ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում, ինչպես 2022-ին, ներառված են մի շարք ՏՏ ընկերություններ։

Ստորև ներկայացնում ենք այս ընկերությունների թոփ տասնյակին։

2023 թվականին ՏՏ ընկերություններից առաջին տեղում հայտնվել է «Վիէմ Արմենիա» ՍՊԸ-ն (Veeam Armenia) ` 6779 մլն ՀՀ դրամ հարկերով և զբաղեցրել է ընդհանուր ցուցակում 36-րդ տեղը, այն դեպքում, երբ 2022-ին այս ընկերությունը զբաղեցրել էր ցուցակի 106-րդ տեղը՝ 2637 մլն ՀՀ դրամ հարկերով։ ՏՏ ընկերությունների 2022 թվականի ցուցակում ընկերությունը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և ներկայումս, բարելավելով իր դիրքերը, դարձել է առաջատարը։

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն (Synopsis Armenia), որը 2022-ին ՏՏ ընկերությունների ցուցակում զբաղեցնում էր առաջին տեղը (1000 խոշոր հարկատուների ընդհանուր ցուցակում՝ 60-րդը), 2023թ․ ընդհանուր ցուցակում զբաղեցրել է 58-րդ տեղը և ՏՏ ընկերությունների մեջ երկրորդ տեղը՝ 4849 մլն ՀՀ դրամ գումար վճարած հարկերով։

Երրորդ տեղում է «Էպամ Սիսթեմզ» ՍՊԸ-ն (EPAM)՝ 4759 մլն ՀՀ դրամ հարկերով՝ զբաղեցնելով ընդհանուր ցուցակի 65-րդ հորիզոնականը։ 2022-ին «Էպամ Սիսթեմզ»-ը հարկատուների ընդհանուր ցուցակում 78-րդն էր՝ 3642 մլն ՀՀ դրամ հարկերով, իսկ ՏՏ ընկերությունների վարկանիշային աղյուսակում՝ 3-րդ տեղը։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ընկերությունը մոտ 110 մլն ՀՀ դրամ գումար ավել հարկ է վճարել։

Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է «ԿԵՀ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն (KEH Armenia LLC, Avito) ընկերությունը, որը ռուսական առցանց խանութի հայաստանյան ներկայացուցչությունն է: Հիմնականում զբաղվում է առցանց շուկաների արդիականացմամբ և արհեստական բանականության ներդրման օգնությամբ նորարարական շուկաների հայտնագործմամբ: 2023 թվականին ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4142 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ: Վերջինս 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 78-րդ տեղը։

2023թ. ՏՏ ընկերություններից ամենաշատ վճարած հարկերով հինգերորդ տեղում է «ՊԻԿՍԱՐՏ» ՍՊԸ-ն (Picsart, 83-րդ տեղը ընդհանուր ցուցակում) ՝ 3375 մլն ՀՀ դրամ գումար վճարած հարկով։ 2022-ին այս ընկերությունը երկրորդ տեղում էր ՏՏ ընկերությունների մեջ (66-րդը ընդհանուր ցուցակում)՝ 3913 մլն ՀՀ դրամ հարկերով։ Նախորդ տարվա համեմատ՝ Ընկերությունը մոտ 300 մլն ՀՀ դրամ գումար ավել հարկ է վճարել։

Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է «ԴատաԱրտ» ՍՊԸ-ն (DataArt), որը 2023թ. վճարել է 2873 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ և զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 114-րդ հորիզոնականը։ Այս ընկերության հարկերը մոտ 100 մլն ՀՀ դրամով նվազել են 2022թ. համեմատ՝ կազմելով 2903 մլն ՀՀ դրամ։ Խոշոր հարկատուների ցանկում ընկերության դիրքերը ևս փոխվել են: 

Հաջորդ՝ յոթերորդ տեղում է «Սերվիսթայթան արևելք» ՍՊԸ-ն (Service Titan), որը 2023թ․ հայտնվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակի 116-րդ հորիզոնականում՝ 2841 մլն ՀՀ դրամ հարկերով։ 2023թ․ այս ընկերությունը բարելավել է իր դիքերը ընդհանուր հարկատուների ցուցակում, և մոտ 900 մլն ՀՀ դրամ ավել հարկ է վճարել՝ 2022թ. վճարած 1926 մլն ՀՀ դրամի համեմատ։ 

Թոփ տասնյակի ութերորդ հորիզոնականում է «ԸԼԱՅՆ ԹԵՔՆՈԼՈՋԻ» ՍՊԸ-ն (Align Technology) ՝ բժշկական սարքերի հանրային առևտրային ընկերությունը, որը նախագծում և արտադրում է Invisalign համակարգը: 2023 թվականին ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 2602 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ: 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 122-րդ տեղը։

Ցուցակի հաջորդ՝ 9-րդ տեղում է «ԲՕՍՏՕՆՋԵՆ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊԸ-ն: Վերջինս համագործակցում է քաղցկեղի առաջատար կենտրոնների հետ՝ տրամադրելով նորարարական տեխնոլոգիաներ՝ մշակելու և վավերացնելու նոր ճշգրիտ բժշկության մոտեցումները:

Ընկերությունն իրականացնում է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրերի համապարփակ ինտեգրված գենոմային (WES) և տրանսկրիպտոմիկ (RNA-seq) թեստավորում, որը բժիշկներին օգնում է բացահայտել անհատական բուժման պլանները: 2023 թվականի ընթացքում ընկերությունը ՀՀ պետական բյուջե է փոխանցել 1963 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ: 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 152-րդ տեղը։

Թոփ տասնյակը եզրափակում է «ԷՆՎԻԴԻԱ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որն աշխարհին հայտնի է իր համակարգչային գրաֆիկական քարտերի արտադրությամբ: Ընկերության աշխատանքն արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը, արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը: Ընկերությունն ունի տարեկան շուրջ 27 միլարդ դոլարի շրջանառություն: 2023 թվականին ՀՀ պետական բյուջե է փոխանցել 1907 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ: 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 161-րդ տեղը։

Տասնմեկերորդ հորիզոնականը զբաղեցնում է «ԴԵՎՍՈՖՏ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն (DevSoft, ընդհանուր հարկատուների ցուցակում՝ 176-րդը) ։ 2023թ․ վճարել է 1667 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ, այսինքն՝ մոտ 300 մլն դրամով պակաս, քան 2022 թվականին։ 

Տասներկուերորդ հորիզոնականը զբաղեցնում է «ԱՐՄՍՈՖԹ» (Armsoft) ընկերությունը: Այս ընկերությունը զբաղվում է բիզնեսի կառավարման համակարգեր մշակելով, ներդնելով ու դրանց հետագա սպասարկումով: 36 տարիների ընթացքում աշխատել է մի քանի հազար կազմակերպությունների հետ, կատարել է հարյուրավոր ներդրումներ: Մշտապես հետևում է բիզնեսի կառավարման համակարգերի շուկայում կատարվող փոփոխություններին ու տեղեկացված է վերջին նորություններից: 2023 թվականին ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 1665 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ: 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 186-րդ տեղը։

Տասներեքերորդ հորիզոնականը զբաղեցնում է «ՄԻՐՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն: Այս ընկերությունը տեսողական համագործակցության առաջատար հարթակ է, որը հեռակա, գրասենյակային և հիբրիդային թիմերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել և համագործակցել ձևաչափերի, գործիքների, ալիքների և ժամային գոտիների միջև: Այլ կերպ ասած, Miro-ն տրամադրում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է առցանց համագործակցության համար։ Նրանք ստեղծել են գործիքներ յուրաքանչյուր աշխատանքային հոսքի համար՝ արտադրանքի կառավարում, դիզայն և հետազոտություն, ճարտարագիտություն, շուկայավարում և վաճառք՝ կապված Asana, Jira, Trello, Zoom, Dropbox, OneDrive, Adobe Creative Cloud, Google և այլնի հետ: Ընկերությունն ունի 35 միլիոն+ օգտատեր և համագործակցում է Fortune 500 ընկերությունների 99%-ի հետ: Գլխամասային գրասենյակները գտնվում են Ամստերդամում և Սան Ֆրանցիսկոյում, նրանք ունեն կենտրոններ ամբողջ աշխարհում՝ Ամստերդամում, Օսթինում, Բեռլինում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մյունխենում, Նյու Յորքում, Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում, Սիդնեյում և Տոկիոյում: Նրանք իրենց հերթական գրասենյակն են բացել Երևանում։ Հայաստանում ՏՏ ոլորտը վերջին 10 տարիների ընթացքում աննախադեպ աճ է գրանցել՝ ունենալով տարեկան միջինում 23% աճ։ 2023 թվականին ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 1609 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ: 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 195-րդ տեղը։

Տասնչորսերորդ հորիզոնականը զբաղեցրել է «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ-ն: Ընկերությունը ստեղծվել է 2006 թվականին: Այն ծրագրային ապահովման ընկերություն է, որը մասնագիտացված է օֆշորային ծրագրավորման և ամբողջ աշխարհում իր գործընկերներին IT ծառայությունների մատուցման մեջ: 

Ընկերությունում ծրագրավորումն իրականացվում է համարյա բոլոր ծրագրավորման լեզուներով, ինչպիսիք են՝ Java, C++, C#, Assembler, Cobol և այլն: Սերտիֆիկացված է ISO 9001:2008 միջազգային ստանդարտով: 2023 թվականին պետական բյուջե է փոխանցել 1503 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ: 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 202-րդ տեղը։

Տասնհինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է «Քվանտորի ԱՄ» ՍՊԸ միջազգային ՏՏ/outsorce ընկերությունը, որը մասնագիտանում է կենսագիտության և առողջապահության ոլորտներում:

Ընկերությունն ունի ավելի քան 30 տարվա փորձ ՏՏ ծրագրերի մշակման բնագավառում և զարգացման փորձ դեղագործության ոլորտում, մշակում է առաջադեմ ռազմավարություն Big Data ոլորտում։ Ընկերության թիմը, տեխնոլոգիաները, փորձագիտական հմտությունները նպաստում են կենսագիտության և առողջապահության հետագա զարգացմանը։

«Քվանտորի ԱՄ»ի ծրագրերն առնչվում են գիտական ինֆորմատիկային, լաբորատոր ինֆորմատիկային, «Data Science»-ին, «High Performance Computing»-ին, արհեստական բանականությանը։ 2023 թվականին ընկերությունը պետական բյուջ է փոխանցել 1492 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ: 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 205-րդ տեղը։

Տասնվեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է «ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ» ՍՊԸ-ն, որը տրամադրում է ամպային լուծումներ և պլատֆորմի վիրտուալացման ծրագրային ապահովման ծառայություններ: Ընկերությունը հայկական շուկայում գործում է 2011 թվականից։ Այն ամերիկյան «VMware» ընկերության մի մասն է կազմում։ 

«Վիէմուեր Իսթերն Յուրոփ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն Իռլանդիայում գրանցված «Վիէմուեր Ինթերնեյշնլ Մարքեթինգ Լիմիթեդ» ընկերությունն է։ Վերջինս հանդիսանում է վիրտուալիզացիայի և ամպային ենթակառուցվածքների (cloud infrastructure) համաշխարհային առաջատարը: Ընկերությունը ձեռնարկություններին հնարավորություն է տալիս ընտրել ամպի (cloud) այնպիսի մոդել, որը հարմար կլինի նրանց բիզնեսի հատուկ մարտահրավերների համար: է «ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ»-ի մոտեցումն հնարավորություն է տալի արագ անցում կատարել ամպային տեխնոլոգիաների (cloud computing)՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով պահպանել գոյություն ունեցող ներդրումները, բարելավել անվտանգությունն ու վերահսկողությունը: Վերջինիս կողմից առաջարկվող լուծումներն օգնում են կազմակերպություններին նվազեցնել ծախսերը, բարձրացնել բիզնեսի դինամիկան և ապահովել ընտրության ազատությունը:

Ընկերությունը հայկական ՏՏ ոլորտի խոշոր հարկատուներից է։ 2023 թվականի ընթացքում ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 1471 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ։ 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 155-րդ տեղը։

Տասնյոթերորդ հորիզոնականը զբաղեցրել է ռուսական «Տինկոֆֆ Ծրագրային Մշակման Կենտրոն» ՍՊԸ ընկերությունը: Ընկերությունը հայկական շուկային հայտնի է 2022 թվականից: Ընկերության հիմնական գործառույթները հայկական շուկայում սահմանափակվում են բանկային ոլորտի ծառայությունների և ՏՏ ծառայությունների մատուցման մեջ: 2023 թվականի ընթացքում այս ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 1388 մլն  ՀՀ դրամ գումարի չափով հարկ, ինչը հնարավորություն է տվել վերջինիս Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնել 218-րդ հորիզոնականը, իսկ ՏՏ ոլորտի հարկատուների ցուցակում՝ 17-րդը:

Տասնութերորդ հորիզոնականը զբաղեցնում է «SV Technology» ընկերությունների խմբի մատակարարներից մեկը՝ «ՍԻՄԵՆՍ ԻՆԴԱՍԹՐԻ ՍՈՖԹՎԵՐ» ՍՊԸ ընկերությունը։ «SV technology» ընկերությունների խումբն առաջարկում է առավել պահանջված տեխնոլոգիաներ, որոնք հասցրել են իրենց դրսևորել եվրոպական և համաշխարհային շուկայում: Ընկերությունը համարվում է էներգետիկ ոլորտի առաջատարը՝ առաջարկելով էներգիայի արտադրության, փոխանցման և բաշխման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության բազմազան լուծումներ: Ընկերությունը գործում է որպես տեխնոլոգիական ընկերություն ամբողջ աշխարհում: Այն առաջարկում է արտադրանք, համակարգեր, լուծումներ, ծրագրային ապահովում և ծառայություններ էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման և խելացի էներգիայի ենթակառուցվածքի զարգացման համար: Այն նաև տրամադրում է ավտոմատացման տեխնոլոգիաներ և ՏՏ ծառայություններ հրդեհային անվտանգության, շենքերի ավտոմատացման, ջեռուցման, օդափոխության, օդորակման և էներգիայի կառավարման համար: «ՍԻՄԵՆՍ ԻՆԴԱՍԹՐԻ ՍՈՖԹՎԵՐ»-ն հիմնադրվել է 1847 թվականին և գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում ընկերությունը զբաղեցրել է 235-րդ հորիզոնականը՝ 2023 թվականին վճարելով 1320 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ:

Տասնիններորդ հորիզոնականը զբաղեցնում է «ԱԴՈԲ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ԱՐՄ» ՍՊԸ-ն, որը ապահովում է «Adobe» համակարգչային ծրագրի առկայությունը և հնարավորություն է ընձեռում մարդկանց ներբեռնել ծրագրեր, գտնել դիզայներական լուծումներ, բացել և մշակել տարատեսակ փաստաթղթեր։ 2023 թվականի ընթացքում, լինելով 265–րդ խոշոր հարկատու ընկերությունը, վճարել է 1172 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ։

Քսաներորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ջի-Դի Էյ-Էմ» ՍՊԸ (Grid Dynamics LLC) միջազգային ՏՏ ընկերությունը, որն իր գրասենյակը Հայաստանում հիմնել է 2022թ. և արդեն ունի 300 աշխատակից և համալրել է խոշոր հարկատուների ցանկը։ «Ջի-Դի Էյ-Էմ»-ը հիմնադրվել է 2006թվականին։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան հովտում։ Ընկերությունը գրասենյակներ ունի նաև Մեքսիկայում, Միացյալ Թագավորությունում, Եվրոպայում և Հնդկաստանում։ Չնայած նրան, որ ընկերությունը նոր է Հայաստանում, սակայն հասցրել է զբաղեցնել հեղինակավոր դիրք ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների 20 ամենախոշոր հարկատուների շարքում: Կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ ընկերությունը  Fortune 1000 ընկերություններում իրականցվող զանազան նախագծերում աջակցում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են մեքենայական ուսուցման և տվյալագիտության ալգորիթմների զարգացումը, GenAI-ի, Big Data-ի և այլ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտը, ինչպես նաև տեղեկատվական հավելվածների մոդերնիզացիան, տվյալների պլատֆորմների ստեղծումն ու հզորացումը։ Վերջիններս հիմք են հանդիսանում «Ջի-Դի Էյ-Էմ»-ի բիզնեսի զարգացման գործում: Ընկերությւունը, որպես հարկատու ընկերություն, առաջին 1000 հարկատուների ցանկում զբաղեցնում է 299-րդ տեղը՝ 2023 թվականին վճարելով 989 մլն ՀՀ դրամ գումարի չափով հարկ։

Author