Ավտոմեքենայի ապահովագրությունը Հայաստանում ասոցացվում է ԱՊՊԱ-ի հետ։ Ավելին, ԱՊՊԱ-ն դարձել է ապահովագրական ընկերությունների, ճանապարհատրանսպորտային պատահարի կամ ապահովագրության հետ կապված ցանկացած գործողության «բառը»։ Օրինակ՝ «ԱՊՊԱ է եղել», նշանակում է` «վթար է եղել», «Զանգի՛ր ԱՊՊԱ» նշանակում է զանգել ապահովագրական ընկերությանը, «մարդու ԱՊՊԱ» նշանակում է առողջության ապահովագրություն և այլն։

Քանի որ ԱՊՊԱ համակարգի մասին խոսվում է անընդհատ և ամենուր, և առանց ԱՊՊԱ այլևս կյանքն անհնար է, այս հոդվածում կներկայացնենք մեքենայի հետ կապված այլ տեսակի ապահովագրությունները։

Ավտոտրանսպորտային միջոցները վնասվում են մի շարք պատճառներով, մասնավորապես․ ճանապարհատրանսպորտային պատահարներ (ներառյալ՝ բախում այլ մեքենայի հետ), շրջում, վթար ծառին/պատին, մեքենայի հրդեհ կամ պայթյուն, բախում այլ առարկաների հետ (օրինակ՝ ծառերի ճյուղերի անկում), տանիքից կամ շենքի լուսամուտներից տարբեր իրերի անկում, մեքենայի դիտավորյալ վնասում չարագործների կողմից։ Մեքենան ենթարկվում է տարբեր տարերային աղետների (օրինակ՝ կարկուտի, ուժգին քամու, ձյան կամ սելավի), ինչպես նաև կենդանիների գործողությունների (օրինակ՝ մեքենաների պահեստամասերի հոշոտում շների խմբերի կողմից)։

Թվարկված վնասների մեծ մասը չի հատուցվում ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում։ Ինչպես գիտեք, ԱՊՊԱ-ն հատուցում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասները։ Իսկ մեղավոր կողմի մեքենայի վնասները հատուցման ենթակա չեն։ ՃՏՊ-ից զատ այլ վնասները որևէ պարագայում ԱՊՊԱ-ի շրջանակներում հատուցելի չեն։

Ներկայացված վնասների հատուցման համար ապահովագրական ընկերությունները առաջարկում են ԿԱՍԿՈ ապահովագրություն, կամ տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրություն, կամ նմանատիպ այլ անվանմամբ ապահովագրություն։ Հանրությունը հաճախ նաև այն անվանում է «Ֆուլլ ԱՊՊԱ»։ ԿԱՍԿՈ բառը թարգմանաբար նշանակում է կմախք կամ սաղավարտ։ Այն բուն մեքենայի ապահովագրություն է, և մեքենայի սեփականատիրոջը պաշտպանում է թվարկված բոլոր ռիսկերից։ Ստորև ներկայացնենք ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ հիմնական տարբերությունները․

Աղյուսակ 1. ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ հիմնական տարբերությունները․

ԻրավիճակԱՊՊԱԿԱՍԿՈ
ՃՏՊ-ում մենք մեղավոր ենք🞭
ՃՏՊ-ում մենք տուժող ենքՄինչև 1,800,000 դրամ վնասները
Մեքենան բախվել է ավտոտնակի դռանը և վնասվել🞭
Ձին հարվածել է մեքենայի դռանը և վնասել🞭
Մեքենայի դիմապակին վնասվել է դիմացի մեքենայի անիվի տակի քարից🞭
Քամու հետևանքով ծառը շրջվել և վնասել է կայանված մեքենան🞭
Վանդալները նկարել են մեքենայի դռների վրա🞭
Բակի երեխաները պատահաբար վնասել են մեքենայի հայելին🞭
Առավոտյան զարթնել ենք, և մեքենան բակից գողացել են🞭
Գողացել են մեքենայի լուսարձակները🞭
Հարևան այգու խոտածածկի հրդեհը հասել է մեքենային և այն ամբողջությամբ այրել🞭

Աղյուսակից երևում է, որ ԿԱՍԿՈ-ն հատուցում է մեքենայի հետ տեղի ունեցող հնարավոր վնասների մեծ մասը։ ԿԱՍԿՈ ապահովագրության գնագոյացումը մի փոքր տարբերվում է ԱՊՊԱ-ից։ Ստորև ներկայացված են գնագոյացման աղյուսակը և հիմնական տարբերությունները․

Աղյուսակ 2. ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ գնագոյացման տարբերությունները․

ԳործոնԱՊՊԱԿԱՍԿՈ
Մեքենայի ձիաուժ🞭
Օգտագործման նպատակ (անձնական, ծառայողական և այլն)
Մեքենայի տեսակ (թեթև մարդատար, բեռնատար, և այլն)
Վարորդների վարորդական պատմություն (Բոնուս-Մալուս)
Վարորդների տարիք🞭
Վարորդների վարորդական փորձառություն🞭
Վարորդների սեռ🞭
Վարորդների ամուսնական կարգավիճակ🞮
Վարորդների աշխատանքի բնույթ🞮
Մեքենայի մակնիշ, մոդել🞮
Մեքենայի տարեթիվ🞮
Մեքենայի գույն🞮
Մեքենայի շուկայական արժեք🞮
Մեքենայի կիլոմետրաժ🞮
Այլ գործոններ🞮

Յուրաքանչյուր ընկերություն ԿԱՍԿՈ-ի գնագոյացման համար կարող է ընտրել տարբեր գործոններ։ Աղյուսակում ներկայացված են այն հիմնական պարամետրերը, որոնցից կախված է ԿԱՍԿՈ ապահովագրության սակագինը։

ԱՊՊԱ գները սահմանվում են պետականորեն՝ Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից, և ապահովագրական ընկերությունները իրավունք չունեն առաջարկել հաստատված սակագներից տարբերվող այլ սակագներ։ ԿԱՍԿՈ-ն համարվում է կամավոր տեսակի ապահովագրություն, և ամեն ապահովագրական ընկերություն որոշում է իր սակագնային քաղաքականությունը։

ԿԱՍԿՈ պայմանագրերի հիմնական պարամետրերը

ԿԱՍԿՈ գինը հաշվարկվում է մեքենայի շուկայական արժեքի վրա՝ որոշակի սակագին կիրառելով․

Ապահովագրավճար = Շուկայական արժեք x Սակագին

Սակագինն ունի տոկոսային արտահայտություն և ձևավորվում է ըստ վերոնշյալ աղյուսակի գործոնների։

Օրինակ՝ 2019 թվականի արտադրության Toyota Camry մեքենայի միջին շուկայական արժեքը 10,000,000 ՀՀ դրամն է, իսկ ԿԱՍԿՈ միջին սակագինը՝ 3%: Տարեկան ապահովագրավճարը կկազմի 300,000 ՀՀ դրամ։

ԿԱՍԿՈ շրջանակներում հատուցման առավելագույն չափը կամ ապահովագրական տերմինաբանությամբ՝ ապահովագրական գումարը, չի կարող գերազանցել մեքենայի շուկայական արժեքը։ Այսինքն՝ սեփականատերը չի կարող ստանալ ավելի շատ հատուցում, քան պատահարի պահին մեքենայի շուկայական արժեքն է։

Պայմանագրերը հիմնականում կնքվում են սահմանափակ լիազորված վարորդներով, այսինքն՝ հստակ ֆիքսվում է այն անձանց շրջանակը, ովքեր վարելու են մեքենան (լիազորված վարորդներ)։ Եթե պատահարում ներգրավված վարորդը պայմանագրով լիազորված չէ, ապահովագրական ընկերությունը մեծ հավանականությամբ մերժում է հատուցումը։

Ինչպես տեսնում եք աղյուսակից, ապահովագրական ընկերությունները հատուկ ուշադրություն են դարձնում վարորդի վարորդական պատմությանը, տարիքին, ստաժին և այլ գործոնների։ Երիտասարդ և անփորձ վարորդների համար սակագինը ավելի բարձր է, իսկ շատ հաճախ նաև ընկերությունները հրաժարվում են ապահովագրել մինչև 21 կամ 23 տարեկան տղաներին։ Նույնը վերաբերում է նաև վարորդական պատմությանը՝ որքան քիչ վթարներ, այնքան ավելի էժան է վճարը։ Վարորդի ամուսնական կարգավիճակից և երեխաների առկայությունից ելնելով՝ նույնպես հնարավոր է ստանալ զեղչեր։ Ամուսնացած և երեխա ունեցող վարորդները մեքենան ավելի պատասխանատվությամբ են վարում, քան երիտասարդ, տաքարյուն տղաները։

Պայմանագրերը կարող են կնքվել նաև առանց կոնկրետ լիազորված վարորդների՝ անսահմանափակ վարորդներով։ Այս պարագայում մեքենան կարող է վարել յուրաքանչյուր ոք, ում սեփականատերը կթույլատրի։ Բնականաբար այս տարբերակի սակագինը ավելի թանկ է։

Պայմանագրում նշվում են նաև այն բոլոր ռիսկերը, որոնցից մեքենան ապահովագրվում է։ Օրինակ՝ ՃՏՊ, հրդեհ, պայթյուն և այլն։ Ռիսկերի շրջանակը որքան լայն է, այնքան սակագինը թանկանում է։ Իհարկե, սակագնի վրա ազդող հիմնական ռիսկը ՃՏՊ-ն է, քանի որ վնասների մեծ մասը տեղի է ունենում հենց ՃՏՊ հետևանքով։ Այնուամենայնիվ, մյուս ռիսկերը նվազեցնելով՝ հաճախ հնարավոր է լինում ստանալ որոշակի զեղչեր։

Ապահովագրության պայմանագրերը հիմնականում կնքվում են 1 տարով։ Ժամկետի ավարտից հետո դրանք վերակնքվում են ևս 1 (մեկ) տարով։ Վերակնքման ժամանակ ապահովագրական ընկերությունը կարող է հավելյալ զեղչեր առաջարկել, եթե տարին անցել է առանց հատուցումների։ Վթարների դեպքում ապահովագրողը կարող է բարձրացնել սակագինը կամ հրաժարվել վերակնքելուց։

ԿԱՍԿՈ Պայմանագրերում նշվում է նաև ապահովագրության տարածքը։ Այն հիմնականում սահմանափակվում է Հայաստանի և Արցախի Հանրապետության տարածքներով։ Հաճախ նաև ընդգրկում է Վրաստանի, Իրանի և ԱՊՀ երկրների տարածքը։ Ամեն դեպքում ապահովագրողները տարածքային սահմանափակումներ չունեն և նույնիսկ կարող են հատուցել ամբողջ աշխարհում տեղի ունեցած պատահարները։

ԿԱՍԿՈ ծածկույթը հաճախ ունենում է չհատուցվող գումար (ֆրանշիզա)։ Չհատուցվող գումարը մեքենայի սեփականատիրոջ կամ վարորդի մասնակցության չափն է վնասի հատուցման մեջ։ Այն հիմնականում սահմանվում է մեքենայի շուկայական արժեքի 1%-ի չափով։ Օրինակ՝ վերոնշյալ Toyota Camry-ի չհատուցվող գումարը կկազմի 100,000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ մինչև 100,000 դրամ վնասները ապահովագրական ընկերությունը չի հատուցի։

Չհատուցվող գումարը լինում է պայմանական և ոչ պայմանական։ Պայմանական չհատուցվող գումարը նշանակում է, որ 100,000 դրամի գերազանցման դեպքում ապահովագրողը հատուցում է ամբողջ վնասը։ Ոչ պայմանականի դեպքում առաջին 100,000 ՀՀ դրամը վճարելու պարտականությունը սեփականատիրոջն է։

Բնականաբար, չհատուցվող գումարի չափը ունի ուղիղ ազդեցություն ապահովագրավճարի վրա։ Որքան բարձր է չհատուցվող գումարը, այնքան ցածր է սակագինը։ Ապահովագրողները կարող են առաջարկել նաև առանց չհատուցվող գումարի տարբերակներ, որի դեպքում սակագինը շատ ավելի բարձր է։

Չհատուցվող գումարի կիրառությունը կարող է լինել նաև ըստ ռիսկի։ Օրինակ՝ կիրառվի միայն ՃՏՊ դեպքում, իսկ տարերային աղետների դեպքում չկիրառվի։ Կամ կիրառվի միայն կոնկրետ վարորդների համար, օրինակ՝ մինչև 23 տարեկան վարորդների համար կիրառվի X չափով, իսկ ավելի տարեց վարորդների համար՝ ավելի քիչ չափով։ Չհատուցվող գումարը կարող է արտահայտվել տոկոսային՝ հաշվարկված կամ մեքենայի շուկայական արժեքից կամ վնասի չափից։ Այն կարող է նաև արտահայտվել բացարձակ չափով՝ ֆիքսված դրամային արտահայտությամբ։

Հիմնական բացառություններ

Յուրաքանչյուր ապահովագրող կիրառում է տարբեր բացառություններ, սակայն հիմնական բացառությունները կրկնվում են։ Օրինակ՝ ապահովագրողները հիմնականում չեն հատուցում մեքենայի համարանիշների վնասները կամ գողությունը, ինչպես նաև միայն անվադողերի վնասները։ Չեն հատուցվում նաև մեքենայի գունափայլային շերտի մանր վնասները կամ, ժողովրդական լեզվով ասած, «մանր-մունր խազերը»։ Հաճախ չի թույլատրվում նաև ոչ գործարանային պայմաններում մեքենան ենթարկել թյունինգի։

Ապահովագրողները չեն հատուցում ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու հետևանքով պատճառված վնասները, առանց վարորդական վկայականի մեքենա վարելը, ինչպես նաև արագության չափից շատ գերազանցումը, կարմիր լույսի տակով անցումը, արգելված վայրում հետադարձ կատարելը, վարելիս հեռախոսով խոսելը և այլն։ Ապահովագրողները նաև ուշադրություն են դարձնում ձմռանը ձմեռային անվադողերով երթևեկության կանոններին։ Եթե վարորդը հունվար ամսին ենթարկվում է ՃՏՊ-ի, և պարզվում է, որ անվոդողերը ամառային են, ապահովագրական ընկերությունը կունենա մերժման հիմք։

Պարտադիր պայման է այն, որ վարորդը պատահարի մասին ահազանգի վթարից անմիջապես հետո։ Ուշացումները նույնպես կարող են հետագայում մերժման պատճառ դառնալ։

Հատուկ պահանջներ կարող են դրվել գողության ռիսկի համար։ Օրինակ՝ չի կարելի մեքենայի պատուհանները բաց թողնել առանց հսկողության, իսկ մեքենայի տեխ․անձնագիրը՝ մեքենայի ներսում։

Ընդհանուր բացառություններ են պատերազմական գործողությունները, քաղաքացիական հուզումները, միջուկային պայթյունները և այլն։

Բացառությունները բազում են և բազմապիսի, և պայմանագիր կնքելիս հաճախորդները պետք է առավելագույնը ուշադրություն դարձնեն բացառությունների նրբություններին։

Պայմանագրերի կնքման կարգը

Պայմանագիրը կնքելիս մեքենան առավել մանրամասնությամբ լուսանկարահանվում է և տեսանկարահանվում։ Կարևոր է, որպեսզի մեքենան լինի մաքուր, առանց վնասների։ Ապահովագրողները արձանագրում են կիլոմետրաժը, վին կոդը, բոլոր առկա վնասները։ Նախքան պայմանագրի կնքումը տեղի ունեցած վնասները ենթակա չեն հատուցման։

Հայաստանում ապահովագրողները առավել ուշադիր են մեքենայի լուսանկարահանման պրոցեսին՝ տարբեր տեսակի զեղծարարություններից խուսափելու համար։

Բացի մեքենայի լուսանկարներից, ապահովագրողները պահանջում են նաև ստանդարտ փաստաթղթեր, մասնավորապես՝ սեփականատիրոջ անձնագիր, վարորդական վկայականներ, կոնտակտային տվյալներ և այլն։

Քանի որ ներկայումս հատուցման և պայմանագրի հետ կապված այլ պրոցեսներ իրականացվում են առցանց տարբերակով, շատ կարևոր է, որպեսզի պայմանագրերում նշվեն գործող էլեկտրոնային հասցեներ։

Հատուցման տարբերակներ

Պատահարի դեպքում հարկավոր է անմիջապես ներգրավել ապահովագրողին։ Ապահովագրողները հիմնականում ունեն 24/7 սպասարկման հեռախոսագիծ, հետևաբար միշտ հասանելի են։

Կախված պատահարի բնույթից՝ ապահովագրողը կարող է ուղարկել իր ներկայացուցչին կամ հրավիրել Ճանապարհային ոստիկանությանը՝ պատահարը արձանագրելու համար։ Փոքր և պարզ վնասների համար ապահովագրողները հաճախ չեն մոտենում և արձանագրում են հեռավար ձևով՝ պատահարի լուսանկարների առցանց փոխանակման միջոցով (viber, whatsap, email և այլն)։

Սեփականատիրոջ կամ վարորդի դիմումից հետո (հաճախ նաև առանց դիմումի) ապահովագրողները իրականացնում են վնասի գնահատում կամ կազմակերպում են վերանորոգում՝ ապահովագրողի հետ համագործակցող վերանորոգողների հետ։ Նոր մեքենաները հիմնականում վերանորոգվում են պաշտոնական վերանորոգողների մոտ։

Վերանորոգման անհնարինության կամ տնտեսական աննպատակահարմարության դեպքում ապահովագրողը հատուցում է մեքենայի ամբողջ շուկայական արժեքը՝ նվազեցնելով մնացորդային արժեքը։ Սովորաբար, տնտեսապես ոչ նպատակահարմար է վերանորոգումը, եթե դրա արժեքը գերազանցում է մեքենայի շուկայական արժեքի 70-80%-ը։

Հավելյալ ծառայություններ

ԿԱՍԿՈ պայմանագրերը հաճախ ունենում են նաև լրացուցիչ ծառայություններ/ծածկույթներ։ Օրինակ՝ ԿԱՍԿՈ պայմանագրով կարող է ապահովագրել նաև երրորդ անձանց պատճառած վնասները, ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում է։ Հասարակությունը այս ծածկույթը անվանում է ԱՊԿԱ։ Փոքր հավելավճարով հնարավոր է ավելացնել ԱՊՊԱ-ի 1,800,000 ՀՀ դրամ սահմանաչափը։

Բացի դրանից՝ հնարավոր է դժբախտ պատահարներից ապահովագրել վարորդին և ուղևորներին։ Պատահարի արդյունքում ստացած մարմնական վնասները հատուցվում են հենց այս ծածկույթով։

Հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու նպատակով ապահովագրողները առաջարկում են նաև մի շարք այլ ծառայություններ, այդ թվում․

  • Անվճար էվակուատորի ծառայություն,
  • Անվադողերի վուլկանացման ծառայություն,
  • Անվճար իրավախորհրդատվություն,
  • Առցանց գործիքակազմ,
  • Վերանորոգման ընթացքում այլ մեքենայի տրամադրում,
  • և այլն։

Հայաստանում ավտոապահովագրության թվային վերլուծությունը, ապահովագրական ընկերությունների ցուցանիշները, վթարների վիճակագրությունը և այլ թվային մանրամասներ կներկայացնենք այս հոդվածի 2-րդ մասում։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Գործառնական տնօրեն, ԷՖԵՍ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010