Ներկայիս տեխնոլոգիական և տեմպի բարձր արագություն ունեցող ժամանակաշրջանում որակյալ կրթությունը կարևորագույն գործոններից է՝ առողջ և դինամիկ հասարակության ձևավորման համար։ Տեխնիկական և այլ նեղ մասնագիտություններն ու որակավորումները ներկայիս աշխատաշուկայի հիմնաքարն են։

Ըստ Ապահովագրության Տեղեկատվական Ինստիտուտի (Insurance Information Institute – III) 2020թ․-ի տվյալների՝ միայն ԱՄՆ-ի ապահովագրական ոլորտում աշխատում է 2,9 միլիոն մարդ, որից 962.500 մարդ աշխատում է կյանքի և առողջության, 665.900՝ գույքի և դժբախտ պատահարների ապահովագրության ոլորտում, ինչպես նաև 27.300 մարդ՝ վերաապահովագրական ընկերություններում: Մնացած 1,2 միլիոնն աշխատում են բրոքերային գործակալություններում և ապահովագրության հետ կապված այլ ձեռնարկություններում: Մարդկության պատմության մեջ լինելով ավելի քան յոթ հարյուր տարի՝ ապահովագրությունը միևնույն է շարունակում է մնալ արդիական և զարգացող ոլորտ՝ դառնալով նոր ուսումնասիրությունների, փոփոխությունների և ուսուցման առարկա:

«Ապահովագրական գործ» մասնագիտությունը գտնվում է իր հերթական էվոլուցիայի շեմին՝ Ամերիկա մայրցամաքի բացահայտման և Լոնդոնի մեծ հրդեհի կողքին։ Այսօր մասնագիտությունը համալրվում է նոր որակներով․ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում (արհեստական բանականություն, տվյալների գերճշգրիտ վերլուծություններ), ռոբոտատեխնիկա, և այլն։

Ապահովագրության ներկայիս մասնագետները կարիք ունեն վերապրոֆիլավորվելու և շարժվելու ժամանակի հետ համընթաց՝ մասնագիտական կայուն աճը ապահովելու համար»

Ստորև կներկայացվեն ՀՀ-ում և արտասահմանում ապահովագրական կրթություն տրամադրող հաստատությունները:

Հայաստանում ապահովագրական կրթություն տրամադրում են որոշ համալսարաններ և քոլեջներ, մասնավորապես․

  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակլուտետում իրականացվում է առկա և հեռակա տարբերակով «Ապահովագրական գործ» մագիստրոսական ծրագիրը: Տնտեսագիտական համալսարանն ունի նաև բանկային գործի և ապահովագրության ամբիոն:
  • ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջն առաջարկում է կրթություն ապահովագրական գործ մասնագիտությամբ: Շրջանավարտները ստանում են մասնագիտական կրթության պետական եռալեզու դիպլոմ:
  • Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում առկա «Ապահովագրական գործ» բաժինն առաջարկում է անվճար և վճարովի համակարգով սովորելու հնարավորություն՝ շրջանավարտներին տալով «Ապահովագրական գործի մասնագետ» որակավորում:
  • Հայ-ռուսական համալսարանում նույպես հնարավոր է ուսումնասիրել ապահովագրական ոլորտը՝ ընտրելով կամընտրական «Ապահովագրություն» առարկան, որը դասավանդվում է ոչ միայն ռուսերենով, այլ նաև հայերենով:
  • Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան տրամադրում է «Ապահովագրական գործ» մագիստրոսական ծրագիր ապահովագրական հմտություններով օժտված կամ ֆինանսիստի որակավորմամբ մասնագետներին:

Արտասահմանում ապահովագրական կրթություն հիմնականում հնարավոր է ստանալ ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Չինաստանում և այլ երկրներում: Հնարավոր է ընտրել ինչպես առցանց, այնպես էլ առկա տարբերակով  կրթական ծրագիր: Բացի մագիստրոսական և բակալավրիատի ծրագրերից, առցանց դասընթացները նույնպես ակտուալ են: Մի քանիսը կներկայացվեն ստորև.

  • Միջազգային բիզնեսի վարպետ (MIB) Տրիեստի կառավարման դպրոցն առաջարկում է մագիստրոսական ծրագիր առկա և առանցանց տարբերակներով «Ապահովագրության և ռիսկերի կառավարման» բաժնում:

Ուսուցման լեզու՝ անգլերեն

Ծրագրի տևողությունը՝ 12 ամիս

Ուսման վարձը՝ €22.000 / տարեկան

Վայրը՝ Իտալիա, Տրիեստ

  • Չարլզի համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետն առաջարկում է մագիստրոսկան ծրագիր «Ֆինանսական և ապահովագրական մաթեմատիկա» բաժնում:

Ուսուցման լեզու՝ անգլերեն

Ծրագրի տևողությունը՝ 2 տարի

Ուսման վարձը՝ $6.500 / տարեկան

Վայրը՝ Պրահա, Չեխիա

  • Ամերիկյան համալսարանն Էմիրություններում առաջարկում է «Ապահովագրության և ռիսկերի կառավարման» կրթական ծրագիրը բիզնեսի կառավարման բակալավրում:

Ուսուցման լեզու՝ անգլերեն

Ծրագի տևողությունը՝ 4 տարի

Ուսման վարձը՝ $5.800 / կիսամյակ

Վայրը՝ Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ

  • ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ապահովագրական դպրոցն առաջարկում է դասընթացներ երկու ուղղությամբ՝ 1. Կյանքի և առողջության ապահովագրություն, 2. Գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն:

Ուսուցման լեզու՝ անգլերեն

Ծրագրի տևողությունը՝ անհատական

Ուսման վարձը՝ Կյանքի և առողջության ապահովագրություն՝ $279 / դասընթաց, Գույքի և
դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ $299 / դասընթաց

Վայրը՝ Տեխաս, ԱՄՆ

  • Մյունխենի կառավարման դպրոցն առաջարկում է «Ապահովագրության գործադիր վարպետ» մագիստրոսական ծրագիրը լրիվ դրույքով աշխատողների համար:

Ուսուցման լեզու՝ անգլերեն

Ծրագրի տևողությունը՝ 3 կիսամյակ

Ուսման վարձը՝ €28.500 / 3 կիսամյակ

Վայրը՝ Մյունխեն, Գերմանիա

  • Ապահովագրական դպրոցների կազմակերպությունն առաջարկում է առցանց դասընթացներ 360training.com կայքի միջոցով, որը ԱՄՆ-ի 10 նահանգների ապահովագրության դեպարտամենտների կողմից հաստատված առցանց հարթակ է: Տրամադրում է դասընթացներ ապահովագրական ցանկացած ոլորտի վերաբերյալ և պատրաստում ապագա մասնագետներին ապահովագրության լիցեզիա ստանալու քննություններին: Դասընթացների արժեքները սկսվում են $5-ից և հասնում նույնիսկ $60-ի, կախված դասընթացի ժամային տևողությունից:

Ապահովագրական կրթության և որակավորման մեջ առանձնահատուկ դեր ունի Անգլիական Chartered Institute of Insurance-ը (CII)։ CII-ը կազմակերպություն է, որը չափանիշներ է սահմանում ապահովագրական բիզնեսում աշխատող մարդկանց համար ավելի քան 100 երկրում: 1897թ.-ին Մանչեստերում կայացած 10 ապահովագրական ինստիտուտների ժողովում որոշվում է հիմնել միավորում, որը կկոչվի Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի ապահովագրական ինստիտուտների ֆեդերացիա: 1912թ.-ին հիմնադրվում է ֆեդերացիան և կոչվում Չարտերացված Ապահովագրական Ինստիտուտ (CII): Վերջինս ունի վեց «օբյեկտներ ու նպատակներ»․

ա) նպաստել ապահովագրության պրակտիկայի արդյունավետությանը և կատարելագործմանը՝ այդ գործունեությամբ զբաղվող կամ զբաղված անձանց շրջանում նման բիզնեսի վարումն ավելի արդյունավետ և պրոֆեսիոնալ դարձնելու համար, ապահովելու և արդարացնելու վստահությունը հանրության և գործատուների կողմից` ապահովագրությամբ զբաղվող կամ զբաղված անձանց իրավասության հուսալի թեստերի և նրանց արժանահավատության հուսալի երաշխիքների ապահովման, ինչպես նաև այդ նպատակների համար կենտրոնական կազմակերպություն ապահովելու և պահպանելու համար.

բ) նպաստել և աջակցել ապահովագրության որևէ ճյուղի առնչվող ցանկացած առարկայի ուսումնասիրությանը.

գ) հավաքել և ձևավորել փորձագիտական ​​եզրակացություններ օրենքի և պրակտիկայի վերաբերյալ, որոնք վերաբերում են ապահովագրության հետ կապված բոլոր խնդիրներին.

դ) Անդամների մասնագիտական ​​չափանիշների և վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնել: Ձգտել բարելավել գործընկերների մասնագիտական ​​կարգավիճակը և նպաստել ընդհանրապես Անդամների շահերին, բարեկեցությանը և առաջխաղացմանը.

ե) ապահովել անդամներին և այլոց ապահովագրության ոլորտում աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ.

զ) Աջակցել Անդամներին, Ֆինանսական դժվարություններ ունեցող կամ մահացած Անդամներին, ովքեր տառապում են ֆինանսական դժվարություններով, այնպիսի միջոցներով, որոնք կարող են անհրաժեշտ համարվել, և ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել Ապահովագրական բարեգործական կազմակերպությունների և ցանկացած այլ համապատասխան հիմնադրամի կամ բարեգործական հիմնադրամի աշխատանքներին:

CII-ը առաջարկում է որակավորման և անդամակցութան ծրագրեր ապահովագրական ոլորտում աշխատողների համար:

  • CII Certificate – Որակավորման ծրագիրն իրենից ներկայացնում է ապահովագրության 3-րդ մակարդակի վկայականի տրամադրում տվյալ ոլորտում աշխատող անձանց համար: Տրամադրելով ուղեցույցներ յուրաքանչյուր ստորաբաժանման որակավորման գրքույկում՝ ինստիտուտը ներկայացնում է քննության համար պատրաստվելու միջին ժամանակը, որն է 160-200 ժամը: Քննությունը բաղկացած է բազմակի ընտրությամբ հարցերից:

Հավաստագիր ստանալու համար պետք է հանձնել 3 քննություն՝ 1 հիմնական և 2 կամընտրական հատվածներից: Որակավորման հաջող ավարտի համար հարկավոր է ունենալ նվազագույնը 40 կրեդիտ: Կախված ընտրված քննությունից` արժեքը կարող է տատանվել £102 – £295-ի սահմաններում` անդամակցություն չունեցող դիմորդների համար:

  • Անդամակցության ծրագիրը հնարավորություն է տալիս աշխատողներին ստեղծել իրենց կարիերան և ձևավորել այն սեփական տեմպերով: Բաղկացած է 6՝ սովորական, վկայական, դիպլոմ, ասոցիացված, ընկեր և չարտերացված բաժիններից: Անդամակցությունը նախատեսված է որակավորման համար առաջին անգամ սովորողների, կամ պարզապես շուկայական գիտելիքներից, մասնագիտական աջակցությունից և համախոհների հսկայական ցանցից օգտվել ցանկացողների համար: Անդամակցվելու համար հարկավոր է ունենալ մի քանի մրցանակներ՝ տրված Չարտերացված ապահովագրական ինստիտուտի կողմից: Անդամակցությունն արժի տարեկան £80:

CII-ում գործում են նաև Դիպլոմավորման, Առաջադեմ Դիպլոմավորման և ավելի բարձր մակարդակի որակավորման ծրագրեր, որոնց կանդրադառնանք այլ հոդվածներում։


ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

https://www.iii.org/

https://asue.am/am

https://www.n2college.am/

https://inecbus.rau.am/am

https://mib.edu/

https://www.gcu.ac.uk/

https://www.mff.cuni.cz/en

https://www.nationalonlineinsuranceschool.com/

https://www.eminsurance.bwl.uni-muenchen.de/index.html

https://centralinsuranceschool.com/index.aspx

https://www.cii.co.uk/

https://aue.ae/

Author