2020 թ-ի առաջին 9 ամիսները լի էին մարտահրավերներով։ Կազմակերպությունները ստիպված էին վերանայել իրենց գործընթացները և մշակել նոր համակարգեր, որոնք կհամապատասխանեն սպառողների ներկայիս փոփոխված կարիքներին և պահանջներին։ 2020 թ-ի ընթացքում առաջացած գրեթե բոլոր խնդիրները ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված էին Կովիդ-19-ի տարածման և հարկադիր կարանտինի ներդրման հետ։ Իհարկե, բացարձակ առաջնայնություն է պետք տալ մարդկանց առողջության պահպանմանը, սակայն տնտեսական միջավայրի կայունությունը ապահովելը նույնպես ունի էական նշանակություն։ Դեռևս Կովիդ-19-ի ազդեցության համապարփակ գնահատումը իրագործելի չէ, բայց արդեն իսկ հնարավոր է նկատել որոշ ակնհայտ միտումներ։
2020 թ-ի մարտից տնտեսության բոլոր ճյուղերը բացասական ազդեցություն են կրել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշների ընկնելու պատճառով։1 Ֆինանսական համակարգը լինելով Հայաստանի առավել կայուն ոլորտներից մեկը համեմատաբար ավելի չափավոր ներգործության է ենթարկվել, սակայն ապահովագրությունը նույնպես ունեցել է իր ներքին փոփոխությունները։
Հիմնական ցուցանիշներ
2020 թ-ի առաջին 3 եռամսյակների ընթացքում ապահովագրական շուկայի համախառն ապահովագրավճարները կազմել են 32,53 մլրդ դրամ, մինչդեռ 2019 թ-ին այն եղել էր 35,08 մլրդ դրամ: 7,27% կամ 2,55 մլրդ դրամ անկումը, ամենայն հավանականությամբ, կապված է մարդկանց վճարելու պատրաստակամության նվազման հետ։ Դրամական ռեսուրսների պակասուրդի հետևանքով թե՛ անհատները, թե՛ կազմակերպությունները ստիպված էին առաջնահերթություններ տալ իրենց գնումներին։ Այդ կրճատված ծախսերը նաև ներառել են ապահովագրական վճարումները, որոնք, իրականում ավելի մեծ ռիսկեր և դրամական միջոցների արտահոսքեր կարող են առաջացնել ապագայում:
Ներդրումային գործունեությունից դրամական հոսքերը շուկայում կազմել են 3,65 մլրդ դրամ, որը 37,50%-ով գերազանցում է 2019 թ-ի 2,25 մլրդ դրամը։ Առավել ներդրումային եկամուտ հնարավոր է եղել գրանցել կառավարվող ֆինանսական գործիքների ավելացման հաշվին, քանի որ այս տարի ավանդների միջին տոկոսադրույքը 15%-ով նվազել է 2019թ-ի նկատմամբ։2
Այսուամենայնիվ, ապահովագրական շուկան, չնայած տնտեսական դժվարություններին, գրանցել է նախորդ տարվան գերազանցող շահույթ։ Միայն երրորդ եռամսյակում զուտ շահույթը ավելի քան կրկնապատկվել է դառնալով 730 մլն դրամ (2019թ-ին 361 մլն դրամ)։
Համախառն ապահովագրավճարներ
Համախառն ապահովագրավճարների կազմը ('000 դրամ) | 2020 | 2019 | Տարբերություն | Փոփոխություն |
---|---|---|---|---|
Դժբախտ պատահար | 1,173,042 | 1,354,466 | -181,424 | -13.39% |
Առողջություն | 10,199,502 | 9,516,754 | 682,748 | 7.17% |
ԿԱՍԿՈ | 1,557,766 | 1,678,759 | -120,993 | -7.21% |
Ավիացիա | 310,471 | 343,469 | -32,998 | -9.61% |
Բեռնափոխադրումներ | 576,406 | 802,464 | -226,058 | -28.17% |
Գույք | 2,000,240 | 3,025,210 | -1,024,970 | -33.88% |
ԱՊԿԱ | 86,110 | 81,817 | 4,293 | 5.25% |
Ընդհանուր պատասխանատվություն | 446,915 | 699,332 | -252,417 | -36.09% |
Ֆինանսական վնասներ | 596,963 | 471,150 | 125,813 | 26.70% |
Ճամփորդություն | 148,248 | 468,066 | -319,818 | -68.33% |
ԱՊՊԱ | 15,412,721 | 16,640,425 | -1,227,704 | -7.38% |
Այլ | 26,180 | 2,725 | 23,455 | 860.73% |
Ապահովագրական որոշ տեսակների համախառն ապահովագրավճարները 2020թ-ին աճել են։ Դրական փոփոխությունը հիմնականում առողջության և ֆինանսական վնասների ապահովագրության հաշվին է եղել։ Քանի որ սոցիալական փաթեթի կամ պետական ծառայողների առողջության պարտադիր ապահովագրության համախառն ապահովագրավճարները 2019-2020թթ-ի ընթացքում մեծ փոփոխություններ չեն կրել, առողջության ապ․վճարների աճը կապվում է սպառողների բժշկական ապահովագրությանը առավել կարևորելու հետ։
Ֆինանսական կորուստների ապ․վճարների աճը ուղղակիորեն գալիս է ապահովագրական սակագների բարձրացումից։ Նախորդ տարի այս ոլորտը զգալի վնասներ էր կրել, որը հայկական ապահովագրական ընկերությունները փոխանցել էին իրենց վերաապահովագրության գործընկերներին։ Վերջիններս էլ մոտ ապագայում կանխատեսել են խոշոր ֆինանսական կորուստներ տարածաշրջանում և ըստ այդմ էլ բարձրացրել են իրենց տոկոսադրույքը։ Համապատասխանորոն, հայկական ապահովագրական ընկերությունները ավելացած ծախսերը նույնպես ներառել են իրենց գնային ռազմավարության մեջ։
Ապ․վճարների բացասական փոփոխությունների զգալի մասը Կովիդ-19-ի և ընդհանուր տնտեսության մեջ եկամտի նվազման արդյունք է։ Հատկապես ճամփորդության ապահովագրությունը՝ կարանտինի և փակ սահմանների հետևանքով՝ բավականին խոշոր վնասներ է կրել։ Առավել չափավոր կրճատումներ են զգացվում ԿԱՍԿՈ ապահովագրության շրջանում։
ԱՊՊԱ-յի 1,23 մլրդ նվազումը միայն մասամբ է կապված համավարակի և կարանտինի հետ: 2019 թ-ին վերջացավ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արտոնյալ ժամանակահատվածը և վերջինիս ընթացքում Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մեծ մասը դուրս բերվեց երկրից, ուստի դրանց ԱՊՊԱ պայմանագրերը չվերակնքվեցին։
Բեռնափոխադրումների ապ․վճարների անկումը պայմանավորված է Հայաստանի արտաքին առևտրի ընկնող ցուցանիշներով։ 2020թ-ի օգոստոսի դրությամբ, այն նվազել էր գրեթե 10%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ3։ Ավելին, բեռների ապահովագրության ծավալների նվազումը նաև առնչվում է 2019-ին էներգետիկայի ոլորտում ՀՀ կառավարության խոշոր ներդրման հետ։ ՀԷԿ-ի կառուցումը ապահովագրության մի շարք տեսակների ապ․վճարների շրջանում բացառիկ աճ էր գրանցել 2019-ին։ Ավելի քան 1 մլրդ-ով նվազած գույքի, 252 մլն-ով նվազած ընդհանուր պատասխանատվության և 181 մլն-ով նվազած դժբախտ պատահարներից ապահովագրության ապ․վճարները հիմնականում կապված են վերը նշված պայմանագրի մեկ անգամյա լինելու հետ։
Համախառն Հատուցումների Կազմ
Համախառն հատուցումների կազմ ('000 դրամ) | 2020 | 2019 | Տարբերություն | Փոփոխություն |
---|---|---|---|---|
Դժբախտ պատահար | 103,352 | 87,289 | 16,063 | 18.40% |
Առողջություն | 5,290,063 | 6,294,779 | -1,004,716 | -15.96% |
ԿԱՍԿՈ | 823,975 | 838,682 | -14,707 | -1.75% |
Ավիացիա | - | 186,725 | -186,725 | -100.00% |
Բեռնափոխադրումներ | 14,314 | 170,943 | -156,629 | -91.63% |
Գույք | 691,134 | 2,796,185 | -2,105,051 | -75.28% |
ԱՊԿԱ | 3,607 | 5,435 | -1,828 | -33.63% |
Ընդհանուր պատասխանատվություն | 143,148 | 71,621 | 71,527 | 99.87% |
Ֆինանսական վնասներ | 195,979 | 143,717 | 52,262 | 36.36% |
Ճամփորդություն | 27,304 | 111,235 | -83,931 | -75․45% |
ԱՊՊԱ | 9,089,509 | 11,456,334 | 2,366,825 | -20.66% |
Այլ | 138,436 | 2,725 | 135,711 | 4980․22% |
Կրճատված ապահովագրավճարները համապատասխանաբար հանգեցնում են ավելի ցածր հատուցումների։ Տեղաշարժման սահմանափակումները նվազեցրել են մի շարք ապահովագրատեսակների ռիսկայնությունը։ 2020թ-ի ընթացքում հատուցումները կրճատվել են առավել քան քառորդով՝ դառնալով 16,52 մլրդ դրամ (2019թ-ին 22,16 մլրդ դրամ)։
2020թ-ի առաջին 9 ամիսներին ապահովագրական շուկայի համախառն վնասաբերությունը կազմել է 56,05%, 2019թ-ի 63,94%-ի փոխարեն։ 7,27% նվազած ապահովագրավճարները և 25,46% նվազած հատուցումները՝ հանգեցրել են համախառն վնասաբերության գործակցի 7,89 տոկոսային կետով բարելավմանը։
Առավելագույն ապահովագրավճարներ և հատուցումներ ունեցել է Ռոսգոսստրախ-Արմենիան՝ համապատասխանաբար 10,1 մլրդ և 6,0 մլրդ դրամ։ Այնուհետև Ինգո Արմենիան է (7,7 մլրդ և 3,4 մլրդ), Նաիրի Ինշուրանսը (5,6 մլրդ և 2,9 մլրդ), Սիլ Ինշուրանսը (3,9 մլրդ և 2,5 մլրդ), Ռեսոն (2,7 մլրդ և 0,7 մլրդ) և Արմենիա Ինշուրանսը (2,6 մլրդ և 1,1 մլրդ):
Գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունները դարձել են ավելի շահութաբեր է 2020 թ-ին։ 2019 թ-ի առաջին 9 ամիսների ընթացքում միջին եկամտաբերությունը 4,17% էր, մինչդեռ 2020 թ-ի նույն ցուցանիշը կազմել է 15,13%: Ավելին, զուտ շահույթն աճել է գրեթե չորս անգամ ՝ 1,12 մլրդ դրամից դառնալով 4,01 մլրդ դրամ։
Հայկական ապահովագրական ընկերություններից ամենաշահութաբերը բացարձակ արժեքով Նաիրի Ինշուրանսն է, որն 2020-ի ընթացքում արդեն ունեցել է 1,18 մլրդ զուտ շահույթ։ Վերջինիս հաջորդում են Ինգո Արմենիան 1,15 մլրդ դրամով և Արմենիա Ինշուրանսը 1,12 մլրդ դրամով։ Շահութաբերության հարաբերակցությամբ ամենաեկամտաբերն է Արմենիա Ինշուրանսը․ 42,46%։
2020թ-ին Կովիդ-19-ը երկկողմանի ազդեցություն ունեցավ ապահովագրական շուկայի վրա։ Համախառն ապահովագրավճարների հետ մեկտեղ, ընդհանուր հատուցումները նույնպես նվազել են, որի արդյունքում ապահովագրական ընկերությունները գրանցել են ավելի բարձր շահույթ, քան նախորդ տարիներին։
Մինչդեռ 2020 թ-ի առաջին 9 ամիսները Հայաստանի ապահովագրական ընկերությունների համար բարենպաստ էին, տարվա վերջին եռամսյակը կրում է անորոշության իր մեծ բաժինը։ Սեպտեմբերի վերջին օրերին Արցախի սահմանին լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, որը շարունակվում է մինչ օրս։ Արդեն անցել է ավելին քան մեկ ամիս, բայց վերջինիս ազդեցությունը ընդհանուր տնտեսության կամ ապահովագրության ոլորտի վրա դեռևս հնարավոր չէ որոշել։