Ամփոփելով 2023 թվականի տվյալները՝ կարող ենք ասել, որ ապահովագրական շուկան գրանցել է պատմական նոր փոփոխություններ, բարձր ցուցանիշներ ինչպես ապահովագրավճարների, այնպես էլ հատուցումների գծով։ Աճի վրա ազդել են մի շարք գործոններ, որոնք կներկայացնենք ըստ ապահովագրության տեսակների։
2023 թվականի հուլիսի 25-ին ՀՀ-ում հիմնադրվեց նոր ապահովագրական ընկերություն՝ «ԷՖԵՍ» անվանմամբ։ Ընկերության լիցենզիան ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության գրեթե բոլոր տեսակներով է։ Ընկերության բաժնետիրական կապիտալը, ըստ 2023 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվությունների, կազմում է 2,000,000,000 ՀՀ դրամ, իսկ ակտիվները՝ 2,741,208,000 ՀՀ դրամ։ Ընկերության հիմնադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
2023 թվականին ՀՀ 7 մասնավոր ապահովագրական ընկերությունները հավաքագրել են ավելի քան 67,9 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 16%-ով։
Եթե դիտարկենք ըստ ապահովագրության տեսակների, ապա ինչպես մնացած, այնպես էլ 2023 թվականին ապահովագրավճարների գերակշիռ մասը պատկանում է ԱՊՊԱ տեսակին՝ 25․8 մլրդ ՀՀ դրամ (38%)։ 2022 թվականի համեմատ գրանցվել է 4% աճ։ Ցուցանիշի աճը հիմնականում կապված է 2023 թվականի ապրիլի 1-ին ԱՊՊԱ շուկայում սակագների ազատականացման հետ, որի հետևանքով յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն սահմանում է սեփական մոդելի հիման վրա գին-որակ համադրությամբ ծառայություններ, ինչի արդյունքում ԱՊՊԱ ընդհանուր գները բարձրացել են։
Նախորդ տարվա համեմատ ռեկորդային ցուցանիշներ է գրանցվել Երաշխիքի ապահովագրության գծով։ Այս տեսակի գծով համախառն ապահովագրավճարը մոտ 5 անգամ բարձրացել է՝ հասնելով մոտ 1մլրդ-ի։ 2023 թվականին ապահովագրության այս տեսակով պայմանագրեր կնքել են գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունները, ինչ ցուցանիշի բարձրացման հիմնական պատճառներից է։ Այս պրոդուկտը վերաբերվում է վրացական համարներով մեքենաների մաքսազերծման փոխարեն ապահովագրական երաշխիքի ձեռքբերմանը, ինչը 2024 թվականից այլևս ակտուալ չէ՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, և այս տարի երաշխիքի ապահովագրության ցուցանիշները թերևս կվերադառնան նախորդ տարիների ցուցանիշերին։
Բարձր ցուցանիշներ են գրանցվել նաև կամավոր ապահովագրության մյուս տեսակների գծով, հատկապես ԿԱՍԿՈ-յի, Գույքի ապահովագրության գծով։ Ցուցանիշները նախորդ տարվա համեմատ աճել են համապատասխանաբար 50%, 47%-ով։ Գույքի ապահովագրության դասի ներքո հաշվառվում է նաև Գյուղատնտեսության ապահովագրությունը, որը կազմել է մոտ 1.8 մլրդ ՀՀ դրամ։ Ծրագրի շարունակականությունը 2024 թվականին առայժմ հարցականի տակ է դրված։
Լավ արդյունք են արձանագրել նաև առողջության ապահովագրության ցուցանիշները։ 2022 թվականի համեմատ գրացվել է 16% աճ և կազմել ընդհանուր ապահովագրավճարների գրեթե 28%-ը։
Աղյուսակից երևում է, որ ապահովագրական շուկան շարժվել է դրական ուղղությամբ։ Բոլոր ապահովագրության տեսակներով գրանցվել է աճ, հատկապես կամավոր ապահովագրության գծով, ինչը շատ գովելի է։ Դա նշանակում է, որ հասարակության մեծ մասը կարևորում է ապահովագրության դերն ու կարևորությունն իր կյանքում։
Դրան զուգահեռ ապահովագրության որոշ տեսակների գծով՝ Ֆինանսական վնասների ապահովագրություն, ավիացիոն և ընդհանուր պատասխանատվության գծով նկատվում է ցուցանիշների նվազում՝ համապատասխանաբար -17%,-19%,-27%-ով:
Աղյուսակից երևում է, որ համախառն ապահովագրավճարների չափով առաջատար դիրքում է Լիգա Ինշուրանսն է՝ ավելի քան 17,3 մլրդ ՀՀ դրամով՝ զբաղեցնելով շուկայի 25% մասնաբաժինը։
Ընդհանուր շուկայի մասնաբաժնով երկրորդը Ինգո Արմենիա-ն է՝ մոտ 15 մլրդ ՀՀ դրամով (23%)։ Երրորդ խոշոր մասնաբաժինը Նաիրի Ինշուրանս-ինն է՝ 14 մլրդ ՀՀ դրամ։ Նաիրի Ինշուրանս-ին հաջորդում են Սիլ Ինշուրանս-ը՝ 7,6 մլրդ ՀՀ դրամ, Արմենիա Ինշուրանս-ը՝ 6,8 մլրդ ՀՀ դրամ և Ռեսոն՝ 3,6 մլրդ ՀՀ դրամ։ 2023 թվականի դրությամբ ՀՀ շուկային ապահովագրավճարի ամենափոքր պորտֆելն ունի ԷՖԵՍ ԱՓԲԸ-ն՝ շուկայի մոտ 4,5% մասնաբաժնով։
Ինգո Արմենիան շուկայում առաջատարն է Գույքի, Առողջության, ԿԱՍԿՈ, Ճամփորդության և մի շարք այլ կամավոր ապահովագրության տեսակներով։
Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության՝ ԱՊՊԱ-յի գծով շուկայի առաջատար ընկերությունը շարունակում է մնալ ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը։
Նաիրի Ինշուրանս-ը 2023թ․-ին ապահովագրավճարով առաջատարն է վարկերի ապահովագրության գծով։
Նախորդ տարվա համեմատ այս տարի ապահովագրական ընկերությունները համեմատաբար ավելի շատ հատուցում են տվել։ Տրված հատուցումները աճել են մոտ 30%-ով:
2023 թվականին, 2022-ի համեմատ, ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն ընդհանուր հատուցումներով գերազանցել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-յին։ ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ընդհանուր հատուցումները կազմում են ամբողջ շուկայի 26%-ը։
Հատուցումների գծով առաջատար է ԱՊՊԱ-ն՝ 18,7մլրդ ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր հատուցումների 47%-ը։ Հաջորդը առողջության ապահովագրության գծով կատարված հատուցումներն են՝ ավելի քան 14 մլրդ ՀՀ դրամ, կազմում է հատուցումների 36%-ը։
Շուկայի զուտ շահույթը 2023 թվականին բավականին նվազել է՝ կազմելով ընդամենը 2,635,217 մլն ՀՀ դրամ։ Նախորդ տարվա հետ համեմատած, ցուցանիշը բավականին ցածր է, ինչը կարող է պայմանավորված լինել նաև տրված հատուցումների մոտ 30% աճով։
2023 թվականին ապահովագրական ընկերություններից առավել շահութաբերը ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն է՝ 765 մլն ՀՀ դրամ։ Երկրորդը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն է՝ գրեթե 652 մլն ՀՀ դրամ, իսկ երրորդը Ինգո Արմենիա-ն՝ ավելի քան մոտ 614 մլն ՀՀ դրամ։
Այսպիսով, 2023 թվականին 2022-ի համեմատ ապահովագրավճարները աճել են մոտ 16%-ով, իսկ հատուցումները՝ 30%-ով, և այս ցուցանիշները նպաստել են հատուցումների ցուցանիշի աճին։