Գյուղատնտեսության ապահովագրությունը շարունակում է մնալ «ամենախորհրդավոր» ապահովագրության տեսակներից մեկը։ Ամփոփվում է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրի արդեն 4-րդ տարին։ 2023 թվականն առանձնանում է բարձր վնասաբերությամբ և պատահարների առատությամբ։

Ի՞ՆՉ ԷՐ ՓՈԽՎԵԼ 2022-Ի ՀԱՄԵՄԱՏ

2022 թվականի համեմատ 2023 թվականին նոր մշակաբույսեր և ռիսկեր չեն ավելացել, փոխարենը միջինում 15%-ով թանկացել էին ապահովագրավճարները, իսկ չհատուցվող գումարը 10%-ից բարձրացել էր 15%: Այնուամենայնիվ այս փոփոխությունները էականորեն չեն ազդել պրոդուկտի վնասաբերության վրա։

Ապահովագրական ռիսկերի առումով այս տարի պայմանագրերի գերակշիռ մասը ապահովագրվել է կարկուտ և գարնանային ցրտահարություն ռիսկերից։ Երաշտի ռիսկը առայժմ մնում է թեր պահանջված։

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ – ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐ

2023 թվականին գյուղատնտեսության ապահովագրության բոլոր ապահովագրական ցուցանիշները կրկնակի անգամ գերազանցել են 2022 թվականի տվյալները։ Հատկանշական են և՛ հավաքագրված ապահովագրավճարները, և՛ տրված հատուցումները։

Աղյուսակից երևում են հավաքագրած ապահովագրավճարների կրկնակի աճը՝ ավելի քան 100%։ Դրան զուգահեռ կրկնապատկվել է նաև պայմանագրերի քանակը, ինչը նախորդ տարում չէր նկատվում։ Համեմատության համար նշենք, որ, եթե նախորդ տարի հավաքագրված ապահովագրավճարների կտրուկ աճը գրանցվել էր զուտ ապահովագրական գումարների/հատուցման առավելագույն սահմանաչափերի բարձրացման հաշվին, ինչի արդյունքում կնքված պայմանագրերի աճ տեղի չէր ունեցել, ապա այս տարի դիտարկվում է ֆերմերների ներգրավման որոշակի աճ, ինչը վկայում է պրոդուկտի նկատմամբ ֆերմերների կողմից ցուցաբերած հետքրքրության աճի մասին։ Այնուամենայնիվ, 10,192 կնքված պայմանագրերը չեն նշանակում, որ ունենք ապահովագրված 10,192 ֆերմեր։ Կան ֆերմերներ, որոնք մի քանի հողակտորի համար կնքել են մի քանի պայմանագրեր: Ինտուիտիվ մակարդակով կարելի է ենթադրել, որ գյուղապահովագրության պիլոտային ծրագրով ՀՀ-ում ապահովագրվում են միջինում 4,000-5,000 ֆերմեր։

Նախորդ տարվա համեմատ, գրեթե բոլոր մշակաբույսերի ցուցանիշները համեմատաբար նվազել են՝ բացառությամբ Ծիրանի և Ձմերուկի: Հատկանշական է, որ ՀՀ համար տնտեսական նշանակություն ունեցող Խաղողի ցուցանիշը նույնպես նվազել է ՝ նախորդ տարվա համեմատ մոտ 2%-ով: Սակայն, ինչպես նախորդ տարի՝ այս տարի նույնպես ապահովագրավճարների գերակշիռ մասը՝ մոտ 75%-ը, բաժին է ընկնում Ծիրանին։ 2-րդ տեղում հացահատիկային մշակաբույսերն են՝ մոտ 11% մասնաբաժնով, իսկ 3-րդ տեղում Կարտոֆիլը՝ մոտ 5% մասնաբաժնով: Ստեղծված պատկերից կարելի է պնդել, որ գյուղապահովագրության այս պրոդուկտով հետաքրքրված են միայն ծիրան մշակող ֆերմերները ։Պրոդուկտի անդերրայթինգի տեսանկյունից կարելի է եզրակացնել, որ գործ ունենք «անտիսելեկցիա» հասկացողության հետ և չունենք ռիսկերի դիվերսիֆիկացման բավարար մակարդակ։ Այսինքն, ապահովագրվում են միայն այն ֆերմերները և մշակաբույսերը, ովքեր ամենաշատն են հակված հատուցում ստանալուն։

Դիտարկենք նաև ըստ մշակաբույսի միջին ապահովագրավճարների դինամիկան․

Աղյուսակից երևում է, որ գրեթե բոլոր մշակաբույսերի միջին ապահովագրավճարները ավելացել են, բացառությամբ կարտոֆիլի, խաղողի և խնձորի: Համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել Դեղձ և Ծիրանի մոտ՝ համապատասխանաբար 24% և 26%-ով: Ամենաէական աճը Ձմերուկ/սեխի մոտ է՝ մոտ 82%-ով։

Ինչպես այս վերջին 3 տարիներին ՝ 2023-ին նույնպես ծրագրի մասնակից ապահովագրական ընկերությունները 3-ն էին․ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ, ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ և ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ։ Շուկայում գործող մյուս 4 ապահովագրական ընկերություններն առայժմ զերծ են մնում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունից։

Հավաքագրած ապահովագրավճարների գծով 2023-ին առաջատարի դիրքը կրկին պահպանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն՝ շուկայի 68․93% մասնաբաժնով։ Սակայն ապահովագրավճարի այս աճը համադրելի չէ պայմանագրերի աճի հետ, քանի որ կնքած պայմանագրերի գծով շուկայում առաջատար դիրքը զբաղեցնում է ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ՝ ունենալով կնքված շուրջ 5108 պայմանագիր: Մեծությամբ 2-րդ պորտֆելը ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆՆ է՝ 16․74%, իսկ ամենափոքր պորտֆելն ունի ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ՝ 14․32% մասնաբաժնով։ Պայմանագրերի քանակների կշիռները համապատասխանաբար կազմում են 35.27%, 14.61% և 50.12%:

Այս տարի ապահովագրական ընկերությունների կողմից տրված հատուցումները  կազմել են 2,677,185,596 ՀՀ դրամ ՝ մոտ 2 անգամ ավելի շատ, քան 2022 թվականին։ Ցուցանիշի բարձր լինելը հիմնականում պայմանավորված է Ծիրանի գերկենտրոնացմամբ։

Աղյուսակից երևում է նաև, որ աճել է միջին հատուցման չափը՝ մոտ 13%-ով: Վնասների առումով տեղի են ունեցել և՛ գարնանային ցրտահարության, և՛ կարկտահարության բազմաթիվ դեպքեր։ Ստորև համադրելով հավաքագրած ապահովագրավճարները տրված հատուցումների հետ՝ ստանանք վնասաբերության ցուցանիշները․

2020-23 թվականների ընթացքում միայն 2021 թվականն է դիտարկվել համեմատաբար բարենպաստ տարի։ Մյուս 3 տարիներին էլ վնասաբերության մակարդակը գերազանցել է 100%-ը՝ այս տարի կազմելով 143%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով մոտ 9%-ով: Այս տարվա համեմատաբար բարձր ցուցանիշն ահազանգ է և՛ ապահովագրական ընկերությունների համար, և՛ ծրագրում ներգրավված բոլոր կողմերի համար, քանի որ այն պոտենցիալ խոչընդոտ է հանդիսանում ծրագրի շարունակականությունը ապահովելու տեսանկյունից։

Ներկայացնենք հատուցումներն ըստ ապահովագրական ընկերությունների։

Այս տարի նույնպես առաջատարը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն է՝ 1,821,452,233  ՀՀ դրամ հատուցմամբ, կամ ընդհանուր հատուցումների մոտ 68%-ով։ Հավաքագրած ապահովագրավճարների գծով երկրորդ տեղը զբաղեցնում է ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ՝ մոտ 14% մասնաբաժնով: Վնասաբերության մակարդակով նույնպես ամենաբարձրը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի մոտ է՝ 140% ցուցանիշով։

Որպես ամփոփում ներկայացնենք վերջին 3 տարիների համախառն պատկերը․

Ծրագրի համախառն վնասաբերության մակարդակը 2021-2023թթ․-ին կազմում է 134%: Ցուցանիշը բավականին բարձր է, և ինչ-որ չափով վտանգի տակ է առնում ծրագրի հետագա շարունակականությունը:

Author