Ավտոմեքենան համարվում է առավել վտանգավորության աղբյուր, ինչը նշանակում է, որ մեքենայով հնարավոր է վնասել կամ վնաս կրել ավելի հաճախ ու ծանր, քան առօրյայում օգտագործվող այլ գույքով։ Բոլորս տիրապետում ենք տարբեր տեսակի ու կատեգորիաների գույքերի՝ բնակարան, հեռախոս, հագուստ, սպորտային պարագաներ, խաղալիքներ, հեծանիվ, մեքենա, և այլն։ Նշվածներից ամենավտանգավորը, որով հնարավոր է վնաս հասցնել այլ՝ երրորդ անձանց, ավտոմեքենան է։ Բնականաբար, բնակարանի օգտագործումից նույնպես կարող ենք վնասել այլ անձանց, օրինակ՝ ջրենք հարևաններին, բայց դրա հավանականությունը և հնարավոր վնասը անհամեմատ փոքր է ավտոմեքենայով հասցված վնասներին։

Այդ իսկ պատճառով շատ երկրներում, ներառյալ Հայաստանում, մեքենաների սեփականատերերը պարտավոր են ապահովագրել իրենց պատասխանատվություն՝ երրորդ անձանց պատճառած վնասներից։

2010 թվականի մայիսի 18-ին ընդունվել է Օրենք՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին», համաձայն որի, 2011 թվականի հունվարի 1-ից բոլոր ավտոմեքենաները, որոնք դուրս են գալիս փողոց, պարտավոր են ունենալ ԱՊՊԱ պայմանագիր։

ԱՊՊԱ համակարգի ներդրման և կարգավորման համար ՀՀ Կենտրոնական Բանկը հիմնել է Ավտոապահովագրողների Բյուրոն, ով կարգավորում է ամբողջ ԱՊՊԱ համակարգը, սահմանում է կանոնները, գները, կարգերը, քննում է բողոքները, պաշտպանում սպառողների իրավունքները, և կատարում այլ գործառույթներ։

Ո՞ր մեքենաները պետք է ունենան ԱՊՊԱ

ԱՊՊԱ պայմանագիր պետք է ունենան բացառապես բոլորը, բացի․

  1. մինչև 50 կմ/ժ արագություն կամ 50 սմ3–ից փոքր շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները, օրինակ՝ հեծանիվները, մոպեդները, սկուտերները, և այլ նմանատիպ անիվավոր մեքենաները։
  2. հատուկ առանձնացված վայրերում մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոմեքենաներ` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում, օրինակ՝ օդանավակայանում օգտագործվող հատուկ տեխնիկան, կամ գոլֆի մարզադաշտի մեքենաները,
  3. բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոմեքենաներ, օրինակ՝ շինարարության մեջ օգտագործվող, կամ հատուկ զինվորական տեխնիկաներ, կամ հատուկ գյուղատնտեսական տեխնիկաներ,
  4. ՀՀ տարածք առանց վարելու ներմուծվող ավտոմեքենաներ` մինչև ՀՀ տարածքում դրանց օգտագործումը, օրինակ՝ ավտոսրահների վաճառասրահների մեքենաները։

Չթվարկված մնացած բոլոր մեքենաները, ներառյալ՝ բեռնատարներ, մոտոներ, տրակտորներ, ավտոբուսներ, տաքսիներ, և այլն, պարտավոր են ունենալ ԱՊՊԱ պայմանագիր։

Ո՞ր վնասներն են հատուցվում ԱՊՊԱ պայմանագրով

Ավտոտրանսպորտային պատահարի դեպքում հնարավոր է պատճառվել հետևյալ վնասները․

  1. Մեղավոր ավտոտրանսպորտային միջոցին, վերջինիս վարորդին, ուղևորներին, վերջիններիս պատկանող գույքին,
  2. Անմեղ ավտոտրանսպորտային միջոցներին, վերջինիս մեջ գտնվող վարորդին և ուղևորներին և վերջիններիս պատկանող գույքին,
  3. Անցորդներին, Հետիոտնին,
  4. Կենդանիներին,
  5. Այլ գույքի, օրինակ՝ խանութներին, սյուներին, արգելապատնեշներին, դարպասներին, և այլն։

ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է վերոնշյալ բոլոր ծախսերը, բացառությամբ մեղավոր մեքենայի և դրա վարորդին պատճառված վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների գույքային վնասները։ Օրինակ, եթե որևէ անձ իր մեքենայով հարվածի իր եղբոր մեքենային, ապա եղբոր մեքենայի վնասները ենթակա չեն լինի հատուցման։ Սակայն, եթե եղբորը հասցվի մարմնական վնաս, ապա այդ ծախսերը կհատուցվեն։

Այսպիսով, ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում․

  • Մեղավոր սեփականատերը (վարորդը) իր ապահովագրական ընկերության միջոցով հնարավորություն կունենա փոխհատուցել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երրորդ անձանց (հետիոտն, ուղևորներ, այլ վարորդներ) պատճառած վնասները,
  • Տուժողը կստանա անձնական վնասների (առողջության վերականգնման ծախսերի, չստացված աշխատավարձի, մահվան ծախսերի) և գույքային վնասների (մեքենա և այլ գույք) հատուցում։

Մեղավոր մեքենայի վնասները հնարավոր է հատուցվի կամավոր տեսակի ապահովագրության պայմանագրի ներքո, որը կոչվում է ԿԱՍԿՈ։ ԿԱՍԿՈ-ին կարող եք ծանոթանալ համապատասխան հոդվածում։

Հատուցվող վնասները կարելի է բաժանել 2 տեսակի․

  • Գույքային վնասներ – հատուցվում են տուժած մեքենայի կամ այլ գույքի վերականգման, վերանորոգման կամ փոխարինման ծախսերը,
  • Անձնական վնասներ – հատուցվում են տուժողի առողջությանը պատճառված վնասները և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), ինչպես նաև տուժողի մահվան դեպքում՝ միանվագ 1,000,000 ՀՀ դրամ փոխհատուցում ժառանգներին։

Որքա՞ն է կազմում ԱՊՊԱ ապահովագրավճարը

ԱՊՊԱ ապահովագրավճարը = Բազային ապահովագրավճար x Բոնուս-Մալուս գործակից x պայմանագրի ժամկետի գործակից

Նախքան 2022 թվականը Բազային ապահովագրավճարը կազված է եղել ավտոմեքենայի տեսակից (օրինակ՝ մարդատար է, թե բեռնատար), ձիաուժից և օգտագործման նպատակից (օրինակ՝ տաքսի է, թե անձնական օգտագործման)։ Օրինակ՝ 150 ձիաուժ ունեցող անձնական օգտագործման Toyota Camry տարեկան ապահովագրավճարը կազմել է 46,000 ՀՀ դրամ, իսկ 17 նստատեղից ավել ավտոբուսների համար՝ 38,000 ՀՀ դրամ։

2022 թվականից բազային ապահովագրավճարները փոխվել են հետևյալ կերպ․

  • Այն անձինք, ովքեր մինչև 2021թ․ դեկտեմբերի 31-ը իրենց մեքենայի համար կնքել են ԱՊՊԱ պայմանագիր, ապա իրենց ապահովագրավճարը կկազմի վերջին ապահովագրավճար + 3,000 ՀՀ դրամ։ Օրինակ՝ վերոնշյալ Camry-ի բազային ապահովագրավճարը կկազմի 49,000 ՀՀ դրամ»
  • Տվյալ մեքենայի համար 1-ին անգամ կնքվող ԱՊՊԱ պայմանագրի բազային ապահովագրավճարը 41,000 ՀՀ դրամ է։ Այսինքն, եթե անձը տվյալ մեքենայի համար 1-ին անգամ է կնքում ԱՊՊԱ պայմանագիր, բազային ապահովագրավճարը կկազմի 41,000 ՀՀ դրամ։ Օրինակ՝ եթե վերոնշյալ Camry-ի սեփականատերը մեքենան վաճառի և ձեռք բերի նոր Mercedes, ապա անկախ այդ Mercedes-ի ձիաուժից և օգտագործման նպատակից՝ բազային ապահովագրավճարը կկազմի 41,000 ՀՀ դրամ։

Բազային ապահովագրավճարի վրա կիրառվում է Բոնուս-Մալուս գործակից։ Կարճ ասած՝ բոնուս-մալուսը վարորդ վարորդական պատմության հիման վրա տրամադրվող գործակից է։ Եթե վարորդը պատահարներ չի ունենում, կուտակում է բոնուսներ, իսկ հակառակ դեպքում՝ մալուսներ։ Բոնուս-մալուս գործակիցը տրամադրվում է մեքենայի սեփականատիրոջը։ Այսինքն՝ կապ չունի, թե վթարի պահին ով է եղել ղեկին։

Ավելի պաշտոնական ձևակերպմամբ՝ Բոնուս–Մալուսն իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա։

Բոնուս-Մալուսը ունի 1-25 գործակիցներ։ Երբ անձը 1-ին անգամ կնքում է ԱՊՊԱ պայմանագիր, վեիջինիս ԲՄ դասը 10 է։ Այսինքն՝ մեկնարկային կամ բազային դասը 10-ն է։ Դրա դեպքում ապահովագրավճարի վրա կիրառվում է 1 գործակից, այսինքն՝ այն ոչ թանկանում է, ոչ զեղչվում։

1 տարի պատահարներ չունենալու դեպքում դասը դառնում է 9։ Այսինքն, որքան ցածր դասը, այնքան լավ։ 9-րդ դասի դեպքում կիրառվում է 3% զեղչ, և ապահովագրավճարը կկազմի 40,000 ՀՀ դրամ։ Ամենացածր դասը 1-ն է, որին կարելի է հասնել 10 տարի անընդմեջ պատահարներ չունենալու դեպքում։ Դաս 1-ի դեպքում զեղչը կազմում է 50%, այսինքն ապահովագրավճարը կլինի 21,000 ՀՀ դրամ։ Վթար ունենալու դեպքում անձի ԲՄ դասը բարձրանում է միանգամից մի քանի դասով՝ կախված վնասի չափից։

Հատուցված գումարի չափ (ՀՀ դրամ)Կիրառվող մալուսային դասերը
Մինչև 100,0003 դասի չափով
100,001-200,0004 դասի չափով
200,001-500,0005 դասի չափով
500,001-1,000,0006 դասի չափով
1,000,001-1,800,0007 դասի չափով
1,800,001-ից ավել8 դասի չափով

Օրինակ, եթե ԲՄ 10-րդ դասում գտնվող անձը երրորդ անձին պատճառի 1,500,000 ՀՀ դրամի վնաս, իր դասը կդաձնա 17, և ԱՊՊԱ պայմանագիրը կթանկանա 60%-ով՝ կազմելով 65,600 ՀՀ դրամ։

Փոքր վնասի դեպքում, օրինակ 50,000-ի դեպքում, ԲՄ դասը կդառնա 13՝ ԱՊՊԱ պայմանագիրը թանկացնելով 25%-ով։

Հնարավոր ամենաբարձր դասը 25-ն է, որի պարագայում ապահովագրավճարը եռապատկվում է, և 41,000-անոց պայմանագիրը դառնում է 123,000 ՀՀ դրամ։ Սա հնարավոր ամենաթանկ ԱՊՊԱ պայմանագրի արժեքն է։

Եթե անձը ունի մալուսային դաս, օրինակ՝ 17, ապա 4 տարի անընդմեջ պատահարներ չունենալու դեպքում իր դասը կվերականգնվի և կդառնա 10։

Ապահովագրավճարը կախված է նաև ԱՊՊԱ պայմանագրի ժամկետից։ ԱՊՊԱ պայմանագրի նվազագույն թույլատրելի ժամկետը 3 ամիս է, բացառությամբ տրանզիտ համարանիշով մեքենաների դեպքում, որի նվազագույն ժամկետը 10 օրն է։

3 ամսանոց պայմանագրի վրա կիրառվում է 0.33 գործակից։ Այսինքն, 41,000 դրամանոց պայմանագիրը 3 ամսվա համար կարժենա 14,000 դրամ։ Նշվածից երևում է, որ 3 ամսանոց պայմանագրեր կնքելու դեպքում ապահովագրավճարը ավելի թանկ է, քան միանգամից տարեկան պայմանագիր կնքելու դեպքում։

Որքա՞ն հատուցում է տրամադրվում ԱՊՊԱ պայմանագրի ներքո

ԱՊՊԱ պայմանագրի ներքո հատուցման առավելագույն չափերն են․

անձնական վնասների դեպքում`

  • մեկ ապահովագրական պատահարի համար 33 000 000 ՀՀ դրամ,
  • յուրաքանչյուր տուժողի համար` 3 300 000 ՀՀ դրամ,

գույքային վնասների դեպքում`

  • մեկ ապահովագրական պատահարի համար 18 000 000 ՀՀ դրամ,
  • յուրաքանչյուր տուժողի համար` 1 800 000 ՀՀ դրամ։

Օրինակ, եթե մեղավորը վնաս է տուժողի մեքենային՝ պատճառելով 500,000 դրամի վնաս, ամբողջ վնասը կհատոցվի ԱՊՊԱ պայմանագրի ներքո։ Եթե մեղավորը պատճառում է 3,000,000 ՀՀ դրամի վնաս, ապա ԱՊՊԱ պայմանագիրը կհատուցի 1,800,000 ՀՀ դրամ, իսկ մնացած 1,200,000 ՀՀ դրամը մեղավորը պետք է հատուցի իր անձնական միջոցների հաշվին։ Նման սցենարից խուսափելու համար հնարավոր է ձեռք բերել ԱՊԿԱ (կամավոր ԱՊՊԱ) պայմանագիր, որը փոքր ապահովագրավճարի դիմաց ավելացնում է ԱՊՊԱ հատուցման առավելագույն չափը, օրինակ՝ 5,000 դրամի դիմաց 1,200,000 ՀՀ դրամով։ ԱՊԿԱ պայմանագրերը ունեն կամավոր բնույթ, և դրանց գները, սահմանաչափերը և այլ պայմանները սահմանում են ապահովագրական ընկերությունները։

Ո՞ր պատահարները չեն համարվում ԱՊՊԱ պատահար

  1. անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
  2. ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
  3. վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
  4. տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատճառված վնասները,
  5. պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասները,
  6. արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները,
  7. բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասները։

Ո՞ր վնասներն են հատուցվում

Ինչպես արդեն նշվել է, տուժողներին հնարավոր է պատճառել 2 տեսակի վնաս՝ գույքային և անձնական։

Տուժողի գույքին պատճառված վնասներ են համարվում`

  • տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը,
  • ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, կահավորանքի, շինությունների, տուժողին պատկանող այլ գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը,

Հատուցման ենթակա չեն հետևյալ գույքային վնասները․

  • վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցին կցված կամ դրա մեջ (վրա) գտնվող և տուժողին պատկանող գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը։ Օրինակ՝ մեքենայի մեջ գտնվող հեռախոսը կամ համակարգիչը։
  • անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները։ Օրինակ՝ երկրաշարժի հետևանքով մեղավորը կորցնում է կառավարումը և բաղվում կայանված մեքենային։
  • ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները,
  • վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
  • տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատկանող գույքին պատճառված վնասները։
  • Տուժողին պատկանող արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները,
  • բեռների փոխադրման պայմանագրով տուժողին պատկանող փոխադրվող բեռներին պատճառված վնասները:

Տուժողի գույքին պատճառված վնասները հատուցվում են տուժողին համապատասխան գումար վճարելու ձևով կամ պատճառված վնասի վերականգնման կամ վերանորոգման միջոցով։

Անձնական վնասների շարքում ներառվում են`

  • տուժողի առողջության վերականգնման հետ կապված ծախսեր, օրինակ՝
    • տուժողին առաջին բժշկական օգնության ցուցաբերման ծախսերը,
    • տուժողին բժշկական կամ վերականգնողական հաստատություններ տեղափոխելու ծախսերը,
    • բժշկական կամ վերականգնողական հաստատություններում պահելու, ախտորոշելու, բուժման և առողջության վերականգնման հետ կապված միջոցառումների ծախսերը,
    • բժշկի ցուցումով բուժման շարունակականության ապահովմանն ուղղված միջոցառումների ծախսերը,
    • բժշկի ցուցումով դեղեր ձեռք բերելու ծախսերը,
    • պրոթեզավորման ծախսերը,
    • անվասայլակի, տեխնիկական այլ միջոցների ձեռքբերման առնչությամբ իրականացված միջոցառումների ծախսերը ։
    • Տուժողն իրավունք ունի նաև բժշկական օգնություն ստանալու կամ առողջությունը վերականգնելու ՀՀ տարածքից դուրս։ Այս նպատակով Բյուրոն սահմանում է`
      • տուժողների առողջությանը պատճառված այն վնասների ցանկը, որոնց դեպքում նրանց բժշկական օգնությունը կամ առողջության վերականգնումը ՀՀ տարածքում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել,
      • ՀՀ տարածքից դուրս գործող բժշկական այն հաստատությունների ցանկը, որոնց կողմից տուժողի առողջությանը պատճառված այդպիսի վնասների դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու կամ նրա առողջությունը վերականգնելու դիմաց տուժողն իրավունք ունի ստանալու օրենքով նախատեսված ապահովագրական հատուցում։
  • տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ),
    • կորցրած աշխատավարձը (եկամուտները) ՀՀ օրենսդրության համաձայն տուժողին հատուցվում է անաշխատունակության ողջ ժամանակահատվածի համար։ Կորցրած աշխատավարձի (եկամուտների) հատուցումը դադարեցվում է, եթե վերականգնվել է տուժողի աշխատունակությունը, կամ սպառվել է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը։
  • տուժողի մահվան հետ կապված ծախսեր, մասնավորապես․
    • Ստորև թվարկված Կերակրողին կորցրած անձինք ստանում են ամենամսյա վճարումների տեսքով հատուցում․
      • տուժողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք,
      • տուժողի մահվանից հետո ծնված նրա երեխան,
      • տուժողի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է տուժողի խնամքի ներքո գտնվող նրա 14 տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով.
      • տուժողի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո 5 տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:
    • տուժողի հուղարկավորության ծախսերը։

Ո՞ր դեպքերում է Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքը կիրառում

Կան դեպքեր, երբ ապահովագրական ընկերությունը հատուցում տրամադրելուց հետո հատուցված գումարը ետ է պահանջում այլ անձանցից։ Այս մեխանիզմը կոչվում է սուբրոգացիա, կամ հետադարձ պահանջի իրավունք։

Ընկերությունները հետադարձ պահանջի իրավունքը կարող են կիրառել․

  • վնաս պատճառած անձի (վարորդի) նկատմամբ, եթե․
    • նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո,
    • նա առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց,
    • նա ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից, բացառությամբ այն դեպքի, երբ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք,
    • ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում (ապահովագրական պատահարից հետո 40 րոպեի ընթացքում) և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին։
  • վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե
    • ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում,
    • ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում (ապահովագրական պատահարի օրվանից հետո եռամսյա ժամկետում) և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին,
    • ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք,
    • ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը.
  • ինչպես նաև այլ անձանց նկատմամբ՝
    • պատահարի տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջ նկատմամբ, եթե պատահարը տեղի է ունեցել տարածքի կամ ճանապարհի անսարքության կամ թերության պատճառով, և դրանում առկա է սեփականատիրոջ մեղքը,
    • ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը չի բացահայտվել տեխնիկական զննության ընթացքում` դրա թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետևանքով,
    • օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ անձանց նկատմամբ, որոնց մեղքով տեղի է ունեցել պատահարը։

Ի՞նչ է Երաշխավորման Ֆոնդը, և ո՞ր դեպքում է հատուցումը տրամադրվում այդ ֆոնդից

Ավտոապահովագրողների Բյուրոն ստեղծել է հատուկ ֆոնդ՝ Երաշխավորման Ֆոնդ անվանմամբ, որի նպատակն է օրենքով սահմանված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել տուժած անձանց պատճառված վնասները:

Երաշխավորման ֆոնդը գոյանում է Բյուրոյի անդամների կողմից կատարվող միանվագ, պարբերական և լրացուցիչ վճարներից։

Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է տուժած անձանց պատճառված վնասները, եթե`

  • վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները։ Այսինքն, եթե տուժողը իր մեքենան նկատի վնասված, բայց վնաս պատճառած մեքենան չհայտնաբերվի, ապա տուժողը որևէ կողմից չի ստանա հատուցում, եթե չունենա ԿԱՍԿՈ պայմանագիր։ Եթե հետիոտնը վրաերթի ենթարկվի, իսկ մեղավոր վարորդը դիմի փախուստի և չբացահայտվի, տուժողը հատուցում կստանա երաշխավորման ֆոնդի հաշվին։
  • վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,
  • վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
  • վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ), եթե նա օրենքի համաձայն պարտավոր էր հատուցել պատճառված վնասը:

Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվող գումարի առավելագույն մեծություններն են`

անձնական վնասների դեպքում`

  • մեկ ապահովագրական պատահարի համար 9 000 000 ՀՀ դրամ,
  • յուրաքանչյուր տուժողի համար` 3 000 000 ՀՀ դրամ,

գույքային վնասների դեպքում`

  • մեկ ապահովագրական պատահարի համար 1 500 000 ՀՀ դրամ։

Բյուրոն նույնպես որոշ դեպքերում ունի հետադարձ պահանջի կիրառման իրավունք։ Այդ դեպքերն են․

  • վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է.
    • այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ,
    • եթե Բյուրոն բացահայտում է վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքած ապահովագրական ընկերությանը, ապա Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում այդ ապահովագրական ընկերության նկատմամբ, եթե վերջինս օրենքի համաձայն պարտավոր է վճարել ապահովագրական հատուցում:
  • վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր.
    • այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ,
  • վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ.
    • այս դեպքում Բյուրոն հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ:

Որտեղի՞ց ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագիր

Ապահովագրական ընկերություններն իրավունք չունեն մերժել ԱՊՊԱ պայմանագրի կնքումը։ Այսինքն, եթե անձի դիմում է Ապահովագրական ընկերությանը՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար, վերջինս չի կարող հրաժարվել պայմանագիր կնքելուց։

ԱՊՊԱ պայմանագիր կարելի է ձեռք բերել հետևյալ եղանակներով․

  1. Online տարբերակով՝ www.aswa.am կայքի կամ ASWA բջջային հավելվածի միջոցով,
  2. Տարբեր բանկերի կամ վճարային ընկերությունների կայքերի կամ հավելվածների միջոցով,
  3. Վճարային տերմինալների միջոցով,
  4. Ապահովագրական գործակալների միջոցով։ Ապահովագրական գործակալ կարող են հանդիսանալ նաև բանկերը, Հայփոստը, և այլ նմանատիպ մասնաճյուղային ցանց ունեցող ընկերությունները,
  5. Ապահովագրական ընկերությունների կայքերի միջոցով,
  6. Այցելելով կամ զանգահարելով ապահովագրական ընկերություններին։

Որքա՞ն է կազմում ԱՊՊԱ չունենալու համար կիրառվող տուգանքները

ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100.000 ՀՀ դրամ ,

Առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100.000 ՀՀ դրամ։

Այս հոդվածի հրապարակման պահին շրջանառվում է ԱՊՊԱ տուգանքների նվազեցման համար օրինագիծ, համաձայն որի․

  • Օրենքի նոր փոփոխությամբ՝ սահմանված 100․000 ՀՀ դրամ տուգանքը նվազում է մինչև 50․000 ՀՀ դրամ։ Բացի այդ, եթե խախտումը արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում այն վերացվում է, և այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմին ներկայացվում է համապատասխան ապացույց, ապա տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով։
    Այսինքն՝ անհրաժեշտ է ներկայացնել տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող ԱՊՊԱ պայմանագիր:

ԱՂԲՅՈՒՐ – www.appa.am

Author

  • ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

    Հեղինակի մասին

    Անդերրայթինգի Ղեվարար, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Տնտեսագիտության թեկնածու (ՀՊՏՀ), Իրավագիտության Մագիստրոս (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2010