SCOR-ի զուտ շահույթը կազմել է 226 մլն եվրո 2025թ. երկրորդ եռամսյակում՝ 82.5% համակցված հարաբերակցության բարելավմամբ

Ֆրանսիական վերաապահովագրական ընկերություն SCOR-ը 2025թ. երկրորդ եռամսյակում գրանցել է զգալի աճ․ զուտ շահույթը կազմել է 226 մլն եվրո, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 308 մլն եվրո վնասի: Այս բարելավումը պայմանավորված է բիզնեսի բոլոր հատվածներում բարձր արդյունավետությամբ: Գույքի և պատահարների ապահովագրության ոլորտում SCOR-ը հասել է բարենպաստ համակցված հարաբերակցության (combined ratio)՝ 82.5%: Համակցված հարաբերակցությունը անդերրայթինգային շահութաբերության հիմնական ցուցանիշն է։ 100%-ից ցածր ցուցանիշը նշանակում է, որ ընկերությունը ստանում է ավելի շատ ապահովագրավճարներ, քան վճարում է հատուցումներ և կատարում ապահովագրության գործառույթին կից ծախսեր: Այսպիսով, 82.5%-ի արդյունքը վկայում է անդերրայթինգային գործունեության բարձր արդյունավետության մասին: Բարենպաստ արդյունքը պայմանավորված է բնական աղետներից համեմատաբար ավելի քիչ պատահարներով և փոքր հատուցումների արդյունավետ վերահսկմամբ: Կյանքի և առողջության ապահովագրության ոլորտում ընկերությունը գրանցել է ապահովագրական ծառայությունների բարձր արդյունքներ՝ պայմանավորված բարենպաստ ակնկալիքներով և պահուստների տրամադրմամբ: SCOR-ը նաև գրանցել է ներդրումների բարձր եկամտաբերություն՝ 3.5%, ինչը պայմանավորված է ներդրումների գրավիչ տոկոսադրույքներով:Ընդհանուր առմամբ, ընկերությունը 2025թ. առաջին կիսամյակում գրանցել է 425 մլն եվրո զուտ շահույթ՝ 20.3% սեփական կապիտալի եկամտաբերությամբ և մոտ 210% կայուն վճարունակության հարաբերակցությամբ, ինչը հաստատում է ընկերության ֆինանսական ամուր դիրքը:

Ավելին կարող եք կարդալ այստեղ

Swiss Re-ի կանխատեսումները. ԱՄՆ-ի Գույքի և պատահարների ապահովագրության ոլորտում 2025թ.-ին սպասվում է 10% եկամտաբերության աճ՝ ներդրումային եկամտի աճի շնորհիվ

Swiss Re-ի վերջին զեկույցի համաձայն՝ 2025 և 2026 թվականներին ԱՄՆ Գույքի և պատահարների ապահովագրության ոլորտում սպասվում է սեփական կապիտալի 10% շահույթ (ROE)։ Այն ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է ընկերությունն օգտագործում բաժնետերերի ներդրած միջոցները շահույթ ստանալու համար։ 10% ցուցանիշը նշանակում է, որ ապահովագրողները յուրաքանչյուր ներդրված 1 դոլարի դիմաց ակնկալում են ստանալ 0.10 դոլար շահույթ։ Այս մեծ արդյունքները հիմնականում պայմանավորված են ակնկալվող բարձր ներդրումային եկամտով, որը կօգնի փոխհատուցել փոքր-ինչ թուլացած անդերրայթինգային շահութաբերությունը։ Ակնկալվում է, որ ապահովագրական շուկայում մրցակցությունը կուժեղանա, իսկ հատուցումները կշարունակեն աճել, ինչի հետևանքով ապահովագրավճարների աճի տեմպը կդանդաղի։ Եթե նախորդ տարիներին գրանցվել են երկնիշ աճեր, ապա 2025-ին սպասվում է մոտ 5–5.5% աճ, իսկ 2026-ին՝ շուրջ 4%։ Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ համակցված հարաբերակցության ցուցանիշը՝ որը ցույց է տալիս, թե ապահովագրավճարների որ մասն է ծախսվում հատուցումների և այլ գործառնական ծախսերի վրա, կաճի՝ 2024-ի 97.2%-ից հասնելով մոտ 98.5%-ի 2025-ին և գրեթե 99%-ի 2026-ին։ Չնայած այն հանգամանքին, որ այս բարձր ցուցանիշը վկայում է ապահովագրական գործառնություններից նվազող շահույթի մասին, ընդհանուր ոլորտի հեռանկարները մնում են դրական՝ շնորհիվ ներդրումային եկամուտների, որոնք կանխատեսվում է, որ ամբողջությամբ կփոխհատուցեն այս կորուստները։

Ավելին կարող եք կարդալ այստեղ

Munich Re-ի ERGO-ն ամբողջությամբ գնել է NEXT Insurance-ը

Munich Re-ի ERGO խումբը ավարտել է ամերիկյան Next Insurance թվային ապահովագրական ընկերության ամբողջական ձեռքբերումը, որը հիմնականում կենտրոնացած է փոքր բիզնեսների վրա։ Նախկինում արդեն ունենալով ընկերության 29%-ը, ERGO-ն այժմ ձեռք է բերել մնացած 71%-ը՝ ամբողջական ընկերությունը գնահատելով 2.6 մլրդ դոլար։ Next Insurance-ը, որը հիմնադրվել է 2016 թվականին Կալիֆորնիայում, առաջարկում է Գույքի և պատահարների ապահովագրություն փոքր բիզնեսների համար՝ ամբողջությամբ առցանց՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչը հեշտացնում և արագացնում է ապահովագրության գործընթացը։ Այս ձեռքբերումով Munich Re-ն ստանում է լիակատար վերահսկողություն ԱՄՆ-ում փոքր բիզնեսների ապահովագրության շուկայում գործող ժամանակակից թվային հարթակի նկատմամբ։ Շուկան գնահատվում է շուրջ 175 մլրդ դոլար, իսկ Next-ը արդեն ունի մոտ 600,000 հաճախորդ և 2024 թվականին ունեցել է 548 մլն դոլար եկամուտ։ ERGO-ն նախատեսում է օգտագործել իր փորձն ու ռեսուրսները՝ օգնելու ընկերությանը հետագա աճի համար և ակնկալում է, որ այն զգալի ներդրում կունենա եկամուտների մեջ առաջիկա տարիներին։ Այս քայլով Munich Re-ն ամրապնդում է իր դիրքերը ԱՄՆ-ում և ընդլայնվում է թվայնացման ուղղությամբ զարգացող շուկաներում։

Իմանալ ավելին հոդվածի մասին այստեղ

«Travelers»-ը վերադառնում է անդերայթինգային շահույթի 2025թ. երկրորդ եռամսյակում

«The Travelers Companies»-ը արձանագրել է զգալի աճ 2025թ. երկրորդ եռամսյակում՝ հայտարարելով 1.022 մլրդ դոլարի անդերրայթինգային շահույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 65 մլն դոլար կորստի համեմատ: Այս բարելավումը հիմնականում պայմանավորված է տարերային աղետներից առաջացած վնասների զգալի նվազմամբ՝ մինչև 927 մլն դոլար՝ նախորդ տարվա 1.509 մլրդ դոլարի փոխարեն: Ընկերությունը նաև օգտվել է պահուստների բարենպաստ կառավարումից, ինչը նշանակում է, որ նախկինում այն նախատեսել էր ավելի մեծ գումար հատուցումների համար, քան պահանջվում էր և ինչի շնորհիվ 315 մլն դոլար գումարվել է արդյունքներին։ Բացի այդ, բարելավվել է հիմնական ադերրայթինգային արդյունքը, իսկ ներդրումներից ստացված եկամուտն աճել է 6%-ով՝ հասնելով  942 մլն դոլարի: Travelers-ի համակցված հարաբերակցությունը՝ որը ցույց է տալիս, թե որքան է ընկերությունը վճարում վնասների և ծախսերի համար համեմատած հավաքագրած ապահովագրավճարների, բարելավվել է մինչև 90.3%: Մինչդեռ հիմնական համակցված հարաբերակցությունը (առանց աղետների և պահուստների ճշգրտումների ազդեցության) կազմել է  84.7%, ինչը վկայում է ընկերության առօրյա ապահովագրական գործունեության բարձր շահութաբերության մասին: Զուտ հավաքագրած ապահովագրավճարներն աճել են 4%-ով՝ հասնելով 11․5 մլրդ դոլարի, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող հիմնական եկամուտը կազմել է 6.51 դոլար, ինչը վկայում է ինչպես ապահովագրական, այնպես էլ ներդրումային ոլորտներում ուժեղ արդյունքների մասին։

Հոդվածին ավելի լավ ծանոթանալու համար, կարդացեք այստեղ

Zurich-ը ընդլայնում է կիբեռ ապահովագրության հնարավորությունները՝ ձեռք բերելով BOXX Insurance-ին

Zurich Insurance Group-ը ձեռք է բերել BOXX Insurance-ին՝ կանադական ինշուր-թեք ընկերություն, որը մասնագիտացված է կիբեռ անվտանգության ոլորտում: BOXX-ը, որը հիմնադրվել է 2018թ․ և գտնվում է Տորոնտոյում, առաջարկում է կիբեռ ապահովագրություն և թվային գործիքներ՝ կիբեռ վտանգները կանխելու և դրանց արձագանքելու համար (հատկապես փոքր և միջին բիզնեսների և անհատների համար): Նրանց Cyberboxx հարթակը համատեղում է ավանդական ապահովագրությունը ծառայությունների հետ, ինչպես օրինակ՝ անձնական տվյալների պաշտպանություն, վտանգների մոնիթորինգ և արագ արձագանք հարձակումների դեպքում։ Այս գործարքի արդյունքում BOXX-ը կշարունակի գործել իր սեփական բրենդով, սակայն այժմ կլինի Zurich-ի Global Ventures ստորաբաժանման մաս։ Սա թույլ կտա Zurich-ին ամրապնդել իր կիբեռ ապահովագրության պորտֆելը՝ առաջարկելով ավելի ամբողջական և մասշտաբային լուծումներ՝ ներառյալ կանխարգելում, պաշտպանություն և վերականգնում, հատկապես այն շուկաներում, որտեղ թվային ռիսկերը աճում են, բայց ծածկույթը դեռ սահմանափակ է։

Կարդալ ամբողջական հոդվածը այստեղ

Munich Re-ն 2025 թվականի երկրորդ եռամսյակում գրանցել է 2.1 մլրդ եվրո զուտ շահույթ ՝ Գույքի և պատահարների վերաապահովագրության ոլորտում «շատ ցածր» խոշոր վնասների ֆոնին

Munich Re-ն արձանագրել է 2025թ. երկրորդ եռամսյակի բացառիկ արդյունքներ՝ նախնական տվյալներով զուտ շահույթը կազմել է մոտ 2․1 մլրդ եվրո, որը մոտ 30%ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից և զգալիորեն գերազանցում է վերլուծաբանների կանխատեսումները: Այս լավ արդյունքի հիմնական պատճառը Գույքի և պատահարների վերաապահովագրության ոլորտում խոշոր վնասների անսովոր ցածր մակարդակն էր։ Այսինքն՝ ընկերությունը շատ քիչ հատուցում է վճարել խոշոր դեպքերի համար՝ ինչպիսք են, օրինակ բնական աղետները։ Ընկերության գլոբալ մասնագիտացված ապահովագրության բիզնեսը նույնպես գրանցել է սպասվածից ավելի լավ արդյունքներ՝ ավելի քիչ կորուստներով, քան ենթադրվում էր սկզբնական հաշվարկներում։ Բացի անդերրայթինգային հաջողություններից, Munich Re-ն ստացել է նաև կայուն եկամուտներ իր ներդրումներից, ինչը նպաստել է ընդհանուր շահույթի աճին: Տարվա առաջին կեսին Munich Re-ի ընդհանուր շահույթը կազմել է մոտ 3.2 մլրդ եվրո, և ընկերությունը վերահաստատել է իր 6 մլրդ եվրո տարեկան շահույթի նպատակը։ Այս արդյունքները վկայում են, որ Munich Re-ն շարունակում է խելամիտ կերպով կառավարել ռիսկերը, ապահովել ուժեղ ֆինանսական պահուստներ և գործել ամուր ֆինանսական դիրքից, ինչը նրան թույլ է տալիս մնալ շահութաբեր՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով ապագա մարտահրավերներին։

Կարդացեք ամբողջական նյութը այստեղ

Ջոն Նիլը նշանակվել է AIG-ի նախագահ

American International Group (AIG)-ը հայտարարել է, որ Ջոն Նիլը 2025 թվականի դեկտեմբերի 1-ից կդառնա ընկերության նոր նախագահը։ Այս պաշտոնում Նիլը հաշվետու կլինի անմիջապես AIG-ի գլխավոր գործադիր տնօրեն Փիթեր Զաֆինոյին և կղեկավարի AIG-ի Գլխավոր ապահովագրության դիվիզիան, որը ներառում է Հյուսիսային Ամերիկայի Կոմերցիոն Ապահովագրությունը, Միջազգային Կոմերցիոն Ապահովագրությունը և Գլոբալ Անհատական Ապահովագրությունը։ Նիլը նաև կմիանա AIG-ի գործադիր ղեկավարության թիմին՝ բերելով իր մեծ փորձը, այդ թվում՝ Լլոյդսի (Lloyd’s of London) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում իր կատարած աշխատանքը, որտեղ նա կարևոր դեր է խաղացել ընկերության արդյունավետությունը բարելավելու գործում։ Նախկինում նա զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ QBE Insurance Group-ում, այդ թվում որպես եվրոպական ստորաբաժանման Ապահովագրական գործունեության գլխավոր պատասխանատու և Գլխավոր գործառնական տնօրեն։  AIG-ի ղեկավարությունը համոզված է, որ Նիլի հարուստ փորձը անդերրայթինգի և գլոբալ ապահովագրական շուկաների ոլորտում կօգնի ամրապնդել ընկերության կենտրոնացումը անդերրայթինգային գործունեության գերազանցության վրա և բարելավել ընդհանուր արդյունավետությունը։ Նիլը իր ուրախությունն է հայտնել AIG-ին միանալու և թիմի հետ համագործակցելու ամբողջ աշխարհում՝ հաճախորդների և գործընկերների համար արժեք ստեղծելու նպատակով։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ

Chubb-ը գրանցել է Գույքի և պատահարների (P&C) ապահովագրության անդերրայթինգային շահույթի ռեկորդ՝ 1.63 մլրդ դոլար 2025թ. երկրորդ եռամսյակում

Chubb Limited-ը 2025 թվականի երկրորդ եռամսյակում գրանցել է բացառիկ ֆինանսական արդյունքներ՝ գրանցելով ռեկորդային 1.63 միլիարդ դոլարի Գույքի և պատահարների (P&C) ապահովագրության անդերրայթինգային եկամուտ, ինչը 15%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Այս աճը պայմանավորված է ապահովագրավճարների կայուն աճով և ռիսկերի ճշգրիտ ընտրությամբ: Ընկերության համակցված հարաբերակցությունը՝ ապահովագրության շահութաբերության հիմնական ցուցանիշը, կազմել է 85․6%: Սա նշանակում է, որ ապահովագրավճարներից ստացված յուրաքանչյուր դոլարի դիմաց Chubb-ը ծախսել է ընդամենը 86 ցենտ հատուցումների և ծախսերի վրա: Որքան ցածր է այս ցուցանիշը, այնքան լավ են անդերրայթինգային արդյունքները: Ավելի տպավորիչ է պատահարային տարվա համակցված հարաբերակցությունը՝ բացառելով աղետների կորուստները, որը կազմել է 82.3%: Այս ցուցանիշը հաշվի է առնում միայն ընթացիկ տարվա հատուցումները՝ բացառելով այնպիսի անկանխատեսելի իրադարձություններ, ինչպիսիք են բնական աղետները, և օգնում է ներդրողներին տեսնել բիզնեսի հիմնական շահութաբերությունը։ Chubb-ը նաև գրանցել է ներդրումային եկամուտների ռեկորդային ցուցանիշ՝ 1.57 մլրդ դոլար, ինչը նպաստել է զուտ շահույթի 33% աճին՝ հասնելով 2.97 մլրդ դոլարի: Հիմնական գործառնական շահույթն աճել է մոտ 13%-ով՝ հասնելով 2.48 մլրդ դոլարի, ինչը պայմանավորված է կյանքի ապահովագրության հաջող արդյունքներով և ապահովագրավճարների աճով բոլոր տարածաշրջաններում: Սեփական կապիտալի եկամտաբերությունը կազմել է 17.6%, իսկ գործնական կապիտալի եկամտաբերությունը՝ 21.0%, ինչը վկայում է ընկերության ֆինանսական կայունության և անդերրայթինգային ու ներդրումային ոլորտներում գերազանց արդյունքների մասին:

Ավելին կարող եք իմանալ այստեղ

2025թ. առաջին կեսին գլոբալ ապահովագրական կորուստները հասել են 80 մլրդ դոլարի՝ գրանցելով պատմության երկրորդ ամենաբարձր ցուցանիշը – Munich Re-ի տվյալներով

2025 թվականի առաջին կիսամյակում բնական աղետների ապահովագրական վնասները կազմել են շուրջ 80 մլրդ դոլար, ինչը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տվյալ ժամանակահատվածի համար, հայտնում է Munich Re-ն։ Սա երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է պատմության մեջ՝ զիջելով միայն 2011 թվականի առաջին կիսամյակին, երբ տեղի ունեցավ Ճապոնիայի աղետալի երկրաշարժն ու ցունամին։ Ապահովագրական կորուստների 80 մլրդ դոլարը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25%-ով և մոտ կրկնակի գերազանցում է վերջին տասը տարիների միջին ցուցանիշը։ Ընդհանուր տնտեսական վնասները կազմել են մոտ 131 մլրդ դոլար, ինչը ցույց է տալիս, որ կորուստների զգալի մասը չի ապահովագրվել։ Վնասների հիմնական մասը՝ ընդհանուր տնտեսական վնասների 88%-ը և ապահովագրական վնասների 98%-ը պայմանավորված են եղանակային ծայրահեղ իրադարձություններով՝ փոթորիկներ, հեղեղներ և անտառային հրդեհներ, որոնցից ամենածանրը Լոս Անջելեսի աննախադեպ հրդեհներն էին՝ 53 մլրդ դոլար ընդհանուր վնասով, որից 40 մլրդ դոլարը ապահովագրական հատուցում էր: Այս աճող կորուստները ցույց են տալիս, որ բնական աղետները դառնում են ավելի հաճախակի և ուժգին՝ բարդացնելով ապահովագրական արդյունաբերության առաջադրանքը՝ կառավարելու ռիսկերն ու պաշտպանելու ապահովագրվածներին։ Դրանք նաև ընդգծում են ռիսկի նվազեցման, ավելի լայն ապահովագրական ծածկույթի և կլիմայական աղետներից ֆինանսական կորուստները մեղմելու ռազմավարությունների անհրաժեշտությունը։

Կարդալ ամբողջական հոդվածը այստեղ

Hannover Re վերաապահովագրական ընկերությունը շարունակում է շահութաբեր աճը փոփոխվող ռիսկային միջավայրում․ գլխավոր տնօրեն Կլեմենս Յունգստյոֆել

Hannover Re վերաապահովագրական ընկերության նոր գործադիր տնօրեն Կլեմենս Յունգստյոֆելը, որը ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի ապրիլին, հայտարարել է, որ ընկերությունը նպատակ ունի շարունակել շահութաբեր աճը՝ չնայած փոփոխվող և ավելի բարդ ռիսկային միջավայրին։ Նրա խոսքերով՝ Hannover Re-ն լավ դիրքերում է՝ պահպանելու իր ուժեղ ցուցանիշները՝ հիմնվելով մասնագիտացված վերաապահովագրական մոդելի վրա և ապահովելով արդյունավետ գործունեություն։ Յունգստյոֆելը ընդգծել է, որ կլիմայի փոփոխության հետևանքով բնական աղետներն ավելի հաճախակի և ծանր են դառնում, ինչը հանգեցրել է ապահովագրական ոլորտում ակնկալվող վնասների աճին։ Սակայն նա վստահություն է հայտնել, որ ընկերությունը կարող է արդյունավետ կառավարել այս ռիսկերը՝ վերանայելով պայմանագրերը և գները՝ ըստ նոր աճող ռիսկերի։ Ընկերությունը նաև կիրառում է ռիսկերի դիվերսիֆիկացում և սեփական վերաապահովագրական պայմանավորվածություններ՝ խոշոր աղետների ֆինանսական ազդեցությունը սահմանափակելու համար՝ պահելով վնասաբերության գործակիցը բավարար մակարդակի վրա։ Ապագայի համար Յունգստյոֆելը տեսնում է աճի հնարավորություններ Գույքի և պատահարների վերաապահովագրության ոլորտում, ինչպես նաև ավելի նեղ մասնագիտացված ուղղություններով, ինչպիսիք են կառուցվածքային վերաապահովագրությունն ու ֆինանսական լուծումները Կյանքի և առողջության ապահովագրության ոլորտում։ Նա հաստատել է ընկերության հավատարմությունը իր յուրահատուկ մշակույթի և հիմնական բիզնեսի նկատմամբ՝ նպատակ ունենալով ստեղծել երկարաժամկետ արժեք բաժնետերերի համար և աստիճանաբար ավելացնել դիվիդենտները մինչև 2026թ.:

Լրացուցիչ տեղեկատվության համար, սեղմեք այստեղ

Author