2024 թվականը Հայաստանի ապահովագրական շուկայի համար ընդհանուր առմամբ պասիվ տարի է, ինչը արտացոլվում է շուկայի մեծության գրեթե անփոփոխ վարքագծով։ Շուկայում տեղի են ունենում պորտֆելների վերաբաշխումներ և ընկերությունների վերադիրքավորումներ, բայց ընդհանուր շուկայի ծավալը մնում է անփոփոխ։ 2023 թվականի 3-րդ եռամսյակի համեմատ ապահովագրական շուկան աճել է ընդամենը 1%-ով, ընդ որում՝ կամավոր ապահովագրության գծով արձանագրվում է անկում 6%-ով, իսկ ԱՊՊԱ գծով՝ աճ 11%-ով։
Կամավոր ապահովագրության գլխավոր տեսակը՝ առողջության ապահովագրությունը, գրանցել է գրեթե նույն ցուցանիշները, ինչ նախորդ տարվա 3-րդ եռամսյակում։ Հատկանշական է ավտոմեքենաների կամավոր ապահովագրության՝ ԿԱՍԿՈ տեսակի 24% աճը, ինչը ցույց է տալիս ապահովագրության տվյալ տեսակի նկատմամբ բնակչության շարունակական հետաքրքրությունը։
Հիշեցնենք, որ այս տարի գրեթե վաճառքներ չեն իրականացվել գյուղատնտեսության ապահովագրության գծով, որը հաշվառվում է գույքի ապահովագրության ներքո, և ցուցանիշից երևում է, որ անցած տարվա նկատմամբ այս տարվա անկման պատճառը հենց դա է։
Էական նվազել են նաև ԱՊԿԱ վաճառքները՝ 50%-ով, ինչից կարող ենք ենթադրել, որ մարդիկ սկսել են չվճարել ի լրումն ԱՊՊԱ-ի հավելյալ ծածկույթ ձեռք բերելու համար։
2024 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ հավաքագրված ապահովագրավճարների մեծությամբ առաջատարը Լիգա Ինշուրանսն է՝ 11,155,898 հազ ՀՀ դրամ-ով կամ շուկայի 21% մասնաբաժնով։
ԱՊՊԱ շուկայի առաջատարը Նաիրի Ինշուրանսն է՝ 22% մասնաբաժնով։
Կամավոր ապահովագրության շուկայի առաջատարը ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունն է՝ 9,196,265 հազ ՀՀ դրամով կամ կամավոր շուկայի 33%-ով։ ԷՖԵՍ-ը շարունակում է կամավոր ապահովագրության շուկայում իր դիրքերի ամրապնդումը՝ ընդամենը 1 տարվա մեջ գրավելով կամավոր ապահովագրության տեսակներից մեծ մասի առաջատարի դիրքը։
«ԷՖԵՍ»-ն առաջատարն է հետևյալ ապահովագրատեսակների գծով՝
- Առողջության ապահովագրություն (սոց․փաթեթը հաշվի չառած),
- ԿԱՍԿՈ ապահովագրություն
- Գույքի ապահովագրություն,
- Ճամփորդության ապահովագրություն,
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն։
ԼԻԳԱ-ն առաջատարն է հետևյալ ապահովագրատեսակների գծով՝
- Բեռների ապահովագրության,
- ԱՊԿԱ,
- Ֆինանսական ռիսկեր,
- Ընդհանուր պատասխանատվություն։
Ավիացիոն ապահովագրության առաջատարը ՍԻԼ-ն է։
«Սոց․ փաթեթ»-ի գծով առաջատար է «ԻՆԳՈ»-ն:
Վերաապահովագրություն
Բոլոր ընկերությունները միասին 2024 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ վերաապահովագրավճար են հաշվեգրել 9,590,542 հազ ՀՀ դրամ, որի 59%-ը կամ 5,613,707 հազ ՀՀ դրամը՝ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը։ 2-րդ ցուցանիշը Լիգա Ինշուրանսինն է՝ 1,423,702 հազ ՀՀ դրամ կամ 15% մասնաբաժին։
Հատուցումներ
Չնայած ապահովագրական շուկան աճել է ընդամենը 1%-ով՝ հատուցումները աճել են մոտ 49%-ով, ընդ որում՝ կամավոր ապահովագրության հատուցումները՝ 29%-ով։
Հատուցումների աճ է արձանագրվել ապահովագրության գրեթե բոլոր հիմնական տեսակներում՝
- ԱՊՊԱ – 75%
- Առողջության կամավոր ապահովագրություն – 48,68%
- ԿԱՍԿՈ – 119%
- Բեռներ – 104%, և այլն։
Արձանագրված ցուցանիշներից կարող ենք ենթադրել, որ ապահովագրական շուկան «անառողջ է», այն է՝ հավաքագրում է նույնքան ապահովագրավճար, ինչքան նախորդ տարի, սակայն հատուցում է 49%-ով ավելի։
Շահույթ
Ապահովագրական ընկերություն | Զուտ շահույթ 2024 |
ԻՆԳՈ | (231,137) |
ԼԻԳԱ | (437,940) |
ՆԱԻՐԻ | 448,112 |
ՌԵԳՈ | 273,903 |
ԱՐՄԵՆԻԱ | 510,054 |
ՍԻԼ | 168,861 |
ԷՖԵՍ | (13,972) |
ԸՆԴԱՄԵՆԸ | 717,881 |
ՀՀ ապահովագրական շուկան 2024 թվականի 3-րդ եռամսյակի դրությամբ ստացել է 717,881 հազ ՀՀ դրամ շահույթ, ընդ որում՝ 7 ընկերություններից 3-ը աշխատել են վնասով։ Ամենամեծ շահույթը գրանցել է Արմենիա Ինշուրանսը՝ 510,054 հազ ՀՀ դրամով, իսկ ամենամեծ վնասը՝ Լիգան՝ 437,940 հազ ՀՀ դրամով։
Այս պատկերը երևում է նաև ապահովագրավճարներ/հատուցումներ փոփոխության տեմպից։