2026 թվականի հունվար–սեպտեմբերը՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ

2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի ապահովագրական շուկայում արձանագրվել են մի շարք փոփոխություններ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանի յոթ ապահովագրական ընկերությունների հրապարակած հաշվետվությունների համաձայն՝ 2026 թվականի առաջին ինն ամիսներին համախառն ապահովագրավճարները կազմել են շուրջ 61,815 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 61,838 մլրդ դրամի համեմատ։ Ընդհանուր նվազումը կազմել է ընդամենը 0,036%, սակայն շուկայի ներսում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ։ ԱՊՊԱ-ի, ԿԱՍԿՈ-ի և ճամփորդության ու աջակցության ապահովագրության ապահովագրավճարներն աճել են, մինչդեռ առողջության ապահովագրության գծով արձանագրվել է էական նվազում։

Ընդհանուր համախառն ապահովագրավճարների ծավալով 2026 թվականի առաջին ինն ամիսներին շուկան գլխավորել է «Նաիրի Ինշուրանս»-ը՝ շուրջ 10,91 մլրդ դրամ ցուցանիշով։ Նրան հաջորդում են «ԷՖԵՍ»-ը՝ 9,64 մլրդ դրամ, «Ինգո Արմենիա»-ն՝ 9,61 մլրդ դրամ, և «Լիգա Ինշուրանս»-ը՝ 8,9 մլրդ դրամ ապահովագրավճարներով։

2026 թվականի առաջին ինն ամիսներին ապահովագրական շուկայում ամենամեծ ծավալը բաժին է ընկել ավտոպատասխանատվության ապահովագրությանը (ԱՊՊԱ), որին հաջորդել են առողջության ապահովագրությունը, ԿԱՍԿՈ-ն և գույքի ապահովագրությունը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առավել զգալի աճ է գրանցվել ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրավճարների գծով, մինչդեռ ամենամեծ անկումն արձանագրվել է առողջության ապահովագրության ոլորտում։

2026 թվականի հունվար–սեպտեմբերին գործողության մեջ մտած ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարները կազմել են շուրջ 28.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 24.3 մլրդ դրամի համեմատ, ինչը կազմում է 17,3% աճ։ ԱՊՊԱ-ն շարունակում է մնալ հայաստանյան ապահովագրական շուկայի ամենամեծ ապահովագրատեսակը։ Միաժամանակ գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 700,324-ից հասել է 749,242-ի՝ աճելով 7%-ով։ Այսպիսով, ԱՊՊԱ ապահովագրավճարների աճին զուգահեռ ավելացել է նաև ապահովագրված տրանսպորտային միջոցների քանակը։

Կամավոր ապահովագրության տեսակներից ամենամեծ ծավալը շարունակում է ունենալ առողջության ապահովագրությունը, սակայն այս հատվածում գրանցվել է զգալի անկում։ 2026 թվականի առաջին ինն ամիսներին առողջության ապահովագրության համախառն ապահովագրավճարները կազմել են շուրջ 11.48 մլրդ դրամ՝ 2025 թվականի 15.04 մլրդ դրամի համեմատ՝ նվազելով 23,7%-ով։ Դրա մասնաբաժինն ընդհանուր շուկայում 24,3%-ից դարձել է 18,6%։ Ապահովագրավճարների ծավալով առաջատար են «ԷՖԵՍ» -ը՝ 3,29 մլրդ դրամ, և «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 3,1 մլրդ դրամ։ Նրանց հաջորդում են «Լիգա Ինշուրանս»-ը՝ 1,77 մլրդ դրամ, և «Ինգո Արմենիա»-ն՝ 1,60 մլրդ դրամ ցուցանիշներով։ Հատկանշական է, որ առողջության ապահովագրավճարների նվազում արձանագրվել է բոլոր յոթ ընկերություններում, ընդ որում՝ ամենամեծ բացարձակ անկումը գրանցել է «Լիգա ինշուրանս»-ն՝ ավելի քան 900 մլն դրամով։ Այս համատարած նվազումը կարող է կապված լինել նաև Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում շուկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ:

Գույքի ապահովագրության գծով 2026 թվականի առաջին ինն ամիսներին հաշվեգրվել է շուրջ 6,15 մլրդ դրամ համախառն ապահովագրավճար՝ նախորդ տարվա 6,55 մլրդ դրամի համեմատ։ Նվազումը կազմել է 6,1%, իսկ այս ապահովագրատեսակի մասնաբաժինն ընդհանուր կամավոր ապահովագրության շուկայում՝ 10%։ Գույքի ապահովագրության ծավալով առաջատարը «ԷՖԵՍ»-ն է՝ շուրջ 2,33 մլրդ դրամ ապահովագրավճարով, ինչը կազմում է այս հատվածի 37,8%-ը։ Նրան հաջորդում են «Լիգա Ինշուրանս»-ը՝ 931,5 մլն դրամ, և «Արմենիա Ինշուրանս»-ը՝ 702,8 մլն դրամ ցուցանիշներով։ Հետաքրքիր է, որ չնայած շուկայի ընդհանուր անկմանը՝ յոթ ընկերություններից վեցի մոտ գույքի ապահովագրավճարներն աճել են։

2026 թվականին դրական դինամիկա է գրանցել նաև ավտոմեքենաների կամավոր ապահովագրությունը՝ ԿԱՍԿՈ-ն։ Եթե 2025 թվականի նույն ժամանակահատվածում ԿԱՍԿՈ-ի համախառն ապահովագրավճարները կազմել էին շուրջ 5,21 մլրդ դրամ, ապա 2026 թվականին դրանք հասել են 6,99 մլրդ դրամի՝ աճելով 34%-ով։ ԿԱՍԿՈ-ի շուկայում առաջատար են «Ինգո Արմենիա»-ն՝ 1,884 մլրդ դրամ, և «ԷՖԵՍ»-ը՝ 1,878 մլրդ դրամ ապահովագրավճարներով։ Նրանց հաջորդում են «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 968 մլն դրամ, և «Լիգա Ինշուրանս»-ը՝ 869 մլն դրամ։ ԿԱՍԿՈ-ի մասնաբաժինն ապահովագրական շուկայում հասել է 11,3%-ի։ Հատկանշական է, որ այս ապահովագրատեսակով աճ են գրանցել բոլոր յոթ ընկերությունները, իսկ ամենամեծ աճն արձանագրել է «Ինգո Արմենիա»-ն՝ 81,7%-ով կամ շուրջ 847 մլն դրամով։ Արդյունքում «Ինգո Արմենիա»-ն ապահովագրավճարների ծավալով փոքր տարբերությամբ գերազանցել է «ԷՖԵՍ»-ին։ Միաժամանակ ԿԱՍԿՈ-ն 2026 թվականին իր ծավալով գերազանցել է գույքի ապահովագրությանը՝ դառնալով կամավոր ապահովագրության երկրորդ ամենախոշոր հատվածը։

Ճամփորդության և աջակցության ապահովագրությունը նույնպես գրանցել է զգալի աճ։ Այս ապահովագրատեսակի համախառն ապահովագրավճարները 2025 թվականի շուրջ 1,07 մլրդ դրամից աճել են՝ 2026 թվականին հասնելով 1,76 մլրդ դրամի, այսինքն՝ 64,5%-ով։ Ամենամեծ մասնաբաժինն ունի «ԷՖԵՍ»-ը՝ 815,8 մլն դրամ ապահովագրավճարով, որը կազմում է շուկայի 46,2%-ը։ Երկրորդ տեղում «Նաիրի Ինշուրանս»-ն է՝ 332,1 մլն դրամ ցուցանիշով։ Այս ապահովագրատեսակով նույնպես աճ են գրանցել բոլոր յոթ ընկերությունները։

Ընդհանուր առմամբ, ապահովագրական ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների դասակարգմամբ՝ 2026 թվականի առաջին ինն ամիսներին կամավոր ապահովագրության տեսակներով հաշվեգրվել է շուրջ 33,29 մլրդ դրամ համախառն ապահովագրավճար՝ նախորդ տարվա 33,62 մլրդ դրամի համեմատ։ Նվազումը կազմել է  միայն 0,97%։ Այս փոփոխության մեջ մեծ դեր է ունեցել առողջության ապահովագրավճարների շուրջ 3,56 մլրդ դրամի նվազումը, որը գրեթե փոխհատուցվել է ԿԱՍԿՈ-ի և ճամփորդության ու աջակցության ապահովագրության աճով։ Արդյունքում կամավոր ապահովագրության հաշվարկված մասնաբաժինն ընդհանուր շուկայում 54,4%-ից նվազել է մինչև 53,9%։ Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ ապահովագրության կամավոր տեսակները զարգանում են տարբեր տեմպերով, և դրանց ընդհանուր ծավալի նվազումը չի նշանակում, որ անկում է գրանցվել բոլոր ուղղություններով։ 2026 թվականի առաջին ինն ամիսներին կամավոր ապահովագրության տեսակներով հավաքագրված համախառն ապահովագրավճարների ծավալով շուկան շարունակում է գլխավորել «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը՝ շուրջ 9.64 մլրդ դրամ ցուցանիշով, որը կազմում է կամավոր ապահովագրության շուկայի 29%-ը։ Նրան հաջորդում են «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 5.51 մլրդ դրամ, և «Լիգա ինշուրանս»-ը՝ 4,74 մլրդ դրամ ապահովագրավճարներով։

Անդրադառնալով ապահովագրական հատուցումներին՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերին յոթ ընկերությունների վճարված հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 33,48 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համադրելի 37.68 մլրդ դրամի համեմատ։ Նվազումը կազմել է 11,1%։ Ամենաշատ հատուցումները վճարել է «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 6,6 մլրդ դրամ, որին հաջորդում են «Ինգո Արմենիա»-ն՝ 5,55 մլրդ դրամ, և «Սիլ Ինշուրանս»-ը՝ 5,1 մլրդ դրամ։ Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վճարված ապահովագրական հատուցումները նվազել են 11,1%-ով, մինչդեռ համախառն ապահովագրավճարները գրեթե անփոփոխ են մնացել՝ գրանցելով ընդամենը 0,036% նվազում։ Այսպիսով, հատուցումների նվազման տեմպը զգալիորեն գերազանցել է ապահովագրավճարների նվազման տեմպը։

2026 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով յոթ ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը կազմել է շուրջ 5,06 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 2,81 մլրդ դրամի համեմատ, ինչը 80% աճ է։ Ամենաբարձր զուտ շահույթը գրանցել է «Արմենիա Ինշուրանս»-ը՝ 1,17 մլրդ դրամ, որին հաջորդում են «Նաիրի Ինշուրանս»-ը՝ 928,0 մլն դրամ, «Լիգա Ինշուրանս»-ը՝ 860,4 մլն դրամ, և «Ռեգո Ինշուրանս»-ը՝ 817,9 մլն դրամ։ Յոթ ընկերություններից վեցն առաջին ինն ամիսներն ավարտել են շահույթով, իսկ «ԷՖԵՍ»-ը՝ 44,8 մլն դրամ զուտ վնասով։ Այսպիսով, չնայած ապահովագրավճարների ընդհանուր ծավալի գրեթե անփոփոխ մնալուն, ընկերությունների համախառն զուտ շահույթը զգալիորեն աճել է, ինչը կարող է կապված լինել վճարված հատուցումների զգալի նվազման հետ:

Ամփոփելով՝ 2026 թվականի առաջին ինն ամիսներին Հայաստանի ապահովագրական շուկան ընդհանուր ապահովագրավճարների առումով գրեթե պահպանել է նախորդ տարվա ծավալը, սակայն շուկայի կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ ԱՊՊԱ-ն շարունակում է մնալ շուկայի ամենամեծ ապահովագրատեսակը, իսկ ԿԱՍԿՈ-ն և ճամփորդության ու աջակցության ապահովագրությունը աճ են գրանցել բոլոր յոթ ընկերություններում։ Միաժամանակ առողջության ապահովագրության ծավալը նվազել է շուկայի բոլոր մասնակիցների մոտ՝ էական ազդեցություն ունենալով կամավոր ապահովագրության ընդհանուր արդյունքների վրա։ Վճարված հատուցումների նվազմանը զուգահեռ զգալիորեն բարձրացել է ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանյան ապահովագրական շուկայի տարբեր հատվածները զարգանում են տարբեր տեմպերով, և առաջիկայում հատկապես կարևոր կլինի հետևել կամավոր ապահովագրության կառուցվածքի փոփոխություններին ու առողջության ապահովագրության ոլորտում տեղի ունեցող զարգացումներին։

Author