Ի՞նչպես է փոխվել ապահովագրական շուկան նախորդ հինգ տարիներին

2021–2025 թվականներին թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում տեղի ունեցած մի շարք տնտեսական, քաղաքական և սոցիալական իրադարձություններ էական ազդեցություն ունեցան ՀՀ ապահովագրական շուկայի վրա, որոնք ձևափոխեցին գործող համակարգը և ձևավորեցին նոր տենդենցներ։

2022 թվականին պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ռուսական ընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները սկսեցին ազդել տարածաշրջանի ֆինանսական շուկաների վրա, որը ստիպեց շուկայի որոշ մասնակիցների գնալ ռեբրենդինգի կամ բաժնետիրական կապիտալի կառուցվածքի փոփոխության։

2022 թվականին ավարտվեց «Ռեսո Ինշուրանս» ընկերության 100% բաժնետոմսերի վաճառքը, ինչից հետո ընկերությունը վերանվանվեց «Ռեգո Ինշուրանս»։

2022-2023 թվականներին «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը իրականացրեց ամբողջական վերափոխում և ռեբրենդինգ՝ վերանվանվելով «ԼԻԳԱ Ինշուրանս»։ Արդեն 2025 թվականին ընկերությունը հայտարարեց ավստրիական խոշորագույն «Գրավե Գրուպ»-ի և «Ցե–Կվադրատ» ներդրումային խմբի կողմից 100% բաժնետոմսերի ձեռքբերման մասին։

2023 թվականի ապրիլի 1-ից անցում կատարվեց ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին, ինչը նշանակում է, որ ապահովագրական ընկերությունները սկսեցին առաջարկել ԱՊՊԱ պայմանագրերի անհատականացված սակագներ` հիմնված յուրաքանչյուր վարորդի անհատական վարորդական պատմության վրա։

2023 թվականի հուլիսին ապահովագրական շուկա մուտք գործեց «ԷՖԵՍ»-ը, որը կարճ ժամանակահատվածում դարձավ կամավոր ապահովագրության խոշոր մասնակից և փոխեց մրցակցային միջավայրը։

2024 թվականին «Ինգո Արմենիա»-ն ևս իրականացրեց ռեբրենդինգ և վերանվանվեց «ԻՆԳՈ»։ Ընկերությունն այս փոփոխությունը հիմնավորվեց բրենդի պարզեցմամբ և ընկերության զարգացման նոր փուլով։

2021-2025 թվականները նշանավորվեցին նաև ԱՊՊԱ-ի թվայնացման գործընթացով։ Եթե էլեկտրոնային ԱՊՊԱ պայմանագրերի մասնաբաժինը 2021 թվականին կազմում էր 23%, ապա 2025 թվականի վերջին արդեն գերազանցեց 35%-ը։

Այս իրադարձություններն իրենց հերթին բերեցին ապահովագրական բոլոր 7 ընկերություններում ֆինանսական ցուցանիշների փոփոխությունների, որոնց առավել մանրամասն ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ, թե ինչ ուղղությամբ կզարգանա շուկան առաջիկա տարիների ընթացքում։ Ստորև ներկայացված են նախորդ հինգ տարիների ընթացքում բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարները և վճարված հատուցումները․

Աղբյուրը՝ ապահովագրական ընկերությունների հրապարակած տարեկան ֆինանսական արդյունքներ

Հավաքագրված ապահովագրավճարները 2025 թվականին 2021 թվականի համեմատությամբ աճել են 76%-ով, նույն ժամանակահատվածում վճարված հատուցումներն աճել են 62%-ով։ Աճի նման տեմպերի հիմնական պատճառները բացահայտելու նպատակով անհրաժեշտ է գնահատել, թե ՀՀ տնտեսության զարգացմանը զուգընթաց ինչ զարգացում է արձանագրել ապահովագրական շուկան։

Աղյուսակ 1։ Ապահովագրական ընկերությունների հավաքագրված ապահովագրավճարներ և ՀՆԱ հարաբերակցությունը 2021-2025 թվականներին

Աղբյուրը՝  ՀՀ վիճակագրական կոմիտե, ապահովագրական ընկերությունների հրապարակած տարեկան ֆինանսական արդյունքներ

Աղյուսակում նշված ցուցանիշներից կարելի է եզրակացնել, որ ՀՀ տնտեսության ընդհանուր ծավալի համեմատ ապահովագրական շուկայի ծավալը դեռևս շատ փոքր է՝ 2025 թվականին հավաքագրված ապահովագրավճարների և ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է ընդամենը 0,73%, ինչը խոսում է ապահովագրական շուկայի զարգացման դեռևս ցածր մակարդակի մասին։

Շատ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվում է 3–6 %-ի սահմաններում, ինչը նշանակում է, որ այդ երկրներում բնակչությունն ու բիզնեսները ակտիվորեն օգտվում են ապահովագրությունից։

Հետևաբար ապահովագրավճարների և հատուցումների նման աճը վերջին տարիներին պայմանավորված է ոչ այնքան շուկայի ընդլայնմամբ և ապահովագրված անձանց թվի աճով, այլ առավելապես ապահովագրական սակագների թանկացմամբ, ինչպես նաև բժշկական ծառայությունների, ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի արժեքի թանկացմամբ։

Վերոնշյալ ցուցանիշների ձևավորման մեջ յուրաքանչյուր ապահովագրական       ընկերության մասնակցության աստիճանը գնահատելու համար դիտարկվում են 2021-2025 թվականների ընթացքում ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարների մասնաբաժինները՝

Աղբյուրը՝  ապահովագրական ընկերությունների հրապարակած տարեկան ֆինանսական արդյունքներ

2021–2022 թվականներին ապահովագրական շուկայում հավաքագրված ապահովագրավճարներով առաջատարներն էին «Լիգա» և «ԻՆԳՈ» ապահովագրական ընկերությունները` համապատասխանաբար 28% և 26% մասնաբաժիններով, սակայն արդեն 2023 թվականից սկսած, «ԷՖԵՍ»-ի՝ շուկա մուտք գործելուց հետո, կատարվեց շուկայի մասնաբաժինների վերաբաշխում, և արդեն 2025 թվականին «Նաիրի»-ն և «ԻՆԳՈ»-ն ունեին 17% մասնաբաժին, իսկ «ԷՖԵՍ»-ը 16% մասնաբաժնով երրորդ տեղում էր՝ չնայած, որ վերջինս պարտադիր ապահովագրության մաս կազմող ԱՊՊԱ և պետական սոցիալական ապահովագրությամբ չի զբաղվում։

Քանի որ շուկայական մասնաբաժինների փոփոխությունն ինքնին բավարար չէ մրցակցության մակարդակի փոփոխությունը գնահատելու համար, նպատակահարմար է կիրառել Հերֆինդալ-Հիրշմանի կենտրոնացվածության ինդեքսը (HHI), որը հնարավորություն է տալիս գնահատել շուկայում մրցակցության մակարդակը և շուկայական մասնաբաժինների կենտրոնացվածությունը։ Ըստ HHI-ի ընդունված գնահատման չափանիշների՝ մինչև 1,500 ցուցանիշ ունեցող շուկաները համարվում են ցածր կենտրոնացված, քանի որ շուկայական մասնաբաժինները համեմատաբար հավասարաչափ են բաշխված, և որևէ ընկերություն չի զբաղեցնում գերիշխող դիրք։ 1,500–2,500 միջակայքում գտնվող HHI-ն բնութագրում է միջին կենտրոնացված շուկաները, որտեղ գործում են մի քանի խոշոր ընկերություններ, սակայն մրցակցային միջավայրը դեռևս պահպանվում է։ Իսկ 2,500-ից բարձր HHI ունեցող շուկաները համարվում են բարձր կենտրոնացված, ինչը նշանակում է, որ շուկայի զգալի մասնաբաժինը կենտրոնացած է սահմանափակ թվով ընկերությունների ձեռքում, ինչը կարող է վկայել ավելի թույլ մրցակցային միջավայրի մասին։

2023 թվականից սկսած այս ցուցանիշը նվազման միտում ունի, ինչը նշանակում է, որ ապահովագրական շուկան ՀՀ-ում բնութագրվում է կենտրոնացվածության ցածր մակարդակով, շուկայի մասնաբաժինները համեմատաբար հավասարաչափ են բաշխված ընկերությունների միջև, և բոլոր ընկերությունները շարունակաբար մրցակցում են սպասարկման որակով, հաճախորդներին առաջարկվող սակագներով և նոր ապահովագրական առաջարկներով։

Շահութաբերություն

Ապահովագրական շուկայի գնահատման տեսանկյունից կարևոր է ոչ միայն հասկանալ, թե որքան են կազմել հավաքագրված ապահովագրավճարները, այլև գնահատել, թե որքանով են ընկերությունները արդյունավետ կառավարում իրենց ակտիվները և ինչ մակարդակի շահույթ են ապահովում։

Ապահովագրական ընկերությունների շահույթը ձևավորվում է 2 հիմնական աղբյուրներից՝ զուտ ապահովագրական գործունեությունից ստացված շահույթ (հավաքագրված ապահովագրավճարների և վճարված հատուցումների դրական տարբերություն) և ներդրումային գործունեությունից ստացված շահույթ։

Բուն ապահովագրական գործունեության շահութաբերությունը գնահատելու համար նախ դիտարկվում են 2021-2025 թվականների ընթացքում բոլոր ապահովագրական ընկերությունների ապահովագրական ծառայությունների գծով արդյունքները՝

Աղյուսակ 2։ Ապահովագրական ընկերությունների ապահովագրական ծառայությունների գծով արդյունքը 2021-2025 թվականներին

Աղբյուրը՝ ապահովագրական ընկերությունների հրապարակած տարեկան ֆինանսական արդյունքներ

Ապահովագրական ծառայությունների գծով արդյունքը բոլոր ապահովագրական ընկերությունների համար դրական է, ինչը վկայում է, որ ապահովագրողների հիմնական ապահովագրական գործունեությունը, ընդհանուր առմամբ, շահութաբեր է եղել։

Հինգ տարվա միջին ցուցանիշով ամենաբարձր ցուցանիշներն արձանագրել են «Նաիրի»-ն և «Ինգո»-ն՝ համապատասխանաբար 1,922,190 հազար դրամ և 1,813,247 հազար դրամ արդյունքով։ Սակայն, ի տարբերություն մրցակիցների, «Ինգո»-ն տարեցտարի գրանցում է ցուցանիշի նվազում, ինչը կարող է վկայել ապահովագրական գործունեության շահութաբերության նվազման մասին։

Երրորդ տեղում «ԷՖԵՍ»-ն է՝ 1,190,230 հազար դրամ զուտ ապահովագրական արդյունքով, ինչը դեռևս պորտֆելի ձևավորման փուլում գտնվող ընկերության համար բավականին բարձր ցուցանիշ է։ Ընկերությունների գործունեության վերջնական արդյունավետությունը գնահատելու նպատակով դիտարկվում են դրանց զուտ շահույթի և վնասի ցուցանիշները.

Աղյուսակ 3։  2021-2025 թվականների ընթացքում բոլոր ապահովագրական ընկերությունների գրանցած շահույթը/ վնասը

Աղբյուրը՝ ապահովագրական ընկերությունների հրապարակած տարեկան ֆինանսական արդյունքներ

2025 թվականը բոլոր ապահովագրական ընկերությունների համար շահութաբեր տարի է եղել, բացառությամբ «Ինգո»-ի, որի շահույթը տարեցտարի նվազել է, և արդեն 2025 թվականին ընկերությունը գրանցել է 325,250,000 դրամի վնաս։

Կարելի է առանձնացնել «Նաիրի»-ն, որը վերջին 5 տարիների ընթացքում մշտապես գրանցել է դրական արդյունք և «Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը չնայած աչքի չի ընկնում զուտ ապահովագրական արդյունքի բարձր ցուցանիշներով, այնուամենայնիվ, վերջին տարիներին կարողացել է պահպանել շահույթի հավասարակշռված դրական ցուցանիշներ։

Վերոնշյալ ցուցանիշների համեմատական ուսումնասիրության դեպքում նկատելի է, որ ապահովագրական ծառայությունների գծով արդյունքը պահպանում է համեմատաբար կայուն դինամիկա, ինչը նշանակում է, որ ընկերությունների հիմնական ապահովագրական գործունեության արդյունավետությունը էական տատանումների չի ենթարկվել։ Ի տարբերություն, զուտ շահույթի/վնասի ցուցանիշներում նկատվում են զգալի տատանումներ, ընդ որում, ոչ մեկ ուղղությամբ, ինչը կարող է պայմանավորված լինել ոչ միայն ապահովագրական, այլև ֆինանսական՝ այդ թվում ներդրումային գործունեության արդյունքներով։

Կամավոր ապահովագրական շուկան

Վերջին հինգ տարիների ընթացքում ակտիվորեն զարգանում է կամավոր տեսակներով ապահովագրության շուկան, որը չի ներառում ՀՀ-ում պարտադիր համարվող՝ ԱՊՊԱ պայմանագրերի և պետական սոցիալական ապահովագրության սեգմենտները։

Ապահովագրական ընկերությունները մրցակցային դիրքերը պահպանելու նպատակով շարունակում են հաճախորդներին առաջարկել առողջության, գույքի և ԿԱՍԿՈ ապահովագրության տեսակներով առավել անհատականացված և մրցունակ ապահովագրական պրոդուկտներ։

Պատկերն առավել հասկանալի դարձնելու համար ստորև ներկայացված են ապահովագրական ընկերությունների կողմից 2021-2025 թվականներին միայն կամավոր ապահովագրատեսակների գծով հավաքագրված ապահովագրավճարների մասնաբաժինները՝

Աղբյուրը՝ ապահովագրական ընկերությունների հրապարակած տարեկան ֆինանսական արդյունքներ

Ինչպես երևում է գրաֆիկում, «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն շուկա մուտք գործելուց ընդամենը մեկ տարի անց կամավոր շուկայի առաջատարն է՝ 31% մասնաբաժնով։

Կամավոր շուկայում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են «Նաիրի» և «Լիգա» ապահովագրական ընկերությունները, յուրաքանչյուրը 16% մասնաբաժնով։

Նրանց հաջորդում են «ԻՆԳՈ»-ն և «Սիլ»-ը, իսկ ցուցակը եզրափակում են «Արմենիա» և «Ռեգո» ապահովագրական ընկերությունները։ Ստորև ներկայացված է կամավոր ապահովագրատեսակների գծով բոլոր ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարների աճը վերջին հինգ տարիների ընթացքում։

Աղբյուրը՝ ապահովագրական ընկերությունների հրապարակած տարեկան ֆինանսական արդյունքներ

2025 թվականին 2021 թվականի բոլոր ընկերությունների կողմից կամավոր ապահովագրատեսակներով հավաքագրված ապահովագրավճարները աճել են ավելի քան 50%-ով, ինչին նպաստել են մի քանի առանցքային գործոններ, մասնավորապես՝

  1. Ապահովագրական ծառայությունների թվայնացումը
    COVID-19 համաճարակը դարձավ շուկայի թվայնացմանը նպաստող կարևորագույն խթաններից մեկը։ Վերջին տարիներին մի քանի ապահովագրական ընկերություններ՝ «ԷՖԵՍ»-ը, «Լիգա»-ն, «Սիլ»-ը, «Ռեգո»-ն, ակտիվ կիրառության մեջ դրեցին իրենց բջջային հավելվածները, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին հաշված րոպեների ընթացքում առանց գրասենյակ այցելելու կնքել ապահովագրական պայմանագրեր, լրացնել հատուցման դիմումներ և օգտվել մի շարք առցանց ծառայություններից։
  2. Բանկային ապահովագրության ծավալների աճը
    Կամավոր ապահովագրական շուկայի զարգացմանը մեծապես նպաստել է բանկային շուկայի ակտիվ աճը։
    ՀՀ բանկերի մեծ մասը սահմանում են ապահովագրության պարտադիր պահանջ ավտովարկավորմամբ և լիզինգի միջոցով ձեռք բերվող մեքենաների և հիփոթեքային վարկով ձեռք բերվող բնակարանների համար։
    Վարկի ժամկետի ընթացքում հաճախորդները կարող են առնչվել տարաբնույթ ապահովագրական պատահարների, ինչը թույլ է տալիս նրանց առավել խորությամբ ծանոթանալ մի շարք ապահովագրական առաջարկներին, տրամադրած առավելություններին և հետագայում դրանք կամավոր կերպով իրենց առօրյային ինտեգրելուն։
  3. ԿԱՍԿՈ շուկայի զարգացում
    Հայաստանում ավտոմեքենաների արժեքների աճը, հատկապես նոր և ներմուծվող մեքենաների դեպքում, մեծացրեց ԿԱՍԿՈ-ի պահանջարկը։ Եթե նախկինում ԿԱՍԿՈ-ն հիմնականում թանկարժեք ավտոմեքենաների համար էր, ապա վերջին տարիներին այն աստիճանաբար դարձավ միջին եկամուտ ունեցող հաճախորդների համար ևս հասանելի և ցանկալի պրոդուկտ։ ԿԱՍԿՈ-ն այժմ կամավոր ապահովագրական շուկայի հիմնական շարժիչ ուժերից է։

Ապահովագրական շուկան ներկայում և զարգացման հնարավոր միտումներ

Նախորդ հինգ տարիներին ապահովագրական շուկան հաղթահարել է 2019-2020 թվականների ընթացքում առաջացած տնտեսական հետևանքները և անցել է զարգացման նոր փուլ, որը նշանավորվում է հասարակության շրջանում ապահովագրության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմամբ և ապահովագրական առաջարկների նկատմամբ պահանջարկի աճով, ինչն էլ իր հերթին խոստանում է կամավոր ապահովագրատեսակների գծով վաճառքների աճ և մանրածախ պրոդուկտների ինտեգրում մարդկանց առօրյայում։ Այնուամենայնիվ, չնայած վերջին տարիների աճին՝ ապահովագրավճար/ՀՆԱ հարաբերակցության ցածր մակարդակը վկայում է, որ շուկան դեռևս հեռու է իր զարգացման պոտենցիալի լիարժեք իրացումից։

Ներկայիս ապահովագրական շուկայում աճի ամենամեծ պոտենցիալը ունի առողջության ապահովագրությունը։ Դրան նպաստող գործոններից թերևս ամենակարևորը 2026 թվականի հունվարի մեկից ՀՀ Կառավարության որոշմամբ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էր, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայունությունը, բարելավել բնակչության առողջության և դրա հետ կապված այլ ցուցանիշները, ինչպես նաև նվազեցնել հիվանդացության, մահացության ցուցանիշները, նպաստել բնակչության առողջապահական կարիքների բավարարմանը, բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության որակը:

Ներկա պահին առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված են ավելի քան 1,700,000 քաղաքացիներ[1], որոնց թիվը տարեցտարի կավելանա։

Այս համակարգի ներդրումը կարող է դառնալ առաջիկա տարիներին շուկայի զարգացման կարևորագույն գործոններից մեկը։ Այն հասարակության առավել լայն զանգվածներին հնարավորություն կտա ծանոթանալ առողջության ապահովագրությանը և, ենթադրաբար, կաճի պահանջարկը նաև ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող հավելյալ առաջարկների նկատմամբ, որոնք միտված են ծածկել համընդհանուր ապահովագրության բացերը՝ հաճախորդներին առաջարկելով համալիր ապահովագրական ծածկույթներ։

ՀՀ տնտեսության առանցքային նշանակություն ունեցող ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է, որը ձևավորում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 15 %-ը[2]։ Միևնույն ժամանակ այն տնտեսության ամենառիսկային ճյուղերից է՝ պայմանավորված Հայաստանի աշխարհագրական և կլիմայական առանձնահատկություններով, որոնք հանգեցնում են կարկուտի, ցրտահարության և այլ բնական երևույթների բարձր հաճախականության։ Հետևաբար այս ոլորտին առնչվող ռիսկերը մշտապես պետության ուշադրության կենտրոնում են, և այդ ռիսկերի կառավարման նպատակով 2026 թվականին Հայաստանում առաջին անգամ ներդրվել է գյուղատնտեսության համաապահովագրության մոդելը, որն իրականացվում է 6 ապահովագրական ընկերությունների մասնակցությամբ։ Որպես գլխավոր ապահովագրող հանդես է գալիս «ԷՖԵՍ»-ը։ Համակարգի կայացմանը նպաստում է նաև պետության մասնակցությունը․ ապահովագրավճարների 40-60%-ը սուբսիդավորվում է՝ կախված ապահովագրական պրոդուկտի տեսակից, ինչը զգալիորեն մեծացնում է ապահովագրության հասանելիությունը գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց համար։

Եթե այս նախադրյալները պահպանվեն, գյուղատնտեսական ապահովագրությունը կարող է առաջիկա տարիներին դառնալ ոչ միայն գյուղատնտեսության ռիսկերի կառավարման կարևոր գործիք, այլև Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացման նոր ուղղություններից մեկը։ Միաժամանակ, այս ուղղությունը շարունակում է մնալ ապահովագրական շուկայի ամենաբարդ և ամենաբարձր ռիսկայնություն ունեցող սեգմենտներից մեկը, այդ իսկ պատճառով ծրագրի երկարաժամկետ հաջողությունը մեծապես կախված կլինի պետության շարունակական աջակցության և ռիսկերի ճշգրիտ գնահատման արդյունքներից։

Թվային ֆինանսական ծառայությունների տարածմանը զուգահեռ՝ առաջիկա տարիներին ապահովագրական շուկայի զարգացման կարևոր ուղղություն կարող են դառնալ կիբեռ ռիսկերի, հաշիվների, քարտային գործարքների և անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ապահովագրական առաջարկները, որի նախադեպն արդեն գրանցվել է շուկայում։ 2026 թվականի մայիսին «Ակբա բանկ»-ը և «ԷՖԵՍ»-ը ներկայացրել են հաշիվների ապահովագրության առաջարկ, որը հատուցում է կիբեռ զեղծարարության հետևանքով հաճախորդների քարտերի կամ հաշիվների գումարների կորուստը։

Այս վերլուծության հիման վրա կարելի է նաև ենթադրել, որ առաջիկա տարիներին ապահովագրական ընկերությունների գլխավոր մարտահրավերները կլինեն՝

  • մրցակցային և գնաճի հակում ունեցող տնտեսական միջավայրում շահութաբերության ցուցանիշների պահպանումը,
  • ԿԱՍԿՈ և գույքի ապահովագրության տեսակներով մանրածախ շուկայում բիզնեսի դիրքերի ամրապնդումը,
  • թվային գործիքների ներդրումը ոչ միայն հաճախորդների սպասարկման գործընթացներում, այլև ընկերությունների ներքին պրոցեսների բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակներով։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ապահովագրական շուկան դեռ զարգացման երկար ճանապարհ ունի անցնելու, բայց արդեն հաղթահարել է այն փուլը, երբ աճը պայմանավորվում էր միայն պարտադիր ապահովագրությամբ, և անցում է կատարում կամավոր ապահովագրության վրա հիմնված զարգացման փուլ։


[1] https://www.uhif.am/am
[2] https://aina.am/our-stores/

Author