Դիտարկելով 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալները՝ կարելի է արձանագրել մի շարք փոփոխություններ, որոնց թվում է ապահովագրավճարների ընդհանուր նվազումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Եթե 2024 թվականի առաջին եռամսյակին հավաքագրվել էր 22.0 մլրդ դրամ, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 20,5 մլրդ դրամ՝ արձանագրելով մոտ 7% անկում:

2025 թվականին ԱՊՊԱ-ն՝ ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունը, շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը ոլորտում՝ կազմելով ապահովագրավճարների զգալի մասը։ Եթե 2024 թվականի առաջին եռամսյակում ԱՊՊԱ-ի գծով հավաքագրված գումարը կազմել էր 6,6 մլրդ դրամ, ապա 2025-ին այդ ցուցանիշը հասել է 7,6 մլրդ դրամի՝ արձանագրելով մոտ 15%աճ։ ԱՊՊԱ-ն այս պահի դրությամբ կազմում է ընդհանուր շուկայի մոտ 37%-ը։ ԱՊՊԱ ապահովագրությունը Հայաստանում ամենատարածված ապահովագրության տեսակն է, որը տրամադրում են գրեթե բոլոր հայաստանյան ապահովագրական ընկերությունները՝ բացառությամբ «ԷՖԵՍ»-ի, որն առաջարկում է բացառապես կամավոր ավտոմեքենայի ապահովագրություն։ ԱՊՊԱ-ի աճի տենդենցը հիմնականում պայմանավորված է սակագների ազատականացումից հետո գների թանկացման հետ։

Առողջության ապահովագրությունը հավաքագրված ապահովագրավճարներով երկրորդ տեղում է։ Առողջության ապահովագրությունը բաղկացած է երկու հիմնական տեսակներից՝ կամավոր առողջության ապահովագրություն և պետական ծառայողների սոցիալական փաթեթ։ Կամավոր առողջության ապահովագրության ժամանակ անձը կամ կազմակերպությունը իր ցանկությամբ, այսինքն ոչ օրենքով պարտադիր կերպով, ընտրում է ապահովագրական ընկերություն և պայմանագրի շրջանակներում ստանում բժշկական ծառայություններ։ Սոցիալական փաթեթը պետության կողմից պետական աշխատողներին տրամադրվող բժշկական ապահովագրության բազային փաթեթ է։ Առողջության ապահովագրության դասում գրանցվել է զգալի անկում։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ «Սոց փաթեթի» պայմանագրերը դեռևս չեն վերջնականցվել և հաշվառվել համակարգում, ինչի հետևանքով էլ գործարքները չեն արտացոլվել պաշտոնական հաշվետվություններում, և առաջին եռամսյակի ցուցանիշներում չեն ներառվել ամբողջական ծավալները։ Արդյունքում նախորդ տարվա համեմատ առողջության ապահովագրության դասի ծավալները նվազել են մոտ 28%-ով։ Կարելի է ակնկալել, որ «Սոց փաթեթ»-ի հետաձգված պայմանագրերի վերջնական հաստատումն ու համակարգում հաշվառումը հաջորդ եռամսյակում կհանգեցնեն առողջության ապահովագրության ոլորտի ծավալների կտրուկ աճի։ Իսկ կամավոր առողջության ապահովագրությունը ցույց է տալիս դրական միտում՝ նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 42%-ով։

Գույքի ապահովագրությունն ապահովագրական շուկայի կառուցվածքում կազմում է մոտ 16%։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ոլորտում արձանագրվել է շուրջ 13%-ի նվազում: Հետազոտողների տվյալներով, ապահովագրության այս տեսակի շուկայական պոտենցիալը փաստացիորեն չի նվազել, և անկումը կապված է որոշ խոսոշր պայմանագրերի հաշվառման ժամկետների հետ։

Կասկո ապահովագրությունը 2025 թվականին շարունակել է դրսևորել դրական աճի ցուցանիշներ՝ գրանցելով մոտ 26% աճ։ Նշենք, որ ապահովագրության այս տեսակը նախորդ տարի նույնպես ուներ դրական դինամիկա, ինչը վկայում է ոլորտում կայուն աճի միտման մասին։ Այս տարի հատկապես աչքի է ընկել «Ինգո» ապահովագրական ընկերությունը, որը Կասկո ապահովագրության գծով արձանագրել է ամենամեծ աճը շուկայում։ Բարձր ցուցանիշներ ունեն նաև «Ռեգո Ինշուրանս»-ը և «Արմենիա Ինշուրանս»-ը։ Թեև «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն արձանագրել է մոտ 5% նվազում՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, այնուամենայնիվ շարունակում է զբաղեցնել առաջատար դիրք շուկայում՝ սպասարկելով Կասկո շուկայի մոտ 28%-ին։

2025 թվականի առաջին եռամսյակում կամավոր ապահովագրության ոլորտում, որն ընդգրկում է բոլոր ապահովագրական տեսակները՝ բացի ԱՊՊԱ-ից և սոցիալական փաթեթից նախորդ տարվա համեմատ գրանցվել է մոտ 14% աճ։ Կամավոր ապահովագրությունները ներկայումս կազմում են ընդհանուր ապահովագրական շուկայի ավելի քան 60%-ը։

2025 թվականի առաջին եռամսյակում ապահովագրավճարների ընդհանուր ծավալով առաջատարն «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն է, որը հավաքագրել է ավելի քան 5.1 մլրդ ՀՀ դրամ՝ զբաղեցնելով շուկայի շուրջ 25%-ը։

Ապահովագրական շուկայում «Նաիրի Ինշուրանս»-ը և «Լիգա Ինշուրանս»-ը զբաղեցնում են հաջորդող դիրքեր՝ յուրաքանչյուրը կազմելով շուկայի 16%-ը։ Նրանց հաջորդում է «Արմենիա Ինշուրանս»-ը՝ 14% մասնաբաժնով, «Ինգո»-ն 10%, «Ռեգո Ինշուրանս»-ը և «Սիլ Ինշուրանս»-ը (յուրաքանչյուրը 9%) կազմում են շուկայի մնացած հիմնական մասնակիցները։

«ԷՖԵՍ»-ը կամավոր ապահովագրության ոլորտում առաջատարն է՝ զբաղեցնելով շուկայի 40%-ը։

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ 2025 թվականի առաջին եռամսյակը Հայաստանի ապահովագրական շուկայում նշանավորվել է և՛ կրճատումներով, և՛ աճերով։ Չնայած որոշ հատվածներում (օրինակ՝ ԿԱՍԿՈ-ն և առողջության կամավոր ապահովագրությունը) դրական դինամիկա է նկատվում, ընդհանուր ապահովագրավճարները մի փոքր նվազել են։ Ընդհանուր հատուցումները նույնպես նախորդ ժամանակաշրջանի համեմատ նվազել են, թեև չնչին չափով։ Հատուցումների ընդհանուր ծավալի մեջ ամենամեծ մասն են կազմում ԱՊՊԱ-ն, Առողջության ապահովագրությունը և Կասկոն։ Ըստ վերջին եռամսյակի տվյալների՝ ամենաշատ հատուցումներ իրականացրել է «Նաիրի Ինշուրանս»-ը, որին հաջորդում է «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը։ Բարձր հատուցումները հիմնականում պայմանավորված են եղել անբարենպաստ եղանակային պայմաններով և վիրուսային հիվանդացության բարձր մակարդակով։ Հարկ է նշել նաև, որ ապահովագրական ընկերությունները հանդիսանում են պետական բյուջեի կարևոր հարկատուներ։  Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալներով՝ 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների շարքում «Լիգա Ինշուրանս»-ը պահպանել է իր առաջատար դիրքը՝ պետական բյուջե վճարելով 177,305 հազար դրամ։ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 151,629 հազար դրամ հարկային վճարով։ «ԷֆԵՍ»-ը երրորդ տեղում է՝ 139,618 հազար դրամ վճարած հարկի չափով, իսկ «Սիլ Ինշուրանս»-ը չորրորդ տեղն է գրավել՝ 81,766 հազար դրամ հարկային վճարով։

Author

  • ՄԱՆԵ ԱԴԱՄՅԱՆ

    Հեղինակի մասին
    Կրտսեր անդերրայթեր, ԷՖԵՍ ԱՓԲԸ Գործարարության Բակալավր (ՀԱՀ) Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2025

    View all posts