Անուն՝ ԷՖԵՍ
Կազմակերպաիրավական տեսակը՝ Ապահովագրական ՓԲԸ
Կազմակերպության ղեկավար՝ Արևշատ Մելիքսեթյան, Գլխավոր Գործադիր տնօրեն
Հեռ.՝ +374 10 700 800
Էլ. հասցե՝ [email protected]
Լիցենզիայի տրամադրման ամսաթիվ` 25.07.2023թ․
Բաժնետիրական կապիտալը` 2,000,000,000 ՀՀ դրամ
Աշխատակիցների քանակը՝ 85

2023 թվականի հուլիսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկը ապահովագրական և վերաապահովագրական գործունեության լիցենզիաներ է տրամադրել ԷՖԵՍ ապահովագրական ՓԲԸ-ին։ Ընկերության լիցենզիան ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության գրեթե բոլոր տեսակներով է։

Ընկերության բաժնետիրական կապիտալը, ըստ 2023 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվությունների, կազմում է 2,000,000,000 ՀՀ դրամ, իսկ ակտիվները՝ 2,741,208,000 ՀՀ դրամ։

Համաձայն www.efes.am կայքում հրապարակած երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունների՝ Ընկերության կողմից կնքվող ապահովագրական պայմանագրերի հիմնական տեսակներն են՝ դժբախտ պատահարներից, առողջության, ցամաքային տրանսպորտի, փոխադրվող գույքի (բեռների), հրդեհից և բնական աղետներից, ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության, ֆինանսական վնասների, ընդհանուր պատասխանատվության, արտասահման մեկնողների աջակցության ապահովագրությունը: Բացի այդ Ընկերությունն իրականացնում է օդանավերի, ինչպես նաև դրանց օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում: Ընկերությունը առայժմ չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ։ Ընկերության իրավաբանական հասցեն է՝ 0033, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հրաչյա Քոչար փողոց, 35/1: 2023թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը 33 է եղել, իսկ նոյեմբերի 1-ի դրությամբ՝ ավելի քան 85։

Ընկերության 100% բաժնետերը Ինթելիջենթ Մենեջմենթ ՍՊԸ-ն է, որի մասնակիցներն են Հայաստանի ֆինանսական համակարգի և համաշխարհային ապահովագրական համայնքի հայտնի մասնագետներ Լևոն Ալթունյանը և Արևշատ Մելիքսեթյանը։ 

Նշենք, որ նոր են միայն ընկերության գրանցման փաստաթղթերը։ «Էֆես»-ի 2 հիմնադիրների և 5 թոփ մենեջերների համատեղ ապահովագրական փորձը կազմում է 153 տարի։ Նրանց թվում են Քեմբրիջի համալսարանի 2 շրջանավարտ, գիտությունների 4 թեկնածու, ՀԱՀ-ի 4 շրջանավարտ, Լոնդոնի Չարտերացված ապահովագրական ինստիտուտի (CII) 5 որակավորված աշխատակից, որից 2-ը՝ դիպլոմ, իսկ 3-ը՝ սերտիֆիկատ, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բիզնես դպրոցի 1 դասախոս։ Հետ չմնալով թոփ մենեջմենթից՝ միջին կառավարման անձնակազմի ապահովագրական փորձը գերազանցում է 7 տարին:  

«Էֆես»-ի կարևորագույն ձեռքբերումներից է նաև ընկերության խորհուրդը, որի անդամներն են. 

  1. Ջիորջիո Կալեգարի – Խորհրդի նախագահ
  2. Վարդան Արամյան – Խորհրդի անդամ
  3. Մասիս Վարդանյան – Խորհրդի անդամ
  4. Մխիթար Մելիք-Շահնազարյան – Խորհրդի անդամ
  5. Տիգրան Փինաջյան – Խորհրդի անդամ

Խորհրդի անդամներն ունեն պատկառելի կորպորատիվ կառավարման փորձ միջազգային ապահովագրական և ֆինանսական համակարգում, պետական կառավարման և բանկային, առողջապահության, իրավագիտության և տուրիստական ոլորտներում։ Խորհրդի նման կազմը բնորոշում է հզոր կորպորատիվ կառավարման մշակույթի առկայությունը։

Ընկերության Գլխավոր Գործադիր տնօրենն Արևշատ Մելիքսեթյանն է։ Արևշատ Մելիքսեթյանն ավելի քան 21 տարի ՀՀ ապահովագրական շուկայի զարգացումն ապահովող հիմնական անձանցից մեկն է։  Ղեկավարել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը զարգացման բոլոր առանցքային փուլերում: Իր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում ներգրավված է եղել ՀՀ-ում «ապահովագրություն» մասնագիտության և ապահովագրական մշակույթի զարգացման բոլոր առանցքային նախագծերում, ինչպիսիք են ՀՀ-ում ԱՊՊԱ համակարգի ներդրումը, տարբեր ուսանողական և կրթական ծրագրերի նախագահությունը, և այլն։ 2016 թվականից զբաղեցրել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 2023 թվականից հանդիսանում է «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերության Գլխավոր գործադիր տնօրենը։ Արևշատ Մելիքսեթյանը տնտեսագիտության թեկնածու է, ինչպես նաև հանդիսանում է Քեմբրիջի համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման մագիստրոս (EMBA)։ Իր վաղ կրթությունը ստացել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Ապահովագրական Գործ բաժնում։ Գիտական կրթությունը շարունակել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում, այնուհետև Երևանի Պետական Համալսարանում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2007 թվականին։ 2018 թվականին ստացել է նաև Լոնդոնի Chartered Insurance Institute Level 3 սերտիֆիկատ։ Դասավանդել է ՀՀ մի շարք բուհերում:

Ընկերությունը Հայաստանում հայտնի որպես նորարար և որակյալ բժշկական ծառայություններ մատուցող Վարդանանց բուժկենտրոնի հետ միասին կազմում է միասնական էկոհամակարգ, ինչից կարելի է ենթադրել, որ առողջության ապահովագրությունը և աջակցությունը լինելու է Ընկերության ռազմավարական ուղղություններից մեկը։

Ընկերության հիմնադրման կարևորագույն շարժառիթը Հայաստանի բնակչության հնարավորինս լայն շերտերի համար ապահովագրական մշակույթի ձևավորումն ու ապահովագրությունն էլ ավելի հասանելի դարձնելն է՝ շնորհիվ նորարար պրոդուկտների, մոտեցումների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման։

ԷՖԵՍ-ի գրանցման այլ շարժառիթներն են վերաապահովագրության և ներդրումային քաղաքականության մեջ եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ աշխատելու շարունակականության պահպանման անհրաժեշտությունը և օտարերկրյա ընկերություններին, Հայաստանի ռեզիդենտներին, ՀՀ-ում արևմտյան առաջատար պետությունների դեսպանություններին, հայկական բոլոր ընկերություններին և իրավաբանական անձանց աշխարհի առաջատար վերաապահովագրողների որակյալ պաշտպանությունը տրամադրելու հնարավորությունը:

Հատկանշական է, որ հուլիսի վերջին գրանցվելով Կենտրոնական բանկում՝ Ընկերությունը մինչև հոկտեմբեր հասցրել է համագործակցություն հաստատել ՀՀ-ում գործող գրեթե բոլոր բանկերի, լիզինգային ընկերությունների, ինչպես նաև մի շարք զբոսաշրջային գործակալությունների հետ:

ԷՖԵՍ-ի ուժեղագույն կողմերից է միջազգային հզոր վերաապահովագրական ընկերությունների հետ բազմամյա և բազմաճյուղ համագործակցությունը։ Ընկերության մենեջմենթն ունի բարձր հեղինակություն և համբավ համաշխարհային վերաապահովագրական համակարգում։ Ընկերության ռազմավարական գործընկերներն են Ֆրանսիական SCOR-ը, իտալական Generali-ն, Լոնդոնի Lloyds-ը, Շվեցարական Swiss Re-ն և Zurich-ը, Գերմանական Munich Re, Hannover Re-ն և Allianz-ը,  ամերիկյան AIG-ն, Chubb-ը և FM Global-ը, լեհական Polish Re-ն և այլն։

Ընկերությունն ունի բոլոր ռեսուրսները, պոտենցիալը, անձնակազմը և փորձառությունը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում դառնալ ՀՀ ապահովագրական շուկայի առաջատարը։

ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությանը մաղթում ենք բարի երթ, իսկ Հայաստանի ապահովագրական և ֆինանսական համակարգին՝ հետաքրքիր փորձություններ։

Author