Ամփոփվել են ՀՀ գործող 6 մասնավոր ապահովագրական ընկերությունների 2022 թվականի 1-ին եռամսյակի արդյունքները։ Չնայած աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին՝ շուկան գրանցել է բավականին տպավորիչ աճ, որի հիմնական լոկոմոտիվը եղել է կամավոր ապահովագրությունը։
1-ի եռամսյակում ապահովագրական ընկերությունները հավաքագրել են մոտ 20 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 16 մլրդ դրամի համեմատ աճել է 24%-ով։ Հատկանշական է, որ ամբողջ 2021 թվականին շուկայի ծավալը կազմել է 46․88 մլրդ դրամ, այսինքն, միայն 2022 թ.-ի 1-ին եռամսյակում հավաքագրվել է նախորդ ամբողջ տարվա ապահովագրավճարների 42.6%-ը, ինչը խոստումնալից աճ է կանխատեսում ամբողջ 2022 թ.-ի համար։
Աղյուսակ 1 – 2021 և 2022 թվականների 1-ին եռամսյակներին հավաքագրված ապահովագրավճարների համեմատական՝ ըստ ապահովագրության դասերի, հազ ՀՀ դրամ
Ապահովագրության տեսակ | Ընդամենը 2022 | Ընդամենը 2021 | Փոփոխություն | Փոփոխության % |
---|---|---|---|---|
Առողջության ապահովագրություն, ներառյալ սոց․փաթեթը | 8,330,890 | 7,218,851 | 1,112,040 | 15% |
ԱՊՊԱ | 5,923,752 | 5,322,859 | 600,893 | 11% |
Գույքի ապահովագրություն | 3,100,930 | 1,186,949 | 1,913,981 | 161% |
Տրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ) | 624,066 | 529,730 | 94,336 | 18% |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն | 634,384 | 607,946 | 26,438 | 4% |
Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն | 316,852 | 297,114 | 19,738 | 6.6% |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն | 301,259 | 272,317 | 28,942 | 11% |
Բեռների ապահովագրություն | 248,515 | 235,750 | 12,765 | 5% |
Ճամփորդության ապահովագրություն | 114,794 | 56,774 | 58,020 | 102% |
Օդային տրանսպորտի համապարփակ ապահովագրություն | 97,460 | 163,309 | -65,849 | -40% |
ԱՊԿԱ | 34,324 | 31,534 | 2,790 | 9% |
Վարկի ապահովագրություն | 20,206 | 21,556 | -1,350 | -6% |
Ընդամենը | 19,747,432 | 15,944,688 | 3,802,744 | 24% |
Ընդամենը՝ կամավոր ապահովագրություն (Առանց ԱՊՊԱ և Սոց Փաթեթ*) | 9,939,659 | 6,488,876 | 3,450,783 | 53% |
*Ենթադրելով, որ Սոց Փաթեթի ծավալը կազմում է մոտ 3,9 մլրդ ՀՀ դրամ։
Այսպիսով, ՀՀ ապահովագրական շուկայի ամենամեծ մասնաբաժինն է կազմել առողջության ապահովագրությանը, որը սակայն իր մեջ ներառում է նաև առողջության պարտադիր ապահովագրության հատվածը՝ պետական աշխատողների սոցիալական փաթեթի շրջանակներում։ Վերջինիս ծավալը կազմում է մոտ 3.9 մլրդ ՀՀ դրամ (ամեն դեպքում ոչ ավել, քան 4 մլրդ ՀՀ դրամ) կամ ընդհանուր ծավալի 37%-ը: Առողջության ապահովագրության ընդհանուր պորտֆելը աճել է ավելի քան 1,1 մլրդ ՀՀ դրամով կամ 15%-ով։ Միայն կամավոր առողջության ապահովագրության մասը աճել է մոտ 44%-ով։ Այս աճը կարելի է կապել մի քանի հիմնական հանգամանքների հետ․
- ՀՀ-ում ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցների էական աճ,
- ՀՀ-ում ՏՏ ոլորտում նոր ընկերությունների աճ,
- Ռուսաստանից ՀՀ ժամանած նոր ՏՏ ընկերությունների գրանցում։
Շուկայի երկրորդ ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկել ԱՊՊԱ տեսակին, որը տարեկան կտրվածքով ամենամեծ պորտֆել ունեցող տեսակն է, և անցած եռամսյակում գրանցել է 601 մլն դրամի կամ 11%-ի աճ։ ԱՊՊԱ պորտֆելի աճի հիմնական խթանը փետրվարի 7-ից ուժի մեջ մտած նոր փոփոխություններն են, ըստ որի ԱՊՊԱ միջին ապահովագրավճարը ավելացել է մոտ 3,000 ՀՀ դրամով և փոխվել է Բոնուս-Մալուս դասի հաշվարկման որոշ սկզբունքներ։ Արդյունքում վնասաբեր հաճախորդները վճարում են շատ ավելի շատ, քան նախկինում, իսկ նոր կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարը սահմանվել է համահարթ 41,000 ՀՀ դրամ (նախկինում ԱՊՊԱ չունեցած մեքենաների համար)՝ անկախ մեքենայի տեսակից, ձիաուժից և օգտագործման նպատակից։ Ապահովագրավճարի վրա միայն կիրառվում է ԲՄ և պայմանագրի ժամկետի գործակիցները։
Գույքի ապահովագրության պորտֆելը գրանցել է 161% աճ, կամ բացարձակ թվով աճել է ավելի քան 1.9 մլրդ ՀՀ դրամով։ Գույքի ապահովագրության նման էական աճը հիմնականում կապված է լինում որևէ խոշոր ինդուստրիալ օբյեկտի կամ ներդրումային ծրագրի շինարարության ապահովագրությամբ, որոնք ընկերությունները հաճախ կնքում են խոշոր վերաապահովագրական ընկերությունների ցուցումներով, և ռիսկի գրեթե 100%-ը վերաապահովագրում են (օրինակ՝ ֆրոնտինգ պայմանագրերի միջոցով)։
Բավականին օրգանիկ աճ է գրանցել մեծությամբ 4-րդ պորֆելը հանդիսացող՝ ԿԱՍԿՈ ապահովագրությունը, որի աճը կախված չէ աշխարհաքաղաքական կամ օրենսդրական փոփոխությունների հետ։ ԿԱՍԿՈ պորտֆելը աճել է 18%-ով կամ մոտ 94 մլն ՀՀ դրամով, ինչը վկայում է ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի՝ ապահովագրության նկատմամբ գիտակցության և վստահության աճի մասին։
Հատկանշական է նաև ճամփորդության ապահովագրության պորտֆելի աճը, որը գրեթե կրնկապատկվել է՝ կազմելով 115 մլն ՀՀ դրամ։ Աճի վրա ազդող հիմնական գործոնը աշխարհում COVID-19 համավարակի սահմանափակումների մեղմացնումն է, որն իր հերթին խթանել է ճամփորդությունների քանակի ավելացմանը։ Իր հերթին եվրոպական երկրների մեծ մասը վերսկսել են վիզաների տրամադրման բնականոն աշխատանքները, և քանի որ ճամփորդության ապահովագրության հիմնական պահանջը դրվում է հենց եվրոպական երկրներից, այն ուղիղ ազդեցություն է ունեցել շուկայի վրա։ Բացի այդ, ապահովագրական ընկերությունները սկսել են առաջարկել COVID-19-ից ապահովագրության հավելյալ ծածկույթներ, ինչը էականորեն ավելացրել է պայմանագրերի միջին ապահովագրավճարների չափը։
Ապահովագրության մյուս տեսակները և ուղղությունները էական փոփոխություններ չեն գրանցել, և դրանց աճը կամ նվազումը չեն պարունակում ազդեցության որևէ էական գործոն։
Ամփոփելով հավաքագրած ապահովագրավճարների դինամիկան՝ արձանագրենք, որ միայն կամավոր ապահովագրության պորտֆելը (առանց ԱՊՊԱ և սոց. փաթեթ) աճել է 53%-ով, ինչը ՀՀ-ում ապահովագրական համակարգի զարգացման ամենակարևոր ցուցանիշն է։
1-ին եռամսյակում կամավոր ապահովագրության տեսակարար կշիռը ընդհանուր պորտֆելում կազմել է 50.3%:
Այժմ ներկայացնենք 2022 թվականի 1-ին եռամսյակի պորտֆելի բացվածքը՝ ըստ ապահովագրական ընկերությունների։
Աղյուսակ 2 – 2022 թվականի 1-ին եռամսյակին հավաքագրված ապահովագրավճարների համեմատական՝ ըստ ապահովագրության դասերի և ապահովագրական ընկերությունների, հազ ՀՀ դրամ
Ապահովագրության տեսակ | ԸՆԴԱՄԵՆԸ | ԻՆԳՈ | ՌԳՍ | ՆԱԻՐԻ | ՌԵՍՈ | ԱՐՄԵՆԻԱ | ՍԻԼ |
---|---|---|---|---|---|---|---|
Առողջության ապահովագրություն, ներառյալ սոց․փաթեթը | 8,330,890 | 2,788,162 | 2,237,659 | 1,628,308 | 251,961 | 856,708 | 568,092 |
ԱՊՊԱ | 5,923,752 | 843,188 | 1,794,546 | 1,455,661 | 657,883 | 402,368 | 770,106 |
Գույքի ապահովագրություն | 3,100,930 | 2,483,878 | 310,409 | 79,869 | 50,543 | 41,588 | 134,643 |
Տրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ) | 624,066 | 240,462 | 142,621 | 109,769 | 26,247 | 24,897 | 80,070 |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն | 634,384 | 359,416 | 132,398 | 31,075 | 41,913 | 49,030 | 20,552 |
Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն | 316,852 | 134,057 | 144,873 | 850 | 6,370 | 1,750 | 28,952 |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն | 301,259 | 135,681 | 64,437 | 38,113 | 8,629 | 4,693 | 49,706 |
Բեռների ապահովագրություն | 248,515 | 19,297 | 60,597 | 93,021 | 12,041 | 29,359 | 34,200 |
Ճամփորդության ապահովագրություն | 114.794 | 35,166 | 26,527 | 31,215 | 7,544 | 9,373 | 4,969 |
Օդային տրանսպորտի համապարփակ ապահովագրություն | 97,460 | 14,534 | 82,926 | - | - | - | - |
ԱՊԿԱ | 34,324 | 9,003 | 17,204 | 5,508 | 49 | 401 | 2,159 |
Ընդամենը | 19,747,432 | 7,062,844 | 5,014,197 | 3,473,389 | 1,063,179 | 1,440,374 | 1,693,449 |
Ընդամենը՝ կամավոր ապահովագրություն (Առանց ԱՊՊԱ, բայց ներառյալ սոց փաթեթ)* | 13,823,680 | 6,219,656 | 3,219,651 | 2,017,728 | 405,296 | 1,038,006 | 923,343 |
*Կամավոր ապահովագրության պորտֆելում չի տարանջատվում սոցիալական փաթեթի մասը, քանի որ այն չի հրապարակվում ընկերությունների եռամսյակային ֆինանսական հաշվետվություններում
Այսպիսով, շուկայի առաջատարը հավաքագրած ապահովագրավճարների գծով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն է՝ ավելի քան 7 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճարով, կամ շուկայի 36% մասնաբաժնով։ Մեծությամբ երկրորդ պորֆելը հավաքագրել է ՌԳՍ Արմենիան՝ 5 մլրդ ՀՀ դրամով, իսկ երրորդը՝ Նաիրի Ինշուրանսը՝ 3.4 մլրդ դրամով։
Կամավոր ապահովագրության գծով նույնպես առաջատարը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն է՝ 6.2 մլրդ ՀՀ դրամով, կամ 45 % մասնաբաժնով (ներառյալ սոց. փաթեթը)։ Կրկին, հաջորդում են ՌԳՍ Արմենիան՝ 3.2 մլրդ ՀՀ դրամով և Նաիրի Ինշուրանսը՝ 2 մլրդ դրամով։
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն զբաղեցրել է առաջատար դիրք ապահովագրության հետևյալ տեսակներով՝
- Առողջության ապահովագրություն,
- Գույքի ապահովագրություն,
- ԿԱՍԿՈ,
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
- Ճամփորդության ապահովագրություն։
ՌԳՍ Արմենիան զբաղեցրել է առաջատար դիրք ապահովագրության հետևյալ տեսակներով՝
- ԱՊՊԱ,
- Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն,
- ԱՊԿԱ,
- Օդային տրանսպորտի ապահովագրություն։
Նաիրի Ինշուրանսը զբաղեցրել է առաջատար դիրք բեռների ապահովագրության գծով։
Այժմ ներկայացնենք հատուցումների պատկերը՝ ըստ ապահովագրության դասերի և ընկերությունների։
Աղյուսակ 3 – 2022 թվականի 1-ին եռամսյակին վճարված հատուցումների և ապահովագրավճարների համեմատական՝ ըստ ապահովագրության դասերի, հազ ՀՀ դրամ
Ապահովագրության տեսակ | Ապահովագրավճար | Հատուցում |
---|---|---|
Առողջության ապահովագրություն, ներառյալ Սոց․Փաթեթ | 8,330,890 | 2,175,088 |
ԱՊՊԱ | 5,923,752 | 3,643,640 |
Գույքի ապահովագրություն | 3,100,930 | 1,374,797 |
Տրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ) | 624,066 | 247,448 |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն | 634,384 | 124,758 |
Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն | 316,852 | 608,131 |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն | 301,259 | 107,467 |
Բեռների ապահովագրություն | 248,515 | 12,565 |
Ճամփորդության ապահովագրություն | 114,794 | 13,257 |
Օդային տրանսպորտի համապարփակ ապահովագրություն | 97,460 | 303 |
ԱՊԿԱ | 34,324 | 2,645 |
Ընդամենը | 19,747,432 | 8,310,101 |
Աղյուսակում պատկերված է 2022 թվականի 1-ին եռամսյակում հավաքագրած ապահովագրավճարների և վճարված հատուցումների համադրությունը՝ ըստ ապահովագրության դասերի։
Ամենաշատ հատուցումները վճարվել են ԱՊՊԱ տեսակով՝ ավելի քան 3.6 մլրդ դրամ, կամ ընդհանուր հատուցումների 43.8%-ը։ Երկրորդ ամենաշատ հատուցումներըը վճարվել են առողջության ապահովագրության գծով՝ մոտ 2.2 մլրդ ՀՀ դրամ կամ 26.2%՝ տեսակարար կշռով, իսկ մեծությամբ 3-րդ հատուցումները բաժին են գույքի ապահովագրության գծով 1.4 մլրդ դրամ կամ 16.5% տեսակարար կշռով: Օդանավերի համապարփակ ապահովագրության գծով հատուցումներ գրեթե չեն տրամադրվել։
Հատկանշական է, որ 2022 թվականի 1-ին եռամսյակում վճարված հատուցումները 2021 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են մոտ 7.3%-ով։ 2021 թ.-ի տվյալ ժամանակահատվածում վճարվել է մոտ 7.7 մլրդ ՀՀ դրամ՝ 2022 թ.-ի 8.3 մլրդ-ի համեմատ։ Ընդ որում, չնայած ապահովագրավճարների 24% աճին, էական նվազում է գրանցվել ԱՊՊԱ տեսակի գծով. 2021 թ.-ի 4.4 մլրդ-ի փոխարեն 2022 թ.-ին հատուցվել է 3.4 մլրդ ՀՀ դրամ, կամ 16.9 % պակաս։
Բոլորովին այլ պատկեր է գրանցվել գործունեության արդյունքում զուտ շահույթի ցուցանիշներում։ Եթե 2021 թվականի 1-ին եռամսյակում շուկան գրանցել էր 244 մլն դրամի զուտ վնաս, ապա 2022 թ.-ին այն արձանագրել է 1.1 մլրդ ՀՀ դրամի շահույթ։
Ամենամեծ թվով զուտ շահույթ է գրանցել Նաիրի Ինշուրանս ընկերությունը՝ 426 մլն դրամի չափով, կամ 39.8% մասնաբաժնով։ Երկրորդ ամենամեծ շահույթը գրանցել է ՌԳՍ Արմենիան՝ 289 մլն դրամի չափով, իսկ երրորդը՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն՝ 193 մլն ՀՀ դրամի չափով։
Բոլոր 6 ապահովագրական ընկերությունները բարելավել են իրենց ֆինանսական արդյունքի ցուցանիշները։
Ներկայացնենք 1-ին եռամսյակի շահույթի բացվածքը ըստ ընկերությունների՝ 2021 թ․ նույն ժամանակաշրջանի հետ համեմատականով․
Ապահովագրական ընկերություն | 2022 | 2021 | Փոփոխություն |
---|---|---|---|
Նաիրի | 426,039 | 24,854 | 401,185 |
ՌԳՍ | 289,514 | -152,337 | 441,852 |
ԻՆԳՈ | 193,012 | 67,189 | 125,837 |
Ռեսո | 183,090 | -130,496 | 266,807 |
Արմենիա | 118,384 | 51,028 | 67,356 |
Սիլ | 53,372 | -105,121 | 51,749 |
Ընդամենը | 1,070,399 | -244,883 | 1,354,786 |
Այսպիսով, ՀՀ ապահովագրական շուկան 2022 թվականի 1-ին եռամսյակում բոլոր հիմնական ցուցանիշներով գրանցել է դրական աճ (այս իմաստով դրական է համարվում նաև հատուցումների կրճատումը)։ Աճել է ինչպես ՀՀ ամբողջ ապահովագրական շուկայի պորտֆելը, այնպես էլ կամավոր ապահովագրության մասնաբաժինը, ինչն իր տրամաբանական ամփոփումն է ունեցել նաև եռամսյակի արդյունքներում։
Արձանագրված արդյունքները ամուր հիմք են ստեղծում՝ 2022 թ.-ին էլ ավելի ռեկորդային ցուցանիշներ գրանցելու համար։