2026 թ. հունվար-հուլիս ամիսներ, ի համեմատություն 2025 թ. համապատասխան ժամանակահատվածի

Ներածություն

ԱՊՊԱ համակարգը Հայաստանի ապահովագրական շուկայի կարևորագույն և պարտադիր ուղղություններից է, որի հիմնական նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց պատճառված վնասների արագ և արդար փոխհատուցումն է։

ԱՊՊԱ ոլորտի 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ համակարգում շարունակվել են ինչպես շուկայի ընդլայնման, այնպես էլ հատուցումների արժեքի աճի միտումները։ Միևնույն ժամանակ, 2026 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտավ կարևոր օրենսդրական փոփոխություն, որով գույքային վնասների առավելագույն հատուցման սահմանաչափը բարձրացվեց 1.8 մլն դրամից մինչև 2.5 մլն դրամ, իսկ անձնական վնասների դեպքում՝ 3.3 մլն դրամից մինչև 3.5 մլն դրամ։

Սույն վերլուծության նպատակն է գնահատել, թե ինչ հիմնական փոփոխություններ են արձանագրվել 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բացահայտել այն տնտեսական և շուկայական գործոնները, որոնք հանգեցրել են հատուցումների աճի և հատուցման առավելագույն սահմանաչափերի վերանայման անհրաժեշտությանը, ինչպես նաև ցույց տալ, թե ինչպես է շուկան բաշխված ապահովագրական ընկերությունների միջև՝ ըստ հավաքագրված ապահովագրավճարների, տրամադրված հատուցումների և առցանց վաճառքների։

ԱՊՊԱ շուկայի հիմնական ցուցանիշների համեմատական վերլուծություն

2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին շուկան շարունակել է աճել։ Գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակը 699,592-ից աճել է մինչև 740,844, կամ 5.9%-ով։ Միաժամանակ աճել են նաև ապահովագրավճարները՝ 18.60 մլրդ դրամից հասնելով 22.05 մլրդ դրամի, ինչը կազմում է շուրջ 18.5% աճ։ Քանի որ ապահովագրավճարների աճի տեմպը շուրջ 3.1 անգամ գերազանցում է ապահովագրված մեքենաների քանակի աճին պարզ է դառնում, որ ապահովագրավճարների ծավալի աճը միայն նոր պայմանագրերի հաշվին չէ. կարևոր դեր ունի նաև մեկ պայմանագրի հաշվով ապահովագրավճարի բարձրացումը, որը 2025 թ. հունվար-հուլիս ամիսների 43,415 դրամից հասել է 2026 թ. նույն ժամանակահատվածում 47,602 դրամի, կամ աճել է 9.6%-ով։

Առավել կարևոր փոփոխություն վերաբերվում է հատուցումներին։ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին կատարված հատուցումների ընդհանուր գումարն աճել է 12.83 մլրդ դրամից մինչև 15.12 մլրդ դրամ, կամ 17.9%-ով, իսկ կարգավորված հատուցումների քանակն աճել է 47,746-ից մինչև 53,503, այսինքն՝ 12.1%-ով։ Հատուցումների գումարի աճի տեմպը շարունակում է գերազանցել հատուցումների քանակի աճին, ինչը նշանակում է, որ ոչ միայն ավելացել են ապահովագրական դեպքերը, այլև յուրաքանչյուր դեպքի միջին արժեքը դարձել է ավելի բարձր։

Սա հաստատվում է նաև միջին հատուցման ցուցանիշով, որը 2025 թվականի հունվար-հուլիս ամիսների 268,792 դրամից աճել է մինչև 282,687 դրամ՝ արձանագրելով 5.2% աճ, իսկ պարզեցված գրանցման միջոցով կարգավորված դեպքերում՝ 123,104 դրամից աճել է մինչև 131,363 դրամ, արձանագրելով 6.7% աճ։ Սա կարևոր նշանակություն ունի ապահովագրական ընկերությունների համար, քանի որ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ապահովագրական դեպք պահանջում է ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ, քան նախորդ տարում։ Աղյուսակ 1-ում ամփոփված են ոլորտի բոլոր հիմնական ցուցանիշները։

Մինչդեռ միջին հատուցումն աճել է 5.2%-ով (ընդհանուր դեպքերում) և 6.7%-ով (պարզեցված գրանցման դեպքերում), մեկ պայմանագրի հաշվով միջին ապահովագրավճարն աճել է ավելի արագ՝ 9.6%-ով (43,415-ից մինչև 47,602 դրամ)։ Այլ կերպ ասած՝ ապահովագրողների կողմից գանձվող ապահովագրավճարների աճը շարունակում է գերազանցել հատուցումների արժեքի աճին, ինչը դրական է ընկերությունների ֆինանսական կայունության համար և բացատրում է, թե ինչու ընդհանուր վնասաբերության մակարդակը 2026 թ. հունվար-հուլիս ամիսներին ոչ միայն չի աճել, այլև նվազել է՝ 74.4%-ից հասնելով 72.5%-ի չնայած հատուցումների գումարի 17.9% աճին։

Գծապատկեր 1. Հիմնական ցուցանիշների աճը, %

Ընկերությունների մասնաբաժինը շուկայում. ապահովագրավճարներ, հատուցումներ և վնասաբերություն

Աղյուսակ 2-ը ցույց է տալիս, թե ինչպես են բաշխված ապահովագրավճարները և հատուցումները վեց ընկերությունների միջև, ինչպես նաև՝ ինչպես է փոխվել յուրաքանչյուրի վնասաբերության մակարդակը։

Գծապատկեր 2. Հավաքագրված ապահովագրավճար ըստ ընկերությունների

Գծապատկեր 3. Ապահովագրավճարի շուկայական մասնաբաժինը, 2026 թ. հունվարհուլիս

ԱՊՊԱ-ն ավելի վնասաբեր թե՞ շահութաբեր պրոդուկտ

Գծապատկեր 4. Վնասաբերության մակարդակը ըստ ընկերությունների

2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին ամենացածր՝ հետևաբար ամենաշահութաբերը եղել է Նաիրի Ինշուրանսը՝ 61% վնասաբերության մակարդակով, ինչը էականորեն ցածր է ինչպես համակարգի միջինից (72.5%), այնպես էլ իր իսկ առաջին եռամսյակի ցուցանիշից (71%)։ Երկրորդ լավագույն ցուցանիշը Նաիրիից հետո Լիգա Ինշուրանսինն է՝ 68%։ Ամենաբարձր՝ հետևաբար ամենավնասաբեր ցուցանիշը շարունակում է գրանցել Ինգո Արմենիան՝ 79% (թեև դա էական բարելավում է առաջին եռամսյակի 88%-ի համեմատ)։ Արմենիա Ինշուրանսը (73%), Ռեգոն (74%) և Սիլ Ինշուրանսը (75%) գտնվում են համակարգի միջինին մոտ միջակայքում։

Առցանց կնքված ԱՊՊԱ պայմանագրերի վերլուծություն

Առցանց վաճառքի ուղին շարունակում է կարևորվել ընկերությունների ռազմավարություններում։ Ընդհանուր առմամբ, առցանց կնքված պայմանագրերի քանակն աճել է 280,338-ից մինչև 319,872, կամ 14.1%-ով:

Գծապատկեր 5. Առցանց կնքված պայմանագրերի մասնաբաժինը ընկերության ներսում

Ինգո Արմենիան ունի առցանց կնքվող պայմանագրերի ամենամեծ մասնաբաժինը՝ իր բոլոր պայմանագրերի 80%-ը կնքելով առցանց եղանակով, և միևնույն ժամանակ այն վերահսկում է ամբողջ շուկայի առցանց պայմանագրերի 34.6%-ը։ Լիգա Ինշուրանսը երկրորդն է առցանց մասնաբաժնով՝ 59%-ով։ Նաիրի Ինշուրանսը շարունակում է ունենալ ամենացածր առցանց մասնաբաժինը՝ ընդամենը 11%:

Միջին հատուցման աճի պատճառները

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է աճել միջին հատուցման չափը։ Աճը պայմանավորված է մի շարք փոխկապակցված գործոններով, որոնք վերջին տարիներին էական ազդեցություն են ունեցել ավտոմոբիլային շուկայի և ապահովագրության ոլորտի վրա։

Ավտոմեքենաների վերանորոգման արժեքի բարձրացումը

Ժամանակակից ավտոմեքենաները համալրված են բազմաթիվ էլեկտրոնային համակարգերով, անվտանգության սենսորներով և տեսախցիկներով, որոնց վնասման դեպքում նույնիսկ համեմատաբար փոքր վթարը կարող է հանգեցնել զգալի վերանորոգման ծախսերի։ Եթե նախկինում հնարավոր էր վերականգնել միայն վնասված դետալը, ապա այժմ բազմաթիվ դեպքերում անհրաժեշտ է փոխարինել ամբողջ հանգույցը կամ էլեկտրոնային համակարգը, ինչը զգալիորեն մեծացնում է վնասի արժեքը։

Ավտոպահեստամասերի և վերանորոգման ծախսերի դինամիկան

Երկրորդ կարևոր գործոնը ավտոպահեստամասերի թանկացումն է։ Հայաստանը սեփական արտադրություն գործնականում չունի և գրեթե ամբողջությամբ ներմուծում է ավտոպահեստամասեր՝ հիմնականում Իրանի, Վրաստանի և ԱՄԷ-ի միջոցով անցնող առևտրային ուղիներով: Սա իր հերթին լրացուցիչ ազդեցություն է թողնում լոգիստիկ ծախսերի վրա։ Դրան գումարվում են վերջին տարիների միջազգային շուկաներում արձանագրված ընդհանուր գնաճը և արտարժույթի տատանումները, որոնք համատեղ հանգեցրել են նրան, որ նույնիսկ նույն տեսակի վնասի վերականգնումը դարձել է ավելի ծախսատար, քան օրինակ մի քանի տարի առաջ։

Ավտոպարկի կառուցվածքի փոփոխությունը և էլեկտրամոբիլների ներկրման աճը

Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն աճել է ավելի նոր և տեխնոլոգիապես բարդ ավտոմեքենաների ներմուծումը, ներառյալ հիբրիդային և էլեկտրական մեքենաները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2023 թվականին Հայաստան ներկրվել է 9,635 էլեկտրամոբիլ՝ 2022-ի համեմատ 75%-ով ավելի, իսկ 2024 թվականին այդ թիվը հասել է 11,793-ի՝ նախորդ տարվա նկատմամբ 22%-ի աճով։ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան արդեն ներկրվել է շուրջ 16,381 էլեկտրական մարդատար ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ միայն 2025 թվականի ներկրման ծավալը մոտավորապես հավասար է եղել 2022-2024 թվականների հանրագումարին։

Ըստ ներկրողների կողմից հրապարակված գնային տվյալների՝ հիբրիդային և էլեկտրական մեքենաների գները տատանվում են 20,000-ից 45,000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Նման ավտոմեքենաների վերանորոգումը, որպես կանոն, պահանջում է մասնագիտացված սարքավորումներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ և ավելի թանկարժեք պահեստամասեր, ինչն իր հերթին մեծացնում է ապահովագրական հատուցումների միջին արժեքը։ Հայաստանի համար էլեկտրամոբիլների առանձնացված ԱՊՊԱ հատուցումների վիճակագրություն դեռ առկա չէ, սակայն համաշխարհային տվյալները ցույց են տալիս, որ էլեկտրամոբիլների վնասների դիմաց վճարվող հատուցման գումարներն ընդհանուր առմամբ ավելի բարձր են, քան բենզինային մեքենաների դեպքում, ընդ որում միայն մեքենայի մարտկոցի փոխարինումը կարող է արժենալ 15,000-ից մինչև 30,000 ԱՄՆ դոլար։

Միջին հատուցման աճի երևույթը

Այս երևույթը ընդհանուր է, այլ ոչ թե մեկ ընկերության առանձնահատկություն։ Դա իր հերթին վկայում է, որ ապահովագրական ընկերությունների ստանձնած ֆինանսական պարտավորությունները տարեցտարի մեծանում են՝ անկախ առանձին ընկերության ռազմավարությունից կամ հաճախորդային բազայից։ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հիմնավորել է սահմանաչափերի բարձրացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ որոշումը հիմնված է կոնկրետ հաշվարկների վրա։ Նրա խոսքով՝ քանի որ գործում էր վերին սահմանաչափ, մի շարք դեպքերում փաստացի վնասը գերազանցում էր այդ սահմանաչափը, և տուժողը չէր ստանում իրական վնասին համարժեք հատուցում։ Հին սահմանաչափի պայմաններում փաստացի վնասների միայն մոտավորապես 94%-ն էր հատուցվում։ Որպես պարզաբանող օրինակ նա նշել է. եթե սահմանաչափը 1.8 միլիոն դրամ էր, իսկ փաստացի վնասը կազմել էր 2.5 միլիոն դրամ, ապա 700 հազար դրամը մնում էր չհատուցված։

Եզրակացություն

Ընդհանուր առմամբ, ԱՊՊԱ ոլորտը Հայաստանում գտնվում է ակտիվ փուլում, սակայն այդ աճը ուղեկցվում է ապահովագրական ընկերությունների ֆինանսական պարտավորությունների մեծացմամբ։ Հատուցումների միջին արժեքի բարձրացումը կարելի է ասել, որ պայմանավորված է ավտոմոբիլային շուկայի կառուցվածքային փոփոխություններով և ծախսերի ընդհանուր աճով, իսկ հատուցման սահմանաչափերի բարձրացումը նպատակ ունի տուժողին տրամադրել իրական վնասին համարժեք հատուցում։


Աղբյուրներ
  • Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո, պաշտոնական վիճակագրություն, հաշվետու ժամանակահատված՝ 2026 թ. հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը, ի համեմատություն 2025 թ. համապատասխան ժամանակահատվածի հետ
  • Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո, պաշտոնական վիճակագրություն, հաշվետու ժամանակահատված՝ 2026 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը, ի համեմատություն 2025 թ. համապատասխան ժամանակահատվածի հետ
  • armenpress.am/hy/article/1244876
  • PanARMENIAN.Net, հրապարակում ԱՊՊԱ սահմանաչափերի փոփոխության վերաբերյալ — panarmenian.net/m/arm/details/182009
  • ՀՀ Կենտրոնական բանկ, «2026 թ. 1-ին եռամսյակ – Դրամավարկային քաղաքականության» զեկույց
  • CIVILNET, «Armenia sees EV boom as state subsidies cut prices by a third»
  • Mekenan.com, «2025 Guide: Armenia vehicle imports shift toward hybrid and electric models»
  • Trading Economics, «Armenia Inflation Rate»
  • Aioapex, «EV Insurance Costs: Why More Expensive Than ICE (2026)»
  • ARMENPRESS, «Armenia extends VAT exemption as electric vehicle imports continue to surge»
  • Finport.am / ArmInfo, «Armenia significantly increased automobile imports in the first half of 2025», հղում՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային տվյալներին
  • B24.am, «2026թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով», հղում՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներին (ծառայությունների սակագների 2.7% աճը)

Author