Նախորդ տարին ապահովագրության բնագավառում հատկանշական էր այն առումով, որ Հայաստանում 2023թ ապրիլից ազատականացվել էին ԱՊՊԱ սակագները, որի հիմնական նպատակն էր ոլորտում մրցակցության խթանումը՝ հանգեցնելով մատուցվող ծառայությունների որակի շարունակական կատարելագործմանը։ Նորամուծության արդյունքում ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող գինն արդեն կախված է եղել յուրաքանչյուր ընկերության՝ ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանությունից։

Այնուամենայնիվ, վերոնշյալ հարցում ապահովագրական ընկերությունների ազատությունն անսահման չէր․ ՀՀ Կենտրոնական բանկը և Ապահովագրողների բյուրոն վերահսկում են ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների գնային քաղաքականությունը և կիրառվող մեթոդաբանությունը։ Բյուրոյի իրավասության ներքո է գտնվում նաև սահմանել առավելագույն գնային շեմը, որն ապահովագրական ընկերությունները չպետք է գերազանցեն իրենց գնագոյացման քաղաքականությունը մշակելիս։

Այսպիսով, ԱՊՊԱ ապահովագրավճարների հաշվարկի մոդելում որպես ռիսկայնության գործակիցներ ապահովագրական ընկերությունները հաշվի են առել, ի թիվս այլնի՝

  • ՏՄ մոդելը․
  • ՏՄ թողարկման տարեթիվը․
  • ՏՄ շարժիչի հզորությունը․
  • ՏՄ տեսակը (մարդատար, բեռնատար և այլն)․
  • ՏՄ-ի օգտագործման նպատակը․
  • Ապահովադրի տիպը (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ)․
  • Ապահովադրի գրանցման վայրը․
  • Վարորդի վարորդական պատմությունը և այլն։

Այժմ տեսնենք, թե ինչպես է անդրադարձել ԱՊՊԱ սակագների ազատականացումը ոլորտի ցուցանիշների վրա։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալների համաձայն՝ 2023թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում առկա է եղել 667,402 ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոց, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 10%-ով կամ 60,806-ով:

Տվյալ դասակարգում առաջատար է հանդիսացել «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն, որին բաժին է ընկել 213,291 ՏՄ։ Նրան հաջորդում են «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ն և  «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն՝ 159,224 և 119,605 ՏՄ համապատասխանաբար։ 2023 թվականին կնքված (այդ թվում՝ առցանց եղանակով կնքված) ԱՊՊԱ պայմանագրերի թիվը կազմել է 1,328,655՝ արձանագրելով 11․9% աճ նախորդ տարվա համեմատ: Այս պայմանագրերով հավաքագրվել է 27,179,174,000 ՀՀ դրամի ապահովագրավճար։ Տվյալ ցուցանիշը 2022թ․ համեմատ աճել է 2.6%-ով։ Հավաքագրված ապահովագրավճարների առումով առաջատար եռյակի պատկերն այս դեպքում էլ չի փոխվել՝ ներառելով «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն, «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ն և «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն, որոնք հավաքագրել են, համապատասխանաբար, 7,887,289,500, 7,292,319,500  և   4,500,989,000 ՀՀ դրամի ապահովագրավճար։

Ստորև ներկայացվում է առցանց եղանակով կնքված ԱՊՊԱ պայմանագրերի տեսակարար կշիռն ԱՊՊԱ համակարգում առցանց եղանակով կնքված ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր թվաքանակում (%)՝

Ինչ վերաբերում է մեկ պայմանագրի գծով միջին ապահովագրավճարին, ապա այն կազմել է 37,913 ՀՀ դրամ, ինչը սակագների ազատականացման լույսի ներքո նվազել է 3.3%․ 2022թ․ մեկ պայմանագրի գծով միջին ապահովագրավճարը եղել էր 39,220 ՀՀ դրամ։

Ամենացածր ապահովագրավճարը սահմանել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն՝ 33,540 ՀՀ դրամ, իսկ ամենաբարձրը՝ 42,263 ՀՀ դրամ, սահմանվել է «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ի կողմից։

ԱՊՊԱ համակարգ ներկայացված հատուցման դիմումների քանակը հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ կազմել է 80,901՝  2.4% աճ արձանագրելով նախորդ տարվա համեմատ, երբ ցուցանիշը կազմում էր 79,014։

Հատուցման դիմումների դասում անձնական վնասի հատուցման դիմումների թիվը կազմել է 2,639 (17.1% նվազում նախորդ տարվա համեմատ), որոնցով տրամադրվել է 922,353,013 ՀՀ դրամ հատուցում։ Իսկ գույքային վնասի հատուցման դիմումների քանակը կազմել է 74,464 (5.6% աճ նախորդ տարվա համեմատ), որոնցով տրամադրվել է 17,241,351,830 ՀՀ դրամի հատուցում։ Ներկայացված հատուցման դիմումների ամենամեծ չափաբաժինը պատկանում է «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ին՝ 31,523, իսկ ամենափոքր չափաբաժինը՝ 5,056, «ՌԵԳՈ » ԱՓԲԸ-ին։ Հաշվետու ժամանակահատվածի դրությամբ՝ վնասաբերության գործակիցը 2022թ․ արձանագրված 66%-ից աճել է մինչև 72%՝ ավելանալով 8.9%-ով։ Այս դասակարգում առաջին տեղում է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն՝ 79% վնասաբերության գործակցով, որին հաջորդում են «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն և «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ն՝ համապատասխանաբար 75% և  71% վնասաբերության գործակցով։

Հաշվետու ժամանակահատվածում ԱՊՊԱ ոլորտի վնասաբերության պատկերը ներկայացվում է ստորև՝

Կարելի է ենթադրել, որ վնասաբերության գործակցի բարձրացման հիմնական պատճառն այն է, որ ապահովագրական ընկերությունների կողմից հաճախորդներին վճարվող հատուցումների դինամիկան ավելի արագ է աճել, քան հավաքագրված ապահովագրավճարների դինամիկան։

Հաշվետու ժամանակահատվածի տարեվերջի դրությամբ գործող ԱՊՊԱ պայմանագրերով Ապահովադիրների դասերի բաշխվածքը հետևյալն է․

  • Բոնուսային դասերում գտնվող Ապահովադիրների քանակը կազմել է 476,772՝  նախորդ տարվա համեմատ (420,078) աճելով 13.5%։ Բոնուսային դասերում գտնվող Ապահովադիրների քանակով առաջատար եռյակում են «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն՝ 155,280, այնուհետև՝ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ն՝ 111,425, և եռյակը եզրափակում է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն՝ 80,421։
  • Մալուսային դասերում գտվող Ապահովադիրների քանակը կազմել է 98,590՝ նախորդ տարվա հեմամատ (95,865) աճելով 2.8%։ Տվյալ դասում նույնպես առաջատարների եռյակն անփոփոխ է՝ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն՝ 30,644, այնուհետև՝ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ն՝ 24,614, և «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն՝ 23,236։
  • Իսկ բազիսային դասում գտնվող Ապահովադիրների քանակը տարեվերջի դրությամբ կազմել է 92,040, ինչը նույնպես նախորդ տարվա համեմատ (90,653) աճել է 1.5%-ով։ Բազիսային դասում գտնվող Ապահովադիրների քանակով առաջին տեղը զբաղեցնում է կրկին «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն՝ 27,367, այնուհետև՝ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ-ն՝ 23,185, եռյակը եզրափակում է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն՝ 15,948։

Այսպիսով վերոշարադրյալ ցուցանիշներից ակնհայտ երևում է, որ 2023թ․  ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգի ներդրումից ի վեր՝ ապահովագրական ընկերությունների շահույթը նվազել է՝ վնասաբերության աճի հետևանքով։

Հետևաբար կարելի է եզրահանգել, որ վնասաբերության ցացանիշի աճի հիմնական պատճառն այն է, որ ապահովագրական ընկերությունների կողմից հաճախորդներին վճարվող հատուցումներն ավելի արագ են աճել, քան հավաքագրած ապահովագրավճարները։

Ինչևէ, սակագների ազատականացման համակարգն արդեն մեկ տարի է, ինչ գործում է հայաստանյան ԱՊՊԱ ոլորտում՝ նորություն հանդիսանալով նաև ապահովագրական ընկերությունների համար, որոնց ճիշտ հաշվարկներից էր կախված վնասաբերության տոկոսային հարաբերակցությունը։ Ուստի, հետաքրքիր կլինի հետևել, թե շահույթի դրական ցուցանիշներ ապահովելու և հաճախորդների շրջանակն ընդլայնելու նպատակով ինչպիսի նոր և գրավիչ պրոդուկտներ կառաջարկեն ապահովագրական ընկերությունները՝ հաշվի առնելով նոր իրողությունները և ձեռք բերված փորձը։

Author