Ապահովագրական հարաբերությունների առաջացման հստակ տարեթվեր չկան, սակայն դեռևս մարդկության պատմության վաղ ժամանակներից մարդիկ գիտակցել են ռիսկի գոյությունը և քայլեր են ձեռնարկել դրա կառավարման համար։ Ապահովագրության ամենավաղ օրինակներից կարող ենք համարել Հովսեփի պատմությունը, որը հիշատակված է Աստվածաշնչի Հին Կտակարանում։ Ըստ այդ պատմության՝ Հովսեփը Եգիպտոսում ապրած տարիներին պահեստավորում է հացահատիկի բերքի ավելցուկը և սովի տարիներին բաժանում կարիքավորներին։

Ապահովագրության մասին առաջինը հիշտակվել է Բաբելոնում՝ ավելի քան 4000 տարի առաջ։ Բաբելոնը համարվում էր զարգացած առևտրային կենտրոն։

Կապիտալիստները, ովքեր պարտքով գումար էին տրամադրում վաճառականներին, պարտքերը համարում էին մարված, եթե ավազակները հարձակվում և թալանում էին քարավանը։ Տարածված են եղել նաև առևտրականների միջև պայմանավորվածությունները կորուստները համատեղ կրելու մասին։ Ճանապարհին ավազակների հարձակումների, կամ ուղտերի մահվան, կամ այլ խնդիրներով պայմանավորված վնասների դեպքում վնաս չկրածները միասին հատուցում էին վնաս ունեցածին։ Հետագայում Բաբելոնի թագավոր Համմուրաբին իր օրենքներում հիշատակել է ապահովագրությանը բնորոշ գծերի մասին (Code of Hammurabi)։

Ապրանքների ապահովագրությունից բացի, կյանքի ապահովագրության օրինակներ նույնպես հիշատակվել են, մասնավորապես՝ Հին Հունաստանում և Հռոմեական կայսրությունում։ Գործում էին այսպես կոչված «թաղման բյուրոներ», որոնց անդամները պարբերաբար անդամավճարներ էին վճարում ընդհանուր հիմնադրամին, և անդամներից մեկի մահվան դեպքում բյուրոն ոչ միայն հոգում էր թաղման ծախսերը, այլ նաև տալիս էր որոշակի գումար ընտանիքի ամդամներին։

Այն երկրներում, որտեղ զարգացած էր ծովային առևտուրը, տարածված են եղել այնպիսի պայմանավորվածություններ, համաձայն որոնց բոլորը պարտավորվում էին վճարել այն անձին, ում բեռը վնասվել էր ծովահենների հարձակումներից, փոթորիկներից, կամ մնացած բեռները փրկելու համար նետվել էր նավից։

Ապահովագորության նմանատիպ օրինակները եղել են ռիսկերի կառավարման, կորուստները նվազեցնելու այդ ժամանակաշրջանի միակ հայտնի միջոցները։ Միայն 14-րդ դարից սկսած ապահովագրություն հասկացությունը նմանվեց մեր ժամանակակից ապահովագրությանը։

Այդ ժամանակ ապահովագրությունը «անհրաժեշտություն» էր Իտալիայում, քանի որ այնտեղ էր ավելի շատ զարգացած ծովային առևտուրը։ Պայմանագիրը, որը կարելի է ընդունել որպես առաջին ապահովագրական պայմանագիր, կնքվել է 1347 թվականի հոկտեմբերի 23-ին և նախատեսված է եղել «Սանտա Կլարա» բեռնատար նավի համար, որը իտալական Ջենովա նավահանգստից գնալու էր դեպի Մայորկա։ 1424 թվականին Ջենովայում ստեղծված ապահովագրական կազմակերպությունը համարվում է առաջիններից մեկը։ Իտալիայից հետո ապահովագրությունը մեծ տեմպերով զարգացավ Անգլիայում։

Ապահովագրությունը, ծնվելով և զարգանալով հիմնականում ծովային և առևտրային ապահովագրությունից, հետագայում հասավ նաև կյանքի ապահովագրությանը։ Նավի և բեռների ապահովագրությունից բացի մարդիկ սկսեցին մտածել կապիտանների, ուղևորների և անձնակազմի ապահովագրության մասին։ 17-րդ դարում Տոնտի անունով իտալացի բանկիրի կողմից հիմնադրվեց համակարգ, ըստ որի՝ անդամակցող անձինք որոշակի ժամանակահատվածի համար գումար էին վճարում, և ժամանակահատվածի ավարտից հետո ողջ մնացածները այդ գումարը բաժանում էին միմյանց մեջ։ Այստեղից էլ սկսել է կյանքի ապահովագրության զարգացումը։

17-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ, որոնք նպաստեցին ապահովագրության զարգացմանը։

Առաջին իրադարձությունը ապահովագրությունում մաթեմատիկական և վիճակագրական օրինաչափությունների կիրառումն էր, որին նպաստեց անգլիացի գիտնական Գրաունտիի կազմած մահացության աղյուսակը։ Երկրորդ իրադարձությունը 1666 թվականին Լոնդոն քաղաքում տեղի ունեցած մեծ հրդեհն էր, որի պատճառով այրվեցին ավելի քան 13,000 տներ։ Այդ ժամանակ Անգլիայում արագ տեմպերով սկսեց զարգանալ հրդեհից գույքի ապահովագրությունը։ 1681 թվականին տնտեսագետ Նիկոլաս Բարբոնը իր տասնմեկ աշխատակիցների հետ միասին ստեղծեցին հրդեհից ապահովագրության ընկերություն։ Ստեղծվեցին շատ ապահովագրական ընկերություններ, որոնք զբաղվում էին միայն հրդեհից ապահովագրությունով, և ունեն որոշակի ընդհանրություններ  ներկայիս ապահովագրական ընկերությունների հետ։

1688 թվականին ապահովագրությունը թևակոխեց զարգացման նոր փուլ։ Լոնդոնում Էդվարդ Լլոյդի սրճարանում գործարարները, վաճառականները, նավերի տերերը զրուցում էին ծովային առևտրի մասին, և աստիճանաբար հայտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին երաշխիքներ տրամադրել նավերի համար։ Առևտրականները և նավերի տերերը, որոնք ցանկանում էին ապահովագորություն ձեռք բերել, թղթի վրա գրում էին նավի նկարագիրը, ուղևորության վայրը, բեռների տվյալները, և եթե որևէ մեկը համաձայնում էր ապահովագրել ինչ-որ մաս, ներքևի հատվածում ստորագրում էր, կամ գրում էր իր անունը և այն գումարի չափը, որը պատրաստ էր տալ պատահարի տեղի ունենալու դեպքում։ Այստեղից է; առաջացել է ապահովագրության մասնագետների անվանումը՝ անդերրայթեր – under writer: Լլոյդի մահից հետո էլ այդ վայրը պահպանվեց, պահեց իր գործունեության տեսակը և գործում է առ այսօր։ Սկզբում այնտեղ զբաղվում էին միայն ծովային ապահովագրությամբ, հետո սկսեցին զբաղվել նաև ցամաքային ապահովագրական տեսակներով։ Այժմ էլ «Լլոյդսը» ապահովագրական ընկերություն չէ, այլ համաշխարհային ճանաչում ունեցող կորպորացիա է, որը հնարավորություն է տալիս իր անդամներին կնքել ապահովագրական և վերաապահովագրական պայմանագրեր։ «Լլոյդս»-ի հիմնական գործառույթն է հանդես գալ որպես միջնորդ ապահովագրողների, ապահովագրական ընկերությունների, հաճախորդների և բրոքերների միջև։ Այն եզակի և յուրահատուկ ընկերություն է, որը նմանը չունի ամբողջ աշխարհում։

Կյանքի ապահովագրության հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ 1699 թվականին առաջին անգամ ստեղծվեց մասնագիտացված կազմակերպություն, որը զբաղվում էր որբերի և այրիների կյանքի ապահովագրությամբ, իսկ հետո ստեղծվեց «Eckvatedl» ապահովագրական ընկերությունը, որը զբաղվում էր քաղաքացիների կայնքի ապահովագրությամբ։

1752 թվականին Ամերիկայում Բենջամին Ֆրանկլինը հիմնադրեց ապահովագրական ընկերություն, որը զբաղվում էր հրդեհից գույքերի ապահովագրությամբ։ Ֆրանկլինի ապահովագրական ընկերությունը նպաստել է հրդեհների կանխարգելմանը։ Ընկերությունը ոչ միայն զգուշացնում էր հրդեհների վտանգի մասին, այլ նաև հրաժարվում էր ապահովագրել այնպիսի շինություններ, որոնց ռիսկայնությունը շատ բարձր էր, օրինակ՝ ամբողջությամբ փայտից տները։

Ապահովագրության սկզբնական տեսակների՝ ծովային, հրդեհից և կյանքի ապահովագրությունների զարգացման հետ մեկտեղ մեծ տեմպով զարգանում էին նաև ապահովագրության այլ տեսակներ։ 1760-ական թվականների սկզբին Արևմտյան Եվրոպայում կային ավելի քան 100 տարբեր տեսակի գույքի և անձնական ապահովագրություններ։

ԱՄՆ-ում կյանքի ապահովագրությունը սկսել է զարգանալ 1760-ական թվականներին։ 1787 թվականին եղել են կյանքի ապահովագրության շատ ընկերություններ, սակայն մինչև 20-րդ դար մնացել են անհամեմատ քիչ քանակի ընկերություններ։ Մի մասի ձախողման պատճառ են հանդիսացել սպեկուլյատիվ ներդրումները, վատ կառավարումը, իսկ մնացածը ձախողել են 1871 թվականի Չիկագոյի հրդեհի և 1906 թվականի Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժի և հրդեհի պատճառով։ 33 կյանքի ապահովագրության ընկերություններ փակվել են 1870-1872 թվականներին, իսկ 48-ը՝ 1873-1877 թվականներին։

Ապահովագրության զարգացման պատմության ընթացում շրջադարձային էր 19-րդ դարի արդյունաբերական հեղաշրջումը։ Այն առաջ բերեց արդյունաբերական ռիսկերի ապահովագրության։ 19-րդ դարի երկրորդ կեսին սկսեց զարգանալ նաև դժբախտ պատահարներից ապահովագրությունը։

Դժբախտ պատահարներից ապահովագրության առաջին ընկերությունը ստեղծվել է 1848 թվականին Անգլիայում, որը պայմանավորված էր նորաստեղծ երկաթուղային համակարգում աճող մահացությունների թվով։ Հետագայում ապահովագրական ընկերությանը հաջողվում է պայմանավորվածություն ձեռք բերել երկաթուղային ընկերությունների հետ, ըստ որի՝ դժբախտ պատահարի ապահովագրությունը կվաճառվի երկաթուղային տոսմերի հետ միասին։ 19-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ն առաջատարն էր համարվում կյանքի և դժբախտ պատահարներից ապահովագրության տեսակներով։ 19-րդ դարի վերջերին կառավարությունները սկսեցին նախաձեռնել հիվանդության և ծերության ապահովագրման ազգային ծրագրեր։

Ավտոմեքենաների հայտնագործումից հետո զարգացավ տրանսպորտային միջոցների ապահովագրությունը։ Ավտոմեքենայի ապահովագրության առաջին պայմանագիրը կնքվել է ԱՄՆ-ում 1898 թվականին՝ Travelers ապահովագրական ընկերության կողմից։ Ավտոմեքենայով առաջին պատահարը գրանցվել է 1899 թվականին, Նյու Յորքում, որի ժամանակ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ռուսաստանում ապահովագրությունը ազգայնացվեց  1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո։ Խորհրդային Միությունում ներքին ապահովագրություն առաջարկում էր միայն մեկ կազմակերպություն՝ Գոսստրախը, իսկ արտաքին ռիսկերի ապահովագրությունը՝ Ինգոսստրախը։ Ազատ շուկայական տնտեսության ձևավորվելուց և Սովետական Միության փլուզումից հետո ստեղծվեցին 230 նոր մասնավոր ապահովագրողներ։ Սովետական Միության փլուզումից հետո Արևելյան Եվրոպայի երկրներում  նույնպես արագ տեմպերով զարգացավ ապահովագրությունը։

Ճապոնիայում, չնայած նրան, որ կային պետական ապահովագրական գործակալություններ, ապահովագրությունը կենտրոնացած էր մասնավոր ձեռնարկությունների շրջանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի ապահովագրական շուկան տպավորիչ աճ գրանցեց։ 20-րդ դարի վերջին կյանքի ապահովագրության հավաքագրած ապահովագրավճարների 25%-ը պատկանում էր Ճապոնիային։

Համաշխարհային պատերազմից հետո զարգացավ նաև զբոսաշրջիկների ապահովագրությունը։ 1990 թվականին ըստ հավաքագրած ապահովագրավճարի աշխարհի 10 առաջատար ապահովագրական շուկաներն էին ԱՄՆ՝ 35.6%, Ճապոնիա՝ 20.5%, Միացյալ Թագավորություն՝ 7.5%, Գերմանիա՝ 6.8%, Ֆրանսիա՝ 5.5%, Սովետական Միություն՝ 2.6%, Կանադա՝ 2.3%, Իտալիա՝ 2.2%, Հարավային Կորեա՝ 2% և Օվկիանա՝ 1.8%:

Աշխարհում տեղի ունեցած ճգնաժամերը, բնական աղետները, ահաբեկչությունները ապահովագրական շուկայի վրա նույնպես ազդեցություն են ունեցել։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունը խլեց 2996 կյանքեր։ Ապահովագրական հատուցումը կազմեց ավելի քան 40 մլրդ․ ԱՄՆ դոլար։ Պատմության մեջ այս դեպքը հայտնի է որպես մարդածին ամենամեծ ապահովագրական վնաս հասցրած պատահար։ Այս դեպքից հետո ապահովագրական շատ ընկերություններ սահմանեցին որպես բացառություն ահաբեկչություններից ապահովագրությունը։ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը գրեթե սնանկացման էր հասցրել աշխարհի ամենախոշոր ապահովագրական «AIG» ընկերությանը, քանի որ, ի տարբերություն բոլոր ապահովագրական ընկերությունների, նա չդադարեցրեց հատուցումների վճարումը և հայտնվեց սնանկացման շեմին։ Ճգնաժամը ստիպեց շատերին վերանայել ֆինանսական ռիսկերի ապահովագրության պայմանները։

2004-2017 թվականներին աշխարհում տեղի ունեցած բնական աղետները՝ երկրաշարժերը, ցունամիները, փոթորիկները, ինչպես նաև հսկայական ֆինանսական ընկերությունների սնանկացումը, պայթյունները ահռելի ազդեցություն են ունեցել ապահովագրական շուկայի վրա՝ մեծ վասներ հասցնելով նրանց։ COVID-19-ը ինչպես բոլոր շուկաների, այնպես էլ ապահովագրական շուկայի վրա մեծ ազդեցություն ունեցավ։ Համավարակի թեթևացման հետ մեկտեղ շատ ապահովագրական ընկերություններ մշակեցին նոր պրոդուկտներ կապված COVID-19-ի հետ։ Այժմ ապահովագրական շուկան համարվում է  ֆինանսական ոլորտի ամենահզոր օղակներից մեկը։ 2021 թվականին գլոբալ ապահովագրավճարները կազմել են 5.6 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ ապահովագրության մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում կազմում է 7.1%[1]։


[1] https://www.iaisweb.org/uploads/2022/12/GIMAR-2022.pdf

Author