Ամփոփելով 2023 թվականի 1-ին եռամսյակի արդյունքները` կարող ենք տեսնել, որ հավաքագրած ապահովագրավճարներով 2022 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ շուկայում գրանցվել է ավելի քան 19% կամ 3,8 մլրդ դրամի աճ։ Ի դեպ, այն կազմում է ամբողջ 2022 թվականի հավաքագրած ապահովագրավճարների ավելի քան 40%-ը, ինչը կարելի է խոստումնալից տարեսկիզբ համարել։

Գերակշիռ մասը կազմում է առողջության ապահովագրությունը, որն իր մեջ ներառում է նաև առողջության պարտադիր ապահովագրությունը (ենթադրաբար այն կազմում է մոտավորապես 3,9 մլրդ ՀՀ դրամ)։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ առողջության ապահովագրության  պորտֆելը գրանցել է մոտ 6% աճ՝ զբաղեցնելով շուկայի 37%-ը։ Միայն առողջության կամավոր ապահովագրության ապահովագրավճարներն աճել են 11%-ով, որն այդքան էլ տպավորիչ չէ անցած տարվա նույն ժամանակահատվածի աճի համեմատ (2021-2022 թթ․ առաջին կիսամյակի համեմատությամբ գրանցվել էր 44% աճ)։

Հավաքագրած ապահովագրավճարներով շուկայում 2-րդը ԱՊՊԱ տեսակինն է՝ 28%։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նկատվում է 11% աճ: Հետաքրքրական կլինի հետևել ԱՊՊԱ տեսակի ապահովագրավճարներին ապրիլի 1-ի ազատականացումից հետո։

Գույքի ապահովագրությունը կազմում է շուկայի 15%-ը, որը նախորդ տարվա համեմատ գրանցել է նույնչափ՝ 15% աճ։

Հրապարակվել են գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրավճարների տվյալները, և այն կազմում է շուկայի 6%-ը։ Ապահովագրական ընկերություններից 2-ը հավաքագրել են ավելի քան 1,3 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, որի միայն 85%-ը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանն է։

Տպավորիչ աճ է գրանցել ԿԱՍԿՈ ապահովագրությունը՝ 67% նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Մասնավորապես «Ռեգո Ինշուրանս»-ը գերազանցել է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը ավելի քան 5 անգամ։ Հաջորդ բարձր արդյունքները «Սիլ Ինշուրանս»-ինը, «Արմենիա Ինշուրանս»-ինը և «Նաիրի Ինշուրանս»-ինն են։ «Սիլ Ինշուրանս»-ը ավելի քան 2,6 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը, «Արմենիա Ինշուրանս»-ը՝ 2,3 անգամ, իսկ «Նաիրի Ինշուրանս»-ը՝ գրեթե 2 անգամ։

83% աճ է գրանցել ճամփորդության ապահովագրությունը․ միայն «Ինգո Արմենիա»-ն և «Սիլ Ինշուրանս»-ը ավելի քան 2,4 անգամ մեծացրել են իրենց ցուցանիշները։

Էական աճ է գրանցել բռեների ապահովագրությունը՝ կրկնակի ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Իսկ ավիացիոն պատասխանատվության ապահովագրությունը՝ աննախադեպ 6,5 անգամ։ Հայաստանում ապահովագրական շուկայի զարգացման ամենակարևոր գործոնը կամավոր տեսակների զարգացումն է (առանց ԱՊՊԱ և սոց. փաթեթ): Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այն գրանցել է 32% աճ և գրավել շուկայի 55,6%-ը։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա շուկայի առաջատարը «Ինգո Արմենիա»-ն է՝ հավաքագրելով գրեթե 8,9 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար և գրավելով շուկայի 38%-ը։ Հաջորդում է «Լիգա Ինշուրանս»-ը՝ 23% (5,3 մլրդ ՀՀ դրամ), «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 17% (4 մլրդ ՀՀ դրամ), «Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» և «Ռեգո Ինշուրանս»-ը՝ համապատասխանաբար 9% (2,1 մլրդ), 8% (1,9 մլրդ) և 5% (1,3 մլրդ):

Կամավոր տեսակներով բավականին երկար տարիներ առաջատարը նույնպես «Ինգո Արմենիա»-ն է՝ 53%՝ հավաքագրելով 6,9 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ «Լիգա Ինշուրանս»-ը, հավաքագրելով ավելի քան 2,5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, զբաղեցնում է շուկայի 20%-ը, «Նաիրի Ինշուրանս»-ը 1,6 մլրդ ՀՀ դրամով՝ 12%, իսկ «Արմենիա Ինշուրանս», «Սիլ Ինշուրանս» և «Ռեգո Ինշուրանս»-ը համապատասխանաբար՝ 7% (945 մլն), 6% (726 մլն) և 3% (404 մլն):

«Ինգո Արմենիա»-ն առաջատարն է հետևյալ ապահովագրատեսակներով՝

  1. Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  2. Առողջության ապահովագրություն (ներառյալ սոց․ փաթեթը),
  3. ԿԱՍԿՈ,
  4. Գույքի ապահովագրություն,
  5. Գյուղատնտեսության ապահովագրություն,
  6. Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն,
  7. Ճամփորդության ապահովագրություն,
  8. Օդային տրանսպորտի ապահովագրություն։

«Լիգա Ինշուրանս»-ը առաջատար է հետևյալ ապահովագրատեսակներով՝

  1. Բեռների ապահովագրություն,
  2. Կամավոր ԱՊԱ,
  3. Ֆինանսական վնասների ապահովագրություն։

«Նաիրի Ինշուրանս»-ը առաջատարն է ԱՊՊԱ տեսակով, իսկ «Արմենիա Ինշուրանս»-ը` երաշխիքի և վարկի ապահովագրատեսակներով։

Ինչպես երևում է, բացի «Ինգո Արմենիա»-ից և «Լիգա Ինշուրանս»-ից մյուս ապահովագրական ընկերությունների մոտ նկատվում է հատուցումների ավելացում։

2023 թվականի առաջին եռամսյակում շուկայի զուտ շահույթը կազմում է ավելի քան 1,7 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1,1 մլրդ-ի փոխարեն։ Ամենամեծ թվով զուտ շահույթ է գրանցել «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 489 մլն դրամի չափով, կամ 29% մասնաբաժնով։ Երկրորդ ամենամեծ շահույթը գրանցել է «Լիգա Ինշուրանս»-ը՝ 404 մլն դրամի չափով (24%), իսկ երրորդը՝ «Ինգո Արմենիա»-ն՝ 357 մլն ՀՀ դրամի չափով (21%)։

5 ապահովագրական ընկերությունները բարելավել են իրենց ֆինանսական արդյունքի ցուցանիշները, միայն «Ռեգո Ինշուրանս»-ի ցուցանիշն է զիջում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշին։ Համեմատական պատկերը ներկայացնենք ստորև։

Ամփոփելով կարելի է նշել, որ առաջին եռամսյակը փակվել է հաջողությամբ, և բոլոր ապահովագրական ընկերությունն էլ ունեն դրական ցուցանիշներ, որն էլ ապահովում է շուկայի աճը։

Author