Հայաստանում էլեկտրական մեքենաների կիրառելիությունն օր օրի ավելանում է, ինչը հնարավոր է տեսնել նաև անզեն աչքով։ Տարբեր գնահատականներով՝ ՀՀ-ում այսօր կա մոտ 40,000 էլեկտրական մեքենա, ինչը ԱՊՊԱ ունեցող մեքենաների մոտ 5,7%-ն է։
Հոդվածով անդրադարձ ենք կատարել էլեկտրական մեքենաների ռիսկերին՝ հատկապես ապահովագրական ընկերությունների տեսանկյունից։
Էլեկտրական մեքենաները մեծապես տարբերվում են դասական մեքենաներից՝ առաջին հերթին իրենց յուրահատուկ տեխնոլոգիայով և բաղադրիչներով։ Դասական մեքենաներից տարբերությունները ոչ միայն ազդում են էլեկտրական մեքենաների կատարողականության ու սպասարկման վրա, այլև ստեղծում են մարտահրավերներ և հնարավորություններ ապահովագրողների համար։
Էլեկտրական շարժիչային համակարգ
Էլեկտրական մեքենաների ու դասական մեքենաների միջև հիմնական տարբերությունը շարժիչային համակարգն է։ Էլեկտրական մեքենաներն օգտագործում են մարտկոցներով աշխատող էլեկտրական շարժիչներ՝ ի տարբերություն բենզինով կամ դիզելով աշխատող շարժիչների։
Էլեկտրական շարժիչային համակարգը բաղկացած է մի քանի հիմնական բաղադրիչներից․
- Էլեկտրական շարժիչ. Էլեկտրական մեքենաների սիրտը, որը մարտկոցից ստացված էլեկտրական էներգիան վերածում է մեխանիկական էներգիայի անիվները շարժման մեջ դնելու համար։
- Մարտկոցն իր հարակից բաղադրիչներով. Սովորաբար կազմված լինելով լիթիում-իոնային մարտկոցներից՝ մարտկոցային փաթեթն իր մեջ պահեստավորում ու մատակարարում է էլեկտրական էներգիան, որը պահանջվում է շարժիչը գործի գցելու համար։
- Ինվերտոր. Մարտկոցից եկող հաստատուն հոսանքը փոխակերպում է փոփոխական հոսանքի շարժիչը սնուցելու համար։
- Ներկառուցված լիցքավորիչ. Լիցքավորման կայանների փոփոխական հոսանքը փոխակերպում է հաստատուն հոսանքի մարտկոցը լիցքավորելու համար։
Այս բաղադրիչները, միասին աշխատելով, ապահովում են սահուն և արդյունավետ վարելու փորձառություն։ Սակայն այս պահեստամասերի բարձր արժեքն ու բարդությունը, հատկապես բուն մարտկոցի արժեքը, ապահովագրողների համար ստեղծում են նախկինում չհանդիպած մարտահրավերներ։
Մարտկոցային համակարգեր
Մարտկոցային համակարգն էլեկտրական մեքենաների ամենակրիտիկական և թանկարժեք բաղադրիչներից է։ Լիթիում-իոնային մարտկոցները նախընտրելի են իրենց բարձր էներգիայի խտության և երկար ծառայության շնորհիվ։ Սակայն դրանք իրենց հետ բերում են մի քանի մարտահրավերներ.
- Արժեք. Մարտկոցային փաթեթների բարձր արժեքը բարձրացնում է Էլեկտրական մեքենաների ընդհանուր գինը։ Վթարի հետևանքով վնասված մարտկոցը փոխարինելը կարող է լինել ավելի թանկ, քան դասական մեքենաների վերանորոգումը։ Նույնիսկ առաջին հայացքից փոքր վթար երևացող վթարների արդյունքում մարտկոցը կարող է վնասվել, ինչը հանգեցնում է ապահովագրողների համար առավել կիրառվող total loss-ի։ Միայն մարտկոցի արժեքը հաճախ գերազանցում է մեքենայի ամբողջ շուկայական արժեքի 50%-ը, երբեմն հասնում է նաև 70-80%-ի։
- Քայքայում. Ժամանակի ընթացքում մարտկոցները քայքայվում են՝ նվազեցնելով էլեկտրական մեքենաների կատարողականությունը։ Ապահովագրողները պետք է հաշվի առնեն այս ֆակտորը էլեկտրական մեքենաների արժեքն ու ապահովագրավճարը գնահատելիս։
- Անվտանգություն. Լիթիում-իոնային մարտկոցները կարող են ստեղծել հրդեհի ռիսկեր, մանավանդ ծանր պատահարների ժամանակ։ Այս ռիսկը մասնագիտացված անվտանգության պրոտոկոլների ստեղծման անհրաժեշտություն է առաջացնում և կարող է ազդել ապահովագրական ռիսկերի գնահատման և ծածկույթի տարբերակների վրա։
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ էլեկտրական մեքենաները հաճախ ունենում են շատ ավելի երկար երաշխիք, քան դրանց բենզինային կամ դիզելային համարժեքները։ Ավելին, եվրոպական ավտոմեքենաների արտադրողները հաճախ երաշխավորում են, որ մարտկոցները կպահպանեն իրենց կարողության 70%-ը 7-8 տարի և 100,000 մղոնից հետո։
Լիցքավորման ենթակառուցվածք
Արտաքին լիցքավորման ենթակառուցվածքներից կախվածությունը Էլեկտրական մեքենաների մեկ այլ յուրահատուկ կողմ է։ Կան լիցքավորման մի քանի տարբերակներ.
- Լիցքավորում տանը. Էլեկտրական մեքենաների սեփականատերերի մեծ մասն իրենց մեքենան լիցքավորում են տանը՝ օգտագործելով համապատասխան լիցքավորիչ։ Ապահովագրողները պետք է հաշվի առնեն այս լիցքավորիչների տեղադրումը և սպասարկումը տան ապահովագրության վկայագրերում։
- Հանրային լիցքավորում. Հանրային լիցքավորման կայանները, ներառյալ արագ լիցքավորիչները, էական դեր ունեն երկար ճամփորդությունների դեպքում։ Ապահովագրողները պետք է հաշվի առնեն այն ռիսկերը, որոնք ասոցացվում են հանրային լիցքավորման ենթակառուցվածքի օգտագործման հետ, օրինակ՝ էլեկտրական մեքենաներին կամ լիցքավորիչին հասցված հնարավոր վնասը և գողության հնարավորությունը։
- Լիցքավորում աշխատավայրում. Շատ բիզնեսներ աշխատողներին առաջարկում են լիցքավորման հարմարություններ։ Ապահովագրողները պետք է գնահատեն այս կարգավորումների պատասխանատվության հետևանքները և ծածկույթի պահանջները։
Առաջադեմ տեխնոլոգիաներ և կապակցվածություն
Ժամանակակից էլեկտրական մեքենաները հաճախ հագեցած են առաջադեմ տեխնոլոգիաներով և կապի հնարավորություններով, ինչպիսիք են՝
- Ինքնավար վարման հնարավորություններ. Շատ էլեկտրական մեքենաներ ունեն ինքնավար կամ կիսաինքնավար վարորդական հատկանիշներ, ինչը կարող է նվազեցնել մարդկային սխալի ռիսկը, բայց ներկայացնել նոր ռիսկեր՝ կապված ծրագրային անսարքությունների և կիբերանվտանգության սպառնալիքների հետ։
- Հեռահաղորդակցություն և տվյալների վերլուծություն. Էլեկտրական մեքենաները հաճախ ունեն հեռահաղորդակցման համակարգեր, որոնք հավաքում և վերլուծում են վարորդական փորձառության տվյալները։ Այս տվյալները կարող են արժեքավոր լինել ապահովագրողների համար ռիսկերը գնահատելիս, ապահովագրավճար սահմանելիս և հատուցումները կառավարելիս։
Հետևանքներ ապահովագրողների համար, ապահովագրության նոր մոդելներ և նկատառումներ
Էլեկտրական մեքենաների յուրահատուկ տեխնոլոգիան և բաղադրիչներն ավանդական ապահովագրական մոդելների վերագնահատման անհրաժեշտություն են առաջացնում։ Ապահովագրողները պետք է ադապտացնեն իրենց պրոդուկտները և ծառայությունները, հաշվի առնելով՝
- Վերանորոգման ծախսերը. Էլեկտրական մեքենաների առաջադեմ տեխնոլոգիաները և թանկարժեք բաղադրիչները նշանակում են ավելի բարձր վերանորոգման ծախսեր, ինչը պետք է ազդի ապահովագրավճարների և ծածկույթի տարբերակների վրա։
- Մարտկոցի հետ կապված ռիսկեր. Ճշգրիտ ռիսկերի գնահատման և անդերրայթինգի համար խիստ կարևոր է հասկանալ մարտկոցի քայքայման, փոխարինման ծախսերի և հրդեհի հետ կապված ռիսկերը։
- Ենթակառուցվածքի նկատառումներ. Հուսալի լիցքավորման ենթակառուցվածքի անհրաժեշտությունը ներմուծում է պատասխանատվության և ծածկույթի նոր նկատառումներ, մասնավորապես տնային և հանրային լիցքավորման կայանների համար։
- Տվյալների օգտագործում. Հեռահաղորդակցության և տվյալների վերլուծության օգտագործումը կարող է բարելավել ռիսկերի գնահատումը, անհատականացնել ապահովագրավճարները և բարելավել հատուցումների կառավարումը։
Վերանորոգման և փոխարինման ծախսերը
Էլեկտրական մեքենաների առաջադեմ տեխնոլոգիաները և մասնագիտացված բաղադրիչները նպաստում են վերանորոգման և փոխարինման ավելի բարձր ծախսերին: Հիմնական գործոններն են՝
- Մասնագիտացված պահեստամասերը. Էլեկտրական մեքենաները պարունակում են պահեստամասեր, որոնք ոչ միայն թանկարժեք են, այլ նաև հաճախ պետք է ձեռք բերվեն որոշակի արտադրողներից։ Հայաստանում էլեկտրական մեքենաների պահեստամասերի ձեռքբերումը հատկապես մարտահրավերային է ապահովագրողների համար, քանի որ շուկան առայժմ մենաշնորհային բնույթի է ու թանկ։ Պահեստամաս ներմուծողը ինքն է թելադրում դրա գները՝ առայժմ կախվածություն չունենալով շուկայական կանոններից։ Որպես այլընտրանք ապահովագրական ընկերության կողմից ուղիղ արտերկրից պատվիրման դեպքում ապահովագրողը ստիպված է լինում ամիսներով սպասել, ինչը հանգեցնում է հաճախորդների դժգոհությանը։
- Հմուտ աշխատուժ. Էլեկտրական մեքենաների վերանորոգումը հաճախ պահանջում է մասնագիտացված գիտելիքներ և վերապատրաստում։ Մասնագետները պետք է ծանոթ լինեն բարձր լարման համակարգերին և Էլեկտրական մեքենաների բաղադրիչների յուրահատուկ ասպեկտներին։ Այս մասնագիտացված աշխատուժը կարող է լինել ավելի թանկարժեք, քան ավանդական ավտոմեքենաների նորոգումը։
- Դիագնոստիկ գործիքներ. Էլեկտրական մեքենաների խնդիրները բացահայտելու և վերանորոգելու համար ընդլայնված դիագնոստիկ գործիքներ և սարքավորումներ են անհրաժեշտ, որոնք ավելացնում են վերանորոգման ընդհանուր ծախսերը։
Այս գործոնները ապահովագրողների համար նշանակում են, որ անգամ աննշան վթարները կարող են հանգեցնել զգալի հատուցումների։
Արժեզրկում և վերավաճառքի արժեքը
Էլեկտրական մեքենաների արժեզրկման գործակիցները կարող են զգալիորեն տարբերվել դասական մեքենաների արժեզրկման գործակիցներից։
Մինչ որոշ էլեկտրական մեքենաներ լավ են պահպանում իրենց արժեքը, մյուսները կարող են արագ արժեզրկվել, հատկապես եթե մարտկոցների տեխնոլոգիայի զարգացում կամ շուկայական պահանջարկի զգալի փոփոխություններ լինեն: Ապահովագրողների համար այս փոփոխականությունը մարտահրավերներ է ներկայացնում.
- Մնացորդային արժեքի հաշվարկներ. Էլեկտրական մեքենաների մնացորդային արժեքի ճշգրիտ կանխատեսումը բարդ է: Ապահովագրողները պետք է հաշվի առնեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են մարտկոցի վիճակը, երաշխիքը և տեխնոլոգիական հնացումը:
- Ամբողջական կորուստ. Այն դեպքերում, երբ էլեկտրական մեքենան հայտարարվում է ամբողջությամբ վնասված, փոխհատուցման գումարը կարող է զգալիորեն տարբերվել նախնական շուկայական արժեքից՝ կախված մեքենայի արժեզրկումից: Ապահովագրողներին անհրաժեշտ են հուսալի մեթոդներ այս արժեքները գնահատելու և հաշվարկելու համար:
Ամփոփելով եզրակացնենք, որ ապահովագրական ընկերությունները պետք է մշակեն նոր մոդելներ և անդերրայթինգային քաղաքականություն էլեկտրական մեքենաների ապահովագրության համար։