2010 թ․-ի երկրորդ կեսին տեղի ունեցավ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի առաջին ընդհանուր ժողովը, որն էլ հանդիսանում էր ԱՊՊԱ համակարգի լիակատար ներդրման մեկնարկը։ Ի սկզբանե բյուրոն նախատեսված էր սոցիալական խնդիր լուծելու և ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում կողմերի փոխհարաբերությունները համակարգելու համար։ Այժմ ԱՊՊԱ համակարգի կայունությունը և զարգացումը ապահովող մարմնի գերնպատակն է ՃՏՊ-ում տուժած անձանց շահերի պաշտպանությունը։

Այս 10 տարիների ընթացքում ԱՊՊԱ համակարգն ունեցել է բազում փոփոխություններ՝ բարելավումներ, որոնք միտված էին համակարգն ավելի արդյունավետ և հավասարակշռված դարձնելուն։ Օրինակ՝ պայմանագրերի թղթային տարբերակից կնքման անցումը առցանց ASWA պլատֆորմի, որտեղ վարորդները առանց որևէ ընկերություն կամ գործակալություն այցելելու կարողանում են ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր իրենց մեքենաների համար։ Ավելին, քանի որ բոլոր ապահովագրական ընկերությունները ունեն հնարավորություն մուտք գործել միասնական համակարգ, արդյունքում հատուցումների գործընթացը բավականին պարզեցվել և արագացվել է։

Մեկ այլ նորամուծություն էր նաև վարորդական պատմության հիման վրա վարորդի նկատմամբ զեղչերի կամ տույժերի կիրառումը։ 2013 թ․-ից ԱՊՊԱ սակագինը կախված է ոչ միայն տրանսպորտային միջոցի տեսակից, օգտագործման նպատակից և շարժիչի հզորությունից, այլ նաև նախորդ տարիներին վերջինիս սեփականատիրոջ մեղավորությամբ վթարների առկայությունից։ Բոնուս-Մալուս համակարգը առանձնացնում է կարգապահ և անկարգապահ վարորդներին, այսպիսով խրախուսելով մեքենայի օրինապահ, և ամենակարևորը՝ ուշադիր վարումը։

Տնտեսության զարգացման հետ համատեղ, ապահովագրված մեքենաների քանակը տարեց տարի աճում է։ Տարեկան միջինում 4% աճը բնական էր մինչև 2019 թ․, երբ տեղի է ունեցել 18,5% աճ։ Այս ֆենոմենը հնարավոր է բացատրել Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության անցումային ժամանակահատվածի հետ։ Անդամակցությունը էականորեն բարձրացնելու էր մեքենաների ներկրման ժամանակ մաքսատուրքերը, որն էլ ստիպելու էր բնակիչներին մեքենաներ ձեռք բերել երկրի ներսից կամ ԵԱՏՄ այլ անդամ պետություններից։

Արդյունքում մեքենաների ներկրումը երրորդ երկրներից (ԱՄՆ, Ճապոնիա, Վրաստան) դառնալու էր տնտեսապես չարդարացված որոշում։ Այդ իսկ պատճառով 2019 թ․-ին բավականին շատ մեքենաներ են բերվել Հայաստանի տարածք, հետագայում ավելի բարձր գնով վաճառելու կամ հենց սեփական օգտնագործման համար։ Հաջորդ ամիսներին այս մեքենաների մեծ մասը արտահանվել է երկրից, ինչն էլ փաստում է 2020 թ․-ին մեքենաների նվազած քանակը։

Ապահովագրած մեքենաների նմանատիպ օրինաչափություն կարելի է նկատել ցամաքային տրանսպորտային միջոցների պատասխպանատվության ապահովագրության դասի գրանցած համախառն ապահովագրավճարների մեջ։ Ճանապարհներների ծանրաբեռնվածության ավելացման հետ պատահարների քանակն ավելացել է, ինչն էլ հատուցումների աճի պատճառ է դարձել։

ԱՊՊԱ համակարգը գործում է արդեն 10 տարի, սակայն այն դեռ շարունակում է զարգանալ և ձևավորել իր գործընթացները։ Այս ընթացքում եղել են բավականին արդյունավետ նախագծեր, ինչպես նաև հաջողության չհասածները, սակայն վերջիններս շարունաբար հղկվել են և դարձել ոլորտի անբաժան մասը։

Author

  • ԱՐՓԻ ՍԻՆԱՆՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի բաժնի ղեկավար, ԷՖԵՍ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության Մագիստրոս (ՀԱՀ), Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2020