Հերթական ապահովագրական պայմանագիրը ձեռք բերելիս շատերս երբեմն կասկածի տակ ենք դնում ապահովագրության օգտակարությունը և անհրաժեշտությունը։ Մարդկանց մի մասը հակված է ապահովագրավճարը վճարելուն պես ակնկալել ինչ-որ տեսակի շահ՝ անտեսելով ապահովագրական պատահար առաջացնող իրադարձություններից պաշտպանված լինելու շռայլությունը։

Սույն հոդվածում կներկայացնենք նորագույն պատմության մարդածին, բնական և ֆինանսական այն աղետները, որոնք դարձել են ամենախոշոր ապահովագրական հատուցումներ առաջացրած պատահարները։

10․ ԱՄՆ-ի և Կանադայի հոսանքազրկումը (power outage)

Պատահական հոսանքազրկումները մեզ համար դժվար թե որևէ շոկային զգացողություններ արթնացնեն։ Սակայն 2003 թվականի Օգոստոսի 14-ին տեղի է ունեցել լայնամասշտաբ հոսանքազրկում՝ ԱՄՆ-ի Հյուսիսարևելյան նահանգների տարբեր հատվածներում և Կանադայի Օնտարիո նահանգում։ Հոսանքազրկման տևողությունը եղել է մոտ 3 օր (Օգոստոսի 14-ից մինչև Օգոստոսի 16-ը) և այդ ընթացքում խափանվել են տարատեսակ ենթակառուցվածքների, ժամանցային և շատ ուրիշ ընկերությունների բնականոն գործունեությունը։ Դրանից բացի, հոսանքի բացակայության պատճառով կտրուկ աճել էր մոմերի և կերոսինային լամպերի օգտագործումը, ինչը իր հերթին առիթ է դարձել շուրջ 3000 մարդածին հրդեհի ահազանգների:1 Դժբախտաբար, հոսանքազրկման պատահարը պատճառ է հանդիսացել մոտ 100 հոգու մահվան, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 6 միլիարդ ԱՄՆ դոլար։2
Դեպքի սկզբանական պատճառ էր հանդիցասել փոքր ծրագրային խոտանը ահազանգման համակարգի մեջ:

9․ Այկ փոթորիկը (Hurricane Ike)

Վերջին երեք տասնամյակներում հսկա փոթորիկները հաճախակի այցելուներ են դարձել ԱՄՆ-ի արևելյան ափի ամբողջ երկայնքով։ Հիմնականում նրանք շատ դեստրուկտիվ հետևանքներ են թողնում իրենց ետևից, իսկ ոմանք նույնիսկ հաջողացնում են իրենց տեղը վաստակել ապահովագրական ամենախոշոր հատուցման դեպքերի ցանկում։
Այսպիսով, ցուցակի 9-րդ հորիզանականում Այկ փոթորիկն է, որը տեղի է ունեցել 2008 թվականին և հաջողացրել է հետևանքներ թողնել միանգամից երկու պետություններում՝ ԱՄՆ-ում և Կուբայում։ Այս տրոպիկական ցիկլոնի առաջացրած վնասը կազմել է շուրջ 20․5 միլիարդ ԱՄՆ դոլար։
Ֆինանսական և նյութական վնասներից բացի, Այկը իր հետ տարավ 195 մարդու կյանք։3

8․ Նորթրիդջի երկրաշարժը (Northridge Earthquake)

1994 թվականի Հունվարի 17-ին, Լոս Անջելեսի մոտակայքում տեղի է ունեցել ԱՄՆ-ի ամենաավերիչ երկրաշարժը։ Տևողությամբ 10 – 20 վայրկյան այս բնական աղետը «հաջողացրեց» շուրջ 40,000 բնակելի և ենթակառուցվածքային շենքեր ավիրել, ինչի արդյունքում զոհվեցին 60 մարդ։
Պատահարի վնասի չափը կազմել է 20․6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս պատահարը իր ուրույն ազդեցությունն է թողել բազմաթիվ ապահովագրական ընկերությունների վրա, որոնք հետագայում դադարեցին ապահովագրել երկրաշարժի ռիսկը Կալիֆորնիայում։

7. Էնդրյու փոթորիկը (Hurricane Andrew)

Այս փոթորիկը հիմնականում վնաս է հասցրել Բահամայի, Ֆլորիդայի և Լուիզիանայի տարածքի տարբեր հատվածներին։ Լինելով 5-րդ դասի փոթորիկ և միջինում արձանագրելով մոտ 175 մղոն/ժամ արագություն, Էնդրյուն ԱՄՆ-ի բնական աղետների պատմության մեջ մնաց որպես ամենասարսափելի դեպքերից մեկը։
Էնդրյուի պատճառած վնասի հատուցումը կազմել է 25 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչի հետևանքով լուծարվել են շուրջ 11 ապահովագրական ընկերություններ։

6․ Տոհոկուի երկրաժարժը և ցունամին (Tohoku Earthquakes & Tsunami)

Ընդամենը 10 տարի է անցել Տոհոկուի չարաբաստիկ երկրաշարժից, սակայն շատերս մինչ օրս հիշում ենք 2011 թվականի Մարտի 11-ի դեպքերը։ Լինելով սեյսմոլոգների համար անակնկալ՝ ահռելի (9․0) մագնիտուդայով Տոկոհուի երկրաշարժը իր հետևից առաջացրեց նաև 40․5 մետր բարձրությամբ ցունամի։ Այս բառի բուն իմաստով մահացու «երկյակը» խլեց շուրջ 16 հազար կյանք և պատճառեց անհավանական մասշտաբի անձնական, ենթակառուցվածքային և նյութական վնասներ։ Չնայած նրան, որ փորձագիտական գնահատմամբ ընդհանուր վնասների թիվը գերազանցել է 200 միլիարդ ԱՄՆ դոլար շեմը, ապահովագրական հատուցման ենթակա է եղել միայն 35 միլիարդը։

5․ Սենդի փոթորիկը (Hurricane Sandy)

Ավերիչ ազդեցություններ թողնելով Բահամաների, Արևելյան Կանադայի և գրեթե ամբողջ Ամերիկյան արևելյան ափի վրա, Սենդի փոթորիկը վստահորեն շրջանցում է Էնդրյուին և Այկին ամենավնասաբեր և հատուցման տեսանկյունից ամենածախսատար բնական աղետների ցուցակում։ 75 միլիարդ ԱՄՆ դոլարի վնասից հատուցվել է միայն 36 միլիարդը, ինչը նման մասշտաբի դեպքերի պարագայում բնավ զարմանալի չէ։ Սակայն Սենդի փոթորիկը տակնուվրա է արել ոչ միայն Հյուսիսային Ամերիկայի Արևելյան ամբողջ ափը, այլ նաև լոկալ ապահովագրական համակարգը։ Ռեկորդային թվով հատուցումների մերժումներ և հատուցման նվազեցումներ գրանցվեցին այս իրադարձության տարրատեսակ պահանջների համար՝ հիմնվելով ջրհեղեղ ռիսկի բացառության հիման վրա։
Բազմաթիվ ապահովադիրներ մերժվեցին ապահովագրական ընկերությունների կողմից, ինչը հանգեցրեց տարբեր կոնֆլիկտների։ Հարցը նաև բարձրաձվել է ԱՄՆ-ի սենատորների պալատում, որտեղ տարբեր սենատորներ քննադատեցին ապահովագրական ընկերությունների ենթադրելի ֆաբրիկացված փորձաքննությունը, որի հիման վրա էլ հենց մերժվում էին պահանջները։4

4․ 9/11, Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները

Ցուցակի բոլոր աղետներն էլ չեն կարող որևէ մեկին անտարբեր թողնել, սակայն 9/11-ը բոլոր ներկա սերունդների գիտակցության մեջ ամրապնդվել է, որպես կատարյալ չարության և զավեշտության մարմնացում։ Լինելով մարդածին ամենանամեծ ապահովագրական պատահարը հատուցումների և պատճառված վնասների տեսանկյունից՝ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները մինչ օրս ակտիվորեն քննարկվող և տարբեր կոնսպիրացիաների քննարկման առարկա է հանդիսանում։
Ընդհանուր հատուցված գումարը կազմել է մոտ 40 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հարկ է նշել, որ հենց այս դեպքն է ձևավորել ապահովագրական համակարգի հետագա քաղաքականությունը ահաբեկչությունների վերաբերյալ։
Ավելի մանրամասն՝ կարդալ այստեղ

3․ The Lehman Brothers (Լեման Եղբայրները)

Աղետների և կործանարար պատահարների մասին մտածելիս շատերս ֆանտաստիկայի ժանրից աղետներ ենք պատկերացնում կամ ռազմա-ահաբեկչական լայնածավալ գործողություններ՝ ուղեկցված զանազան պայթյուններով և կրակի տեսարաններով։ Սակայն Lehman Brothers ներդրումային բանկի սննկացումը նյութական առումով շատ ավելի ծանր բեռ էր դարձել ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների համար։ Լինելով 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի հետևանքների ընդհամենը մի մաս, Lehman Brothers-ի սննկացմանը և լուծարմանը հետևեցին տարատեսակ ապահովագրական պահանջներ՝ բանկի հաճախորդների և շահառուների կողմից, որոնք միասին առաջացրեցին մոտ 100 միլիարդ ԱՄՆ դոլարի հատուցում։

2․ Կատրինա, Վիլմա և Ռիտա փոթորիկները

Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, իսկ ատրոպիկային փոթորիկները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

2005 թվականի Ատլանտյան փոթորիկների սեզոնը պատմության մեջ գրանցված ամենաակտիվ փոթորկային սեզոնն է եղել։ Թվով 15 փոթորիկները, որոնցից առաջատարների ցանկում են եղել Կատրինան, Վիլման և Ռիտան, մոտ 150 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս են հասցրել Արևելյան ափի ամբողջ երկայնքով։ Հատուցումների թիվը կազմել է 130 միլիարդ դոլար, որից 45 միլիարդը միայն հասցրել է Կատրինա փոթորիկը։

1․ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը

Great Depression-ից հետո այս ֆինանսական ճգնաժամը գլոբալ տնտեսության համար աշխարհում տեղի ունեցած ամենավատ ճգնաժամն էր։ Միջազգային տնտեսության սուր անկումը ստեղծեց փոխկապակցված շահառուների մի ամբողջ շղթա, որոնք բոլորով հայնտվեցին ծանրագույն դրության մեջ։
Ապահովագրական շուկայի համար այս հարվածը ևս մեկ անգամ բացահայտեց շուկայի անկատարությունն ու անպատրաստությունը նման խոշոր տնտեսական աղետներին դիմակայելու համար։ Օրինակ, աշխարհի ապահովագրական համակարգի առաջատար AIG-ն կանգնած էր լուծարման եզրին՝ ճգնաժամի հետևանքով առաջացած գրավադրված պարտքային պարտավորությունների արդյունքում։
Վնասի ընդհանուր թիվն ավելին քան շոկային է՝ 21 տրիլիոն ԱՄՆ դոլար։

  • Հեղինակի մասին

    ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ
    Գործարարության Բակալավր (ՀԱՀ)
    Ապահովագրության մեջ փորձառություն – սկսած 2021