Երբ ամբողջ աշխարհում նկատվում էր ֆինանսական ոլորտի անկում, ՀՀ-ում տնտեսության իրական հատվածի մեծ մաս կազմող շինարարության ոլորտը գրանցում էր պատմական ռեկորդներ․.․Շատ չանցած պարզվեց, որ այն հերթական ֆինանսական փուչիկն էր (անգլ․՝ financial bubble), որի հիմքում ընկած է ակտիվի շուկայական գնի կտրուկ բարձրացումն ու նվազումը։ Պետք է հաշվի առնենք, որ աճում է շուկայական գինը, այլ ոչ թե դրա ստեղծած կամ ապագայում ստեղծվելիք արժեքը։ Ֆինասական աշխարհում նմանատիպ երևույթներն ունեն հարյուրամյակների, եթե ոչ՝ հազարամյակների պատմություն։ Օրինակ՝ հոլանդական կակաչներինը1, միսիսիպյան փուչիկը2, վաղ երկու հազարականներին՝ «դոթ-քոմ»3 բումը և ամենաթարմերից մեկը՝ բիթքոինը։ Նմանատիպ իրավիճակ էր ՀՀ-ում, երբ 2008 թվականին ՀՆԱ մեկ հինգերորդը կազմեց շինարարության ոլորտի ավելացված արժեքը, ինչն աննախադեպ ցուցանիշ էր (տե՛ս գծապատկեր 1)։ Որին, սակայն, հաջորդեց ոլորտի մասնաբաժնի շարունակական նվազումը (2020 թվականին ՀՆԱ 6.6%-ը)։

Ավելին՝ եթե մինչև ճգնաժամը շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում աստիճանաբար մեծանում էր՝ նպաստելով վերջինիս բարձր տեմպերով աճին, ապա արդեն հետճգնաժամյան տարիներին մասնաբաժնի փոքրացմանը զուգահեռ նույնիսկ բացարձակ աճը գրանցեց ոչ դրական կամ ոչ էական արդյունքներ։ Եվ այս ամենն աճող ՀՆԱ-ի ֆոնին։ Չնայած նրան, որ շինարարության ոլորտը մոտ մեկ տասնամյակ (2000-2008 թթ․) հանդիսացել է ՀՀ տնտեսության լոկոմոտիվներից մեկը, դրա զարգացման մասին քննարկումներն սկսվեցին միայն 2017 թվականին, երբ ընդունվեց «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը» սահմանող ՀՀ կառավարության որոշումը4։ Սրա հիմքում ընկած էր ընդգծված տնտեսական շահ, այն էր՝ ակտիվացնել շինարարության ոլորտը մասշտաբային բնակարանաշինարարության միջոցով5։ Եվ իրոք 2008-ի ճգնաժամից հետո ոլորտն առաջին անգամ երեք տարի անընդմեջ գրանցեց աճի դրական ցուցանիշներ (համապատասխանաբար՝ 2017թ․՝ 4․7%, 2018թ․ 1.3% և 2019թ․` 3.4% ): Իսկ արդեն 2020 թվականին ոլորտը գրանցեց 8․2 տոկոսանոց նվազում։

Օրենսդրական նախագիծը գրեթե ոչ մի սահանափակում չէր պարունակում, օրինակ՝ շահառուների եկամուտները, բնակարանի շուկայական արժեքը, դրա գտնվելու վայրը և այլն։ Արդյունքում ծրագրից օգտվող շահառուների թիվը մեծ թափով աճեց, ըստ կառավարության՝ ՀՀ բյուջեի վրա զգալիորեն մեծացնելով ծախսային բեռը։ Այս նպատակով արդեն 2018 թվականին ներդրվեցին սահմանափակումներ, որոնցից գործարքի՝ պայմանագրային արժեքի 55 մլն դրամի և վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարի յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 մլն դրամի շեմերի չգերազանցելն էր։

2021 թվականի հուլիսի մեկի դրությամբ ծրագրի շահառուների թիվը կազմել է 17 հազար, ընդ որում, արտոնություններից օգտվողների ճնշող մեծամասնությունը՝ 93 տոկոսը, Երևանից են (հիմնականում Երևանի կենտրոնից կամ առաջին գոտուց)6։ Նախորդ տարիների ընթացքում ՀՀ կառավարության հատկացված եկամտահարկի գումարային արժեքը կազմել է 21 մլրդ դրամ։ Որպես կառավարության կողմից իրականացված ծախսերի մաս, հատկացումների գումարային արժեքը կազմել է 2017-2020 թվականների ընդհանուր ծախսերի մոտ 0․35 տոկոսը։7

Օգոստոսին ՀՀ կառավարությունը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։8 Հիմնական առաջարկը Երևանի վարչական տարածքներում ծրագրի աստիճանաբար՝ ըստ 4 գոտիների, չեղարկումն է։ Իսկ որպես հիմնավորում նշվում է, որը հարկավոր է օրենքին հաղորդել սոցիալական և համաչափ զարգացման բնույթ։

Սակայն եթե դիտարկենք շինարարության մուլտիպլիկատիվ էֆեկտը, ապա կառավարության կողմից իրականացված ծախսը այլ ոլորտների հարկային եկամուտների հաշվին արագ կփոխհատուցվի։ Ավելին, եթե շահառուների 93 տոկսը Երևանից են, ապա Երևանում ծրագրի ամբողջական չեղարկումը չափազանց ռիսկային է։ Ավեին՝ մայրաքաղաքն ինքն իսկ համաչափ զարգացման խնդիր ունի։

Օրենսդրական փոփոխությունը ապահովագրական ոլորտի վրա ավելի շուտ կունենա անուղղակի ազդեցություն։ Օրինակ՝ ՀՀ բիզնես միջավայրում պարտադիր չէ շինամոնտաժային և դրան հարակից աշխատանքների, անձնակազմի, հատուկ տեխնիկայի և այլնի ապահովագրումը։ Վերջինս իրականացվում է, երբ շինարարության ծավալները մեծ մասշտաբների են և այն ֆինանսավորվում է միջազգային ընկերությունների, գործակալությունների և բանկերի կողմից։ Անուղակի ազդեցությունը հիմնականում կարտահայտվի հետևյալ երեք ուղություններից ստացվող ապահովագրավճարների կրճատմամբ՝

  • Հիփոթեքային պարտավորության կամ կանխավճարի ապահովագրություն՝ ապահովագրվում է չվճարված կանխավճարը։
  • Դժբախտ պատահարից ապահովագրություն՝ ապահովագրվում է հիփոթեքային պարտավորություն ստանձնողը։
  • Գույքի ապահովագրություն՝ ապահովագրվում է հիփոթեքային պարտավորության շնորհիվ ձեռք բերված գույքը։

2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի հիփոթեքային վարկերի պորտֆելի չափը կազմել է շուրջ 565 մլրդ դրամ, իսկ հունվար-հունիս ամիսների բնակարանաշինարարության ծավալը՝ 42 մլրդ դրամ9։ Ավելացնենք, որ պատմականորեն ՀՀ-ում շինարարության մոտ կեսը (40-50 %) իրականացվում է կառուցապատողների ֆինանսական միջոցների հաշվին։ Այն, որ ապահովագրական ընկերությունների համար օրենսդրական փոփոխությունը կունենա բացասական հետևանք՝ պարզ է, սակայն, եթե հաշվի առնենք վերը նշվածը, ապա կարելի է կանխատեսել հիփոթեքից և շինարարության (կառուցապատողների համար) հետ կապված վարկերից ստացվող ապահովագրավճարների ոչ մեծ չափերի կորուստներ։

Author