Ինչպես արդեն գիտենք «Ի՞նչ է վերաապահովագրությունը» հոդվածից ՝ վերաապահովագրության դեպքում ապահովագրական ընկերությունը իր կողմից ապահովագրած ռիսկերի մի մասը փոխանցում է մեկ այլ ապահովագրական ընկերության՝ վերաապահովագրողին։ Այս գործընթացը նաև կոչվում է «ապահովագրություն ապահովագրական ընկերությունների համար»։

Հարց է առաջանում՝ «Ինչի՞ համար է պետք վերաապահովագրությունը»։ Իրականում ապահովագրողներն իրենք են ընտրում, թե որ ռիսկերը վերաապահովագրեն, որոնք՝ ոչ։ Ավելին, վերաապահովագրությունն օգնում է ապահովագրողներին վերականգնել մեծ հատուցումները` ապահովելով հաճախորդների բարձրորակ սպասարկում և օգնելով ընկերություններին բացահայտել նոր ոլորտներ և ճյուղեր:

Պատկերացրեք դուք ունեք ապահովագրական ընկերություն, որը համաձայնում է ապահովագրել 5 Ferrari “LaFerrari Aperta” մեքենաներ, յուրաքանչյուրը՝ $2.200.000 արժողությամբ։ Կա չնչին հավանականություն, որ այդ մեքենաները նույն պահին կարող են վնասվել։ Այսպիսի խոշոր վնասի հատուցումը անհաղթահարելի է առանց վերաապահովագրության օգնության, քանի որ պատահարի դեպքում ընկերությունը անմիջապես կանգնում է $11,000,000 վճարելու պարտավորության համար, ինչը հաճախո կարող է հանգեցնել սննկացման։

Այսպիսի մի շարք այլ խնդիրներից խուսափելու համար ապահովագրական ընկերությունները իրենց ռիսկերի մի մասի հատուցման պատասխանատվությունը հանձնում են վերաապաովագրական ընկերություններին։ Իսկ վերաապահովագրողները ընդունում են այդ ռիսկերը որոշակի ապահովագրավճարի՝ վերաապահովագրավճաի դիմաց։

Ռիսկերը վերաապահովագրությանը փոխանցելու ձևից և կողմերի փոխհարաբերություններից ելնելով` վերաապահովագրությունը լինում է․

  • Օբլիգատոր վերաապահովագրություն,
  • Ֆակուլտատիվ վերաապահովագրություն։

Առանձնացնենք նաև Ֆրոնտինգային վերաապահովագրությունը՝ որպես վերաապահովագրության յուրահատուկ տեսակ, որի մասին կխոսենք հոդվածի վերջում։

Օբլիգատոր վերաապահովագրություն

Օբլիգատոր կամ «պարտադրված» վերաապահովագրության դեպքում ապահովագրողի և վերաապահովագրողի միջև իրավական հարաբերությունները կրում են պարտադիր բնույթ: Այս դեպքում վերաապահովագրության պայմանագիրն իրավական փաստաթուղթ է, որում սահմանվում են կողմերի հարաբերություններն, իրավունքներն ու պարտականությունները:

Ապահովագրողի և վերաապահովագրողի միջև սովորաբար կնքվում է տարեկան պայմանագիր (Treaty), որը ամեն տարի վերակնքվում է՝ ելնելով նախորդ տարվա արդյունքներից։ Ապահովագրության յուրաքանչյուր դասի համար վերաապահովագրության ձևն ընտրելիս ապահովագրվողը հաշվի է առնում ապահովագրության տվյալ դասի գծով պայմանագրերի քանակը, ստանձնած ռիսկերի միջին մեծությունը, վնասաբերությունը, սեփական պահման հնարավորությունը, ռիսկերի համասեռությունը, տվյալ դասով վերաապահովագրության միջազգային փորձը և այլ գործոններ: Օբլիգատոր վերաապահովագրության պայմանագիր կնքելիս հաշվի են առնվում բոլոր կողմերի շահերը, և այդ շահերի համընկման դեպքում նոր ստորագրվում է պայմանագիրը։

Օբլիգատոր վերաապահովագրության դեպքում կոնկրետ դասի ներքո կնքվող բոլոր պայմանագրերը ավտոմատ վերաապահովագրվում են (եթե ընկնում են պայմանագրի թույլատրելի սահմանների և պայմանների ներքո)։ Կոնկրետ օրինակով ներկայացնենք Օբլիգատոր պայմանագրի հիմնական մեխանիզմը․

Ապահովագրողը և վերաապահովագրողը կնքում են օբլիգատոր պայմանագիր՝ 01․01․2022 – 31․12․2022թթ․ ժամկետով՝ ԿԱՍԿՈ ապահովագրության դասի համար։ Ապահովագրողը պարտավորվում է վերաապահովագրության փոխանցել իր կողմից կնքվող բոլոր ԿԱՍԿՈ պայմանագրերը, իսկ վերաապահովագրողը՝ ընդունել բոլոր ռիսկերի 50%-ը։ Ապահովագրողը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո վերաապահովագրողին Բորդերոների միջոցով ուղարկում է կնքված բոոր պայմանագրերը, ինչպես նաև վճարված բոլոր հատուցումները, ինչպես նաև կատարում է վճարման պարտավորությունները։  Վերաապահովագրողը իր հերթին փոխհատուցում է ռիսկի իր մասնաբաժնի չափով։

Պայմանագրում նշվում են վերաապահովագրության ընդունման սահմանափակումներ։ Օրինակ՝ ավտոմատ վերաապահովագրվում են մինչև 50,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենաները, իսկ դրանից թանկ մեքենաների համար Ապահովագրողը պետք է առանձին ստանա վերաապահովագրողը հատուկ հաստատումը (Special Acceptance):  Հաճախ նաև սահմանափակումներ են լինում վարորդների տարիքի, մեքենաների տարեթվերի, օգտագործման աշխարհագրության, և այլնի վրա։

Օբլիգատոր վերաապահովագրության միջոցով ապահովագրողը երկարատև հարաբերություններ է հաստատում վերաապահովագրողի հետ, ինչպես նաև բարելավում է աշխատանքի արդյունավետությունը։

Օբլիգատոր պայմանագրերով վերաապահովագրվող ապահովագրության հիմնական տեսակներն են․

  • Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն,
  • Բեռների ապահովագրություն,
  • Գույքի ապահովագրություն,
  • Դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  • Գյուղատնտեսության ապահովագրություն,
  • և այլն։

Ֆակուլտատիվ վերաապահովագրություն

Վերաապահովագրության ֆակուլտատիվ ձևը ունի ռիսկերը ընդունելու և փոխանցելու ոչ պարտադիր և «մեկանգամյա» բնույթ: Այսինքն ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագրով Ապահովագրողը վերաապահովագրում է կոնկրետ, հստակ պայմանագրեր, այլ ոչ թե ապահովագրության ամբողջ պորտֆելներ։  

Վերաապահովագրողը պարտավորություն չունի առաջարկած ռիսկերն ընդունելու համար, և կարող է մերժել վերաապահովագրությունը, կամ ընդունել՝ որոշակի պայմաններով և սահմանափակումներով:

Ֆակուլտատիվ վերաապահովագրությունը ապահովագրողի և վերաապահովագրողի միջև  մեկանգամյա գործարք է: Նման տեսակի վերաապահովագրության պայմանագրերը վերաապահովագրական ընկերությանը հնարավորություն են տալիս ուսումնասիրելու իրենց առաջարկված յուրաքանչյուր ռիսկ: Որքան ավելի խոր գիտելիքներ ունի վերաապահովագրողը, այնքան շատ է տարեվերջին մեծ շահույթ ունենալու հնարավորությունը:

Ֆակուլտատիվ պայմանագրերով վերաապահովագրվում են համեմատաբար խոշոր ռիսկեր։ Օրինակ ապահովագրողը ապահովագրում է $20,000,000 արժողությամբ բիզնես կենտրոն։ Օբլիգատոր վերաապահովագրության պայմանագրով վերաապահովագրողը համաձայն էր ստանձնել մինչև $2,000,000 արժեքի ռիսկերը, հետևաբար այս դեպքում $18,000,000-ը մնում է առանց վերաապահովագրության։ Ապահովագրողը փնտրում է այլ վերաապահովագրողի, ով կհամաձայնվի ստանձնել մնացած ռիսկը, և համաձայնության հետ կնքում է առանձին ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագիր։

Ֆակուլտատիվ վերաապահովագրության պայմանագրերն ավելի թանկ են, քան օբլիգատոր վերաապահովագրության պայմանագրերը: Դա կարելի է բացատրել նրանով, որ օբլիգատոր վերաապահովագրությունը իր մեջ ներառում է հսկայական թվով պայմանագրեր մեկ  մեծ պայմանագրով: Մեծ թվերի օրենքի շնորհիվ օբլիգատոր վերաապահովագրության պայմանագրի արժեքը շատ ավելի ցածր է, քան ֆակուլտատիվ պայմանագրի արժեքը:

Չնայած ֆակուլտատիվ վերաապահովագրությունը բավականին ծախսատար է, այն թույլ է տալիս ընկերությանը վերաապահովագրել մեծ ռիսկեր, որոնք այլապես հնարավոր չեն ապահովագրել։ Հայաստանում Ֆակուլտատիվ վերաապահովագրությամբ սովորաբար վերաապահովագրվում են․

  1. Բանկային ռիսկերի ապահովագրություն,
  2. Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն,
  3. Կիբեր պատասխանատվության ապահովագրություն,
  4. Խոշոր գույքերի ապահովագրություն, և այլն։

Ֆրոնտինգային վերաապահովագրություն

Ֆրոնտինգ պայմանագրերը աշխատում են այլ եղանակով։ Այս դեպքում վերաապահովագրողն է գտնում տեղական ապահովագրողին՝ ապահովագրելու պատվիրվող կոնկրետ ռիսկ։ Ֆրոնտինգային պայմանագրով վերաապահովագրողը պատվիրում է ապահովագրողին՝ իր փոխարեն ապահովագրելու կոնկրետ ռիսկ և վերջինիս փոխանցելու այդ ռիսկի 100%-ը։ Այսինքն, ապահովագրողը այս դեպքում ստանձնում է միայն միջնորդի և սպասարկողի դեր, և արդյունքում ստանում ֆրոնտինգային միջնորդավճար (Fronting Fee):

Այս մեխանիզմը կիրառվում է միջազգային ապահովագրական/վերաապահովագրական ընկերությունների դեպքում, որոնք պետք է ապահովագրեն ինչ-որ երկրում ստանձնած ռիսկ, բայց այդ երկրում չունեն մասնաճյուղ։

Author

  • ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

    Հեղինակի մասին

    ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2021