Մոտենում է 2021 թվականի գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի սպասարկման ժամկետի ավարտը։ Կարելի է ասել, որ այս տարվա պատահարները, որոնք կարող էին լինել, արդեն եղել են, և նոր պատահարներ ապահովագրական ընկերությունները այլևս չեն սպասում։ Տարին հարուստ էր ու թռիչքային և՛ ապահովագրված ֆերմերիների քանակով ու հետաքրքրությամբ, և՛ պատահարներով։

Ի՞նչ էր փոխվել 2020-ի համեմատ

Ինչպես ներկայացվել է insurebusiness-ի ամենաառաջին՝ «Գյուղապահովագրության պիլոտային ծրագիր » հոդվածում՝ Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրությունը մեկնարկել է 2019 թվականի աշնանից, և փաստացի սկիզբ է առել 2020 թվականին։ Եթե 2020-ին ապահովագրվում էին միայն 5 անվանում մշակաբույս՝ խաղող, ծիրան, խնձոր, դեղձ ու հացահատիկային մշակաբույսեր, ապա 2021-ին դրանց թիվը հասավ 9-ի՝ ավելանալով ձմերուկը, սեխը, սալորը և կարտոֆիլը։ Ապահովագրության տարածքը ընդլայնվեց ՀՀ բոլոր մարզերով, և Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բոլոր համայնքները հնարավորություն ստացան ապահովագրել իրենց այգիներն ու ցանքատարածությունները։ 2022 թվականին նախատեսվում է մշակաբույսերի անվանացանկին ավելացնել ևս մեկը՝ բալը։

Ապահովագրված ռիսկերի առումով ծածկույթը անփոփոխ էր․ ապահովագրական ընկերությունները շարունակում էին ապահովագրել կարկուտից, հրդեհից և գարնանային ցրտահարությունից։ Առայժմ այլ ռիսկերի ավելացում, ինչպիսիք են երաշտը, հիվանդությունները, այլ տարերային աղետները, չի նախատեսվում, և ըստ երևույթին 2022 թվականը կշարունակվի նույն ռիսկերով։

Ֆինանսական գնահատական – ապահովագրավճարներ

Այսպիսով, 2021 թվականին գյուղատնտեսության ապահովագրության բոլոր ապահովագրական ցուցանիշները մի քանի անգամ գերազանցել են 2020 թվականի տվյալները։

20202021Փոփոխություն
Ապահովագրված ֆերմերներ1,5604,279174%
Հավաքագրած ապահովագրավճարներ, որից․131,518,158474,581,860260%
Սուբսիդավորում69,608,448275,946,825296%
Ֆերմերների վճարում61,909,710198,635,036220%

2021 թվականին ապահովագրված ֆերմերների քանակն աճել է գրեթե 3 անգամ, հավաքագրած ապահովագրավճարները՝ 4 անգամ։ Ակնհայտ է գյուղապահովագրության նկատմամբ ֆերմերների հետաքրքրության աճը։ Դրա հիմնական խթանը ֆերմերների վստահության աճն է ապահովագրության նկատմամբ։ Եթե 2020 թվականին ապահովագրությունը բոլորի համար, այդ թվում ապահովագրական ընկերությունների համար նոր էր և նկատվում էր փորձի ու վստահության պակաս, ապա 2021-ին և՛ ապահովագրական ընկերությունները արդեն ունեին հատուցումների սպասարկման փորձ, և՛ ֆերմերներն էին սկսում վստահել այս համակարգին։ Այն համայնքներում, որտեղ գեթ 1 ֆերմեր 2020-ին ստացել էր հատուցում, 2021-ին ապահովագրվում էին գրեթե բոլորը։

Ներկայացնենք պատկերը ըստ մշակաբույսերի․

Ապահովագրված ֆերմերների քանակԱպահովագրավճարներ
Մշակաբույս2020202120202021
Ծիրան33172056,481,570290,142,683
Խաղող59045351,561,18856,315,766
Դեղձ46902,999,8889,488,500
Խնձոր821865,119,46413,219,981
Հացահատիկ5112,55715,356,04847,275,725
Սալոր-94-5,148,585
Կարտոֆիլ-170-51,295,004
Ձմերուկ և սեխ-9-1,695,616
Ընդամենը1,5604,279131,518,158474,581,860

Աղյուսակից երևում է, որ աճել են գրեթե բոլոր մշակաբույսերի ցուցանիշները, բացառությամբ խաղողի։ Խաղողի նկատամբ դիտվում է հետաքրքրության պակաս, ինչը կարելի է վերագրել 2020 թվականի հատուցումների արդյունավետությանը։

Հատկանշական է ծիրանի ապահովագրության ցուցանիշները։ 2020 թվականի համեմատ ապահովագրավճարը աճել է ավելի քան 5 անգամ, իսկ ֆերմերների քանակը՝ մոտ 2,5 անգամ, ինչը ցույց է տալիս, որ սկսել են ապահովագրվել համեմատաբար խոշոր այգիներ ունեցող ֆերմերները։

Հացահատիկային մշակաբույսերը նույնպես գրանցել են էական աճ, մինչդեռ մյուս մշակաբույսերը առայժմ գտնվում են ֆերմերների հետաքրքրության շրջանակից դուրս։

Գծապատկերի տեսքով ցույց տանք մշակաբույսերի տեսակարար կշիռները ըստ հավաքագրած ապահովագրավճարների․

Գծապատկերից երևում է, որ գյուղ․ապահովագրության համակարգի լոկոմոտիվը առայժմ մնում է ծիրանը՝ 61% տեսակարար կշռով, որին հաջորդում են խաղողը և կարտոֆիլը՝ համապատասխանաբար 12% և 11% տեսակարար կշիռներով։

2021 թվականին աճել են նաև միջին համախառն ապահովագրավճարների ցուցանիշները։ Համախառն ասելով նկատի ունենք ֆերմերի կողմից վճարվող և պետության կողմից սուբսիդավորվող վճարների հանրագումարը։ Եթե 2020 թվականին միջին համախառն ապահովագրավճարը կազմել է 84,306 ՀՀ դրամ, ապա 2021-ին այն հասել է 110,909 դրամի։ Միայն ֆերմերի կողմից վճարվող միջին ապահովագրավճարը 2020-ի 39,685 դրամից դարձել է 46,420 ՀՀ դրամ։

Ներկայացնենք պատկերը նաև ըստ մարզերի․

Աղյուսակից երևում է, որ աճել են գրեթե բոլոր մարզերի ապահովագրված անձանց քանակը, բացի Արարատից, Սյունիքից և Տավուշից։ Արարատի նվազումը կարելի է վերագրել խաղողի ապահովագրության նկատմամբ ֆերմերների հետաքրքրության անկմանը, իսկ Սյունիքի և Տավուշի պասիվությունը մի գուցե կապված է ետպատերազմյան իրավիճակի հետ։

Ինչպես և 2020-ին՝ 2021-ին նույնպես ծրագրի մասնակից ապահովագրական ընկերությունները 3-ն էին․ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ և ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ։ Շուկայում գործող մյուս 3 ապահովագրական ընկերությունները առայժմ զերծ են մնում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունից։

Ներկայացնենք ամփոփ պատկերը ըստ ապահովագրական ընկերությունների․

Ինչպես երևում է, 2021-ին էական աճ է գրանցել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը, որը և՛ ապահովագրված ֆերմերների քանակով, և՛ հավաքագրած ապահովագրավճարով դարձել է ծրագրի առաջատարը։ Հավաքագրած ապահովագրավճարների մոտ 80%-ը բաժին է ընկել հենց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ին։

Առաջատարի տեղը զիջել է Ռոսգոսստրախ Արմենիան՝ 2021 թվականի հետ համեմատ նվազեցնելով գյուղատնտեսության ապահովագրության պորտֆելը։ Այստեղ նվազել են և՛ ապահովագրված անձանց քանակը, և՛ հավաքագրած ապահովագրավճարները։

Սիլ Ինշուրանսում գրանցվել է 2 ցուցանիշների աճ, սակայն 2020 թվականի նման՝ ընկերությունը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Ֆինանսական գնահատական – հատուցումներ

Այժմ ներկայացնենք հատուցումների վերաբերյալ ինչպես ամփոփ, այնպես էլ մանրամասն ցուցանիշները։ Ներկայացված են 30․09․2021թ․ դրությամբ ցուցանիշները, և չեն հանդիսանում 2021 թվականի վերջնական ամփոփում, քանի որ հոկտեմբեր ամսին նույնպես կատարվում են հատուցումներ։

Ընդհանուր առմամբ 2021 թվականի ցուցանիշները կարելի է համարել «բարենպաստ», քանի որ ապահովագրական ընկերությունները առայժմ հատուցել են ավելի քիչ, քան հավաքագրած ապահովագրավճարներն են։

20202021
Հատուցում ստացած ֆերմերների քանակ2941446
Հատուցված գումարներ145,068,626305,026,507
Միջին հատուցման չափ493,430.70210,945.03

2021 թվականին հատուցումների համախառն չափը կազմել է 305,026,507 ՀՀ դրամ՝ 2020-ի 145,068,626 ՀՀ դրամի համեմատ, կամ աճել են ավելի քան 2 անգամ։ Հատուցում են ստացել 1446 ֆերմեր։

Նախնական գնահատականներով 2021 թվականի համախառն հատուցումների չափը կկազմի 320 – 340 մլն սահմաններում՝ հաշվի առնելով հոկտեմբեր ամսվա ցուցանիշները նույնպես։

2021-ի միջին հատուցման չափը էական ցածր է 2020-ի ցուցանիշից, ինչը վկայում է համեմատաբար փոքր վնասների մասին։ Այս տարի վնաս են կրել ավելի շատ ֆերմերներ, սակայն վնասների չափերը եղել են ավելի փոքր, քան անցած տարի։

Վնասների առումով տեղի են ունեցել և՛ գարնանային ցրտահարության, և՛ կարկտահարության բազմաթիվ դեպքեր։ Հրդեհի հատուցման դեպքեր ոչ 2020-ին, ոչ 2021-ին չեն եղել։

Դիտարկենք հատուցումների պատկերը՝ համադրելով ապահովագրավճարների հետ։

202030․09․2021
Հատուցում ստացած ֆերմերների քանակ2941446
Ապահովագրված ֆերմերներ15604279
Վնաս կրած ֆերմերների կշիռը ապահովագրվածների մեջ19%34%
Հատուցված գումարներ145,068,626305,026,507
Հավաքագրած ապահովագրավճարներ131,518,158474,581,860
Վնասաբերության մակարդակ110%64%
Գյուղացու կողմից վճարվող միջին ապահովագրավճար39,68646,421
Միջին հատուցման չափ493,431210,945

Վնասաբերության ցուցանիշը առայժմ գտնվում է բավականին լավ մակարդակի վրա, սակայն հիմք ընդունելով տարվա 320-340 մլն դրամ հատուցման ցուցանիշի կանխատեսումը՝ տարին ըստ երևույթի կամփոփվի 67-70% վնասաբերությամբ։

2021 թվականին ապահովագրված ֆերմերների 34%-ը ունեցել են պատահար՝ 2020-ի 19%-ի համեմատ։ Վճարելով միջինում 46,421 ՀՀ դրամ՝ ֆերմերները ստացել են 210,945 ՀՀ դրամ հատուցում։

Ներկայացնենք նաև ըստ ապահովագրական ընկերությունների 2021 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հատուցումների պատկերը․

Ապահովագրական ընկերությունԱպահովագրավճարՀատուցումՀատուցումների տեսակարար կշիռՎնասաբերություն
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ377,743,890260,737,37085.48%69%
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ62,433,99813,939,8384.57%22%
ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ34,403,97230,349,2989.95%88%
Ընդամենը474,581,860305,026,506100%64%

Հատուցումներում նույնպես առաջատար է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ՝ 85% տեսակարար կշռով և 261 մլն դրամ հատուցած գումարով։ Նվազագույն հատուցումը տրամադրել է Ռոսգոսստրախ Արմենիան՝ մոտ 14 մլն դրամի չափով և 4,57% տեսակարար կշռով։

Որպես ամփոփում ներկայացնենք 2 տարիների համախառն պատկերը․

 Ընդամենը
Հատուցում ստացած ֆերմերների քանակ1740
Ապահովագրված ֆերմերներ5839
Վնաս կրած ֆերմերների կշիռը ապահովագրվածների մեջ30%
Հատուցված գումարներ450,095,133
Հավաքագրած ապահովագրավճարներ, որից․606,100,018
Վնասաբերության մակարդակ74.26%

2 տարվա համախառն վնասաբերության մակարդակը կազմում է 74%, ինչը համարվում է «բարենպաստ» ցուցանիշ՝ գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի համար։ Այնուամենայնիվ ապահովագրական ընկերությունները կատարում են մի շարք ուղեկցող ծախսեր, վճարում են միջնորդավճարներ և աշխատավարձեր, իրականացնում են գովազդային արշավներ, տպագրում են տեղեկատվական թերթիկներ և այլ մարքեթինգային նյութեր, և այս համակարգը մեծ հավանականությամբ վերջիններիս համար առայժմ աշխատում է «կորուստներով»։

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Գործառնական տնօրեն, ԷՖԵՍ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010