինանսական միջոցների անտեղի վատնում են։ Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ հարցվողների զգալի մասը «ապահովագրություն» հասկացությունն ասոցացրել են «քցոցի» հասկացության հետ:
Ինչո՞վ է պայմանավորված ապահովագրության բացասական ընկալումը Հայաստանում
Մենք առանձնացրել ենք 2 փոփոխականներ, որոնք կարող են օգնել մեզ գնահատել շուկայի կողմից ապահովագրության ընկալումը: Մեր հիմնական վիճակագրական մոդելի կախյալ երկուական փոփոխականը մշակվել է հարցման պատասխանների հիման վրա՝ սահմանված 1 “ապահովագրություն” բառի բացասական ընկալման, և 0՝ դրական ասոցացման դեպքում։ Բացասական ընկալման բանալի բառերն են «ծախս», «ավտովթար», «վարկ» և «քցոցի» տարբերակները։ Դրական ընկալում են համարվել «ներդրում», «ապահովություն», «եկամուտ» և «պաշտպանություն» պատասխանները։ Երկրորդական մոդելի կախյալ փոփոխական է ընտրվել ապահովագրական շուկայի հուսալիության և կայունության գնահատականը։ Փոփոխականի նվազագույն արժեքն է 1 (այսինքն՝ վստահության բացակայություն), առավելագույնը՝ 5 (բացարձակ վստահություն):
Ներառված անկախ փոփոխականներն են հարցվողի սեռը, տարիքային խումբը, կրթությունը, բնակության վայրը, զբաղվածությունը և եկամտային խումբը, ընտանիքում մեքենայի առկայությունը, բանկային ոլորտի կայունության մակարդակի գնահատականը՝ որպես ֆինանսական հաստատությունների և գործիքների հետ աշխատելու ընդհանուր փորձը մոտարկող անուղղակի վերահսկիչ փոփոխական, և յուրաքանչյուր ապահովագրական ընկերության հետ առնչության առկայությունը:
Հիմնական լոգիստիկ մոդելի արդյունքները ներկայացված են ստորև. (Հետազոտության ամբողջական տարբերակը հասանելի կլինի շուտով…)
Հետազոտելով ապահովագրության վերաբերյալ մարդկանց կարծիքները՝ ապահովագրական ընկերությունների հաճախորդների մոտ, Ռեսո և Սիլ ընկերությունները դրական են տրամադրված՝ համեմատած «ՌԳՍ Արմենիա»-ին (որը համեմատական հիմք է վերցվել՝ հարցվածների մեջ մեծամասնություն կազմելու պատճառով), սակայն, արդյունքները վիճակագրորեն նշանակալի չեն։ Նույն հիմքը՝ ՌԳՍ Արմենիա»-ն, վերցնելով, «Նաիրի Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների հաճախորդները վերապահումով են մոտենում ապահովագրությանը և ունեն առավել բացասական ընկալում։
Հաջորդիվ, ուսումնասիրելով հարցվողների աշխատանքային ոլորտը՝ կարելի է եզրակացնել, որ համեմատած ֆինանսական ոլորտում աշխատող անձանց, արդյունաբերական ոլորտի աշխատակիցների մոտ ապահովագրության բացասական ընկալման հավանականությունը առավել բարձր է, իսկ պետական մարմինների աշխատակիցների շրջանում՝ ամենացածր։
Դիտարկելով հարցվողների տարիքը՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ համեմատած 18-25 տարիքային խմբի մարդկանց, բացասական ասոցացման հավանականությունը առավելապես բարձր է երիտասարդների, և 56 տարեկանից բարձր անձանց շրջանում, սակայն այս դեպքում ևս, արդյունքները վիճակագրորեն նշանակալի չեն։ Մինչդեռ 36-55 տարիքային խումբը, որն էլ այսօր, ենթադրաբար, հանդիսանում է ապահովագրական ընկերությունների թիրախային հաճախորդների խումբ, համեմատաբար ավելի դրական է ընկալում ապահովագրական ոլորտը։
Ուսումնասիրելով հարցվողների եկամուտը՝ ակնհայտ է դառնում, որ որքան բարձր անհատի եկամուտը, այդքան ավելի ցածր՝ ապահովագրության բացասական ասոցացման հավանականությունը։
Ինչպես նաև՝
- Ընտանիքում մեքենայի առկայությունը մեծացնում է բացասական ընկալման հավանականությունը 9%-ով,
- Տղամարդիկ 6%-ով ավելի հակված են ապահովագրական ոլորտի բացասական ընկալմանը,
- Որքան անձը ավելի բարձր է գնահատում բանկային համակարգի կայունությունը/վստահելիությունը, այդքան ավելի հավանական է, որ ապահովագրության ընկալումը բացասական է,
- Երևանի բնակիչների շրջանում բացասական ընկալման հավանականությունը 1․6% նիշով ավելի ցածր է՝ համեմատած մարզերի բնակչության հետ:
Ինչպե՞ս կարելի է բարձրացնել ապահովագրության նկատմամբ Ձեր հետաքրքրությունը
Ապահովագրական ընկերություններից օգտվելիս, հարցվողները առավել մեծ կարևորություն են տվել արագ սպասարկմանը և ընկերության երկար տարիների փորձին (համապատասխանաբար 71% և 40%)։ Ըստ հարցվողների, առաջին հերթին անհրաժեշտ է ընդլայնել ապահովագրական պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվությունը (57.2%): Գերակշիռ մաս են կազմել նաև այն ռեսպոնդենտները, որոնց ապահովագրական ծառայություններից օգտվելուն խոչընդոտել է ՀՀ-ում ապահովագրության կազմակերպման որակը (51.1%):
Ապահովագրական պրոդուկտների ցանկի ընդլայնումը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեծացումը, ըստ հարցվողների, առավել փոքր ազդեցություն կունենան ապահովագրության նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացման վրա: Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը ապահովագրության նկատմամբ իրենց հետաքրքրության բարձրացման վրա ազդող ոչ էական գործոն համարելով հանդերձ, հարցվողների մեծամասնությունը (շուրջ 40%-ը) նախընտրում են ապահովագրական պայմանագիր ձեռք բերել բջջային հավելվածի և կայքի միջոցով: