Թեթև փոթորկային սեզոնը վերաապահովագրողների համար բարձրացրել է շահույթի աճը՝ ըստ J.P Morgan-ի

J.P. Morgan-ի վերջին զեկույցի համաձայն՝ 2025 թվականի Ատլանտյան փոթորկային սեզոնը մինչ այժմ անսովոր մեղմ է ընթացել, ինչը կարող է զգալիորեն բարձրացնել համաշխարհային վերաապահովագրողների շահութաբերությունը։ Քանի որ այս պահին նրանց բնական աղետների կորուստների բյուջեի միայն մոտ 20%-ն է օգտագործվել, բազմաթիվ ընկերություններ՝ ինչպես օրինակ Swiss Re-ն, SCOR-ը և Munich Re-ն, սպասվում է, որ կունենան սպասվածից ավելի բարձր եկամուտներ։ J.P. Morgan-ի գնահատմամբ՝ եթե սեզոնային ժամանակահատվածի մնացած մասը նույնպես հանգիստ անցնի, վերաապահովագրողների հարկերից առաջ շահույթը կարող է աճել մոտ 6-13%-ով, իսկ նույնիսկ չափավոր կորուստների դեպքում՝ շուրջ 4-8%-ով։ Նաև նշվում է, որ նվազած վնասների մակարդակը ամրապնդում է կապիտալի դիրքերը, ապահովում է ավելի մեծ ճկունություն անդերրայթինգային քաղաքականության ձևավորման մեջ և օգնում է ընկերություններին հասնել իրենց 2025 թվականի  եկամտային նպատակներին։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները զգուշացնում են, որ նման բարենպաստ պայմանները կարող են հանգեցնել վերաապահովագրական գների մեղմացման՝ 2026 թվականի հունվարյան վերակնքումների ժամանակ, քանի որ մրցակցությունը կուժեղանա և հաճախորդները կփորձեն ստանալ ավելի ցածր սակագներ։ Ընդհանուր առմամբ, մեղմ փոթորկային սեզոնը ներկայումս վերաապահովագրողների համար ֆինանսական դրական ազդակ է, սակայն եթե կորուստների ցածր միջավայրը պահպանվի, դա կարող է արագացնել շուկայի անցումը դեպի «փափուկ» ցիկլի հաջորդ տարի։

Հավելյալ տեղեկատվության համար կարդացեք այստեղ

Generali-ն թողարկել է 500 մլն եվրոյի RT1 պարտատոմս, որն ամրապնդում է ընկերության ֆինանսական կայունությունը

Generali-ն հաջողությամբ ներգրավել է 500 միլիոն եվրո՝ թողարկելով իր առաջին անժամկետ Restricted Tier 1 (RT1) պարտատոմսը։ Այս քայլը նպատակ ունի ամրապնդելու ընկերության ֆինանսական կայունությունն ու ճկունությունը՝ համաձայն եվրոպական ապահովագրական կարգավորումների։ Պարտատոմսը մեծ հետաքրքրություն է առաջացրել ներդրողների շրջանում։ Պատվերների ընդհանուր ծավալը գերազանցել է 4.6 մլրդ եվրոն, ինչը վկայում է վստահության բարձր մակարդակի մասին Generali-ի ֆինանսական դիրքի նկատմամբ։ Ներդրումների հիմնական մասը կատարվել է միջազգային շուկաներից՝ մասնավորապես Միացյալ Թագավորությունից, Իռլանդիայից, Ֆրանսիայից և Կենտրոնական Եվրոպայից։ RT1 պարտատոմսը հատուկ ֆինանսական գործիք է, որը ապահովագրական ընկերություններին թույլ է տալիս բարձրացնել իրենց կապիտալը՝ առանց լրացուցիչ բաժնետոմսեր վաճառելու։ Այն որոշ չափով գործում է վարկի նման, սակայն ունի ճկուն պայմաններ՝ չունի վերադարձի ֆիքսված ժամկետ, և Generali-ն կարող է որոշ դեպքերում բաց թողնել տոկոսների վճարումը՝ առանց դեֆոլտ համարվելու։ Բարդ իրավիճակներում պարտատոմսի արժեքի մի մասը կարող է նվազեցվել՝ ընկերությանը և ապահովադիրներին պաշտպանելու նպատակով, այդ պատճառով կարգավորող մարմինները այն դիտարկում են որպես «անվտանգության կապիտալի» ձև։ Այս թողարկման միջոցով Generali-ն մեծացնում է ֆինանսական անվտանգությունը և պատրաստվում է ապագա աճին՝ իր երկարաժամկետ ռազմավարության՝ “Life Partner 27: Driving Excellence” շրջանակներում։

Հոդվածի մասին ավելին իմանալու համար կարդացեք այստեղ

Վերաապահովագրության գները կանխատեսվում է, որ Հունվարի 1-ի դրությամբ կշարունակեն նվազել՝ շուկայի մեղմացման պայմաններում՝ ըստ J.P. Morgan-ի

J.P. Morgan-ի վերջին վերլուծության համաձայն՝ վերաապահովագրական գները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն նվազել 2026 թվականի հունվարի 1-ի վերակնքումների ընթացքում՝ շարունակելով 2025 թվականին սկսված շուկայի մեղմացման միտումը։ Գույքային աղետների վերաապահովագրության սակագները արդեն իսկ նվազել էին մոտ 5-15 %-ով 2025-ի սկզբին, և վերլուծաբանները կարծում են, որ այս անկումը կարող է խորանալ, եթե տարվա մնացած ժամանակահատվածում մեծ բնական աղետներ չլինեն։Չնայած մի քանի խոշոր աղետների՝ ներառյալ Լոս Անջելեսի անտառային հրդեհները, վերաապահովագրական շուկան շարունակում է ունենալ զգալի կապիտալ և հզորություն, ինչը ուժեղացնում է մրցակցությունը և բերում գների հետագա անկման։ Ներկայումս վերաապահովագրական ընկերությունները վայելում են կայուն ֆինանսական արդյունքներ՝ շնորհիվ բնական աղետների նվազեցված քանակի և կարգապահ անդերրայթինգային քաղաքականության, սակայն J.P. Morgan-ը զգուշացնում է, որ աճող մրցակցությունը, ավելացված կապիտալը և շուկայի մասնակիցների միջև սահմանափակ տարբերությունները, ամենայն հավանականությամբ, կբերեն նրան, որ սակագների նվազման միտումը կշարունակվի նաև 2026 թվականին։ Ընկերությունը կանխատեսում է, որ վերաապահովագրողների սեփական կապիտալի եկամտաբերությունը հաջորդ տարի կնվազի: Այն կմնա դրական, սակայն կլինի ավելի ցածր, քան 2025-ին, քանի որ շուկան անցում է կատարում վերջերս շահութաբեր «կոշտ» փուլից դեպի ավելի մրցակցային և «փափուկ» փուլ։

Ավելին իմանալու համար կարդացեք այստեղ

SCOR-ը տեսնում է լավ հնարավորություններ ԱՄՆ-ի վերաապահովագրական շուկայում աճելու համար

Ֆրանսիական վերաապահովագրական ընկերություն SCOR SE-ն, ԱՄՆ-ի գույքային աղետների վերաապահովագրական շուկան դիտարկում է որպես զգալի աճի հնարավորություն։ Ընկերությունը պատրաստ է ներդնել միջոցներ այս ոլորտում՝ ընդունելով ռիսկեր, որոնք մոտավորապես համարժեք են ստացված ապ․վճարներին։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մեկ դոլար ապ․վճարի դիմաց SCOR-ը պատրաստ է կրել մոտավորապես մեկ դոլարի չափով հնարավոր վնասներ։ Սա ցույց է տալիս ընկերության վստահությունը, որ շուկայի ներկայիս գները բավարար են՝ ապագա կորուստները ծածկելու համար։ SCOR-ը չի ափսոսում իր որոշման համար՝ մեծացնելու ներգրավվածությունը, թեև նախկինում այս ոլորտում ավելի փոքր բաժին ուներ, և կարծում է, որ հիմա ճիշտ ժամանակն է ընդլայնման համար։ Միևնույն ժամանակ, ընկերությունը գիտակցում է, որ բնական աղետների աճն ու պայմանագրերի կառուցվածքային փոփոխությունները պահանջում են զգուշավորություն, ուստի այն կշարունակի կենտրոնանալ անդերրայթինգային կարգապահության վրա։ Իսկ ԱՄՆ պատասխանատվության ապահովագրության ոլորտում SCOR-ը կրճատել է իր պորտֆելի շահութաբերությամբ ավելի թույլ հատվածները և մոտ ապագայում կանխատեսում է սահմանափակ աճ, քանի որ գնաճը և հատուցումների աճը շարունակում են ազդել եկամտաբերության վրա։

Ավելին իմանալու համար կարդացեք այստեղ

Author