Ապահովագրությունը յուրաքանչյուր երկրի ֆինանսական շուկայի լոկոմոտիվներից մեկն է՝ բանկային համակարգի հետ զուգահեռ։ Զարգացած երկրներում ապահովագրական ընկերությունների տնօրինության տակ հաճախ ավելի շատ ակտիվներ են գոյանում, քան բանկերի։ Դրանց հիմնական ֆունկցիան բնակչության եկամուտների բաշխումն ու վերաբաշխումն է։
Ապահովագրությունը արդեն իսկ ապացուցել է տնտեսության զարգացման գործիքի իր դերը սոցիալական և տնտեսական ցանկացած ուղղություն ունեցող ոլորտում։
Հայաստանում ապահովագրական համակարգը դեռևս չի գտնվում այն մակարդակի վրա, որի վրա գտնվում է զարգացած կամ այլ զարգացող երկրներում։ Այստեղ բանկերը դեռևս պահում են իրենց մենաշնորհային դիրքը՝ ֆինանսական շուկան առաջ մղելու մեջ։
Հայաստանի ապահովագրական շուկան ձևավորվել ու սկսել է զարգանալ 1996 թվականին, երբ նոյեմբերի 19-ին ընդունվեց «Ապահովագրության մասին» առաջին օրենքը։ Օրենքը մեծ դեր խաղաց ապահովագրական ոլորտի արագ զարգացման և կայունացման մեջ, և 2000 թվականի դրությամբ երկրում գործում էին 25 լիցենզավորված ապահովագրական ընկերություններ։
Այդ ժամանակ շուկայի կարգավորումն իրականացնում էր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ, 2006 թ. հունվարի 1-ին այդ գործառույթի իրականացումն անցավ Կենտրոնական բանկին։ Վերջինս քայլեր ձեռնարկեց վերահսկելու ապահովագրական գործընթացին առնչվող որոշումներն ու ընդունեց ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտեր։ ՀՀ օրենսդրական դաշտի կարգավորվելուն պես ապահովագրական ընկերությունների թիվը սկսեց նվազել՝ աստիճանաբար հասնելով ընդամենը 6 ապահովագրական ընկերության։
Ապահովագրական ոլորտը Հայաստանում բուռն զարգացում ապրեց 2011թ.-ից, երբ ներդրվեց ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ)։ ՀՀ Կենտրոնական բանկը ԱՊՊԱ համակարգի ներդրման, վերահսկման և հետագա սպասարկման համար հիմնադրեց Ավտոապահովագրողների Բյուրոն, որը նպաստեց ոլորտի արագ զարգացմանը, ինչպես նաև վարորդների մոտ առաջացող խոչընդոտների արագ հաղթահարմանը։
ԱՊՊԱ համակարգը մարդկանց դրդեց ավելի լավ հասկանալ ապահովագրության կոնցեպտն ու տեսնել, որ այն իսկապես շահավետ է, և միտված է լուծել լուրջ սոցիալական խնդիր։ Պարտադիր ապահովագրությանը զուգահեռ ՀՀ քաղաքացիները սկսեցին առնչվել նաև ապահովագրության կամավոր տեսակների հետ՝ ճամփորդության, առողջության, բնակարանների, ԿԱՍԿՈ և այլն։
Ներկայումս Հայաստանում գործում են 6 ապահովագրական ընկերություններ՝ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ, «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ, «Ռեսո» ԱՓԲԸ, «Ռոսգոսստրախ – Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ։ Ընկերությունները տրամադրում են պարտադիր և կամավոր ոչ կյանքի ապահովագրական պրոդուկտներ, որոնք են՝
- ԱՊՊԱ,
- առողջության կամ բժշկական ապահովագրություն,
- դժբախտ պատահարներից ապահովագրություն,
- տրանսպորտային փոխադրամիջոցների ապահովագրություն կամ ԿԱՍԿՈ (օդային/ցամաքային),
- գույքին հասցված վնասներից ապահովագրություն,
- բեռների ապահովագրություն,
- պատասխանատվության ապահովագրություն,
- ֆինանսական վնասների ապահովագրություն,
- ճամփորդության կամ աջակցության ապահովագրություն, և այլն։
ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո՝ 2011-ից սկսած մինչ 2019, ապահովագրական շուկայում ամենապահանջված տեսակներն են՝
- ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը – ԱՊՊԱ,
- առողջության ապահովագրությունը,
- հրդեհից, բնական աղետներից և գույքին հասցված այլ վնասներից ապահովագրությունը,
- ցամաքային տրանսպորտի ապահովագորություն – ԿԱՍԿՈ։
Ստորև աղյուսակով ցուցադրված է վերոնշյալ տեսակներով 2019 թվականին ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարները (հզ․ դրամ).
2019 | Ռոսգոսստրախ-Արմենիա | Ինգո Արմենիա | Նաիրի Ինշուրանս | Սիլ Ինշուրանս | Ռեսո Ինշուրանս | Արմենիա Ինշուրանս |
---|---|---|---|---|---|---|
ԱՊՊԱ | 6,707,969 | 5,060,182 | 4,280,643 | 2,630,560 | 2,852,944 | 2,184,991 |
Առողջության ապահովագրություն | 3,023,374 | 3,378,529 | 2,047,564 | 1,699,280 | 563,561 | 736,829 |
Հրդեհից, բնական աղետներից և գույքին հասցված այլ վնասներից ապահոցագրությունը | 840,807 | 2,769,587 | 353,905 | 205,223 | 208,605 | 218,956 |
ԿԱՍԿՈ | 565,777 | 708,376 | 465,695 | 273,472 | 420,763 | 41,256 |
Ընդհամենը | 11,137,927 | 11,916,674 | 7,147,807 | 4,808,535 | 4,045,873 | 3,182,032 |
Ըստ ապահովագրական ընկերությունների հրապարակած ֆինանսական հաշվետվությունների, տարեց տարի բոլոր 6 ընկերություններում ապահովագրավճարների գծով հասույթն ու համախառն ապահովագրավճարներն ավելանում են, որին զուգահեռ շատանում են նաև կատարվող հատուցումները։ Այս ցուցանիշները խոսում են շուկայի արագ զարգացման ու ընդլայնման մասին։ Արդեն 2019 թվականին ողջ շուկայի ընդհանուր ապահովագրավճարների հասույթը գերազանցել է 47 մլրդ դրամը, ինչպես ներկայացված է առաջին գծապատկերում։
Գծապատկեր 1` Ընդհանուր Համախառն Ապահովագրավճարներ
2019 թվականի տվյալներով, շուկայի առաջատար դիրքը գրավել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ-ն։ Ընկերությունը վաստակել է ամբողջ շուկայի ապահովագրավճարների 28.17%-ը։ ԻՆԳՈ Արմենիային հաջորդում է Ռոսգոսստրախ ԱՓԲԸ-ն՝ ստանալով շուկայի ապահովագրավճարների 27.78%-ը։ Ապահովագրական շուկայի երրորդ խոշոր ընկերությունը Նաիրի Ինշուրանսն է, որի ապահովագրավճարների հասույթը կազմել է շուկայի 15.70%-ը։
Կատարած հատուցումների գծով, Ռոսգոսստրախ ընկերությունը դեռևս առաջատարն է շուկայում՝ 2019-ին գրանցելով ոլորտում տրամադրած հատուցումների 32.89%-ը, իսկ ԻՆԳՈ Արմենիան, լինելով երկրորդը շուկայում, վճարել է ընդհանուր հատուցումների 25.70%-ը։ Նրան հաջորդում է Նաիրի Ինշուրանսը՝ տրամադրելով շուկայի հատուցումների 15.44%-ը, ապա Սիլ Ինշուրանսը՝ 13.01% մասնաբաժնով։ Մյուս երկու ընկերությունները կազմում են ապահովագրական շուկայի ավելի փոքր բաժինը, ինչպես ներկայացված է ստորև գծապատկերում։
Գծապատկեր 2` 2019-ի ընթացքում գրանցած համախառն ապահովագրավճարներն ու հատուցումները
Իսկ ինչ վերաբերվում է ընկերությունների տարեկան շահութաբերությանը, բացարձակ ցուցանիշներով 2015 թվականին ամենաշահութաբեր ընկերությունը եղել է Նաիրի Ինշուրանսը, 2016-ին և 2017-ին՝ Ռոսգոսստրախը. 2018 թվականին շուկայում ամենամեծ շահույթը գրանցել է ԻՆԳՈ Արմենիան՝ 2019-ին իր տեղը զիջելով Նաիրի Ինշուրանսին։ Ուշադրություն դարձնելով ստորև աղյուսակին հնարավոր է նկատել նաև, որ Սիլ Ինշուրանսը միակ ապահովագրական ընկերությունն է, որը 2015 թվականից մինչ օրս միայն ծախսեր է գրանցել։
Զուտ Շահույթ / Եկամտաբերություն | 2019 | 2018 | 2017 | 2016 | 2015 |
---|---|---|---|---|---|
Ռոսգոսստրախ Արմենիա | 122,958 0.93% | -137,173 -1.23% | 523,447 5.73% | 1,559,184 16.68% | |
Ինգո Արմենիա | 269,841 2.02% | 205,593 2.02% | 501,071 5.41% | 939,465 10.86% | 485,062 5.96% |
Նաիրի Ինշուրանս | 434,673 5.83% | -37,960 -0.47% | 124,381 2.09% | 928,963 17.04% | 666,272 14.00% |
Սիլ Ինշուրանս | -126,360 -2.44% | -248,190 -5.69% | -235,261 -6.33% | -15,177 -0.41% | -11,593 -0.33% |
Ռեսո Ինշուրանս | 149,644 3.19% | -22,199 -0.67% | -431,404 -12.00% | 2,955 0.10% | -16,499 -0.64% |
Արմենիա Ինշուրանս | 300,155 8.36% | 50,521 1.85% | 217,305 10.18% | 385,557 22.26% | 424,652 25.24% |
2020թ.-ի առաջին եռամսյակին ապահովագրական շուկայում շրջանառվող ապահովագրավճարները զարմանալիորեն աճել են՝ համեմատած նախորդ տարվա արդյունքների հետ, չնայած աշխարհում տիրող պանդեմիայի քաոսային ազդեցությանը։ Ընկերություններից 4-ը ներկայացրել են ստացված ապահովագրավճարների աճ՝ բացառությամբ ԻՆԳՈ Արմենիայի և Սիլ Ինշուրանսի։
Սակայն, տարվա երկրորդ եռամսյակի տվյալներն արդեն տեսանելի են դարձնում Covid-19-ի բացասական ազդեցությունը նաև ապահովագրական ոլորտի վրա։ Շուկայում գործող համարյա բոլոր ընկերությունները 2020-ի երկրորդ եռամսյակին գրանցել են համեմատաբար ավելի ցածր համախառն ապահովագրավճարների ցուցանիշներ, քան 2019 թվականի երկրորդ եռամսյակում։ Ապահովագրական ընկերություններից միայն Սիլ Ինշուրանսն է հաջողացրել ավելի շատ ապահովագրավճարներ գրանցել անցած տարվա համեմատ։
Փաստորեն, կորոնավիրուսն իր բացասական ազդեցությունը թողեց նաև ապահովագրական ընկերությունների գործունեության վրա։