Հեղինակներ՝
Լիա Դոլենկո, Էլլադա Խաչատրյան
ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներ

Շատերը կարծում են, որ ապահովագրությունը ձանձրալի ոլորտ է, և ոչ մի հետաքրքիր փաստ հնարավոր չի գտնել դրա վերաբերյալ։ Բայց արի ու տես, որ աշխարհում կան մի շարք ապահովագրության տեսակներ, որոնք շեղվում են ստանդարտ պրոդուկտներից և առաջարկում նմանը չունեցող ծածկույթներ։ Եվ այսպես․

1. Վալենտինի ապահովագրություն (Valentine insurance)

Վալենտինի ապահովագրությունը այլ կերպ կոչվում է սիրո ապահովագրություն, որը ստեղծվել և մշակվել է ճապոնական ապահովագրողների կողմից։ Ճապոնիայում ընդունված է, որ Վալենտինի օրը միայն կանայք են նվեր տալիս տղամարդկանց։ Միայնակ տղամարդիկ կարող են վճարել 500 ճապոնական յեն, և երաշխավորեն, որ Փետրվարի 14-ին ստանալու են որևէ մեկից ինչ-որ նվեր․ սովորաբար քաղցրավենիք և սիրո խոստովանական նամակ։ Այս կերպ ճապոնացի տղամարդիկ շրջանցում են Վալենտինի օրը սոցիալապես լքված լինելու ռիսկը։

2. Ընկնող կոկոսի ապահովագրություն (Falling coconut insurance)

Իսկ դուք գիտեի՞ք, որ ընկնող կոկոսը տարեկան սպանում է մոտ 150 մարդու։ Բայց ասում են, որ Հավայան կղզիներում հետաքրքիր մի դեպք է պատահել վիրավոր մի ոստիկանի հետ, ով ընկնող կոկոսի պատճառով ստացել է 39,000 դոլարի չափով վնասի փոխհատուցում:

3. Մահ ծիծաղից (Death by Laughter)

Չափից շատ ծիծաղելը շատերի կարծիքով մահվան չափազանց հազվագյուտ ձև է, որը սովարաբար առաջանում է շնչահեղձության հետևանքով։ Ծիծաղի հետևանքով մահվան դեպքեր հիմնականում գրանցվել են Հին Հունաստանում, իսկ 1990 ականներից սկսած մարդիկ սկսեցին ապահովագրության պայմանագրեր գնել Լոնդոնի Լլոյդս ընկերությունից։

4. Ծխախոտի ապահովագրություն (Cigar Insurance)

Ունենալ և ծխել թանկարժեք սիգար՝ ստեղծելով Հոլիվուդյան դերասանի կերպար, հաճելի զգացողություն է։ Բայց արդյո՞ք արժի սիգարի համար ապահովագրություն կնքել։ Պարզվում է՝ այո, կա նման ապահովագրություն։

Օրինակ՝ Շառլոտում հայտնի փաստաբաններից մեկը, գնելով չափազանց հազվագյուտ և թանկարժեք սիգարներ, ապահովագրեց դրանք հրդեհից։ Մի շաբաթ անց, ամբողջ սիգարները ծխելուց հետո, փաստաբանը հայտ ներկայացրեց ապահովագրական ընկերությանը` հատուցում ստանալու նպատակով։ Ապահովագրական ընկերությունը մերժեց հայտը`պատճառաբանելով, որ ապահովադիրը այն օգտագործել է սովորական ձևով, և ոչ մի պատահականություն չկա։ Փաստաբանը դիմեց դատարան և դատը շահեց։ Դատավորը նշեց, որ ապահովագրական պայմանագրում նշված չի եղել, թե որն է համարվում «պատահական հրդեհ» և պահանջեց ապահովագրողից տալ հատուցում։ Ապահովագրական ընկերությունը ընդունեց դատարանի որոշումը և վճարեց 15,000 դոլար` «հրդեհի հետևանքով կորած սիգարներ» համար։

5. Մարմնի մասերի ապահովագրություն (Body Part Insurance)

Ֆուտբոլիստները, երաժիշտներն ու դերասանները իրենց հիմնական եկամուտները ստանում են իրենց բնատուր տաղանդների միջոցով և բնականաբար ցանկանում են ապահովագրել այն ակտիվները ( ֆուտբոլիստի ոտքերը, երաժիշտի ձեռքերը, և այլն), որոնք նրանց դարձնում են հարուստ և նպաստում կարիերիայի առաջխաղացմանը։

Օրինակ, հայտի «դեգուստատոր» Գենարո Պելլիչիյան իր լեզվի ապահովագրության մեջ ներդրել է 14 մլն դոլար և բացատրել նրանով, որ փորձել է մի քանի հազար տեսակի սուրճ, և գլխավորն այն է, որ կարողանում է տարբերել դրանք ու օգտակար խորհուրդներ տալ, թե ինչպես բարելավել այս կամ այն սուրճի համը։ Այս դեպքում էլ լեզուն նրա համար նույնքան կարևոր է,որքան դաշնակահարի համար իր մատները։

6. Վերելակի մեջ մնալու ապահովագրություն (Elevator insurance)

Վախը բավականին տարածված երևույթ է։ Ու թեև վերելակում մնալը հազվադեպ է հանգեցնում վատ հետևանքների, կան մարդիկ, ովքեր ապահովագրվում են դրանցից։ Գոյություն ունի ապահովագրության տեսակ, ըստ որի՝ վճարելով տարեկան 12-28 ովրո հնարավոր է ստանալ մինչև 75 եվրո հատուցում՝ վերելակում մնալու հետևանքով։

7. Վիճակախաղի ձախողման ապահովագրություն (Lottery Failure Insurance)

Շատերը վիճակախաղի տոմսեր են գնում հսկայական մրցանակային ֆոնդ շահելու հույսով: Այնուամենայնիվ, շահումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գլխավոր մրցանակին հասնելու հնարավորությունը չափազանց փոքր է: Այդ պատճառով ապահովագրական ընկերությունները առաջարկում են հետևյալը․ այն անձը, ով տարեկան առնվազն 52 անգամ խաղացել է վիճակախաղ և երբեք ոչինչ չի շահել, կստանա 2,500 եվրո փոխհատուցում: Ապահովագրության արժեքը՝ տարեկան 12-28 եվրո:

8. Այլմոլորակայինների առևանգումից ապահովագրություն (Alien abduction insurance)

Ծիծաղելի է թվում, բայց արի ու տես, որ կան մարդիկ, ովքեր կնքում են այսպիսի ապահովագրության պայմանագրեր։ Օրինակ, Հոլանդական ապահովագրական ընկերություններից մեկը պատրաստ է հատուցում վճարել, եթե այլմոլորակայիններն առևանգեն իրենց հաճախորդին՝ նրա կամքին հակառակ։ Այս փաթեթի արժեքը կազմում է 12-28 եվրո, մինչդեռ ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում տուժածը 5,000 եվրոյի չափով փոխհատուցում կստանա։ Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել առևանգման փաստը ապացուցող լուսանկարներ, տեսագրություն կամ վկայի ցուցմունք։

9. Երկվորյակների կամ եռյակի ծնունդ (Multiple Birth Insurance)

Ճանաչու՞մ եք որևէ մեկին, ով ունի երկվորյակ կամ եռյակ։ Նրանք հաստատ կցանկանային մինչև ծննդաբերելը տեղյակ լինել ապահովագրության այս տեսակի մասին։ Այս տեսակի պայմանագրերը նախատեսված են ծնողներին հատուցում տրամադրելու համար, եթե նրանք միաժամանակ ծննդաբերեն մեկից ավելի երեխա։ Պայմանագիրը պետք է կնքվի հղիության շատ վաղ շրջանում` մինչև երեխաների քանակը իմանալը։

10. Ընկնող «Սպուտնիկ»-ի ապահովագրություն (falling sputnik insurance)

Երբ 1957 թվականին ռուսները արձակեցին «Սպուտնիկ» արբանյակը, այն համաշխարհային խուճապ առաջացրեց։ Որոշ մարդիկ այնքան վախեցան սպասվող աղետից, որ Լոնդոնի Լլոյդս-ը կնքեց 22,000 դոլարի պայմանագրեր՝ պաշտպանելով «Սպուտնիկ-ի ընկնելու» հետևանքով առաջացած պատահական մահից։ Պետք է ասել, որ արբանյակի ընկնելու հետևանքով վնասվածքների կամ մահվան դեպքեր երբևէ չեն գրանցվել։

Տարօրինակ ապահովագրության տեսակները ՀՀ-ում

Ինչը վերաբերվում է ՀՀ-ում իրականացվող ապահովագրության տեսակներին, այստեղ որևէ արտառոց բան տեղի չի ունենում։ Թերևս տարօրինակ կարելի է է համարել տնային կենդանիների ապահովագրությունը, որը ներկայումս գործող 6 ապահովագրական ընկերություններից իրականացնում է միայն մեկը` ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն։