Ի՞նչ է Լոնդոնի Լլոյդը
Լոնդոնի Լլոյդը (Lloyd’s of London) ապահովագրական շուկա է, որը բաղկացած է տարբեր մասնակիցներից, որոնք միավորվում են հաճախորդներին անհատականացված ապահովագրական ծածկույթներ տրամադրելու նպատակով: Շուկայում ապահովագրական ընկերությունները գործում են որպես սինդիկատներ, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտացված է որոշակի ռիսկի վրա։ Նրանցից յուրաքանչյուրը ընտրում է, թե արդյոք նա ցանկանում է ապահովագրել որոշակի ռիսկ, թե ոչ, և որքան գումարով: Լլոյդս-ը նաև թույլ է տալիս մի քանի սինդիկատներին ապահովագրել նույն ռիսկը, դրանով իսկ բաշխելով ապահովագրական ռիսկը տարբեր ապահովագրողների միջև։ Լլոյդսի հիմնական գործառույթն է հանդես գալ որպես միջնորդ ապահովագրողների, ապահովագրական ընկերությունների, հաճախորդների և բրոքերների միջև: Շուկան գործում է 1871-ի Լլոյդի օրենքին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից սահմանված կանոններին և դրույթներին համապատասխան:
Լոնդոնի Լլոյդի պատմությունը
Կազմակերպությունը հիմնադրվել է Էդվարդ Լլոյդի կողմից 1686 թվականին։ Սկզբում Էդվարդ Լլոյդը ուներ սրճարան Լոնդոնի Թաուեր Սթրիթում, որտեղ հավաքվում էին ծովային բեռնափոխադրումների, ծովագնացության շուկաների տարբեր անդամներ։ Լլոյդը հաջողությամբ ապահովում եր նրանց ծովային բեռնափոխադրման արդյունաբերության մասին նորություններով։ Շուտով սրճարանը դարձել եր ծովային ապահովագրությունների գնման և վաճառքի համար հայտնի վայր։ Լլոյդի սրճարան նաև այցելում էին նավաստիներ, ովքեր ներգրավված էին եղել ծովային ստրկավաճառության մեջ, այս փաստի շնորհիվ, ժամանակի ընթացքում Լլոյդը մենաշնորհ եր ձեռք բերել ծովային ապահովագրության համար, որը կապված եր ստրուկների առևտրի հետ, այս մենաշնորհը Լլոյդը պահել էր մինչև 19-րդ դարի սկիզբը: Սակայն 2020 թվականի հունիսին ընկերությունը ներողություն է խնդրել Ատլանտյան ստրկավաճառին մասնակցելու համար, այն անվանելով “սարսափելի և խայտառակ ժամանակաշրջան”:
19-րդ դարում Լլոյդը նաև ստեղծեց Լլոյդի օրենքը (1871), որը բիզնեսին իրավական հիմք տվեց: 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում շուկան մեծացել և կատարելագործվել է՝ դառնալով աշխարհում ապահովագրական և վերաապահովագրական ծառայությունների առաջատար մատակարարներից մեկը։ Նրանց ներկայիս գլխամասը գտնվում է Լոնդոնի Լայմ Սթրիթ-ի վրա։
Ինչպե՞ս է աշխատում Լոնդոնի Լլոյդը
Ըստ էության, Լոնդոնի Լլոյդը գործում է ֆինանսական շուկայի նման, որտեղ գնորդները ներկայացնում են այն Հաճախորդներին, որոնք ծառայությունների կարիք ունեն (ապահովագրական ծածկույթ), իսկ վաճառողները ներկայացնում են ընկերություններին (ապահովագրական ընկերություններ), որոնք կարող են տրամադրել այդ ծառայությունները (ապահովագրական ծածկույթ): Շուկան ներառում է նաև բրոքերներ, որոնք կապում են գնողներին վաճառողների հետ, ինչպես նաև կառավարիչ գործակալների հետ, որոնք հիմնականում աշխատում են ապահովագրական ընկերությունների հետ:
Ուստի, երբ ֆիզիկական անձը կամ ընկերությունը ցանկանում է ձեռք բերել իր ռիսկի ապահովագրական ծածկույթը, նրանք դիմում են բրոքերին, որն իր հերթին, կախված ռիսկի բնույթից, կբացի ապահովագրության պայմանագիրը և այն կտեղադրի “սլիպ-համակարգում”: Հետագայում սինդիկատները (ապահովագրական ընկերությունները) իրենց կառավարիչ գործակալների միջոցով կարող են որոշում կայացնել ապահովագրական ռիսկի որոշակի տոկոսի ապահովագրության մասին, նրանք կարող են նաև լիովին ապահովագրել ռիսկը, սակայն դա հազվադեպ է տեղի ունենում, քանի որ ենթադրում է վնաս կրելու ավելի բարձր ռիսկ:
Լոնդոնի Լլոյդի անդամները
Լոնդոնի Լլոյդը բաղկացած է 5 անդամներից, որոնց թվում են սինդիկատները, ապահովագրության գնորդները, բրոքերները, կառավարող գործակալները և ապահովագրական ծածկույթի կրողները:
Սինդիկատներ
Սինդիկատները բաղկացած են անդամներից և հանդիսանում են ամբողջ համակարգի ապահովագրության մատակարարները։ Սինդիկատները ձևավորվում են անդամների կողմից, ովքեր ցանկանում են տրամադրել ապահովագրություն։ Անդամ կարող է լինել ինչպես փոքր կապիտալով ֆիզիկական անձիք, այնպես էլ բազմամիլիարդ կապիտալով ապահովագրական ընկերություններ, համակարգի տեսանկյունից նրանք համարվում են հավասար անդամներ: Այն գումարը, որը յուրաքանչյուր մասնակից ստանում է սինդիկատից, ամբողջությամբ կախված է ֆինանսական կապիտալի ծավալից, որը նա պատրաստ է տրամադրել ռիսկերի ապահովագրության համար, և այն գումարը, որը նա ստանում է կամ կորցնում է, հաշվարկվում է համամասնորեն: Օրինակ, եթե սինդիկատը ապահովագրում է 5 մլն ԱՄՆ դոլարի ռիսկը և անդամն ապահովում է ապահովագրական գումարի 4%-ը, ապա նա կստանա այդ պայմանագրից ստացված շահույթի 4%-ը և վնասի դեպքում պետք է վճարի վնասի 4%-ը։
Ապահովագրության Գնորդներ
Ապահովագրական գնորդները ֆիզիկական անձինք կամ ընկերություններ են, որոնք փնտրում են ապահովագրական ծածկույթ իրենց ռիսկի համար: Հաճախ դրանք գնորդներ են, որոնք չեն կարող ապահովագրել իրենց ռիսկը որևէ այլ ապահովագրական մատակարարի մոտ, իրենց ծածկույթի ռիսկայնության կամ իրենց ռիսկային վարքագծի պատճառով:
Բրոքերներ
Բրոքերները միջնորդներ են ապահովագրական գնորդների և սինդիկատների միջև, որոնք հեշտացնում են երկու կողմերի միջև կապը, ինչպես նաև ապահովագրական գնորդներին կապում են համապատասխան սինդիկատների հետ: Լոնդոնի Լլոյդի բրոքերները պետք է թույլտվություն ունենան Լլոյդ կորպորացիայի կողմից՝ շուկայում գործեր վարելու իրավունք ունենալու համար։
Կառավարող Գործակալներ
Կառավարիչները աշխատում են սինդիկատների համար, և նրանք պատասխանատու են սինդիկատների ամենօրյա խնդիրների կառավարման, ինչպես նաև անհրաժեշտ անձնակազմի (օրինակ՝ հաշվապահների) հավաքագրման համար:
Ապահովագրական Ծածկույթի Կրողներ
Ապահովագրական ծածկույթի կրողներն են այն ֆիզիկական անձինք կամ կազմակերպությունները, որոնց կառավարիչները վարձում են ապահովագրական պայմանագրերի տեղաբաշխման համար: Դրանք հիմնականում արտաքին կազմակերպություններ կամ անհատներ են, որոնց հետ կառավարիչները պայմանագրեր են կնքում նոր ապահովագրության պայմանագիր ստանալու դեպքում։ Ապահովագրական ծածկույթի կրողները նաև թույլ են տալիս Լոնդոնի Լլոյդին գործել Մեծ Բրիտանիայից դուրս՝ առանց այլ երկրներում մասնաճյուղեր բացելու անհրաժեշտության։
Լոնդոնի Լլոյդի դերը աշխարհում
Լոնդոնի Լլոյդը հաճախ անվանում են ապահովագրական ընկերություն, որը կապահովի գրեթե ցանկացած ապահովագրական ռիսկի ծածկույթ։ Սա պայմանավորված է իրենց մեկ ռիսկի ապահովագրության համար մի քանի ապահովագրական ընկերությունների ներգրավմամբ, որը թույլ է տալիս նրանց բաշխել ռիսկը տարբեր ապահովագրողների միջև, դրանով իսկ նվազեցնելով ռիսկը յուրաքանչյուր առանձին ապահովագրողի համար։
Լոնդոնի Լլոյդի կողմից տրամադրված հետաքրքիր ծածկույթներ
Նրանց երկար տարիների փորձի ընթացքում եղել են մեծ թվով հետաքրքիր ապահովագրված ռիսկեր։ Բազմազանության մեջ ներառվում են հայտնի մարդկանց մարմնի մասերը, արբանյակների, որոնք ներկայումս գտվում են տիեզերքում և շատ ու շատ այլ ծածկույթներ։
Լլոյդսի հայտնի մարդկանց ապահովագրության ամենահայտնի դեպքերից մեկը ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն էր, ով ապահովագրել է իր ոտքերը 100 մլն ֆունտ-ստեռլինգով արժողությամբ: Այլ ուշագրավ օրինակներ են Rollings Stone-ի կիթառահար Քիթ Ռիչարդսի ձեռքերը՝ 1,6 մլն ԱՄՆ դոլարով, կոմիկ Քեն Դոդդի ատամները 4 մլն ֆունտով-ստեռլինգով, իսկ ամենահետաքրքիր դեպքերից մեկը կրիկետի ավստրալացի խաղացող Մերվ Հյուզն էր, որն իր բեղերն ապահովագրել էր 200 000 ֆունտ-ստեռլինգով:
Եղել են նաև մի շարք հետաքրքիր և նորարարական ապահովագրական ռիսկեր, ինչպիսիք են պատմության մեջ առաջին արբանյակը, որը ապահովագրված էր մինչև տիեզերք ուղարկելը 100 միլիոն ֆունտ-ստեռլինգով, որը ապահովագրված էր 1965 թվականին: Այս պայմանագրի ծածկույթը նաև ֆինանսավորել է 2 արբանյակների վերականգնման փրկարարական առաքելությունը, որոնք վերականգնվել են տիեզերանավի և 5 տիեզերագնացների օգնությամբ:
Այլ շատ հետաքրքիր դեպքեր են եղել պատմության մեջ առաջին ինքնաթիռների ապահովագրությունը՝ 20-րդ դարի սկզբին, որոնցից առաջինը տրվել է 1911 թվականին: Սակայն մի շարք վթարների հետևանքով, մեկ տարի անց նրանք դադարել են ապահովագրել ինքնաթիռները։ Ընկերությունը շարունակեց ինքնաթիռների ապահովագրություն տրամադրելը ինքնաթիռների շուկայի զարգացմանը զուգընթաց:
Ինչ վերաբերում է ավտոմեքենաների ապահովագրությանը, ապա Լլոյդը իր առաջին մեքենան ապահովագրել է 1904 թվականին, և այդ ժամանակ նրանք տերմին չունեին ավտոմեքենաների համար, այդ պատճառով ավտոմեքենաները կոչվում էին “ցամաքով լողացող նավեր”:
Մեկ այլ ուշագրավ ծածկույթ էր “Տիտանիկ”-ի ապահովագրությունը, որը Lloyd’s-ը ապահովագրել էր 1 միլիոն ֆունտ-ստեռլինգով, որոնցից յուրաքանչյուրը Lloyd’s-ը վճարել է ամբողջությամբ հանրանավի առաջին ճամփորդության ընթացքում, նավի խորտակումի հետևանքով: “Տիտանիկ”-ը ապահովագրված է եղել մի քանի ապահովագրական ընկերությունների հետ, քանի որ այն համարվում էր ամենահեղինակավոր ապահովագրական պայմանագրերից մեկը:
Ֆինանսական ցուցանիշներ (2019)
Համախառն Ապահովագրությունից հավաքագրված Ապահովագրավճարներ (մլն £) | 24,400 |
Համախառն Վերաապահովագրությունից հավաքագրված Ապահովագրավճարներ (մլն £) | 11,505 |
Համախառն հավաքագրված Ապահովագրավճարներ (մլն £) | 35,905 |
Տարվա ընթացքում ընդհանուր վճարված հատուցումներ (մլն £) | 22,991 |
Համակցված Գործակից (Combined Ratio) (%)* | 102.1 |
*Համակցված գործակիցը օգտագործվում է ապահովագրական ընկերության արդյունավետության և ֆինանսական վիճակի ուսումնասիրման համար։ Այն չափում է, թե արդյոք ընկերությունը ստանում է ավելի շատ ստացված ապահովագրավճարներից, քան ծախսում է իր ծախսերի և վնասների վրա: Օրինակ, 100% համակցված գործակիցը նշանակում է, որ ընկերությունը ստանում է ճիշտ այնքան գումար իր ապահովավճարներից, որքան այն օգտագործում է իր ծախսերում և կորուստներում: 100%-ից ցածր գործակիցը, նշանակում է, որ ընկերությունն ավելի շատ է ստանում իր ապահովագրավճարներից, քան ծախսում է իր ծախսերի և կորուստների վրա: Կարևոր է հաշվի առնել, որ այս գործակիցը հաշվի չի առնում ընկերության ներդրումները և այլ եկամուտները, ուստի ընկերությունը կարող է ունենալ 100%-ից ավելի համակցված գործակից և միևնույն ժամանակ մնալ շահութաբեր: