Շատերը մտածում են, որ ապահովագրելով որևէ ռիսկ կամ պատասխանատվություն ի սպառ ազատվում են տվյալ գործողության հետևանքով տեղի ունեցած ցանկացած պատասխանատվությունից։ Սակայն ապահովագրության պայմանագրերը ունեն մի շարք բացառություններ և նրբություններ։ Այդ նրբություններից մեկը «սուբրոգացիա» հասկացողությունն է, որը կբացատրենք ԱՊՊԱ ոլորտի շրջանակներում։

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի` «Եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով»։ Այսինքն, եթե Պողոսը վնաս է պատճառում Արամին, և Արամի ապահովագրական ընկերությունը հատուցում է վերջինիս վնասը, ապա Արամը Պողոսի նկատմամբ իր պահանջը փոխանցում է իր ապահովագրական ընկերությանը, որն էլ Արամին հատուցած վնասը «ետ է պահանջում Պողոսից, կամ կիրառում է «հետադարձ պահանջի իրավունք»։ Այս գործողությանը անվանում են նաև Սուբրոգացիայի իրավունքի կիրառում։

ԱՊՊԱ պատահարի դեպքում միշտ առկա է մեղավոր և տուժող (բացառությամբ 50/50 դեպքերի)։ Դասական պատահարի դեպքում տուժողը հատուցում է ստանում մեղավորի ապահովագրական ընկերությունից, և վերջ, ոչ ոք ոչ ոքից այլ պահանջներ չի ունենում (բացառությամբ ԱՊՊԱ հատուցման սահմանաչափերի գերազանցման դեպքում)։ Սակայն կան դեպքեր, երբ մեղավորի ապահովագրական ընկերությունը մեղավորից ետ է պահանջում հատուցած գումարը։

Ապահովագրական ընկերությունը սուբրոգացիայի իրավունքը կարող է կիրառել 3 անձի նկատմամբ․

  1. Հենց վնաս պատճառած անձի / վարորդի նկատմամբ,
  2. Վնաս պատճառած տրանսպորտային միջոցի սեփականատերի նկատմամբ,
  3. Այլ անձի նկատմամբ։

Այսպես, վնաս պատճառած անձի / վարորդի նկատմամբ սուբրոգացիայի իրավունքը կիրառվում է հետևյալ դեպքերում․

  • նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո: Ապահովագրական ընկերության համար հիմք է հանդիսանում Ոստիկանության արձանագրությունը, որի ժամանակ վարորդները անցնում են ալկո-քննություն։
  • նա առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց։ Եթե պատահարից հետո առանց ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու վարորդը լքում է դեպքի վայրը, կամ տեղաշարժում է մեքենան, ապա հիմք է ստեղծում ապահովագրական ընկերության համար հետադարձ պահանջի իրավունք կիրառելու համար։
  • նա ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից, բացառությամբ այն դեպքի, երբ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք։ Վարելու իրավունքից զրկվում են նաև, երբ վարորդի հասանելիք 9 բալը լրանում է։ Լրանալուց մինչև վերականգնվելը վարորդը իրավունք չունի վարել մեքենան, հետևաբար պատահարի դեպքում բալերը լրացած լինելը ունի նույն հետևանքը, ինչ առանց վարորդական իրավունքի մեքենան վարելն է։ Վարորդական իրավունք ասելով պետք է հասկանալ նաև տվյալ իրավունքի սահմանափակումները, օրինակ՝ մեքենան վարել միայն ակնոցներով, կամ վարել միայն ավտոմատ փոխանցման տուփով մեքենա, և այլն։
  • ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում (ապահովագրական պատահարից հետո 40 րոպեի ընթացքում) և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին։ Սա թերևս սուբրոգացիայի կիրառման ամենատարածված պատճառն է։ Մեղավոր վարորդը պարտավոր է պատահարից հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 40 րոպեի ընթացքում ահազանգել ապահովագրական ընկերությանը, հակառակ դեպքում վերջինս տուժողին հատուցած գումարը ետ է պահանջելու վարորդից։

Վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ սուբրոգացիայի իրավունքը կիրառվում է հետևյալ դեպքերում․

  • ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում: Օրինակ, պատահարի պատճառ է հանդիսացել մեքենայի արգելակման համակարգի անսարքությունը, բայց եթե ժամանակին մեքենան անցած լիներ տեխ սպասարկում, այդ անսարքությունը բացահայտված կլիներ, և պատահարը տեղի չէր ունենա։ Սուբրոգացիայի այս հիմքը պրակտիկայում գրեթե հնարավոր չէ կիրառել, քանի որ ապացուցողական բազան հիմնականում շատ թույլ է։
  • ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում (ապահովագրական պատահարի օրվանից հետո եռամսյա ժամկետում) և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին,
  • ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք։ Օրինակ, մեքենան տվել է 15 ամյա որդուն՝ վերջին զանգի արարողությանը մասնակցելու համար։
  • ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը։ Օրինակ՝ փաստացի տաքսի շահագործվող մեքենայի օգտագործման նպատակը թաքցրել է, և նշել է, որ այն օգտագործում է անձնական նպատակով։

Այլ անձանց նկատմամբ սուբրոգացիայի իրավունքը կիրառվում է հետևյալ դեպքերում․

  • պատահարի տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջ նկատմամբ, եթե պատահարը տեղի է ունեցել տարածքի կամ ճանապարհի անսարքության կամ թերության պատճառով, և դրանում առկա է սեփականատիրոջ մեղքը,
  • ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը չի բացահայտվել տեխնիկական զննության ընթացքում` դրա թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետևանքով,
  • օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ անձանց նկատմամբ, որոնց մեղքով տեղի է ունեցել պատահարը։

Հաշվի առնելով ապահովագրական ընկերությունների կողմից Սուբրոգացիայի կիրառման հնարավորությունը՝ խորհուրդ ենք տալիս վարորդներին և սեփականատերերին մշտապես պահպանել ԱՊՊԱ պատահարի գրանցման և մեքենայի շահագործման կանոնները։

Աղբյուր՝ www.appa.am

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ/Գործառնական տնօրեն, ԷՖԵՍ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010